Միզաքարային հիւանդութեան ախտանշաններն ի յայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ երիկամներում առկայ քարերն սկսում են շարժուել միզածորանով: Սա կարող է շատ ցաւոտ լինել եւ լուրջ խնդիրներ առաջացնել: Ինչպէ՞ս է հնարաւոր առաւել շուտ յայտնաբերել այս հիւանդութիւնը, որո՞նք են այդ ախտանշանները:
Գօտկատեղի կտրուկ ցաւերը շատերը յաճախ կապում են ողնաշարի կամ մէջքի մկանների հետ կապուած խնդիրների հետ, սակայն դրանք կարող են պայմանաւորուած լինել նաեւ միզաքարային հիւանդութեամբ:
Եթէ քարը յայտնւում է միզապարկում, այն կարող է գրգռել օրգանի պատերը, ինչի հետեւանքով յաճախ ի յայտ է գալիս միզելու ցանկութիւն անգամ մէզի քիչ քանակութեան դէպքում: Սա է պատճառը, որ այս դէպքում նկատւում է յաճախամիզութիւն:
Երիկամների քարերի առկայութեան դէպքում մարդը յաճախ ֆիզիկապէս չի կարողանում միզել: Միզելու դժուարութիւնը ի յայտ է գալիս այն ժամանակ, երբ քարը խցանում է միզածորանը՝ թոյլ չտալով, որ մէզը յայտնուի միզապարկում:
Շարժուելու դէպքում քարերը կարող են վնասել ինչպէս երիկամների այնպէս էլ միզածորանների ու միզապարկի լորձաթաղանթները, ինչի հետեւանքով մէզի մէջ կարող են արեան հետքեր նկատուել: Այս դէպքում մէզը կարող է փոխել երանգը՝ ստանալով վարդագոյնից մինչեւ շագանակագոյն երանգ:
Քարերի հետեւանքով վնասուած հիւսուածներն ախտահարւում են բակտերիաներով եւ վարակման հետեւանքով կարող է նկատուել տենդ ու բարձր ջերմութիւն:
Երիկամներում առաջացած քարերը խանգարում են մէզի հոսքն ու նպաստում դրա կուտակմանը, ինչն էլ յաճախ յանգեցնում է բորբոքման: Նման դէպքերում այս օրգաններին մօտ գտնուող օրգանները նոյնպէս արձագանգում են բորբոքմանը: Աղիքներում, մասնաւորապէս, կարող է նկատուել աշխատանքի խանգարում, որն ուղեկցւում է մի շարք տհաճ ախտանշաններով, այդ թւում որովայնի ցաւերով ու սրտխառնոցով:
Այս ախտանշանները նկատելու դէպքում ժամադրութիւն խնդրէք բժշկից: Ուլտրաձայնային հետազօտութիւնը ամենապարզ քննութիւնն է, որը կարող է բացայայտել ձեր անհանգստութեան պատճառը: Առողջ եղէք: