ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Լեզուի պետական կոմիտէի նախագահ Դաւիթ Գիւրջինեան յայտարարեց, որ շուտով գործելու պիտի սկսի լեզուի կոմիտէի պաշտօնական կայքը՝ langcom.am, որ պիտի ծառայէ իբրեւ կոմիտէի պաշտօնական լրատու եւ լեզուական հարթակ՝ յագեցած զանազան տեսակի նիւթերով, նոյնիսկ՝ խաղերով:
Ամփոփելով առաջին կիսամեակի աշխատանքը՝ Դաւիթ Գիւրջինեան ըսաւ. «Ստեղծուել է կոմիտէի տարբերանշանը, մշակուել են գունային լուծումներ, դրանց հիման վրայ կազմուել են Լեզուի կոմիտէի պաշտօնական ձեւաթղթերն ու այցեքարտերը: Ակտիւ (աշխոյժ-Խմբ.) աշխատանք է տարուել թուային տիրոյթում: Կոմիտէի ֆէյսբուքեան էջում մէկ տարուայ ընթացքում կատարուել է աւելի քան 700 գրառում, պատասխան է ուղարկուել օգտատէրերից ստացուած հարիւրաւոր նամակների: Էջի հետեւորդների թիւը մօտենում է 22 հազարի: Լրատուամիջոցներին, տեղական ինքնակառավարման եւ պետական մարմիններին է ուղարկուել երկու տասնեակից աւելի յորդորակ: Մեր յորդորակներն արդէն յայտնի են, ճանաչելի, մարդիկ սպասում են: Դրանք ուղարկւում են հարիւրաւոր հասցէներով: Յորդորակներով անդրադառնում ենք լեզուական խնդիրներին, հարցերին՝ դրանց վրայ սեւեռելով հանրութեան տարբեր շերտերի ուշադրութիւնը»։
Պատասխանելով այն հարցումին, թէ հիմնականին մէջ ո՛ր ոլորտներուն մէջ աւելի յաճախ լեզուական հարցեր կըլլան՝ Դաւիթ Գիւրջինեան առանձնացուց պատկերասփիւռի կայանները, հաղորդումները, ժապաւէնները, նոյնիսկ՝ լուրերը։ «Մեր աշխատակիցները հետեւում են եթերին եւ ամփոփագրեր ուղարկում լրատուամիջոցներին: Արձագանգ միշտ լինում է՝ դրական եւ շնորհակալական, թէ որքանո՞վ է հետեւանք ունենում, դա խնդիր է: Երբեմն տպագրում են, հաղորդում են յորդորակը եւ յաջորդ անգամ տեսնում ենք նոյն սխալը», յայտնեց Լեզուի կոմիտէի նախագահը:
Անդրադառնալով պաշտօնեաներուն գործածած լեզուին՝ Դաւիթ Գիւրջինեան նշեց, որ անոնք լաւ գիտեն հայերէն: «Կան տեսակէտներ, որ այդ խօսքը պէտք է լինի կանոններին խիստ համապատասխան, մի մասն էլ կարծում է, որ ժամանակները փոխուել են, լեզուն նոյնպէս փոխւում է եւ այլն: Իմ մօտեցումը ոչ մէկի կողմն է, ոչ միւսի, պէտք է իմանալ որտեղ ինչ խօսք հնչի: Եթէ ամբիոնի մօտ է, կառավարութիւնում, եթերում է եւ այլ նման տեղերում, ապա, այո՛, խօսքը պէտք է լինի կանոններին համահունչ: Եթէ մարդն իր անձնական տիրոյթում՝ սոցիալական ցանցում է գրառում կատարում, ապա այն անձնական է: Այստեղ վերահսկելիութեան չափը, մօտեցումը պէտք է տարբեր լինի», եզրափակեց Լեզուի կոմիտէի նախագահ Դաւիթ Գիւրջինեան։