ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Կառավարութեան հերթական նիստին ընթացքին, որ տեղի ունեցաւ 30 Մայիսին, նախքան օրակարգային հարցերու քննարկումը, վարչապետը անդրադարձաւ երկրի տնտեսական ցուցանիշներուն:
«Մայիսի 27ին Ազգային վիճակագրական ծառայութիւնը հրապարակել է Ապրիլ ամսուայ մակրոտնտեսական ցուցանիշները, եւ պէտք է արձանագրել, որ առաջին չորս ամսուայ տուեալներով Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական եւ լաւատեսական դինամիկայով (յառաջընթացով-Խմբ.): Ըստ հրապարակուած տուեալների՝ Ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիւութեան ցուցանիշ: Եւ եթէ այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսեակի արդէն ամփոփուած տուեալների հետ, համախառն ներքին արդիւնքի 7.1 տոկոս աճ ենք ունենում: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսութիւնն ունի լաւ տրամադրութիւն, եւ մեր խնդիրն է, ինչպէս եւ նախանշել ենք, հասցէական ճշգրիտ կապիտալ (գլխաւոր-Խմբ.) ծախսերի միջոցով խթանել այդ լաւ տրամադրութիւնը եւ, ի վերջոյ, կարողանալ աւելի լաւ ցուցանիշների հասնել:
Ուզում եմ մի քանի կարեւոր ցուցանիշներ ընդգծել: Մասնաւորապէս, արդիւնաբերական արտադրանքի ծաւալն աճել է 13.2 տոկոսով: Շինարարութեան ոլորտում, իհարկէ, աճն աւելի քիչ է, քան մենք սպասում էինք կամ ցանկանում ենք, բայց համոզուած եմ, որ այս ցուցանիշները կը լաւանան… Առեւտրի շրջանառութիւնն աւելացել է 9 տոկոսով, ծառայութիւնների ծաւալն աւելացել է 16.2 տոկոսով: Անկեղծ ասած, այս ցուցանիշների մէջ ամենաուրախալի ցուցանիշներից մէկը արտահանման ծաւալների աճն է: Երեւի մէկ ամիս առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք ինձ մօտ արտահանման իրավիճակի հետ կապուած որոշակի մտահոգիչ միտումներ կային: Մանրամասն քննարկեցինք իրավիճակը, եւ ուրախ եմ, որ Ապրիլին արդէն 9.9 տոկոսի աճ ենք մենք արձանագրել: Նաեւ միջին անուանական ամսական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա ունենք, եւ կարծում եմ՝ այս դինամիկան, առաջիկայում սպասուող եւ կանխատեսուող, այսինքն յայտարարուած որոշումների համատեքստում աւելի դրական կը դառնայ: Եւ մենք յոյս ունենք նաեւ, որ կառավարութեան վարած քաղաքականութեան արդիւնքում աշխատավարձի աճի այս դինամիկան կը նկատուի աւելի շօշափելի նաեւ մասնաւոր հատուածում: Եւ սա պէտք է առաջիկայ ժամանակաշրջանի համար լինի մեր առանցքային խնդիրներից մէկը», ըսաւ կառավարութեան ղեկավարը:
Ըստ Պետական եկամուտներու կոմիտէի տուեալներուն՝ Ապրիլին, նախորդ տարուան նոյն ժամանակահատուածին հետ համեմատած՝ արտածման ծաւալը աճած է 14.7 տոկոսով: Մասնաւորապէս ծխախոտի արտադրանքի արտածման ծաւալները Ապրիլին, նախորդ տարուան Ապրիլին հետ համեմատած՝ աճած է 60 տոկոսով, ոսկերչական արտադրանքի առաջին չորս ամիսներու արտածումը եղած է 14 միլիոն տոլար: Տուրմի (շոքոլայի) արտադրանքի արտածումը չորս ամսուան մէջ եղած է 5 միլիոն տոլար՝ արտածման ծաւալը աճած է 34 տոկոսով: Գինիի արտածման ծաւալներու աճը ընթացիկ տարուան առաջին 4 ամիսներուն, նախորդ տարուան առաջին չորս ամիսներուն հետ համեմատած՝ 11 տոկոս է: