ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Սեպտեմբերի 14ին մեկնարկեց »Գլենդելի արհեստագիտութեան շաբաթ«ը (Glendale Tech week), որի շրջանակներում Գլենդելի Հայ Դատի յանձնախումբը եւ Հայ Դատի յանձնախմբի Արհեստավարժների միութիւնը կազմակերպել էին քննարկում: Հիմնական նպատակն էր՝ տեղեկացնել Հայաստանում մեծ թափով զարգացող արհեստագիտութան արդիւնաբերութեան մասին, եւ կամուրջ հաստատել Երեւանի ու Գլենդելի ոլորտի ներկայացուցիչների միջեւ:
«Արհեստագիտութեան շաբաթ« նախաձեռնութեան ներկայացուցիչը նշեց, որ Գլենդելում տեխնոլոգիական արդիւնաբերութեան զարգացմանն ուղղուած ռազմավարութեան շրջանակներում աշխատանքներ են իրականացւում բարենպաստ եւ գրաւիչ էկոմիջավայր (բնապահապանական միջավայր) ստեղծելու եւ տարբեր քաղաքների, այդ թւում՝ Երեւանի հետ համագործակցութեան զարգացման ուղղութեամբ:
«Արհեստագիտական նորայայտ կենտրոններ. Երեւան-Գլենդել» խորագրով քննարկման բանախօսներն էին՝ ամերիկահայերի կողմից հիմնադրուած եւ ոլորտում մեծ ճանաչում ունեցող մի շարք ընկերութիւնների ներկայացուցիչներ, ովքեր խօսեցին Գլենդելում եւ Հայաստանում ոլորտի հնարաւորութիւնների եւ մարտահրաւէրների մասին, կիսուեցին փորձով:
Տեղեկատուական տեխնոլոգիաների միջոցով շինարարական ոլորտում սպասարկման՝ Գլենդելում ամերիկահայերի կողմից հիմնադրուած «Սերվիս Թայթան» ընկերութեան փոխնախագահ Վաչէ Յովսէփեանը կարեւորեց Արհեստագիտական շաբաթը, նշելով, որ այն բացառիկ հնարաւորութիւն է հաղորդակցուելու համայնքի հետ, ներկայացնելու ոլորտի զարգացումները: Նա անդրադարձաւ նաեւ Հայաստանում իրենց ընկերութեան գործունէութեանը՝ նշելով, որ 2015 թուականից ուսումնասիրել են համակարգը, եւ այսօր կարող է փաստել, որ հայրենիքում մեծ աճ է արձանագրուել՝ մասնագէտների պատրաստուածութեան մակարդակի եւ ոլորտի համաշխարհային ընկալման ու ըստ այդմ զարգացման ուղղութիւնների հարցում. «Հայաստանի մեր գրասենեակում պատրաստւում ենք աւելացնել աշխատակիցների թիւը, մարդկանց, ովքեր որակեալ արտադրանք են ստեղծում միջազգային շուկայի համար: Հայաստանում մեծ ներուժ, տաղանդաւոր մասնագէտներ կան: Մենք էլ նորարարական մօտեցում ենք ցուցաբերում, ամբողջական՝ աշխատանքի ընդունելով ոչ միայն ճարտարագէտների, նաեւ՝ դիզայներների (ձեւաւորողներւ-Խմբ.), տեխնիկական (արհեստագիտական-Խմբ.) տարբեր պաշտօնների համար պատասխանատուների, արտադրանքի ղեկավարների: Միաժամանակ, լաւագոյն արդիւնք ունենալու համար, ներդրում ենք կատարում մեր աշխատակիցների համար՝ վարժանքների, փորձի փոխանակման միջոցով նրանց փոխանցելով որոշակի հմտութիւններ, ոլորտի զարգացումների մասին տեղեկատուութիւն», նշեց Յովսէփեանը:
Հայաստանում մասնաճիւղ ունի նաեւ կարծիքներ եւ վարքի մասին տուեալներ տրամադրող «Դիսքօ» ընկերութիւնը, որ նոյնպէս հիմնադրուել է Գլենդելում: Ընկերութեան տարածաշրջանային տնօրէն Տանեա Սահակեանն էլ պատմեց, որ հայրենիքում գրասենեակ բացել են 2018ի աշնանը, եւ կարիք ունէին երկու տասնեակից աւելի ճարտարագէտների: «Ի ուրախութիւն մեզ, շատ արագ գտանք պահանջուող մասնագէտների, ինչը եւս մէկ վկայութիւն էր առ այն, որ Հայաստանում կայ մեծ ներուժ, եւ ոլորտը շատ արագ է զարգանում միջազգային չափանիշներին համապատասխան: Եթէ ցանկութիւն կայ ներգրաւուելու Հայաստանի արհեստագիտութեան ոլորտում՝ այժմ պահն է», նշեց Սահակեանը՝ ընդգծելով, որ Երեւանում եւ Գլենդելում արհեստագիտութեան ոլորտի բուռն ծաղկման շրջան է:
Սննդի տանից պատրաստման եւ վաճառքի ոլորտում բնոյթով յեղափոխական յաւելուածի՝ «Դիշդիւի»ի հիմնադիր Անի Թորոսեանն էլ նշեց, որ դիմել է հայաստանաբնակ մասնագէտների: «Ինձ համար շատ ուրախալի էր փաստը, որ Հայաստանում երիտասարդները մեծ մղում ունեն սովորելու, համաշխարհային զարգացումներին ծանօթանալու, եւ պատասխանատուութեամբ են մօտենում աշխատանքին: Սա շատ գրաւիչ է», նշեց Թորոսեանը:
«Ինովին» ընկերութեան հիմնադիր Շանթ Մկրտչեանը 2013 թուականին Կալիֆորնիայից է տեղափոխուել Հայաստան եւ այնտեղ հիմնել է ընկերութիւն, որ մեծ յաջողութեամբ է գործում՝ լինելով մրցունակ ոլորտի միջազգային շուկայում:
«Արմինիան Ռիփորթ» տեղեկատուական ընկերային ցանցի հիմնադիր Աննա Խաչիկեանն էլ ընդգծեց հայկական յաջողուած ընկերութիւնների, հայրենիքում առկայ հնարաւորութիւնների մասին տեղեկատուութեան յաճախակի տարածման անհրաժեշտութիւնը նաեւ անգլերէնով: Բանախօսները պատասխանեցին նաեւ ներկաների՝ ձեռնարկատէրերի, ոլորտի ներկայացուցիչների հարցերին, իսկ ձեռնարկի պաշտօնական աւարտից յետոյ առիթ ստեղծուեց անմիջական զրոյցի:
Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի համաատենապետ Ռոնի Ղարիբեանը նշեց, որ ձեռնարկի միջոցով նպատակ ունեն կապ ստեղծել Գլենդելի եւ Երեւանի միջեւ, եւ փոխշահաւէտ համագործակցութեան համար անհրաժեշտ հարթակ տրամադրել երկու քաղաքների ոլորտի ներկայացուցիչներին: Գլենդելի քաղխորհրդի անդամ Վարդան Կարապետեանն էլ յայտնեց, որ քաղաքապետարանը մեծապէս աջակցում է «Արհեստագիտութեան շաբաթ» նախաձեռնութեանը, որի շրջանակներում, եօթ օրերի ընթացքում 50ից աւելի տարբեր միջոցառումներ են տեղի ունենում, այդ թւում՝ խոհրդատուական բնոյթի, կապերի հաստատման, ներդրողների ներգրաւման համար: Կարապետեանը նշեց, որ Գլենդելի արհեստագիտութեան արդիւնաբերութիւնում զգալի թիւ են կազմում հայ մասնագէտներն ու ձեռնարկատէրերը, ովքեր մեծ ներդրում ունեն ոլորտի զարգացման գործում, եւ կարեւոր է նրանց ձեռքբերումները օգտագործելու նաեւ ի նպաստ Հայաստանի: