ԱԽԱԼՔԱԼԱՔ.- Վրաստանի Հայ Օգնութեան Միութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ մը՝ բողոքելով Կիրակի, 2 Յունիսին, «Սփիւռքի Միասնութեան Հարթակ» անունով կազմակերպութեան մը կողմէ նախաձեռնուած հանգանակային արշաւին ընթացքին Հայ Օգնութեան Միութեան ցարդ կատարած աշխատանքները նսեմացնող սփռուած նիւթերուն դէմ:
Նշենք, որ գլխաւորաբար առցանց սոյն դրամահաւաքը կազմակերպողներուն ակնկալած արդիւնքը չտուաւ:
Ստորեւ կը հրատարակենք Վրաստանի Հայ Օգնութեան Միութեան վարչութեան յայտարարութեան բնագիրը.
«Օրերս ԱՄՆում Սփիւռքի Միասնութեան Հարթակի նախաձեռնութեամբ անցկացուեց «Ջաւախքի բարեկամներ» հեռուստամարաթոնը, որի արդիւնքում հաւաքուած գումարով պէտք է Ախալցխայում հիմնուի մարզամշակութային կենտրոն:
Տեղեկանալով մարաթոնի կազմակերպիչների կազմած ծրագրին, ներկայացուած ելոյթներին ու ընդհանրապէս այսօրուայ Ախալցխայի նկարագրին, Ախալցխան բազում անգամ իրենց աչքով տեսած, նրանց կարիքներն ու խնդիրներն իմացող Հայ Օգնութեան Միութեան բազմահազար ամերիկաբնակ ընկերուհիների եւ բազում այլ անհատների նուիրումներով ու ջանքերով դեռ 2006թ. Սեպտեմբերին բացուած, Ջաւախքում առաջին Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի գոյութիւնն ու հայապահպան գործունէութիւնը նսեմացուած էր: Կենտրոնի բացման նախաձեռնողն ու հովանաւորը ՀՕՄի Ջաւախքի Օժանդակութեան Ծրագրերի յանձնախումբն էր, որը նմանատիպ երիտասարդական կենտրոններ է կառուցել նաեւ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում:
Յանձնախմբի հովանաւորների գերակշիռ մասը ՀՕՄի ամերիկաբնակ հայերն են եւ առ այսօր գործող Երիտասարդական կրթամշակութային կենտրոնին հովանաւորողների համար այս մարաթոնը գնահատուեց անտեղեակութեան հենքով, կամ միտումնաւոր խեղաթիւրուած սցենարով (բեմագրութեամբ-Խմբ.) խարսխուած ծրագրի ներկայացում:
Բնաւ տեղին չէր վիրաւորել աշխարհասփիւռ ՀՕՄի կառոյցի անդամներին, որոնք Ջաւախքի հարիւրաւոր բազմազաւակ ընտանիքների, ծնողազուրկ ու հիւանդ երեխաների, միայնակ մայրերի ու կարիքաւոր ընտանիքների կողքին են: Ամէն տարի տասնեակ գերազանց ուսանողների օժանդակութիւնը, աշակերտների համար հայոց պատմութեան, շարադրութեան, ասմունքի ու երգի-պարի փառատօնների, ԱՄՆի երիտասարդների կողմից Ջաւախքի ճամբար ծրագրի կազմակերպումը ջաւախքասէր ՀՕՄուհիների եւ երիտասարդների սրբազան գործն է եղել ու շարունակւում է:
Վիրաւորական է, երբ յատուկ աշխատանք է տարուած Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնի նախկին սաների հետ, որոնք առանց անյարմար զգալու խօսում եմ Ախալցխայում երեխաների, երիտասարդների համար հաւաքատեղի չունենալու մասին: Երբ այդ աղջիկներից երկուսը Վրաստանի ՀՕՄի միաւորի նախաձեռնութեամբ մասնակցել են տեղում եւ ՀՀում կազմակերպուած բազմաթիւ միջոցառումների:
Հնչեցին խօսքեր ախալցխացիների խղճուկ կերպարի, վհատուածութեան, մշակոյթից ընդհանրապէս մեկուսացուածութեան մասին: Մինչդեռ այսօրուայ Ախալցխայի հայութիւնը հպարտութեամբ կառչած է իր սեփական հողին եւ չի կորցրել հայ մշակութային վաղեմի կենտրոն-քաղաքի դէմքը պահպանելու, սերունդներին հայկական մշակոյթը փոխանցելու եւ զարգացնելու յոյսը: Ախալցխացիներին իր սոցիալական, առողջապահական, կրթական ու մշակութային ամէնամեայ բազմաբնոյթ ծրագրերով ու միջոցառումներով, արդէն 13 տարի է սատար է կանգնած Հայ Օգնութեան Միութեան Վրաստանի միաւորը եւ Ջաւախքի Օժանդակութեան Ծրագրերի յանձնախումբը, որոնք իրականացւում են Ախալցխայի Երիտասարդական կենտրոնում: Երիտասարդական կենտրոնն ունի ազգագրական երգի-պարի «Գոհանամք» համոյթ, որը իր ելոյթներով յայտնի է ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Հայաստանում՝ մասնակցելով բազում փառատօների: Կենտրոնում նշ-ւում են բոլոր հայկական, ազգային ու կրօնական տօները: Բոլորովին վերջերս ԵԿն բազմաժանր միջոցառում անցկացրեց Ախալցխայի մշակոյթի տանը, որը նուիրուած էր Յովհ. Թումանեանի եւ Կոմիտասի ծննդեան 150ամեակին, որտեղ սաները ներկայացան ասմունքով, երգով, պարով ու մի քանի թատերական ներկայացումներով, որը մեծ արձագանգ գտաւ ամբողջ Ջաւախքում:
Մարաթոնի ընթացքում աղճատուած, կրճատուած մտքերով էր ներկայացուած Ջաւախքի մասին տեսաֆիլմը, որտեղ մոնտաժումով հանուած էր «Ախալցխա» բառը եւ այն մասը, որը փաստում էր, որ ֆիլմի հեղինակը ՀՕՄի ՋՕԾՀն է: Եւ անտեղեակի համար անհասկանալի էր , թէ ֆիլմը ովքեր են պատրաստել:
Անշուշտ, Ջաւախքին անհրաժեշտ են հայապահպանմանը նպաստող նաեւ այլ կրթօջախներ, մշակոյթի տներ, մարզական կենտրոններ, բայց եղածը նսեմացնելը դատապարտելի է եւ պատիւ չի բերում հայ մտաւորականին, բարերարին: Դրանով միայն վնաս կը հասցուի մեր տարածաշրջանի վաղեմի բարեկամ-բարերարների հայրենանուէր գործունէութեանը, Հայ Օգնութեան Միութեան 15 հազարանոց բանակի ամէն մի անդամի որդեգրած բարեսիրական առաքելութեանը:
Ձախողուած հեռուստամարաթոնի միակ մեղաւորները նրա կազմակերպիչներն են՝ իրենց ներկայացրած սցենարով»: