Տաւուշի մարզի սահմանամերձ Չորաթան գիւղում գործող «Մխիթար» երիտասարդական կենտրոնի շնորհալի սաները Մայիսի 19-27ը Իտալիայում էին: Նրանք մեկնել էին Իտալիայի Սկանդիչի (Ֆլորենցիա) համայնք «Լա Մելագրանա» կազմակերպութեան հրաւէրով՝ մասնակցելու Հայոց Մեծ Եղեռնի տարելիցին կազմակերպուած միջոցառմանը: «Armonia Armenia» (Ներդաշնակ Հայաստան) խորագրով միջոցառումն անցկացուել է Սկանդիչիի «Միլա Պիէռալլի» յայտնի թատրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում: Ներկայ էին համայնքի ղեկավարութիւնը, Իտալիայի տարբեր քաղաքներից ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, դասախօսներ եւ այլ հիւրեր: Հայաստանից մեկնած պատուիրակութեան ղեկավար, «Մխիթար» ԵԿի տնօրէն Էդգար Քալանթարեանն «Արմէնփրէս»ի հետ զրոյցում նշեց, որ Սկանդիչի համայնքում գործող Սպինելլի դպրոցի սաները, իրենց անմիջական մասնակցութեամբ եւ հայերէն ելոյթների թարգմանութիւնները կարդալով, իտալացիներին հաղորդակից դարձրին հայկական հնագոյն մշակոյթին:
«Մխիթար» երիտասարդական կենտրոնը իր ձեւով միակն է Տաւուշի մարզում, որի երկու տասնամեակի հասնող գործունէութիւնը Չորաթան համայնքը դարձնում է առաւել աշխոյժ եւ կենսուրախ: Կենտրոնում կազմակերպւում են տարբեր միջոցառումներ, իրականացւում փոխադարձ այցելութիւններ եւ այլն: Այս տարիների ընթացքում «Մխիթար» ԵԿը ձեռք է բերել բազմաթիւ նոր ընկերներ եւ բարեկամներ, եւ ոչ միայն Հայաստանից. 2013թ.ից ի վեր կենտրոնի եւ իտալական «Լա Մելագրանա» կազմակերպութեան միջեւ ստեղծուել է միջմշակութային համագործակցութեան մի հրաշալի ձեւաչափ, որի շրջանակներում իւրաքանչիւր տարի փոխադարձ այցելութիւններ են տեղի ունենում», ասաց Էդգար Քալանթարեանը: Նա նշեց, որ տարիների ընթացքում երկու կազմակերպութիւնների արդիւնաւէտ շփումները հիմք հանդիսացան նաեւ ինստիտուցիոնալ կապերի հաստատման համար, որի արդիւնքում ակնկալւում է նաեւ Սկանդիչիի քաղաքապետ՝ Սան-դրօ Ֆալլանիի այցելութիւնը Չորաթան համայնք:
Միջոցառմանն իր ելոյթում Էդգար Քալանթարեանն անդրադարձել է Չորաթանի եւ Սկանդիչիի համագործակցութեանը:
«Այս հրաշալի համագործակցութեան հիմքը ծագել է լաւ ընկերութիւնից, որը տարիների ընթացքում վեր է ածուել Չորաթանի եւ Սկանդիչիի (Ֆլորենցիա) միջեւ այնպիսի կամուրջի ստեղծման, ինչը երկու հնագոյն մշակոյթ ունեցող ազգերին միմեանց կապող հերթական քայլն է: Մշակոյթի նպատակը աշխարհի ճանաչումն է, վերջինիս ճշմարտութեան բացայայտումն ու իր միջոցներով աջակցելը երկրի վրայ նրա գոյապահպանութեանը: Նմանապէս այն միջոց է նաեւ ուրիշ մէկ այլ մարդկանց, ժողովուրդներին ճանաչելու, բնութեան օրինաչափութիւնները հասկանալու, գեղեցկութեան, բարու եւ սիրոյ ճանաչման համար: Հայաստանն ու Իտալիան իրենց ուրոյն նկարագիրն են կերտել ինքնատիպ մշակոյթով՝ հոգեւոր եւ նիւթական արժէքներով: Սակայն մշակոյթը որքան էլ եզակի լինի, եթէ մնայ պարփակուած, մեկուսացուած երբեք չի կարողանայ զարգանալ: Հէնց նշուած հանգամանքով է պայմանաւորուած, որ յաղթահարելով բազմաթիւ կիլոմետրեր, փորձել ենք ներկայացնել մերը եւ ճանաչել ու վերցնել նաեւ ուրիշինը», նշել է նա:
Էդգար Քալանթարեանի խօսքով՝ միայն քաղաքական եւ տնտեսական գործօնները բաւական չեն ժողովուրդների եւ պետութիւնների միջեւ նոր համագործակցութիւնների կառուցման ճանապարհին: Շատ կարեւոր են նաեւ միջմշակութային փոխյարաբերութիւնները, քանի որ հէնց դրանք են հիմք հանդիսանում նոր արժէքների եւ գլուխ գործոցների ստեղծման համար:
«Ուրիշի քաղաքակրթութեանը պատկանող արժէքների հանդէպ անհանդուրժողականութիւնը, մշակութային կամ կրօնական ժառանգութեան վնասումը, աւիրումը պէտք է վճռականօրէն դատապարտուեն միջազգային հանրութեան կողմից: 20րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը սկսուեց հէնց հայ մտաւորականութեան եւ մշակոյթի գործիչների ձերբակալմամբ եւ սպանութեամբ», ասաց Էդգար Քալանթարեանը:
Նա նշեց նաեւ, որ դարերի ընթացքում ստեղծուած մշակութային համագործակցութիւնը մեծագոյն հարստութիւն է երկու երկրների համար, դրա վառ օրինակը Մխիթարեան միաբանութեան հայրենանուէր գործունէութիւնն է Իտալիայում, որի հիմնադիր Մխիթար Սեբաստացին 18րդ դարում Վենետիկում հիմնեց աշխարհասփիւռ հայ մշակոյթի վերածննդի կենտրոն՝ ստեղծելով իւրօրինակ ներդաշնակութիւն հայ եւ իտալացի ժողովուրդների հազարամեակների մշակոյթների միջեւ, որը մենք շարունակում ենք խթանել եւ կեանքի կոչել այսպիսի նախաձեռնութիւններով: