Կոնիֆան Եւրոպական ֆուտբոլային մրցաշար է, որը հիմնադրուել է 2013թ. Յունիսի 7ին, իսկ ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնութիւնը կազմակերպուել է 2014թ. Շուէդիայի Օստերսունդ քաղաքում: Կոնիֆան միաւորում է չճանաչուած կամ մասամբ ճանաչուած երկրների, ճանաչուած երկրների կազմում առկայ ինքնավարութիւնների եւ էթնիկ խմբերի 54 հաւաքականների, որոնք պաշտօնապէս ընդգրկուած չեն ՖԻՖԱի կազմում: Կոնֆեդերացիան ֆուտբոլի, մշակոյթի եւ ընկերութեան արժէքների միջոցով ազգերի ու մեկուսացուած տարածքների միջեւ կամուրջներ կառուցելու, ռասիզմի (ցեղապաշտութեան-Խմբ.) վերացման ու արդար մրցակցութեան տարածման, աշխարհում խաղաղութեան հաստատման նպատակ է հետապնդում: Մրցաշարը կայանում է երկու տարին մէկ անգամ:
Արցախում այն անցկացւում է առաջին անգամ: Նախապէս յայտարարուել էր, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու է 12 թիմ՝ Արցախի, Աբխազիայի, Սեկեյի երկրամասի, Նիցցայի կոմսութեան, Դոնեցկի, Սապմիի, Արեւմտեան Հայաստանի, Չամերիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարաւային Օսիայի եւ Պադանիայի: Սակայն առաջնութիւնից մօտ 10 օր առաջ պարզ դարձաւ, որ Նիցցայի կոմսութեան, Դոնեցկի, Լուգանսկի եւ Սարդինիայի հաւաքականները չեն ժամանելու Արցախ՝ քաղաքական եւ ֆինանսական խնդիրների պատճառով: Դրանից յետոյ մասնակից 8 թիմերը վիճակահանութեամբ բաշխուել են 2 խմբերում: Թիմերի հնարաւորութիւնները գնահատելու, այն ներկայացնող տարածքի մասին իմանալու, ինչու չէ՝ նաեւ 2019թ. Կոնիֆայի Եւրոպայի չեմպիոնի հաւանական թեկնածուին գուշակելու համար ամփոփ տեղեկութիւններ ենք ներկայացնում թիմերից իւրաքանչիւրի մասին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՒԱՔԱԿԱՆ
Արցախի ֆուտբոլի ազգային հաւաքականը Արցախը ներկայացնում է միջազգային մրցաշարերում եւ առանձին հանդիպումներում, ստեղծուել է 2012թ.: Այն կառավարւում է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Արցախի հաւաքականը մասնակցել է 2014 թուականի չճանաչուած պետութիւնների ֆուտբոլի աշխարհի առաջնութեանը եւ զբաղեցրել 9րդ տեղը: Մասնակցում էին 12 հաւաքականներ՝ 4 խմբերով: Արցախը D խմբից էր՝ Նիցայի կոմսութեան հաւաքականի եւ Մեն կղզու հաւաքականի հետ: Վերջիններս հասան առաջնութեան եզրափակիչ:
Արցախի հաւաքականը ընկերական հանդիպումներ է ունեցել Կոնիֆայի անդամ այլ երկրների, ՀՀ ֆուտբոլային մի շարք ակումբների հետ:
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆ
Արեւմտեան Հայաստանի ֆուտբոլի հաւաքականը հայկական Սփիւռքից ձեւաւորուած ֆուտբոլի թիմ է, որը ներկայացնում է Արեւմտեան Հայաստանը:
Արեւմտեան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կառավարման մարմինը ձեւաւորուել է 2015 թուականի Մայիսին եւ նոյն թուականի Յունիսի 1ին անդամակցել Անկախ ֆուտբոլային ֆեդերացիաների Կոնֆեդերացիային: Արեւմտեան Հայաստանի հաւաքականի օրհներգը «Զարթի՛ր, լաօ» երգն է: Թիմն իր առաջին հանդիպումն անց է կացրել 2016 թուականին՝ մրցելով «Օլիմպիկ Մարսելի» երկրորդ թիմի հետ եւ պարտուելով 2-3 հաշուով: Իր առաջին խաղն անցկացնելուց 3 օր յետոյ Արեւմտեան Հայաստանը հրաւիրուեց մասնակցելու Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի 3րդ առաջնութեանը, որը կայացաւ Աբխազիայում: Արեւմտեան Հայաստանի առաջին միջազգային հանդիպումը կայացաւ Չագոս կղզիների հետ, որն աւարտուեց ռեկորդային 12-0 հաշուով յաղթանակով: Խմբի երկրորդ խաղում Արեւմտեան Հայաստանը 0-1 հաշուով պարտուեց Աբխազիային:
ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՒԱՔԱԿԱՆ
Աբխազիան դէ ֆակտօ անկախ հանրապետութիւն է, որը գտնւում է Սեւ ծովի արեւելեան հատուածում: Հանրապետութեան անկախութիւնը հռչակուել է 1994թ.: 2008 թ. Վրաստանի եւ Աբխազիայի ու Հարաւային Օսիայի միջեւ (որոնց օգնում էր Ռուսաստանը) ռազմական հակամարտութիւնից յետոյ այն ճանաչուել է Ռուսաստանի եւ 5 այլ պետութիւնների կողմից: Եւրոպական Միութիւնը, ՆԱՏՕն եւ ՄԱԿի մնացած բոլոր երկրները Աբխազիան համարում են որպէս Վրաստանի անբաժան մաս: Աբխազիայի Հանրապետութեան տարածքը կազմում է 8.7 հազար քառակուսի կիլոմետր: 2003 թուականին անցկացուած մարդահամարի տուեալներով՝ բնակչութեան թիւը կազմել է 215.972 մարդ:
Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծուել է 2007 թուականին եւ գլխաւորում էր «Դինամօ Սուխում»ի նախկին խաղացող Ջեմալ Գուբազը: 2014թ. Կոնիֆայի աշխարհի առաջնութիւնում Աբխազիան զբաղեցրեց 8րդ տեղը:
ՀԱՐԱՒԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՀԱՒԱՔԱԿԱՆ
Հարաւային Օսիան (2017 թ.՝ նաեւ Ալանիայի պետութիւն) հանրապետութիւն է հարաւային Կովկասում, որը գտնւում է Վրաստանի հիւսիսում եւ Ռուսաստանի հարաւում: Այն ճանաչուել է միայն Ռուսաստանի, Վենեզուելայի, Նիկարագուայի եւ Նաուրուի կողմից: Տարածքը՝ 3900 քառ. կմ, բնակչութիւնը 2000թ. Տուեալներով՝ 70.000, ապրում են օսեր, վրացիներ, ռուսներ:
Հարաւային Օսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծուել է 1997 թուականին: Կոնիֆայի 2014 թ. աշխարհի առաջնութիւնում հաւաքականը գրաւեց 4րդ տեղը:
ՉԱՄԵՐԻԱՅԻ ՀԱՒԱՔԱԿԱՆ
Չամերիայ կոչուող տարածքն ընդգրկում է ժամանակակից Ալբանիայի հարաւային եւ Յունաստանի հիւսիս-արեւմտեան շրջանը:
Մինչեւ անցեալ դարի կէսը տերմինն օգտագործուել է նաեւ յոյների կողմից, սակայն այնուհետեւ դուրս է եկել գործածութիւնից՝ ալբանական անջատողականութեան աճի պատճառով: Ալբանիայում օրինականօրէն գործող «Չամերիայի ազատագրման բանակ» ազգայնական խումբը պայքարում է ալբանացի չամերի իրաւունքների համար, որոնք զաւթիչների հետ համագործակցութեան համար Երկրորդ աշխարհամարտից յետոյ արտաքսուել էին Յունաստանից: Յոյները նախընտրում են օգտագործել Էպիրուս եւ Ֆէստրոպիայ հնագոյն անուանումները: Ի հակառակ ալբանական Չամերիայի՝ յունական մասում գտնուող Չամերիայում այժմ բնակւում են հիմնականում յոյներ: Չամերիայի շրջանում բնակուող էթնիկ ալբանացիների թիւն անորոշ է, քանի որ յունական կառավարութիւնը պաշտօնական մարդահամարի ժամանակ էթնիկական եւ լեզուական առանձնայատկութիւնները չի ներառում:
Չամերիան Կոնիֆային միացել է 2018թ. գարնանը:
Չամերիայի ազգային հաւաքականը բաղկացած է պրոֆէսիոնալ ֆուտբոլիստներից, որոնք հանդէս են գալիս Ալբանիայի բարձրագոյն լիգայում:
ՊԱԴԱՆԻԱՅԻ ՀԱՒԱՔԱԿԱՆ
Պադանիա անուանումը տարածւում է Իտալիայի հիւսիսային շրջանների վրայ, որտեղ տարածուած են հիւսիս-իտալական լեզուները (լոմբարդական, վենետիկեան, պիեմոնտական եւ այլն): Անուանումն առաջացել է հիւսիս-իտալական ամենայայտնի Պոյ (Padus) գետի լատիներէն անուանումից:
Գրքային այս անուանումը լայնօրէն կիրառուեց 1990ական թուականներին, երբ «Հիւսիսի լիգա» կոչուող անջատողական կուսակցութիւնը պահանջեց Պադանիայի անջատումը յետամնաց ագրարային հարաւից: «Հիւսիսի լիգան» 1998թ. ստեղծեց Պադանիա ազգային ֆուտբոլային թիմը:
Պադանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, հաւաքականի միջոցով ներկայացւում է տարածաշրջանի հարուստ պատմութիւնը եւ մշակոյթը:
ՍԱՊՄԻԻ ՀԱՒԱՔԱԿԱՆ
Հիւսիսային Եւրոպայում (Ֆեննոսկանդիայի հիւսիսային մասում) տեղակայուած տարածաշրջանի անուանումն է, որտեղ բնակւում են սաամները (լոպարներ, լապլանդացիներ): Սապմին (Լապլանդիայ) երբեք չի եղել միաւորուած պետական կազմաւորում: Ներկայ դրութեամբ այն բաժանուած է չորս պետութիւնների՝ Նորվեգիայի, Շուէդիայի, Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի միջեւ: Սաամներն ունեն վառ արտայայտուած ազգային ինքնութիւն, ինչպէս նաեւ դրօշ եւ հիմն, իսկ նրանց իրաւունքները ներկայացնում են մշակութային ինքնակառավարման ընտրովի մարմինները՝ սաամական խորհրդարանը:
Սապմիի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրուել է 2014թ. եւ հանդիսանում է 2003թ. ստեղծուած Սապմիի ֆուտբոլի ֆեդերացիայի իրաւայաջորդը:
ՍԵԿԷՅԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՀԱՒԱՔԱԿԱՆ
Սեկէյի շրջանը Ռումինիայում գտնուող ինքնավար տարածք է, որը հիմնականում բնակեցուած է հունգարական ծագմամբ սեկէյներով, ինքնավարութիւնը հռչակուել է 2009թ.: Տարածքը մօտ 13.500 քառ կմ. է, բնակչութիւնը՝ 700,000:
Սեկէյի երկրամասի ֆուտբոլային հաւաքականը ստեղծուել է 2014թ.:
Պատրաստեց՝
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆը