ՄԻԳԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Հրայր Աբուլեանը ծնուել է Փետրուար 1, 1945 թուին Իրանի Կենտրոնական նահանգի, Արաք քաղաքի, Քազազ գաւառի, Ազնա գիւղում:
Զաւակն էր Վարդան եւ Գոլխանում Աբուլեանների եւ ունէր երեք եղբայր՝ Խորէն, Վահան, Գէորգ եւ երկու քոյր՝ Սաթիկ եւ Ջաւահիր ա-նուններով:
Համեստ ու հարազատ գիւղական այս յարկի տակ զաւակները հասակ են առել նահապետական հաւատամքներով, «ադաթ»ներով ու սովորութիւններով: Լինելով ընտանիքի կրտսեր որդին՝ վայելել է բոլորի սէրն ու գուրգուրանքը:
Հրայրը նախնական կրթութեան առաջին երկու տարին ստացել է Ազնայի տարրական դպրոցում, ապա ընտանիքով փոխադրուել են Թեհրան, ուր փայլուն յանձնելով քննութիւնը՝ նրան ընդգրկել են միանգամից Նայիրի տարրական դպրոցի հինգերորդ դասարանում:
Բնակուելով Թեհրանի նորակառոյց Զարքէշ քաղաքամասում ընտանիքն սկսել է սեփական ուժերով կառուցել իր բնակարանը:
Աւարտելով 6րդ դասարանը, շարունակում է ուսումը նախ Նարմաքի Խամէնէիփուր, ապա միջնակարգ Ադիբ դպրոցներում, գերազանց աւարտելով մաթեմատիկայի ճիւղում:
Մասնակցելով համալսարանների մուտքի քննութեանը ընդունւում է Թեհրանի Մելլի համալսարանի Ճարտարապետական ֆակուլտետում, որը նոյնպէս բարձր գնահատականներով աւարտում եւ արժանանում է ճարտարապետի տիտղոսին:
1972 թուին ամուսնանում է Ժենիկ Աւանեսեանի հետ ու բախտաւորւում է երկու զաւակներով՝ Սարինէ եւ Սարմէն անուններով:
Իրանի յեղափոխութեան նախօրէի ամենադժուարին ժամանակաշրջանում կատարում է
զինուորական ծառայութիւնը Սարդաշտի վտանգաւոր տարածաշրջանում:
Ճարտարապետական մասնագիտութեան շնորհիւ բանակի հրամանատարները փոխադրում
են նրան Թեհրան, որտեղ աշխատում է Բանակի շինարարական ասպարէզում, արժանանալով մեծ գնահատանքի:
Զինուորական ծառայութիւնն աւարտելով նուիրւում է իր մասնագիտութեանը եւ աշխատում է
որպէս երիտասարդ եւ խոստումնալից ճարտարապետ ե՛ւ մայրաքաղաք Թեհրանում ե՛ւ Իրանի զանազան շրջաններում:
1985ի Փետրուարին, կարճատեւ հիւանդութիւնից յետոյ մահանում է կինը, որից յետոյ Հրայրը նուիրւում է զաւակներին, որպէս միայնակ հայր, միաժամանակ շարունակելով բարգաւաճել իր մասնագիտական աշխատանքում: 1987 թուին ամուսնանում է Անուշ Ամիրեանի հետ եւ ունենում եւս երկու դուստր Սէրինէ եւ Շաղիկ անուններով:
2000 թուին նախ ընտանիքը, եւ երեք ամիս չանցած, նրանց կարօտին չդիմանալով, նաեւ ինքը՝ հաստատւում են Ամերիկայի Միացեալ նահանգների Գլենդէյլ քաղաքում, որտեղ ապրում եւ շարունակում է իր մասնագիտութեամբ զբաղուել Հրայրը մինչեւ կեանքի վերջին ամիսներն, երբ հիւանդութեան պատճառով այլեւս ի վիճակի չի լինում աշխատելու եւ հանգստեան է կոչւում:
Անկախ իր բնակութեան վայրից, Հրայրը միշտ էլ ծաւալել է յաջող ու բեղուն աշխատանք որպէս փնտռուած ու նրբաճաշակ ճարտարապետ: Նրա գծագրութիւններով կառուցուել են բազմաթիւ գեղեցիկ, յարմարաւէտ ու նորաոճ շէնքեր ու բնակարաններ Թեհրանում, Արաքում, Իրանի, Ամերիակայի եւ անգամ Մեքսիկոյի տարբեր քաղաքներում:
Իր շինարարական աշխատանքների մէջ նշմարելի են նրա իւրայատուկ ոճը, որը խիստ ազդուած էր նաեւ հայկական ճարտարապետութեան մոթիվներից:
Թեհրանում հիմնադրել է «Դիդէնօ» ճարտարապետական ընկերութիւնը: Որպէս անհատ ճարտարապետ եւ ազգային բարերար՝ իր մասնակցութիւնն է բերել Թեհրանի զանազան քաղաքամասերի եւ Արաքի դպրոցների եւ եկեղեցական կալուածների շինարարական եւ պահպանութեան աշխատանքներին: Այս բոլորը նա կատարել է սիրով եւ անմնացորդ նուիրումով: Նրա ստեղծագործութիւններն են Մաջիդիէ թաղամասի Ահարոնեան մանկապարտէզը, Արաքս դպրոցի եւ Քուշեշ մանկապարտէզի վերանորոգուած սրահները եւ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնուող Եղեռնի յուշարձանի վերանորոգուած մասը:
Իր զաւակների ուսումնական կեանքին նուիրուած լինելով՝ մասնակցել է Գիւլպէնկեան տղայոց դպրոցի, Քուշեշ մանկապարտէզի եւ Արաքս օրիորդաց դպրոցի ծնողական խորհուրդներին եւ հոգաբարձութիւններին եւ ներկայացրել է շրջանի ազգային դպրոցների ծնողական միացեալ մարմինը Թեհրանի 6րդ կրթաշրջանում:
Եղել է Թեհրանի Թեմական խորհրդի եւ նոյն խորհրդի ազգային գոյքերի ու կալուածների վերահասու խորհուրդների գործունեայ անդամը: Թեմական խորհրդի կազմով 1999ին Սպիտակի երկրաշարժի 10րդ տարելիցին պաշտօնական պատուիրակութեամբ եղել է Հայաստանում:
Բազմաթիւ անգամներ ճամբորդել է Հայաստան եւ աշխարհի զանազան երկրներ:
Նա մեծ սէր էր տածում արուեստի բոլոր գործերի բայց մանաւանդ ճարտարապետութեան
նկատմամբ: Բարձրաճաշակ էր ու անխոնջ աշխատող: Անգամ հիւանդութեան անկողնուց հետեւում էր իր նախագծերի իրականացմանը եւ նրա սեփական կամ կառուցած տների բոլոր անկիւններում առկայ է նրա ճաշակն ու շունչը:
Հրայր Աբուլեանը եղել է ուսումը սիրող եւ երեխաներին դէպի ուսումն ու կրթութիւնը քաջալերող մարդ: Իր երեխաների ու թոռների ուսումնական բարձունքներ նուաճելու մէջ գտնում էր մեծ բաւարարութիւն, գնահատելով եւ քաջալերելով նրանց առած ամէն մի քայլը այդ ուղղութեամբ: Ընտանիքն ունի ջերմ յուշեր կապուած նրա սիրալիր, հոգատար, ուրախ եւ կեանքի փոքր ու մեծ վայելքները սիրող ու գնահատող բնաւորութեան հետ: Մինչեւ վերջին շունչ եղել է սիրուած ու գնահատուած ամուսին, եղբայր, հայր եւ մեծ հայր, գործունեայ եւ աշխատանքը սիրող մարդ եւ յայտնի է եղել շրջապատում որպէս առաքինի ու բարի մարդ:
Կեանքի վերջին ամիսներում, երբ հիւանդութիւնը խլել է նրա երբեմնի աշխուժութիւնը այդ պայմաններում անգամ եղել է ինքնաբաւ ու շարունակել է գործել իր տանը ինքն իր ձեռքով հոգալով իր տունն ու պարտէզը միաժամանակ հոգալով եւ խնամք տանելով բոլորի մասին:
Նրա աշխատասիրութիւնը եւ աշխուժութիւնը, ժրաջան եւ առոյգ բնաւորութիւնը եղել է շրջապատի գովեստի առարկան եւ զաւակների ու թոռների օրինակը:
Այսօր Հրայր Աբուլեանի մահը սգում են նրա այրին՝ Անուշ Աբուլեանը, աւագ դուստրը Սարինէն, որդին Սարմէնը եւ նրա կինը Թալինը, դուստրերը Սէրինէն ու Շաղիկը, թոռները Նարան ու Դվինը, խնամիները, հարազատներն ու ընկերները:
Յաջողակ ու բախտաւոր, նահապետական ընտանիքի զաւակ ու եղբայր, սիրուած հայր եւ մեծ հայր՝ Հրայր Աբուլեանը 74 տարեկան հասակում, 2019ի Մայիսի 11ին, յաւիտեան փակեց իր աչքերը՝ շրջապատուած իր սիրեցեալ կնոջ, զաւակների, թոռների ու հարազատների սիրով, թողնելով բարի անուն, ազնիւ համբաւ եւ քաղցր յուշեր բոլորի մօտ:
Յիշատակը կը մնայ միշտ անթառամ…