Ֆրանսիայի Շաւիլ քաղաքում Յունիսի 21ին տեղի է ունեցել Շարլ Ազնաւուրի անուան հրապարակի բացման արարողութիւնը, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաջեանը, Շաւիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյէն, ինչպէս նաեւ Օ-դը-Սեն վարչական շրջանի պատգամաւոր Ժակ Մերը: Միջոցառմանը Շաւիլի քաղաքային երգչախումբը կատարել է Շարլ Ազնաւուրի մի շարք ստեղծագործութիւններ: Հնչել են Հայաստանի եւ Ֆրանսիայի ազգային օրհներգերը:
Ինչպէս «Արմէնպրէս»ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան լրատուութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութիւնից, դեսպան Տոլմաջեանն իր խօսքում շնորհակալութիւն է յայտնել Շաւիլի քաղաքային իշխանութիւններին՝ մեծ հայի եւ մեծ ֆրանսիացու յիշատակի յաւերժացմանն ուղղուած այս նախաձեռնութեան համար, որը նաեւ խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամութեանը: Նա ընդգծել է այն անգնահատելի դերակատարութիւնը, որն իրեն հարիւր տոկոսով հայ եւ հարիւր տոկոսով ֆրանսիացի բնորոշող մեծ արուեստագէտն ունեցել է իր երկու ժողովուրդները եւ երկու հայրենիքիները կամրջելու գործում:
Փարիզի մերձակայքում գտնուող Շաւիլ քաղաքն ունի շուրջ 20 հազար բնակիչ: Քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցին: Մինչ այդ՝ Ապրիլի 23ին, Փարիզի Կլիշի շրջանում եւս բացուել էր Շարլ Ազնաւուրի անուան հրապարակ:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»