ՔՐԻՍՏԻՆԱ ԲՈՅԱՋԵԱՆ
Վստահ չեմ, որ Փարիզում հայկական կառոյցների վրայ կատարուած երկու յարձակումները կապուած են միմեանց hետ: «Թերթ»ի հետ զրոյցում, անդրադառնալով Ֆրանսիայում հայկական կառոյցների վրայ տեղի ունեցած յարձակումներին, ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:
Nouvelles d՛Armenie-ի տնօրէնը համայնքում մեծ համարում ունի: Նա, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների նախագահ Արա Թորանեանը եւ ես CCAF-ի՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ ենք, հետեւաբար՝ այս միասնական կառոյցի պատասխանատուներս հայ ժողովրդի թշնամիների համար թիրախ ենք»,ասաց Փափազեանը:
Յիշեցնենք, որ Հոկտեմբերի 20ին յարձակում էր տեղի ունեցել Ֆրանսիայի հայկական Nouvelles d՛Armenie ամսագրի խմբագրութեան վրայ: Այստեղ յանցագործները կոտրել էին խմբագրութեան դուռը, գողացել տեսախցիկներ, երեք համակարգիչ, որտեղ պահւում էին գաղտնի տեղեկութիւններ: Դէպքից յետոյ էլ յարձակում էր եղել Փարիզի Հարաւ-արեւմտեան Սեւր շրջանում գտնուող Սամուէլ-Մուրադեան հայկական վարժարանի վրայ:
Փափազեանի խօսքով՝ Ֆրանսիայում հայ համայնքը կարծում է, որ Nouvelles d՛Armenie-ի վրայ կատարուած յարձակման յետեւում կանգնած են թուրքերը, ընդ որում՝ այս յանցագործութիւնը կատարուել է երկու նպատակով.
«Առաջին պատճառը տեղեկութիւններ հաւաքելն է, երկրորդը՝ վախի մթնոլորտ ստեղծելը: Ցանկանում էին ցոյց տալ, որ կարող են նաեւ ֆիզիկապէս վնաս հասցնել: Վստահ կարող եմ ասել, որ Ֆրանսիայում թէ՛ պատգամաւորները, թէ՛ կուսակցութիւնները, թէ՛ մտաւորական շրջանակների ներկայացուցիչները, թէ՛ լրագրողները մեր կողքին են, սատարում են մեզ», նշեց Փափազեանը:
«ԹԵՐԹ»