ՆԱԻՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ
2019թ., Նոյեմբերի 9, երեկոն բացուած է: Կրկին Քենսինգթոնի Սուրբ Քաթբերդ եկեղեցու կամարների ներքոյ մեզ միաւորել էր գեղեցիկ արուեստն ու հիանալի երաժշտութիւնը, որը պարզ էր ու բազմաբարդ իր ելեւէջներով, հարազատ էր եւ զարմանալի՝ իւրօրինակ հնչողութեան բերումով, ազգային էր եւ համամարդկային, ինչպէս որ համամարդկային են սերը, բարութիւնը, բնութեան եւ գեղեցիկի ընկալումը:
Ահա եւ անմահութեան բանալին. լինել այնպիսի մարդ եւ ստեղծագործող, ազգի ու մշակոյթի նուիրեալ, որ ֆիզիկական բացակայութիւնիցդ տասնեակ տարիներ անց աշխարհի մեծագոյն քաղաքներից մէկում՝ Լոնդոնում հաւաքուեն ռուսը, մալթացին, բուլղարացին, կիպրոսցին, յոյնը, վրացին, բրիտանացին եւ իհարկէ հայը եւ տօնեն քո ծննդեան յոբելեանը: Աստուածային երաժշտութիւնը հնչեց, Լորդ Գորդոն Բայրոնը կ՛ասէր՝ «աստուածների լեզուով», բրիտանական հոգեւոր տաճարի սրահներում՝ վեհաշուք սրբապատկերների ֆոնի վրայ:
Լոնդոնահայ համայնքն ու միջազգային երաժշտասէր հանրութիւնը, հանրայայտ տենոր եւ դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնութեամբ եւ ջանքերով տօնում էր Կոմիտասի ծննդեան 150 տարին:
Միջոցառումն այս անգամ աննախադէպ ծաւալներ ունէր ո՛չ միայն այն առումով, որ հաւաքուել էր հայ դասական երաժշտութեամբ հետաքրքրուած աւելի քան 300 հանդիսատես, այլեւ ելոյթ ունեցող երաժիշտներն էլ Լոնդոն էին ժամանել աշխարհի տարբեր ծագերից. ներկայ էին նաեւ այդ երկրների դեսպանութեան ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչներին իրենց ողջոյնի խօսքն էին յղել մի շարք պատկառելի բարձրաստիճան անձինք, մասնաւորապէս Բարոնուհի Քերոլայն Քոքսը, Քենսինգթոնի քաղաքապետ Ուիլ Պակալը, Հայաստանի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի փոխնախարար Նարինէ Խաչատուրեանը, անգլիկան եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական Փոլ Բեգոթը:
Երեկոն վարում էին յայտնի դերասանուհի եւ հեռուստատեսութեան ու ռադիոյի հաղորդավար Վասուլա Քրիստոդուլուն եւ պօէտ, լեզուաբան Կարէն Եղիկեանը, որոնք միջոցառման ողջ ընթացքում լուսաբանեցին Կոմիտասի երաժշտական ժառանգութեան հետ կապուած հետաքրքիր մանրամասներ, մէջբերեցին հայ եւ համաշխարհային մշակոյթի մեծերի խօսքերը նրա գործերի մասին, անդրադարձան նրա առեղծուածներով լեցուն կեանքի դրուագներին եւ, անշուշտ, մենք բոլորս ունկնդրեցինք այն հիանալի երաժշտութիւնը, որը նրան անմահացրել է եւ ինչպէս հայ հանճարեղ պօէտ Պարոյր Սեւակը կ՛ասէր՝ «Յաւիտեան բոյն է դրել մեր հոգու մէջ»։
Բեմահարթակում է լարային քառեակը՝ Մարիամ Սարգսեան՝ առաջին ջութակ, Հայաստան, ՄԲ, Լիւդմիլա Լուգովսկայա՝ երկրորդ ջութակ, Ռուսաստան, ՄԲ, Փոլ Լիւինգթոն՝ ալտ, Մեծ Բրիտանիա, Սոֆիկօ Տուաուրի՝ թաւջութակ, Վրաստան, ՄԲ: Իւրաքանչիւր ստեղծագործութիւն առանձնայատուկ է իր մելոդիկ լադերով (մեղեդիի աստիճանով-Խմբ.), գունային գամմայով (ձայնաշարով-Խմբ.) եւ ռիթմիկ (կշռոյթի-Խմբ.) պատկերով՝ «Էջմիածնի պար», «Շողեր ջան», «Չինար ես», «Կաքավիկ»:
Մենք ունկնդրեցինք նաեւ դաշնամուրային ստեղծագործութիւն՝ չափազանց լիրիկական, թրթիռային, մի քիչ մելամաղձոտ եւ անչափ եթերային… «Շուշիկի», դաշնամուր Եւգենիա Տերենտիեւա, Ռուսաստան, ՄԲ:
Հայի ինքնութիւնն ապրում է լեռնային գեղատեսիլ բնաշխարհում՝ բուրումնաւէտ ծաղիկներով պատուած սարերի լանջերին, վճիտ գետակների ձայնը լսելով, սիրելով եւ երգեր ձօնելով իր սիրեցեալին: «Էս առուն», «Ես սարէն կու գայի», «Զինչ ու զինչ», Կատարինա Մինա, սոպրանօ, Կիպրոս,ՄԲ:
«Հայաստա՜ն, երկիր դրախտավայր» եւ բեմահարթակում այս նախաձեռութեան կազմակերպիչ, երաժշտական ղեկավար եւ դիրիժոր (խմբավար-Խմբ.), սիրուած տենոր Սիփան Օլահն է, Հայաստան, ՄԲ:
«Կռունկ»՝ օտար ափերում դեգերգող հայորդին հայրենիքի մասին լուր է ակնկալում կռունկից եւ այդ ամէնն արտայայտւում է ջութակի կատարմամբ: Մարիամ Սարգսեան՝ ջութակ, ՄԲ, Հայաստան:
Սիրոյ թեմայով բազմաթիւ երգեր է գրել Կոմիտասը, որոնցում լաւագոյնս արտացոլուած են հայ երիտասարդ աղջկայ կամ տղայի ջերմ զգացմունքներն ու գեղեցիկի ընկալումը: «Քելէ քելէ», «Ախ, Մարալ ջան», «Էրւում եմ»՝ Հելէն Ռոթշել, Մեծ Բրիտանիա:
Բեմահարթակում ծիրանենին է՝ հայ աղջկայ կերպարում մարմին առած… «Ծիրանի ծառ» Հայարփի Եղիկեան, սոպրանօ, Հայաստան, ՄԲ:
Եւս մէկ երկխօսութիւն մարդու եւ բնութեան, սարերի, ծառերի, միջեւ: «Ալագեազ», «Խնկի ծառ»՝ Անջելօ Մուսկատ, Մալթա:
Ազատ երկնքում ճախրող այս թռչնակը՝ ծիծեռնակը, հաղորդակցութեան մէջ է կարօտից տառապող մարդու հետ, լսում է նրա հոգու ձայնը եւ փորձում այն հասցնել հայրենիքում ապրող հարազատներին. հիանալի գեղարուեստական պատկեր, տպաւորիչ մեղեդային թրթռումներ: «Ծիծեռնակ»՝ Անդրիանա Եորդանովա, Բուլղարիա, Մալթա:
Ծրագիրը չափազանց բազմազան էր, նաեւ կ՛ընդգրկէր այս սիրերգային կատակ երգը՝ «Հաբրբան»ը՝ Սիփան Օլահ, տենոր, Հայարփի Եղիկեան՝ սոպրանօ, Մարիամ Սարգսեան՝ ջութակ, Եւգենիա Տերենտեւա՝ դաշնամուր:
Համերգի երկրորդ հատուածում հանդիսականները վայելեցին Կոմիտասի մի շարք խմբերգային ստեղծագործութիւններ՝ երգիչների պրոֆեսիոնալ անսամբլի, ապա «Քլինգեն» երգչախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարութեամբ: Անսամբլը ներկայացրեց հոգեւոր երգերի՝ «Հայր մեր», «Սուրբ-սուրբ» «Հայրապետական մաղթանք» հիանալի շարանը, ապա նաեւ՝ «Պուճուր աղջիկ», «Առաւօտ լուսաբեր», «Եար ջան արի», «Գարուն ա» կոմիտասեան երգերի մարգարտահատիկները: «Քլինգեն» երգչախումբը ելոյթը սկսեց «Անձրեւն եկաւ»ով, շարունակեց կոմիտասեան պայծառ երգերի շարքով եւ իր ելոյթն աւարտեց «Գութաներգ»ով, որին միացաւ նաեւ պրոֆեսիոնալ երգիչների կազմը:
Ակնդրեցինք նաեւ լիբանանահայ նկարչուհի Լիոնի Փիլարդի՝ այս անգամ արդէն կոմիտասեան թեմաներով ստեղծագործութիւնները: Ցուցահանդէսով հանդէս եկաւ նաեւ ազգային տարազներով հանդերձաւորուած տիկնիկների վարպետ Ալիս Մարտիրոսեանը:
Շնորհակալութիւն այն բոլոր մարդկանց, ում ջանքերի եւ կամեցողութեան շնորհիւ հնարաւոր եղաւ այս միջոցառման իրականացումը։