ԵՐԵՒԱՆ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեան Երկուշաբթի, 22 Յուլիսին, պաշտպանութեան նախարարութեան համալիրին մէջ ներկայ գտնուեցաւ ռազմաուսումնական հաստատութիւններու 2018-2019 ուսումնական տարուան շրջանաւարտներու աւարտական ձեռնարկին:
Ն. Փաշինեան շնորհաւորեց բոլոր շրջանաւարտները՝ սպայական կոչում ստանալնուն առիթով, եւ խումբ մը շրջանաւարտներու անձամբ յանձնեց աւարտական փաստաթուղթերը:
Դիմելով ներկաներուն՝ Նիկոլ Փաշինեան ըսաւ.
«Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխութիւնը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետութիւնում, ՀՀ Զինուած ուժերում: Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնւում են արցախեան ազատամարտի ակունքներում: Այսօր այս հրապարակում կանգնած են աւագ խմբի սպաներ, ովքեր արդէն ծառայական բաւական տպաւորիչ ուղի եւ այդ տպաւորիչ ուղին խորհրդանշող շքանշաններ: Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատութիւնների շրջանաւարտներ, ովքեր իրենց կեանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում:
Սպայական ծառայութիւնը թերեւս կամային ամենաբարձր յատկանիշներ պահանջող ծառայութեան տեսակ է, որովհետեւ դա պահանջում է անվերապահ կամք եւ առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ եւ առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունէութիւն է: Եւ այսօր ձեր ներկայութիւնն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել էք որոշում, ունէք սեփական ուժերի նկատմամբ բաւարար վստահութիւն, որ կարող էք կրել ահա այդպիսի անկրելի թուացող ծանրութիւն: Լինել սպայ, լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողութիւնների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հաւանականութիւնը մեծ չէ, լինել սպայ նշանակում է անվերապահօրէն ստանձնել այդպիսի յանձնարարութիւնների կատարումը, որոնցից վերադառնալու հաւանականութիւնը մեծ չէ: Սա նշանակում է, որ իւրաքանչիւր հրամանի ձեւակերպում առանձնակի պատասխանատուութիւն է պահանջում ձեզնից իւրաքանչիւրից, որովհետեւ հրամանները պէտք է լինեն խելամիտ, հրամանները պէտք է լինեն արդարացուած, հրամանները պէտք է լինեն իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող եւ հրամանները պէտք է լինեն այնպիսին, որ ծառայեն Հայաստանի զինուած ուժերին, Հայաստանի Հանրապետութեանը եւ նրա ժողովրդին:
Սա նշանակում է, որ իւրաքանչիւր սպայի հեղինակութիւնը շատ աւելի մեծ պէտք է լինի, քան նրա ուսադիրների զինուորական նշանակութիւնը, աւելին՝ ուսադիրները, ուսադիրների արժէքը մեծանում է իւրաքանչիւր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած յարգանքով, եւ այդ յարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից իւրաքանչիւրը վաստակելու է եւ արդէն իսկ վաստակել է իր ծառայութեամբ, ուրիշների նկամամբ իր ունեցած յարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ յարգանքով, սեփական հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ յարգանքով:
Եւ ահա այս դժուար ճանապարհն անցնելու ձեր յանձնառութիւնը մաղթում եմ, որ լինի առաւել արդիւնաւէտ, մաղթում եմ, որ լինի առաւել յաղթական մեր երկրի, մեր ժողովրդի եւ ձեզնից իւրաքանչիւրի համար: Ես ուզում եմ առանձնայատուկ ողջունել ձեր շարքերում կանանց ներգրաւուածութիւնը, որն արդէն բաւական երկար տարիներ տեղ ունի մեր զինուած ուժերում: Սա մեր հանրութեան վերափոխման կարեւոր ցուցիչ է, որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնում կանայք ունեն հսկայական ներուժ, կանայք մեր բնակչութեան մեծամասնութիւնն են եւ մենք պարտաւոր ենք ստեղծել բոլոր հնարաւորութիւնները, որպէսզի նրանք կարողանան արդիւնաւէտ եւ արժանապատիւ ծառայութիւն մատուցել Հայաստանի Հանրապետութեանը, Զինուած ուժերում պետական ծառայութեան, տնտեսութեան մէջ եւ ամէնուր: Հասկանալով, որ ոչ բոլորը կը հասնեն այդպիսի յաջողութեան՝ ուզում եմ ձեզ մաղթել, որ ձեր ծառայութեան արդիւնքում հասնէք նրան, որ կրէք գեներալական ուսադիրներ եւ ուզում եմ մաղթել, որ այդ պրոցեսը (գործընթացըժԽմբ.) լինի ոչ թէ կապերի, ծանօթութիւնների արգասիք, այլ ձեզնից իւրաքանչիւրի արժանիքի օբյէկտիւ (առարկայական-Խմբ.) գնահատական:
Ուզում եմ խօսել նաեւ խաղաղութեան մասին: Հայատանի Հանրապետութիւնը խաղաղասիրական պետութիւն է եւ խաղաղութեան հիմնական երաշխիքը մեր Զինուած ուժերն են, մեր բանակը, բայց ես ուզում եմ ընդգծել, թէ մեզ ինչպիսի խաղաղութիւն է պէտք: Չինական զինուորական ռազմավարութիւնն արձանագրում է՝ տաղանդաւոր գեներալները յաղթում են առանց պատերազմի: Մեզ ահա այսպիսի խաղաղութիւն է հարկաւոր: Մեզ հարկաւոր են այնպիսի Զինուած ուժեր, մեզ հարկաւոր է այնպիսի պետութիւն, մեզ հարկաւոր է այնպիսի հասարակութիւն, որ բոլոր պոտենցիալ (հաւանական-Ծմբ.) հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռուի բռնուելն իմաստ չունի, որ մեզ հետ կռուի բռնուելու արդիւնքը եւ հետեւանքը մէկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան, նրա ժողովրդի եւ Զինուած ուժերի անվերապահ յաղթանակը: Եւ մենք բոլորս անկախ նրանից ինչ համազգեստ ենք կրում, այս յաղթանակների նուիրուած զինուորներն ենք եւ մեզնից իւրաքանչիւրն առաջնագծից մինչեւ Ազգային ժողով եւ կառավարութեան շէնք, պէտք է ծառայենք այդ առաքելութեանը, մենք բոլորս անկախ նրանից, թէ ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, մեր պատմութեան, մեր նախնիների, մեր սերունդների, մեր ուսերին դրած ուսադիրները եւ կեցցե՛նք մենք, որ փառքով ենք կրում եւ փառքով ենք կրելու այդ ուսադիրները»: