
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Շրջակայ միջավայրի մասնագիտական ոլորտային յանձնախումբը ուսումնասիրեց Ամուլսարի հանքավայրին վերաբերող բոլոր տուեալները եւ հանգամանքները, որոնց լոյսին տակ հրապարակեց ընդարձակ եւ մանրամասն զեկուցում մը որը ստորեւ կը ներկայացնենք մեր ընթըրցողնըրուն:
ՆԵՐԱԾԱԿԱՆ
1. Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնւում է Հայաստանի Վայոց Ձորի եւ Սիւնիքի մարզերի սահմանագլխին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հիւսիս, հիւսիսարեւմտեան ճիւղաւորումների ջրբաժանի հատուածում:
2. 2014ին Հայաստանի կառավարութեան կողմից »Լիդիան Արմենիա« ՓԲԸին (այսուհետեւ՝ »Լիդիան«) տրուել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրաւունքը եւ շինարարութեան համար բնապահպանական թոյլատուութիւնը:
3. 2015ին »Լիդիան« հրապարակել է Ամուլսարի ծրագրի բնապահպանական եւ սոցիալական (ընկերային-Խմբ.) ազդեցութեան գնահատականը, իսկ դրա թարմացուած տարբերակը՝ 2016ին: 2016 թուականի Ապրիլի 29ին Ամուլսարի ծրագրի՝ շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննութիւնն ստացել է դրական եզրակացութիւն:
4. Հանքավայրից մետաղների կորզումը նախատեսուած է իրականացնել կույտային տարրալուացման եղանակով, ինչն առաջին անգամ է կիրառուելու Հայաստանում: Ըստ »Լիդիան«ի ներկայացրած ծրագրի՝ հանքի շահագործման 11 տարիների ընթացքում նախատեսւում է արդիւնահանել մօտ 2.6 մլրդ. ԱՄՆ դոլարի ոսկի: Առաջին երկու տարիների ընթացքում նախատեսուել է կատարել շուրջ 426 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում: Հանքի շահագործման ողջ ընթացքում պետական բիւջէ վճարուող հարկերի ու ռոյալթիների միջոցով ընդհանուր մուտքերը կը կազմեն մօտ 635 մլն. ԱՄՆ դոլար: Ծրագրի շինարարական փուլում մօտաւորապէս 1300 մարդ կ՛ապահովուի աշխատանքով, իսկ շահագործման փուլում՝ 770 մարդ:
5. Կանխատեսւում է, որ հանքի շահագործման գումարային ազդեցութիւնը ՀՆԱում միջինը կը կազմի մօտ 185 մլն. ԱՄՆ դոլար կամ ՀՆԱի 1.4 տոկոս: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի արդիւնքում տարեկան միջին արտահանումը կը կազմի Հայաստանի արտահանման ընդհանուր ծաւալի 6.5 տոկոսը:
ԾՐԱԳԻՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ
6. Թէեւ »Լիդիան«ը պարտաւորուել է կառուցել եւ շահագործել Ամուլսարի հանքը՝ հանքարդիւնաբերութեան լաւագոյն փորձին համապատասխան, որի ներքոյ նախագծել եւ ձեւաւորել է Հայաստանում նախադէպը չունեցող մետաղական հանքարդիւնահաման ծրագիր, այնուամենայնիւ, մասնագիտական եւ հանրային (այդ թւում` բնապահպանական) շրջանակներում բացակայում է միակարծութիւնը հանքի շահագործման թոյլատրելիութեան վերաբերեալ:
7. Մտահոգութիւնների հիմքում ընկած է հանքավայրի շահագործման արդիւնքում առաջանալիք ռիսկերի (վտանգներ-Խմբ.) անկառավարելիութիւնը: Խնդիրն առաւել է բարդանում՝ պայմանաւորուած Ամուլսարի աշխարհագրական դիրքով եւ կենսական նշանակութիւն ունեցող ջրային պաշարների ձեւաւորման առումով: Այն պահանջում է գիտականօրէն գերճշգրիտ հիմնաւորում եւ միջազգային լաւագոյն փորձի վրայ հիմնուած անկախ եւ օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) փորձաքննութիւն:
8. Չնայած այն հանգամանքին, որ, Հայաստանի օրէնսդրութեամբ սահմանուած կարգով, բազմամետաղ հանքավայրի շահագործման թոյլտուութիւնը երկարատեւ եւ բազմամակարդակ գործընթաց է, այնուամենայնիւ, ներկայ պայմաններում սուր հարցադրումները վերաբերում են ծրագրի շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեանը:
9. Թէեւ, Հայաստանի օրէնսդրութեամբ սահմանուած պարտաւորութիւն չունենալու պայմաններում, »Լիդիան«ը նախաձեռնել է շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատում՝ միջազգային փորձագէտների ներգրաւմամբ, սակայն դա եւս հանքավայրի անվտանգ շահագործման նպատակայարմարութեան հարցում բաւարար համոզուածութիւն չի ձեւաւորել: Դա պայմանաւորուած է մի կողմից այն հանգամանքով, որ ծրագրի՝ շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան հետազօտութիւնների, ուսումնասիրման ու գնահատման համար միջազգային փորձագէտները ընտրուել եւ վճարուել են »Լիդիան«ի կողմից: Միւս կողմից` ՀՀ կառավարութիւնը՝ ի դէմս բնապահպանութեան նախարարութեան, չի ունեցել (եւ չունի) օրէնսդրական պարտաւորութիւն եւ ֆինանսական հնարաւորութիւն՝ ներկայացուած ՇՄԱԳի անկախ միջազգային փորձաքննութիւն իրականացնելու համար: Որպէս հետեւանք՝ տեղական եւ միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ առարկում են անվտանգ շահագործման վերաբերեալ »Լիդիան«ի հաւաստիացումներին:
10. Բնապահպանական միաւորումները, ներգրաւելով հասարակութեան առաւել լայն շրջանակների, կազմակերպեցին Ամուլսարի ճանապարհների շրջափակումը, որի արդիւնքում խնդրի բնապահպանական ու տնտեսական բաղադրիչներին աւելացաւ նաեւ քաղաքականը:
11. Յենուելով վերջինիս վրայ եւ ձեւաւորելով հանրային մեծ սպասելիքներ՝ օրուայ քաղաքական իշխանութիւնը անբացատրելի կերպով երկարացրեց հարցի հանգուցալուծումը, կոռուպցիոն (փտածութեան-Խմբ.) հնարաւոր չարաշահումների պատճառաբանութեամբ նախաձեռնեց քրէական գործի յարուցում, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպութիւնների միջոցով (Elard եւ TRC, այսուհետեւ՝ ԷԼԱՐԴ) անկախ փորձաքննութիւն իրականացնելու նպատակով պետական բիւջէից յատկացրեց 400,000 ԱՄՆ դոլար: Արդիւնքում՝ հանքավայրի շահագործման թոյլատրելիութեան հարցում մասնագիտական հանրոյթը այդպէս էլ չի ձեւաւորել միակարծութիւն, իսկ հանրութեան լայն շրջանակները լսում են իշխանութեան անընդհատ փոփոխուող տեսակէտները, ինչն իր հերթին ազդում երկրի միջազգային հեղինակութիւնը վրայ:
12. Այս ամէնը, սակայն, չի կարող շարունակական լինել, գերակտիւացուած (գերաշխուժ-Խմբ.) քաղաքական բաղադրիչն իր տեղը պէտք է զիջի կշռադատուած, մասնագիտօրէն հիմնաւորուած եւ հասարակութեան ճնշող մեծամասնութեան կողմից ընդունելի որոշմանը: Նշուած ընթացքն ապահովելու համար չափազանց կարեւոր է մասնագիտական մօտեցումների յստակեցումը, տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական հաւասարակշռուած տեսակէտների ամբողջացումը եւ, ի վերջոյ, համապետական հանրաքուէի միջոցով Ամուլսարի վերաբերեալ վերջնական որոշման կայացումը:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ
13. Վերը նշուածի ներքոյ սկզբունքային նշանակութիւն են ստանում տեղական ու համաշխարհային ճանաչում ունեցող մասնագէտների կողմից բարձրացուած հարցադրումները, որոնք, ընդհանուր առմամբ, իրենց արտացոլումն են ստացել փաստաթղթային աուդիտ (ստուգում-Խմբ.) իրականացրած ԷԼԱՐԴի եզրակացութիւնում (զեկոյցում):
14. ՀՅԴ շրջակայ միջավայրի մասնագիտական ոլորտային յանձնախումբը՝ ուսումնասիրելով եւ վերլուծելով ԷԼԱՐԴի զեկոյցը, արձանագրում է, որ այն անդրադառնում է չորս ոլորտների՝ ջրային ռեսուրսներ, երկրաբանութիւն, կենսաբազմազանութիւն եւ օդի որակ: Զեկոյցում նշւում է, որ »Լիդիան«ը բաւարար կերպով ներկայացրել է կենսաբազմազանութեանը վերաբերող հարցեր, բայց կարող էին բարելաւել դրանք, եթէ ներառուէին լրացուցիչ տեղեկութիւններ, օրինակ՝ քարտէզներ:
15. ԷԼԱՐԴը քննադատում է օդի որակի գնահատման համար Raduga մոդելի (նախատիպի-Խմբ.) օգտագործումը: Նրանք եզրակացնում են, որ այս հին մոդելը համարժէք չէ Ամուլսարի նման նախագծին: Զեկոյցում նաեւ բացայայտւում են ոսկու հանքի շահագործման ժամանակ արտանետուող փոշու մանր մասնիկների եւ որոշակի գազերի ազդեցութեան գնահատման որոշ թերութիւններ: Այնուամենայնիւ, ԷԼԱՐԴը եզրակացնում է, որ »Լիդիան«ի կողմից օդի որակի վերահսկողութեան համար ներկայացուած մոնիտորինգի պլանը տեղին է եւ ընդունելի, բայց պէտք է ներառել լրացուցիչ եօթ գործօններ:
16. Ի տարբերութիւն վերը նշուածի, ծայրաստիճան քննադատւում է ջրային ռեսուրսների (պաշարներ-Խմբ.) եւ երկրաբանական ազդեցութեան վերլուծութիւնը, որոնց բացասական արդիւնքները ոչ ամբողջութեամբ են տեղ գտել ԷԼԱՐԴի կողմից ներկայացուած մեմորանդումի (յուշագիրի-Խմբ.) մէջ՝ ապակողմնորոշելով վերջնական եզրահանգումը: Մինչդեռ՝
16.1. Ըստ զեկոյցի՝ »Լիդիան«ի պատրաստած 3-D երկրաբանական մոդելի լայնակի հատոյթները ցոյց են տալիս երկրաբանական յարաբերութիւնները միայն բացահանքերի տարածքի անմիջական հարեւանութեամբ: Այս թերութիւնը ստորերկրեայ ջրերի աղտոտիչ աղբիւրների եւ կլանիչների միջեւ թոյլ կապի հետեւանք է: Էկոլոգիապէս (կենսոլորտային-Խմբ.) զգայուն այսպիսի միջավայրի համար կառուցուածքային եւ ստրատեգրաֆիկ (ռազմավարական-գծագրային-Խմբ.) յարաբերութիւնների վերաբերեալ պատկերազարդումների բացթողումը ամբողջ տարածքի համար գնահատւում է որպէս մոդելի լուրջ թերութիւն: Երկրաբանական այս մոդելը իր հերթին հիմք է այլ մոդելների համար, որոնք թուայնացուած ներկայացնում են ստորերկրեայ ջրերի եւ աղտոտիչների հոսքը (տրանսպորտը, փոխադրութիւնը):
16.2. Զեկոյցը շարունակում է պնդել, որ տեղական երկրաբանութեան նկարագրութիւնն անկազմակերպ, թերի եւ անհասկանալի է: Տեքստից (բնագիրէն-Խմբ.) այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ »Լիդիան«ը լիարժէք չի հասկացել կառուցուածքային եւ ստրատեգրաֆիկ յարաբերութիւնները, փոփոխութիւնների տեսակների պատճառներն ու բաշխումը եւ ժայռերի տարբեր տեսակների ստեղծման ժամանակ իրադարձութիւնների յաջորդականութիւնը: Ծրագրի տարածքում կան մի շարք երկրաբանական բեկուածքներ, որոնք կարող են լինել ստորգետնեայ ջրերի հոսքի խոչընդոտներ եւ/կամ ուղիներ: Ըստ ԷԼԱՐԴի՝ նախագծի ազդեցութեան տարածքում առկայ բեկուածքները չեն դիտարկւում »Լիդիան«ի կողմից երկրաբանական հետեւանքների մոդելաւորման մէջ: Աւելին՝ ԷԼԱՐԴը պնդում է, որ հրաբխային ժայռերը փխրուն են՝ կոտրուածքների լայն թափանցելիութեամբ: Այս բնութագրերն ազդում են ստորերկրեայ ջրերի հոսքի եւ փոխադրման տեմպերի վրայ: Չի կարելի ենթադրել, որ ժայռերը համասեռ կաւէ գօտի են, կոտրուածքների առկայութիւնից զուրկ, ինչպէս դա անում է »Լիդիան«ը:
16.3. Ստորերկրեայ ջրերի հոսքի եւ ջրալոյծ նիւթերի փոխադրման ճիշդ թուային մոդելաւորումը բացահանքերից եւ ծրագրի տարածքից դէպի ընդունիչներ (գետեր եւ աղբիւրներ) կախուած են ժայռի կառուցուածքից եւ բնութագրերից՝ հոսքի եւ փոխադրման (տրանսպորտային) ուղիների ամբողջ երկայնքով: Զեկոյցը եզրակացնում է, որ սխալ է պնդել, թէ հանքը չի կարող ազդել նախագծի տեղամասերին յարակից շրջանների (ներառեալ՝ քաղցրահամ աղբիւրների) վրայ:
16.4. ԷԼԱՐԴը շեշտում է, որ փոփոխուած »Սոբեկ« (Modified Sobek) մեթոդը, որն օգտագործուել է նախագծի թթուային-բազայի հաշուառման (ABA) համար (որը որոշում է հաւանական թթուայնութիւնը) հիմնուած է միայն սուլֆիդային ծծմբի վրայ: Մինչդեռ այս մօտեցումը յստակ սխալ է, քանի որ բացահանքերի տարածքներից գրեթէ բոլոր նմուշներն ունեն թթուային pH արժէքներ, ինչը վկայում է թթուային սուլֆատային աղերի մասին: ԷԼԱՐԴը գտնում է, որ սուլֆատի վերլուծուած տոկոսը պէտք է ներառուած լինէր թթուայնութեան հաւանական հաշուարկի մէջ:
16.5. Թէեւ ՇՄԱԳում նշւում է, որ վերին հրաբխային ժայռի շերտը թթու չի առաջացնում, սակայն ԷԼԱՐԴը նշում է, որ ՇՄԱԳի յաւելուածում ներկայացուած տուեալները ցոյց են տալիս, որ առկայ են զգալի թուով պիրիտ ծծմբով հարուստ բազմաթիւ նմուշներ: Սուլֆիդի աւելի բարձր տոկոսները տալիս են աւելի շատ ապացոյցներ այն մասին, որ վերին հրաբխային շերտը համասեռ չէ եւ պէտք է բաժանուի ենթախմբի՝ ըստ յստակ ժայռերի ենթատեսակների:
16.6. Ըստ ԷԼԱՐԴի՝ Ամուլսարի ժայռերում թթուային ապարների դրենաժի (ջրքամ, չորացում-Խմբ.) (ARD) ռէակցիաների՝ »Լիդիան«ի գնահատումը ապակողմնորոշիչ է, քանի որ վերլուծութիւնը չի ներառում երկաթի օքսիդացման կարեւորութիւնը: Օգտագործելով այս մօտեցումը, թերագնահատւում են թթուային ապարների դրենաժ գոյացումը եւ յարակից ջրերի որակի, շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան, ինչպէս նաեւ ջրի մաքրման պահանջների կարեւորութիւնը:
16.7. ԷԼԱՐԴը նշում է, որ »Լիդիան«ի կողմից պոմպային թեստի (ջրհաններու քննութեան-Խմբ.) ոչ մի փորձարկում չի իրականացուել, ինչը լուրջ բացթողում է նախագծի մերձակայքում հիդրաւլիկ (ջրանջատական-Խմբ.) յատկութիւնների բնութագրման գործում: Պոմպային թեստերը հիդրաւլիկ բնութագրման ստանդարտ (հիմնաչափ-Խմբ.) ընթացակարգ են եւ անփոխարինելի են կոտրուած ժայռի համար: Հաշուի առնելով էկոլոգիապէս զգայուն կարգաւորումը՝ հիդրաւլիկ թեստերի սահմանափակ բաշխումը եւ պոմպային թեստերի բացակայութիւնը, ԷԼԱՐԴն անբաւարար է գնահատում դրանք՝ ստորերկրեայ ջրերի ուսումնասիրութեան տարածքում հիդրաւլիկ յատկութիւնները բնութագրելու համար: Ըստ այդմ, ԷԼԱՐԴը եզրակացնում է, որ հանքավայրի ջրհանքներից եւ օբյեկտներից մինչեւ գետերն ու ջրամբարները տեղակայուած տարածքները նկարագրուած չեն, եւ չի կարելի ենթադրել, որ դրանք նոյն հիդրաւլիկ յատկութիւններն ունեն, ինչ փորձարկուած տարածքները:
16.8. Համաձայն ԷԼԱՐԴի՝ կտրտուած քարերի առկայութեան պայմաններում աղտոտուած ստորերկրեայ ջրերի հոսքն արագ է, հետեւաբար, տեղափոխուող աղտոտուած ջրի ծաւալն աւելի մեծ է: Կտրուածքների ու ճեղքուածքների միացման չափը որոշում է, թէ ինչպէս է տեղի ունենում ստորգետնեայ ջրի արագ հոսքը եւ տեղափոխումը: Միայն պոմպային փորձարկումների եւ ստորգետնեայ ջրերի հետքերով, ինչպէս նաեւ փորձարկումների անցկացման միջոցով կարելի է գնահատել կտրտուածքների կապը, որը »Լիդիան«ի կողմից արուած չէ:
16.9. Վերանայելով «Լիդիան»ի իրականացրած՝ բացահանքերի ներծծուող ջրերի ուսումնասիրութիւնը, ընդունելով, որ օգտագործուած մոդելները ճիշդ են, ԷԼԱՐԴն արձանագրել է, որ մոդելների արդիւնքները սխալ են, քանի որ մոդելաւորման համար ենթադրւում է անիրատեսական մեծ քանակութեամբ գոլորշիացում բաց ժայռերից եւ ետին լցոնումներից: Այլ խօսքով՝ »Լիդիան«ը պնդում է, որ անձրեւի ու ձնհալքի ջրերի մեծ տոկոս գոլորշիանալու են եւ գետին չեն ներծծուելու, մինչդեռ յայտնի է, որ տեղումների եւ ձնհալքի մեծ մասը ծակոտիների միջոցով արագօրէն ներթափանցում է գետին: Բացի այդ՝ ԷԼԱՐԴը համոզուած կերպով պնդում է, որ «Լիդիան»ն օգտագործում է բացահանքերի պատերի համար ջրի հոսքի ոչ ճիշդ գործակիցներ: Դրանք կարեւոր են, քանի որ, »Լիդիան«ի պնդմամբ, աւելի քիչ ջուր է անցնելու գետին: ԷԼԱՐԴը ենթադրում է, որ սիմուլեացիաներում շատ աւելի քիչ գոլորշիացում պէտք է տեղի ունենայ, եւ պնդում է, որ բացահանքերի հոսքի մոդելաւորումներից ջրի հոսքերը ճիշդ չեն հաշուարկուած: Ստորերկրեայ ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ սխալ հոսքերի օգտագործումը յանգեցնում է ստորերկրեայ ջրերի մակարդակների եւ աղբիւրների ազդեցութեան սխալ գնահատման: Բացի այդ՝ լուծուող նիւթերի փոխադրման սիմուլեացիաները խիստ թերագնահատում են թթուային դրենաժի ազդեցութիւնը ստորերկրեայ ջրերի եւ աղբիւրների վրայ: Առ այդ, գոլորշիացումը գերագնահատելու եւ ջրի հոսքը թերագնահատելու պատճառով ԷԼԱՐԴի եզրայանգումն է՝ պասիւ (կրաւերական-Խմբ.) մաքրման համակարգին հաղորդուող ջուրը եւ զանգուածային հոսքերը թերագնահատուած են, իսկ մաքուր ջրի պահանջարկը՝ գերագնահատուած:
16.10 ԷԼԱՐԴը նշում է, որ հաշուարկուած ջրի ծաւալային հոսքերը, որոնք ընթանում են դատարկ ապարների լցակոյտի (BRSF) կայանից, մեծապէս թերագնահատուած են սխալ մոդելի պարամետրացման պատճառով: Թերագնահատուած ջրի հոսքերի պատճառով նաեւ թերագնահատուած են զանգուածային հոսքերը, որոնք կապուած են թթուացնող ժայռերի եւ ներծծուող ջրի շփման հետ: Այս թերագնահատումը բացասաբար է ազդում ընդհանուր ջրի հոսքերի հաշուարկների վրայ, որոնք առաջանում են թթուային դրենաժի աղբիւրներից եւ դատարկ ապարների լցակոյտի տակից:
16.11. Ըստ ԷԼԱՐԴի՝ բացահանքերի տարածքներում երկրաբանութիւնը վատ է ներկայացուած: Ներքեւի մակերեսի պարզունակ թուային ներկայացումը գործող մոդելում անբաւարար է քանակական կանխատեսումներ անելու համար: Չնայած այս անբաւարարութեանը՝ արուել են բազմաթիւ քանակական կանխատեսումներ, որոնք յուսալի չեն: ԷԼԱՐԴը պնդում է, որ անցումային սիմուլեացիաներ են իրականացուել բացահանքերի ներհոսքերը գնահատելու համար, բայց մոդելային կանխատեսումը անբաւարար է, քանի որ անցումային տրամաչափում չի իրականացուել: ԷԼԱՐԴը, իր կողմից իրականացուած մոդելային վերանայման հիման վրայ, գտնում է, որ մոդելը թերի է նկարագրում հանքարդիւնաբերութեան ազդեցութիւնը ստորերկրեայ ջրերի մակարդակի եւ հոսքի վրայ:
16.12. ՇՄԱԳում նշւում է, որ նախագծի տարածքում ջրհորների ջրհաւաքագրերը ցոյց են տալիս, որ ձնհալի շնորհիւ գարնանը ստորերկրեայ ջրերի մակարդակը արագօրէն բարձրանում է եւ արագ իջնում ձնհալի աւարտից յետոյ: ԷԼԱՐԴը այս տուեալներից եզրակացնում է, որ ժայռերի կտրուածքների միջեւ առկայ է յստակ կապ: Հետեւաբար, ստորերկրեայ ջրերի մակարդակում »Լիդիան«ի կանխատեսած փոփոխութիւններն իրատեսական չեն, քանի որ աղտոտուած ջուրը շատ աւելի արագ է անցնելու ստորգետնեայ տարածք: Պէտք է նկատել, որ Ամուլսարի ժայռերն, ըստ էութեան, չունեն pH բուֆերային հզօրութիւն, ինչը նշանակում է, որ ջրի թթուայնութիւնը չի կարող նուազել՝ անցնելով ստորգետնեայ տարածքները:
16.13. Մակերեւութային եւ ստորերկրեայ ջրերը փոխկապակցուած են: Ըստ ԷԼԱՐԴի՝ »Լիդիան«ի ենթադրութիւնը, որ ծրագրի ամբողջ տարածքում ջրաթափանցելիութեան մակարդակը համահաւասար է, չափազանց պարզունակ մօտեցում է, որը յանգեցնում է ստորերկրեայ յատկութիւնների վատ մոդելաւորման եւ մակերեսային ու ստորերկրեայ ջրերի մասին անվստահելի եզրակացութիւնների: Բացահանքի մոդելաւորման մէջ զգալիօրէն թերագնահատուած են մակերեսային եւ ստորերկրեայ ջրերի հոսքն ու ներթափանցելիութիւնը: ԷԼԱՐԴը եզրափակում է, որ բացահանքերի ճիշդ չգնահատուած ջրազրկումը թերագնահատում է ստորերկրեայ ջրերի եւ մակերեւութային ջրերի վրայ հաւանական ազդեցութիւնները: Լուծոյթների փոխադրման համար օգտագործուող սկրինինգի (քննութիւն-Խմբ.) մակարդակի աղիւսակային (վերլուծական) մոդելի կիրառումը համարժէք չէ ծրագրի տարածքի շրջակայ միջավայրի, մասշտաբի եւ բարդութիւնների համար:
16.14. ԷԼԱՐԴը նշում է, որ կեղտաջրերի մէջ գտնուող ամոնիակի կոնցենտրացիան, ամենայն հաւանականութեամբ, գերազանցում է արտանետման չափանիշը, բայց ամոնիակի մաքրման գործընթացը »Լիդիան«ը չի քննարկում, բացառութեամբ հակիրճ մեկնաբանութիւնների: Նիտրատների հարցը քննարկւում է մի փոքր աւելի մանրամասն, սակայն անհրաժեշտ ուշադրութեան չի արժանացել: Հետեւաբար, նիտրատների կոնցենտրացիաները նոյնպէս թերագնահատուել են: Նիտրատը եւ ամոնիակը, հաւանաբար, ջրի հիմնական աղտոտողներն են, որոնք մաքրում են պահանջում: Նախագծուած համակարգը կարող է չբաւարարել նիտրատի կամ ամոնիակի մաքրման պահանջներին: Համաձայն ԷԼԱՐԴի՝ »Լիդիան«ի առաջարկած պասիւ (կրաւորական-Խմբ.) մաքրման համակարգը առաւել նպատակայարմար է փակման եւ փակման փուլերին, մինչդեռ ակտիւ (գործօն-Խմբ.) մաքրման համակարգը աւելի նպատակայարմար է գործառնական փուլերի համար:
16.15. ԷԼԱՐԴի վերանայման արդիւնքները ցոյց են տուել, որ »Լիդիան«ի վերլուծութիւնը չի ներառում թթուային դրենաժին բնորոշ երկաթի եւ ալիւմինի կոնցենտրացիաները: Աւելին՝ թիւ 8 ջրհաւաք լճում կանխատեսուող երկաթի կոնցենտրացիաները թերագնահատւում են մէկ միլիոն անգամ: Երկաթի կոնցենտրացիաների անհամապատասխանութիւնն ու բարձր անորոշութիւնը վստահութիւն չեն ներշնչում մոդելում ջրի որակի վերաբերեալ եւ մտահոգութիւն են առաջացնում այլ պարամետրերի որոշակիութեան եւ յուսալիութեան նկատմամբ: Ջրի որակի մոդելաւորումն ունի էական անհամապատասխանութիւններ եւ անորոշութիւններ, որոնք լուրջ մտահոգութիւններ են առաջացնում ջրի որակի կանխատեսումների յուսալիութեան եւ, ի վերջոյ, առաջարկուող պասիւ մաքրման համակարգի իրագործելիութեան ու արդիւնաւէտութեան վերաբերեալ:
16.16. ԷԼԱՐԴը չի կարողացել պարզել, թէ կոյտային տարրալուացման գործողութեան աւարտին ինչ է լինելու մեծ քանակութեամբ ցիանիդ պարունակող օգտագործուած կ՛ոյտային տարրալուացման լուծոյթի հետ: Զեկոյցից պարզ չէ, թէ ինչ է լինելու կույտային լուծոյթի հետ հանքարդիւնաբերական աշխատանքների դադարեցումից անմիջապէս յետոյ:
16.17. Ամուլսարի հանքի փակման ծախսերի հիմքերը եւ գնահատականները վերանայուել են ԷԼԱՐԴի կողմից, եւ եզրակացուել է, որ որոշ ծախսերի գումարները կասկածելի են, իսկ ընդհանուր գումարը կրկնակի թերագնահատուած է:
16.18. ԷԼԱՐԴի եզրակացութիւնն այն է, որ նախագծի ուսումնասիրութեան տարածքի երկրաբանութեան ելակետային բնութագրումը անբաւարար է, իսկ շրջանի երկրաբանութեան մեկնաբանումը եւ հայեցակարգացումը՝ չափազանց պարզունակ: Բացի այդ՝ բացահանքերի ջրի արտահոսքի ենթամոդելը (ենթակերպարը-Խմբ.) ճիշդ չէ: Հիմնական խնդիրը »Լիդիան«ի կողմից չափազանց շատ գոլորշիացման ենթադրութիւնն է: Ստորերկրեայ ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ հոսքերի օգտագործումը յանգեցնում է ստորերկրեայ ջրերի մակարդակների եւ աղբիւրների ազդեցութեան ոչ ճիշտ գնահատման:
16.19. Անդրադառնալով Որոտանի թունելին՝ ԷԼԱՐԴը նախ արձանագրում է, որ ստորգետնեայ ջրերի ուսումնասիրութեան տարածքում առաւել նշանակալից կառոյցը Որոտան թունելն (փապուղին-Խմբ.) է, որը բետոնապատ կառոյց է եւ անցնում է Սպանդարեան ջրամբարից դէպի Կեչուտի ջրամբար: Սպանդարեան ջրամբարի թունելի մուտքն այս պահին փակ է, բայց Կեչուտի ջրամբարում թունելի ելքից ջուր է հոսում, որը վկայում է, որ ստորերկրեայ ջրեր են մտնում թունել: Սեւանայ լիճը եւ Կեչուտի ջրամբարը կապուած են Արփա-Սեւան թունելով, որով Կեչուտի ջրամբարից ջուրն ուղղւում է դէպի Սեւանայ լիճ: Որոտանի թունելի արտահոսքի ջրի նմուշները ցոյց են տալիս, որ դրանք նոյն կազմութիւնն ունեն, ինչ Ամուլսարի լեռնաշղթայի աղբիւրներն ու ստորգետնեայ ջրերը: »Լիդիան«ի հաշուետուութիւններում ասւում է, որ Որոտանի թունելը հատում է ստորերկրեայ ջրի աւազանը՝ իր երկարութեամբ: Ներկայումս լեռների մակերեսը օքսիդացուած է, եւ սուլֆիդներից ու այլ նիւթերից միայն փոքր մասն է հասնում թունելին՝ անձրեւից կամ ձնհալից: Բայց բացահանքերի փորելուն պէս, սուլֆիդներն ու այլ ծանր մետաղները կը բացուեն, եւ դրանք անձրեւի եւ ձնհալի ջրի հետ կը ներծծուեն գետին: Բացի այդ՝ այս բացահանքերի ներքեւի մասը կը հասնի ստորգետնեայ ջրային աւազանին: Հետեւաբար, սուլֆիդներն ու այլ ծանր մետաղները հեշտութեամբ կը թափանցեն ստորգետնեայ ջրային աւազանը, եւ այնտեղից աղտոտուած ջուրը կը գնայ դէպի Որոտան թունելը, որը նոյնպէս տեղակայուած է նոյն ստորգետնեայ ջրային աւազանում: »Լիդիան«ը պնդում է, որ աղտոտուած ջրի՝ թունել հասնելու համար 130 տարի կը պահանջուի: Այնուամենայնիւ, այս պնդումը հիմնաւորուած չէ, եւ դրա համար հիմքեր չկան: Աւելին՝ թեստերի արդիւնքները ցոյց են տալիս, որ յորդառատ անձրեւից յետոյ լերան հիմքում որոշ աղբիւրների կազմը փոխւում է ընդամէնը մի քանի օր անց: Այլ կերպ ասած՝ չփորուած գետնի մակերեսով հոսելու դէպքում, ջրին մի քանի օր ժամանակ է անհրաժեշտ: Հանքախոռոչի բացուելուն պէս աղտոտումները շատ աւելի արագ կ՛անցնեն ստորգետնեայ ջրային աւազան, եւ դրանց ազդեցութիւնը ակնյայտ կը լինի շատ աւելի արագ: ԷԼԱՐԴը հաստատում է, որ աղտոտուած ջրերը կը հոսեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից՝ Սեւանայ լիճ: Այնուամենայնիւ, նրանք պնդում են, որ այդ աղտոտումները զգալիօրէն չեն աղտոտի Սեւանայ լճի ջրերը, ջրամբարի մէջ տարրալուծման եւ Սեւանայ լճի չափի պատճառով: ԷԼԱՐԴը նշում է, որ Արփա-Սեւան թունելի բեռնաթափման վայրում կը լինեն վնասակար քիմիական նիւթերի կոնցենտրացիաներ (խտացումներ-Խմբ.): Սա այն դէպքում, երբ Սեւանայ լիճը պաշտպանուած է Հայաստանի օրէնսդրութեամբ, ըստ որի՝ թոյլ չի տրւում որեւէ գործունէութիւն, որը կարող է բացասաբար անդրադառնալ լճի եւ նրա էկոհամակարգի վրայ:
ԱՄՓՈՓՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ
17. Ամուլսարի ծրագիրը մասնագիտական ու հանրային լայն շրջանակների մօտ չի ձեւաւորել անհրաժեշտ համոզուածութիւն, որ ծրագրի իրագործումը չի առաջացնի գործնականում անյաղթահարելի խոչընդոտներ:
18. Իր կենսական կարեւորութեամբ Ամուլսարի տարածքում բազմամետաղ հանքավայրի շահագործումը պարունակում է ռիսկեր (վտանգներ-Խմբ.), որոնց անկառավարելիութիւնը յանգեցնելու է անդառնալի հետեւանքների: Չկայ տնտեսական առաջընթաց, սոցիալական ներառականութիւն եւ համայնքների զարգացում, երբ շրջակայ միջավայրի եւ նրա առանձին օբյեկտների՝ օդային ու ջրային աւազանի, կենսաբազմազանութեան, հողի եւ լանդշաֆտի աղտոտումը (թունաւորումը) եւ, ի վերջոյ, մարդկանց առողջութեանը սպառնացող վտանգները չափազանց մեծ են:
19. Հիմնուելով տեղական եւ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից նշուած ռիսկերի եւ դրանք իր ուսումնասիրութեամբ հաստատած ԷԼԱՐԴ ընկերութեան կողմից տրուած եզրակացութիւնների վրայ՝ ներկայ փուլում ծրագիրը չի կարող շարունակուել:
20. Հարկ է պատշաճ կառավարելի եւ վերահսկելի դարձնել ներկայումս Ամուլսարի հանքավայրում ընթացող քիմիական պրոցեսները (գործընթացները-Խմբ.): Այս նպատակով հանքավայրի շահագործման թոյլտւություն ստացած կազմակերպութիւնը եւ պետական լիազօրուած մարմինը պարտաւոր են կատարել շարունակական մշտադիտարկում՝ փաստելու ներկայ իրավիճակը եւ վնասների չափը, բացայայտելու այդ պրոցեսների կառավարելիութիւնը եւ ներկայացնելու դիտարկուող ցուցանիշները:
21. Մինչեւ վերը նշուած հարցերին սպառիչ պատասխաններ տալը հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները չեն կարող շարունակուել: Դրանք յղի են անկառավարելի ռիսկերով:
22. Ամուլսարի՝ որպէս հանքավայրի շահագործման հարցը թէեւ դուրս է եկել զուտ մասնագիտական տիրոյթից, սակայն անհրաժեշտ է վերականգնել մասնագիտական ու հանրային առողջ երկխօսութիւնն ու քննարկումները՝ հիմնուած վերը նկարագրուած գործընթացների արդիւնքային ցուցանիշների վրայ: Հարցի վճռահատումը պէտք է իրականացուի հանրաքուէի միջոցով:
Pure water 2 times more expensive today than petroleum and much more in the future; taking smallest risk not warranted for permanent flow profit without contamination. Buy back or pay reasonable expenses is the solution.