ԵՐԵՒԱՆ.- Երեքշաբթի, 11 Յունիսին, Հայաստանի մօտ Ռուսիոյ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Քոպիրքին Երեւանի մէջ տուաւ մամլոյ ասուլիս մը, որուն ընթացքին յայտարարեց, որ 1 Հոկտեմբերին Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութին պիտի այցելէ Հայաստան, մասնակցելու համար Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհուրդի նիստին:
Ըստ քոպիրքինի՝ Հայաստանի յայտնի քաղաքական իրադարձութիւններէն ետք հայ-ռուսական յարաբերութիւններուն մէջ պահպանուած է շարունակականութիւնը:
«Յարաբերութիւնները կայուն զարգանում են եւ ռազմավարական միութեան բնոյթ են կրում, ինչը դրսեւորւում է բարձր մակարդակում կանոնաւոր շփումներով, այդ թւում Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկու երկրների ղեկավարների հանդիպմամբ:
Կարեւոր է, որ Հայաստանում խորհդարանական ընտրութիւններից յետոյ առանց որեւէ ուշացման սկսեցին երկու երկրների օրէնսդիր մարմինների միջեւ շփումներ հաստատուել: Բացի այդ, բաւականին յաճախ հանդիպում են նաեւ երկու երկների ղեկավարները, մասնաւորապէս Մոսկուայում Դեկտեմբերի 27ին կայացան Փաշինեան-Պուտին բանակցութիւնները, այնուհետեւ Ապրիլի 29ին հանդիպեցին Նիկոլ Փաշինեանը եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որը Երեւան էր ժամանել ԵՏՄ անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար:
Բացի այդ, հարկաւոր է առանձնացնել նաեւ Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վերջին հանդիպումը: Սա խօսում է այն մասին, որ յարաբերութիւնները զարգանում են եւ ադապտացւում են (կը պատշաճեցուին-Խմբ.) նոր իրողութիւններին», նշեց դեպսանը:
Ըստ Քոպիրքինի՝ այս ժամանակահատուածին աշխուժօրէն զարգացած են նաեւ միջխորհրդարանական կապերը: