«Ո՞ւմ Կամ Ինչի՞ Դէմ Է Ուղղուած Ադրբեջանական Հանրութեան Դժգոհութիւնը»
Զրուցեց՝ ՍՏԵԼԼԱ ՄԵՀՐԱԲԵԿԵԱՆԸ
Հանգստեան օրերին Բաքւում անցած բողոքի ակցիաների, ադրբեջանական հանրութեան դժգոհութեան պատճառների մասին «Սիվիլնեթ»ը զրուցում է ադրբեջանցի մեդիա փորձագէտ, լրագրող Սէյմուր Քեազիմովի հետ:
ՍՏԵԼԼԱ ՄԵՀՐԱԲԵԿԵԱՆ.- Ադրբեջանի՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը Հոկտեմբերի 19ին Բաքւում բողոցի ակցիա է անցկացրել՝ պահանջելով քաղբանտարկեալների ազատ արձակում, ժողովրդավարական ընտրութիւնների համար պայմանների ստեղծում, էլեկտրաէներգիայի եւ բնական գազի սպառման սահմանափակման վերացում, երեխաների համար նպաստների վերականգնում եւ ղարաբաղեան խնդրի լուծում: Ձերբակալուել են Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցութեան առաջնորդ, ընդդիմադիր Ալի Քերիմլին եւ նրա համախոհները: Հոկտեմբերի 20ին Բաքւում բողոքի մէկ այլ ակցիա է տեղի ունեցել՝ ընտանեկան բռնութեան դէմ եւ կանանց իրաւունքների համար, որի արդիւնքում ձերբակալուել է մի քանի մարդ: Առաջին հայեացքից ցոյցերի պահանջները տարբեր էին, բայց, ձեր կարծիքով, դրանք ինչ-որ կերպով կապուա՞ծ էին:
ՍԷՅՄՈՒՐ ՔԵԱԶԻՄՈՎ.- Այդ ցոյցերը կապուած չէին իրար հետ: Դրանք կազմակերպել են տարբեր խմբեր: Հոկտեմբերի 19ին տեղի ունեցած բողոքի ակցիան կազմակերպել էր ընդդիմութիւնը, իսկ Հոկտեմբերի 20ին երթ էր, որը կազմակերպել էին քաղաքացիական ակտիւիստները՝ իրաւապաշտպաններ, գենդերային հարցերով փորձագէտներ եւ լրագրողներ: Երկրորդ ակցիան հիմնականում միտուած էր կանանց նկատմամբ բռնութեան աճի վրայ ուշադրութեան հրաւիրմանը: Առաջին ակցիայի ընթացքում բերման ենթարկուածներից ոչ բոլորն են ազատ արձակուել, իսկ երթի ժամանակ բերման ենթարկուածները անմիջապէս են ազատ արձակուել:
ՍՏԵԼԼԱ ՄԵՀՐԱԲԵԿԵԱՆ.- Կանանց նկատմամբ բռնութեան դէմ ակցիան կարելի՞ է համարել աննախադէպ՝ իր մասշտաբներով կամ օրակարագով: Նախկինում նման ցոյցեր անցկացուե՞լ են Ադրբեջանում:
ՍԷՅՄՈՒՐ ՔԵԱԶԻՄՈՎ.- Այս տարուայ Մարտի 8ին տեղի է ունեցել երթ՝ «8 երթ» անուամբ: Իսկ Հոկտեմբերի 20ի ակցիան յստակ պահանջներ ունէր: Գլխաւոր պահանջներից մէկը Ստամբուլեան կոնվենցիայի ընդունումն էր: Կազմակերպիչների խօսքով՝ վերջին ինը ամիսներին 118 կին ենթարկուել է բռնութեան, որոնց թւում կան սպանուածներ:
ՍՏԵԼԼԱ ՄԵՀՐԱԲԵԿԵԱՆ.- Հասկանալի է, որ Ադրբեջանի քաղաքացիների մօտ դժգոհութիւն է կուտակուել: Որո՞նք են բնակչութեան գլխաւոր պահանջները, ի՞նչ բնոյթի են դրանք՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական: Վերջերս լրատուամիջոցներում յաճախ էր յիշատակւում իշխանութեան կողմից իրականացուող բարեփոխումների մասին: Ձեր կարծիքով, դրանք «կոսմետիկ» (գեղագիտական-Խմբ.) կամ «ֆասադայի՞ն» (մակերեւոյթի-Խմբ.) բարեփոխումներ են, որոնք հեռու են իրական բարեփոխումից:
ՍԷՅՄՈՒՐ ՔԵԱԶԻՄՈՎ.- Մարդկանց պահանջները բազմակողմանի են՝ սկսած սոցիալական խնդիրների լուծումից մինչեւ այնպիսի հիմնարար իրաւունքներ, ինչպիսիք են խօսքի եւ հաւաքներ անցկացնելու ազատութիւնները: Բացի այդ, կոռուպցիայի (զեղծարարութեան-Խմբ.) կանխարգելումը ժողովրդի կողմից պետութեան առաջ դրուած ամենաառաջնային խնդիրներից է: Չնայած՝ որոշ փոփոխութիւններ կան, բայց դրանք մակերեսային բնոյթ ունեն: Արմատական բարեփոխումներ դեռ չենք նկատում:
ՍՏԵԼԼԱ ՄԵՀՐԱԲԵԿԵԱՆ.- Վերջին հարցը վերաբերում է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը: Ի՞նչ տեղ է այսօր զբաղեցնում այդ հարցը հանրային օրակարգում: Ի՞նչ են մտածում քաղաքացիները երկու առաջնորդների վերջին հանդիպումների եւ յայտարարութիւնների մասին, համաձա՞յն էք, որ այս պահին յարաբերական խաղաղութիւն է տիրում:
ՍԷՅՄՈՒՐ ՔԵԱԶԻՄՈՎ.- Խնդիրը կը պահպանուի այնքան ժամանակ, քանի դեռ երկու երկրների միջեւ չի ստորագրուել խաղաղութեան համաձայնագիր: Նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինեանի՝ Դուշանբէում ոչ պաշտօնական հանդիպման արդիւնքում ձեռք բերուած խաղաղութիւնը նոյնպէս ժամանակաւոր բնոյթ էր կրում: Չնայած՝ 2016ի ապրիլեան դէպքերից յետոյ ակտիւ ռազմական գործողութիւններ չեն ծաւալուել, սահմանին հրադադարի ռեժիմը միշտ խախտւում է, եւ կողմերը կորուստներ են կրում: Հէնց ապրիլեան դէպքերից յետոյ ուշադրութիւնը դէպի ղարաբաղեան խնդիրը նորից աճեց: Չնայած, որ ներկայում սահմանը հանգիստ է, դժուար չէ կանխատեսել՝ ինչպէս կ՛արձագանգի բնակչութիւնը իրավիճակի նոր սրմանը: Վերջին ամիսներին քաղաքական առաջնորդների հռետորաբանութիւնը աւելի է կոշտացել: Ղարաբաղում Փաշինեանի յայտարարութիւնը եւ «Վալդայ» համաժողովին Ալիեւի պատասխանը դրա վառ ապացոյցն են: Փաշինեանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Ես չեմ ներկայացնում Արցախի ժողովրդին» յայտարարութիւնները ադրբեջանական հանրութիւնում քննարկման առարկայ են դարձել: Ինչպէս տեսնում էք, այս երկու մօտեցումների միջեւ լուրջ հակասութիւն կայ: Արձագանգն այն է, որ Փաշինեանը պէտք է յստակ որոշում կայացնի: 2020ին այդ չճանաչուած սուբյեկտում կ՛անցկացուեն «ընտրութիւններ»: Այնտեղ հին գվարդիայի անդամները դեռ «իշխանութեան» են: Հետեւաբար Փաշինեանի նման յայտարարութիւնները դիտարկւում են որպէս նախընտրական քարոզչական արշաւ՝ ուղղուած ներքին լսարանին: Միեւնոյն ժամանակ, դրանք այն գործօններից են, որոնք խարխլում են բանակցային գործընթացը:
«ՍԻՎԻԼՆԵԹ»