Այսօր ՀՅԴ-ի հրաւիրուած հանրահաւաքում ելոյթ ունեցաւ ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարօն Տօնոյեանը: Նա նշեց, որ անցեալ տարի ապրիլին, երբ սկսուեց ժողովրդային շարժումը, ՀՅԴն ողջունեց այն, շարժում, որը պիտի տանէր դէպի սիրոյ եւ հանդուրժողականութեան, միասնութեան հանգրուան: Եւ այդ միասնութեամբ պէտք է հզօր եւ ուժեցղ դարձնէր Հայաստանը:
«Կարճ ժամանակ անց մեզ մօտ սկսեցին կասկածներ առաջանալ: Հիմա այլեւս կասկածելու բան չունենք, չկայ սէր եւ հանդուրժողականութիւն, կայ բացայայտ ատելութեան մթնոլորտ: Արհեստականօրէն ստեղծուած այդ ատելութեան մթնոլորտը սերմանւում է ոչ թէ իշխանութիւնների յայտարարուած հակայեղափոխականների, այլ հէնց իշխանութիւնների կողմից: Դա արւում է մտածուած: Յայտարարել ենք, որպէս Դաշնակցութիւն, եւ այսօր յայտարարում ենք՝ Դաշնակցութիւնն ունի իր օրակարգը: Մեր օրակարգն է՝ լինել առանցքային ընդդիմութիւն, որը շտկելու է իշխանութեան սխալները, թոյլ չի տալու Ռուբիկոնն անցնել: Այսօր մենք եկել ենք դեղին քարտերով:
Դաշնակցութիւնը դաւադրաբար չի նստում ու սպասում, որ ձախողուի այս իշխանութիւնը, քանի որ այդ ձախողումը մեր ժողովրդի, պետութեան ձախողումն է: Մենք՝ որպէս 130ամեայ փորձառութիւն ունեցող, պատերազմներով ու դժնդակ օրերով անցած փորձառու քաղաքական կուսակցութիւն, կոչ ենք անում մեր իշխանութիւններին՝ լրջանալ: Մենք ասում ենք` անցեալին վերադարձ չկայ, անցեալը հետընթաց է, մենք առաջ ենք նայում: Այսօր մեր առաջընթացի գրաւականը մեր միասնութիւնն է: Սակայն այսօր բաժանարար գծերը, թշնամութեան մթնոլորտը բզկտում են մեր հայրենիքը: Ամենակարեւորը՝ վտանգւում է մեր հայրենիքի, մեր ժողովրդի ու Դաշնակցութեան սրբութեան սրբոցը՝ Արցախը: Դաշնակցութիւնը խիստ անհանգստացած է Արցախի հարցով մեր իշխանութիւնների վարած քաղաքականութիւնից: Մեզ համար խիստ անհասկանալի է եւ վտանգաւոր, երբ ժողովրդի լրջագոյն քուէ ստացած իշխանութիւնների կողմից յայտարարւում է, թէ «ինձ մեսիջներ արէք, որ ես իմանամ` ինչպէս բանակցել»:
Սա «անհասկանալի՞» որակել, «ծիծաղելի՞» որակել, թէ՞ «թիւրիմացութիւն» որակել՝ ժամանակը ցոյց կը տայ: Լրջացէ՛ք, ընկերնե՚ր: Այսօր մտածուած ձեւով կեղծ օրակարգ է նետուել պետութեան մէջ` հակայեղափոխութեան վտանգի գաղափարի ձեւով: Չկայ հակայեղափոխութիւն, չի կարող լինել մի երկրում, ուր իշխանութիւններն ունեն 70-80 տոկոս ձայն, իսկ ԱԺում էլ ընդդիմութիւն չկայ: Որտեղի՞ց պիտի լինի հակայեղափոխութիւն: Սա մտածուած է արւում, որ շեղեն ժողովրդի ուշադրութիւնը կարեւոր խնդիրներից: Մտածուած է արւում, որ վաղուայ իրենց ձախորդութիւնները բարդեն «հակայեղափոխականներ»ի վրայ: Չկայ հակայեղափոխութիւն:
Կը լինեն դժգոհութիւններ, բայց Դաշնակցութիւնը երբեք հակապետական չի եղել ու չի լինի: Դաշնակցութիւնը կը բռնի այն մարդու ձեռքը, որը կը փորձի մեր պետութիւնը հանել ուղեծրից եւ այլ ուղղութեամբ տանել: Փորձում են Արցախը դարձնել առեւտրի առարկայ, շոուի առարկայ, փորձում են ապրիլեան պատերազմի նահատակների թափուած արիւնը կասկածի տակ դնել, թէ՝ դա դաւադրութեան հետեւանք է: Ինչպէ՞ս ենք այդ մայրերին պատասխան տալու:
Մենք կողմ ենք՝ յանցագործների տեղը բանտում է, դաւաճանների տեղը կախաղանն է: Բայց պէտք է արդարութիւնը բոլորի համար հաւասար լինի: Եթէ ապրիլեան պատերազմի ժամանակ եղել է դաւադրութիւն, ուրեմն արդէն անլուրջ է այդ մասին յայտարարութիւն անելը. նախ՝ դաւադիրները պէտք է արդէն յայտնուէին բանտում, յետոյ՝ նոր հրապարակուէր այդ մասին: Այդ ի՞նչ յանձնաժողով պէտք է լինի ԱԺում, որ քննարկի ապրիլեան պատերազմը: Այն մարդիկ, որոնք հայկական բանակում մէկ օր շարք չեն կանգնել, չեն ծառայել, նրա՞նք պէտք է քննեն ապրիլեան դէպքերը, ովքեր բանակի մասին տարրական գիտելիքներ չունեն, մէկ անգամ վառօդի հոտ չեն շնչել:
Յարգելի՛ հայրենակիցներ, մենք միակամ ենք, ուշի ուշով հետեւում ենք եւ ամէն րոպէ բարձրաձայնելու ենք իշխանութիւնների ձախորդ քայլերի, յայտարարութիւնների եւ գործողութիւնների մասին: Մեր նպատակը մեր հայրենիքի, մեր պետութեան` «Զարգանալ՝ չզիջելով» սկզբունքով ուղին է: Առա՛ջ, ընկերնե՛ր», խօսքը եզրափակեց Տարօն Տօնոյեանը: