Այսօր մենք տօնում ենք մեր հազարամեայ պատմութեան ամենակարեւոր իրադարձութիւններից մէկը՝ Առաջին Հանրապետութեան հիմնադրման օրը: 1918 թուականի Մայիսի 28ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից յետոյ հռչակուեց Հայաստանի անկախ Առաջին Հանրապետութիւնը: Դա տեղի ուենցաւ մի ժամանակաշրջանում, երբ թւում էր՝ հայ ժողովրդի պատմութիւնը հասել է իր աւարտական փուլին: Կիլիկեան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականութիւն չունեցող հայ ժողովուրդը ենթարկուել էր ծանրագոյն մի աղէտի՝ ցեղասպանութեան: 1.5 միլիոն հայ սրի էր քաշուել, հարիւր հազարաւորները դարձել էին փախստական եւ հայ լինելն ինքնին վտանգաւոր էր կեանքի համար:
Եւ թւում էր, թէ ստեղծուած են բոլոր նախադրեալները, որ հայ ժողովուրդը յանձնուի իր պատմութեան առաջ, ճանաչի իր պարտութիւնը, կորցնի իր ինքնութիւնը, մոռանայ իր պատմութիւնը եւ հրաժարուի ապագայի նկատմամբ ունեցած որեւէ յաւակնութիւնից: Բայց տեղի ունեցաւ հակառակը, տեղի ունեցաւ անսպասելին եւ հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թւում է՝ կորցրել էր անդառնալիօրէն, ձեռք բերեց պետականութիւն, ձեռք բերեց պետական դրօշ, ձեռք բերեց պետական զինանշան, ձեռք բերեց պետական օրհներգ, որն արտայայտում էր մահուան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միեւնոյն ժամանակ հրաշափառ պատմութիւնը:
Մեր հայրենիք թշուառ, անտէր
Իւր թշնամեաց ոտնակոխ,
Իւր որդիքը արդ կանչում է
Հանել իւր վրէժ քէն ու ոխ:
Մեր հայրենիք, շղթաներով
Այսքան տարի կապկպուած
Իւր քաջ որդոց սուրբ արիւնով
Պիտի լինի ազատուած:
Մենք այսօր կանգնած ենք սուրբ հողի վրայ, սիրելի հայրենակիցներ, որովհետեւ նաեւ այստեղ է հեղուել այն սուրբ արիւնը, որով ապրելու եւ լինելու իրաւունք է նուաճուել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնութեան համար: Այստեղ հեղուած սուրբ արեան վրայ է կառուցուել մեր պատմութեան առաջին Հանրապետութիւնը եւ այստեղ հեղուած սուրբ արիւնն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է եւ նրա պատմութեանը վերջակէտ դնելու ցանկացած փորձ դատապարտուած է ձախողման:
Ահա սա է ամենակարեւոր պատճառը, որ ամէն տարի Մայիսի 28ին մենք միասին հաւաքւում ենք այստեղ, մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատուութիւնը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ, մենք գալիս ենք նաեւ բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արիւնը իզուր չի հեղուել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նոյն հողի վրայ, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու բովանդակութիւն են հաղորդել իրենք իրենց անասելի զոհողութիւններով ու սխրանքներով:
Մենք գալիս ենք ասելու Առաջին Հանրապետութեան պետական այրերին, որ ահա ձեր բարձրացրած դրօշը թանգարանային նմուշ չէ ամենեւին, այլ ծածանւում է որպէս Հայաստանի անկախ Հանրապետութեան թիւ մէկ խորհրդանիշ: Մենք գալիս ենք ասելու, որ նրանց գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է եւ նրանց երազանքը պիտի իրագործուի:
Հանգչէք խաղաղութեամբ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ, հանգչէք խաղաղութեամբ Առաջին Հանրապետութեան պետական այրեր, կառավարութեան անդամներ՝ գլխաւորութեամբ Առաջին Հանրապետութեան չորս վարչապետերի՝ Յովհաննէս Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսեան, Համօ Օհանջանեան, Սիմոն Վրացեան: Հանգչէք խաղաղութեամբ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած հրամանատարներ, պետական այրեր՝ Արամ Մանուկեան, Թովմաս Նազարբէկեան, Դանիէլ Բեկ-Փիրումայն, Դրաստամատ Կանայեան, Մովսէս Սիլիկեան, Քրիստափոր Արարատեան, Պօղոս Բեկ-Փիրումեան, որովհետեւ ձեր սխրանքը, ձեր գործը տէր ունի այսօր:
Ձեր սխրանքներով են ոգեշնչուել արցախեան ազատամարտի հերոսները՝ Վազգէն Սարգսեանից մինչեւ Մոնթէ Մելքոնեան, Քրիստափոր Իւանեանից մինչեւ Լէոնիդ Ազգալդեան, ձեր սխրանքներով են ոգեշնչուել ապրիլեան քառօրեայ պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջեանից մինչեւ Քեարամ Սլոյեան, Արմէնակ Ուրֆանեանից մինչ Ադամ Սահակեան: Ձեր սխրանքներով են ոգեշնչուած հայոց բանակի այն շարքայիններն ու սպաները, սերժանտները, ենթասպաներն ու գեներալները, ովքեր ամէն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգութեան ծանր, բայց հպարտանալու պատասխանատուութիւնը:
Ձեր սխրանքներով են ոգեշնչուած այն գիւղացիները, ովքեր ամուր կառչած են ձեր կողմից իրենց ժառանգած հողին եւ բուրաստան են դարձնում տափաստաններն ու ճահճուտները: Ձեր սխրանքներով են ոգեշնչուած այն գործարարները, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով ամէն օր նոր կերպար են հաղորդում մեր հայրենիքին, նրա ամէն քաղաքին, ամէն գիւղին, ամէն փողոցին եւ պարտաճանաչ հարկ են վճարում յանուն հայրենիքի բարօրութեան:
Ձեր սխրանքներով են ոգեշնչուած այն դասախօսն ու ուսուցիչը, ովքեր իրենց գործը համարում են երիտասարդ սերնդին թռչելու թեւերով օժտելը, ձեր սխրանքներով են ոգեշնչուած այն մարզիկները, ովքեր ամէն օր բարձրացնում ու բարձրացնում են հայոց երկրի եւ պետականութեան եւ հայ ժողովրդի պատիւը՝ Լեւոն Արոնեանից մինչեւ Արթուր Ալեքսանեան, Հենրիխ Մխիթարեանից մինչեւ Սիմոն Մարտիրոսեան:
Ձեր սխրանքներով են ոգեշնչուած այն գիտնականն ու ինժեները, ով չի համակերպւում հնարաւորի սահմանի գոյութեան հետ, ում առաքելութիւնն անհնարը հնարաւոր եւ առօրէական դարձնելն է, այնպէս, ինչպէս դուք հնարաւոր դարձրիք անհնարը:
Ձեր սխրանքներով է ոգեշնչուած Հայաստանի Հանրապետութեան ազատ եւ հպարտ քաղաքացին, ով իր սեփական իշխանութիւնն է հաստատել Հայաստանի Հանրապետութիւնում, ով տէր է դարձել Հայաստանի Հանրապետութեանը՝ ձեր հիմնած, ձեր ստեղծած հայրենիքին:
Ձեր սխրանքներով պիտի ոգեշնչուած լինի Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր պաշտօնեայ, կառավարութեան անդամ, թէ Ազգային ժողովի պատգամաւոր, համայնքի ղեկավար, թէ դատաւոր եւ պէտք է հասկանայ, որ ասպետի կեանքով ապրած Արամ Մանուկեանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացուած ու ծախու պաշտօնեան: Իւրաքանչիւր այսպիսի պաշտօնեայ դաւաճանում է Սարդարապատի հերոսներին եւ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների սխրանքներով ոգեշնչուած՝ մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարութիւն, իրաւունքի գերակայութիւն եւ փոխադարձ յարգանքի ու օրինականութեան վրայ հիմնուած ազգային միասնութիւն:
Եւ ուրեմն՝ կեցցէ՛ ազատութիւնը, կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը, կեցցէ՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, կեցցէ՛ն Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում: