ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Վարչապետ Նիկոլ Փաշինեան անդրադարձաւ Բնագիտութեան հիմնարկութեան (Ֆիզիկայի ինստիտուտի) արագացուցիչի գործարկման:
Վարչապետը «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ կը գրէ. «Միջուկային ֆիզիկայի բնագաւառում հիմնաքարային ուսումնասիրութիւնների հեռանկարներ եւ միլիմետրերի ճշգրտութեամբ քաղցկեղային գոյացութեան յստակ տեղորոշման հնարաւորութիւն. գործարկուել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը»:
Կառավարութեան 11 Յուլիսի նիստին ընթացքին վարչապետը յայտնած էր հետեւեալը. «Երբ մեր պատուիրակութիւնը պաշտօնական այցով գտնւում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարեւոր նորութիւն ստացանք, որին մի պահ ես նոյնիսկ դժուար էի ուզում հաւատալ, որովհետեւ այդ հարցն այնքան քննարկուել էր, 10 եւ աւելի տարուայ վաղեմութիւն ունի, որ ինձ թւում էր, թէ սա անլուծելի հարց է: Խօսքը այն մասին է, որ Յունիսի 12ից սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնուող ցիկլոտրոնը (ելեկտրամագնիսական գործիք-Խմբ.), եւ երկու շաբաթ առաջ ստացուել է 18F բժշկական իզոտոպը (զուգաթիւ եւ զուգատեղ, բժշ.-Խմբ.), որն օգտագործւում է ախտորոշման համար: Սա իսկապէս շատ լաւ նորութիւն է, բայց այստեղ նաեւ խնդիր ունենք շարունակելու աշխատանքը, որպէսզի ցիկլոտրոնի ինստիտուցիոնալ (կառուցային-Խմբ.) առումով ենթակայութեան հարցը ճիշդ լուծենք, որպէսզի այն կարողանայ ոչ միայն բժշկական հարցերով զբաղուել, այլեւ գիտական»: