ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
վերջերս երեւանեան ընկերներիցս մէկը տեղեկանալով, որ Սամուէլ Երուինեանի հետ ենք աշխատում, մի յօդուած ուղարկեց քաղուած հայկական կայքերից մէկում զետեղուած նիւթից: Նիւթը սկզբնաղբիւր էր վերցրել միջազգային մի հարցախոյզի տուեալները, որտեղ նշուած էր, թէ ներկայումս գործող լաւագոյն ջութակահարների կազմում միանգամից երեք հայ երաժիշտներ են ընդգրկուած՝ այդ թւում մեր Սամուէլը: Մերն է, քանի որ արդէն վաղուց ինքն իրեն չի պատկանում: Սամուէլ Երուինեանը համահայկական է, ինչու՞ ոչ՝ նաեւ համաշխարհայի՛ն: Երբ նախապատրաստւում էինք Սամուէլի մենահամերգներին, որոշեցինք մի խորագիր տալ համերգաշարին՝ Դեսպանը վերտառութեամբ: Դեսպանը, որովհետեւ անձամբ եմ տեսել, թէ ինչպէս են ունկնդիրները յուզւում, ալեկոծւում նրա արտաբերած յատկաապէս հայկական հնչիւնների ժամանակ, ու յետոյ հարցնում, «…որտեղի՞ց է այս հրաշքը»: Համերգի ընթացքում ներկայ գտնուող հայազգի քոյր եղբայրներն էլ պատասխանում են «…մե՛րն է, հա՛յ է մեր Սամուէլը», ու պատասխանելիս նրանց ձայնի հպարտութեան երանգը անցնում է իւրաքանչիւր երեւակայական սանդղակ: Երբ կարդում եմ իր ֆէյսբուքեան գրառումների արձագանքները, բազմաթիւ գրառումների եմ հանդիպել, որտեղ նշում են, թէ լսելով Սամուէլին, մարդիկ հասուն տարիքում որոշել են ջութակ նուագել սովորել: Երբեմն հպարտանում եմ, երբ ուսուցչական փորձառութեանս ընթացքում մէկ կամ երկու աշակերտներ աւարտական օրերին խոստովանում են, թէ հետեւելով կամ իմ, կամ էլ մի գործընկերոջ օրինակին որոշում են ընդունում իրենց ուսումը շարունակել մանկավարժական ասպարէզում: Դէ հիմա պատկերացրէք, թէ քանի տասնեակ ու հարիւրաւոր մարդիկ են հետեւում Սամուէլի օրինակին, ու որոշում ջութակ նուագել, կամ էլ իրենց որդիներին, դուստրերին, թոռնիկ թոռնուհիներին ջութակի դասընթացների տալ:
Առաջիկայ մի քանի օրերին Սամուէլը Եաննիի նուագախմբի հետ համերգներ պիտի տայ հայաշատ Բէյրութում, ինչպէս նաեւ Ալեքսանդրիայում: Տեղեկութիւնը ֆէյսբուքում զետեղելուց մի քանի րոպէ յետոյ աւելի քան երկուսուկէս հազար արձագանք ստացաւ, այդ թւում նաեւ մեր հայրենակիցներից, ովքեր սրտատրոփ սպասում են համերգներին: Այս անգամ անհատական հրաւէրների առաջարկ ստացանք Մեքսիկայից, Արգենտինայից, Ուրուգուայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Թունիսից, Ալժիրից, Աւստրալիայից, Չիլիից, Կանադայից, նոյնիսկ Վիետնամից ու Լաոսից: Անցեալ տարուայ Նոյեմբերի 30ին Սամուէլի երեւանեան անհատական համերգի յաջողութեան լուրը հասել էր հանրութեանը, ու մարդիկ ցանկութիւն էին յայտնում Սամուէլին տեսնել աշխարհի իրենց անկիւնում, իր անհատական ելոյթներով: Այդ իսկ պատճառով տեղեկացնում եմ բոլորին, ովքեր ցանկութիւն ունեն հրաւիրել Սամուէլ Երուինեանին, հաճեցէք կապուել ինձ հետ cmelikyan@aol.com էլեկտրոնային հասցէով, որպէսզի նախաձեռնենք Սամուէլի ելոյթները: Իսկ մինչ այդ՝ բարի երթ Եաննիի նուագախմբին Սամուէլի հետ մէկտեղ չնաշխարհիկ Բէյրութում եւ Ալեքսանդրիայում: