ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշներն առաւել շահեկան են վերլուծել՝ համեմատելով նախորդ տարուայ արդիւնքների հետ, ինչը հնարաւորութիւն է տալիս գնահատել երկրի տնտեսութեան կառավարման արդիւնաւէտութիւնը եւ միտումները: Եւ այսպէս՝ պաշտօնական վիճակագրութեան համաձայն՝ 2019 թուականի Յունուար-Փետրուար ամիսներին գրանցուել է 6.5 տոկոս տնտեսական ակտիւութեան աճ, այն դէպքում, երբ 2018 թուականի նոյն ժամանակահատուածում տնտեսական ակտիւութիւնը աճել էր 8.6 տոկոսով, այսինքն՝ 2.1 տոկոսով նուազել է տնտեսական աճի տեմպը: Ինչպէս նախորդ տարի, այնպէս էլ այս տարի տնտեսական ակտիւութիւնը հիմնականում ապահովել են արդիւնաբերութեան, շինարարութեան, ծառայութիւնների եւ առեւտրի ոլորտները: Մասնաւորապէս՝
– 2019 թուականի Յունուար-Փետրուար ամիսներին արդիւնաբերութիւնը աճել է 1.9 տոկոս, իսկ 2018ին աճը կազմում էր 8.3 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նուազել է 6.4 տոկոսով: Նուազումը պայմանաւորուած է հանքարդիւնաբերութեան ծաւալների կրճատմամբ: Բանն այն է, որ 2018 թուականին Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերութիւնը դադարեցրեց իր գործունէութիւնը:
– 2019 թուականի Յունուար-Փետրուար ամիսներին շինարարութիւնը աճել է 21.6 տոկոսով, իսկ 2018ին աճը կազմում էր 22.7 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նուազել է 0.9 տոկոսով: Շինարարութեան ոլորտի աճի վրայ դեռեւս մեծ ազդեցութիւն ունեն պետական վարկային միջոցներով իրականացուող շինարարական ծրագրերը: Ի դէպ՝ հիւսիս-հարաւ ծրագրի Աշտարակ-Գիւմրի ճանապարհահատուածի (Տրանշներ 1ը եւ 2ը) շինարարական աշխատանքները պէտք է աւարտուեն 2019 թուականի Սեպտեմբերին, սակայն շինարարութեան ներկայիս տեմպը վկայում է, որ հերթական անգամ երկարաձգուելու է շինարարական աշխատանքների ժամանակացոյցը՝ լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելով պետական բիւջէի վրայ: Վստահաբար կարելի է նշել, որ յատկացուած վարկային միջոցները բաւարար չեն լինի ծրագիրը աւարտին հասցնելու համար:
– 2019 թուականի Յունուար-Փետրուար ամիսներին առեւտուրը աճել է 13.1 տոկոսով, իսկ 2018ին աճը կազմում էր 17.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նուազել է 4.3 տոկոսով: Յատկանշական է, որ պաշտօնատար անձինք պարբերաբար խօսում են, հրապարակում են միլիոնաւոր ՀԴՄ (Հսկիչ-դրամարկղային մեքենաներ) կտրօնների տպագրութեան աճի մասին, մինչդեռ նախորդ տարի աւելի քիչ ՀԴՄ կտրօններ տպագրելով՝ առեւտրի ոլորտն աւելի արագ է աճել: Հետեւաբար, Հայաստանի տնտեսական քաղաքականութեան արդիւնաւէտութեան գնահատման հիմքում առաւել ընդգրկուն ցուցանիշներ պէտք է դնել:
– 2019 թուականի Յունուար-Փետրուար ամիսներին ծառայութեան ոլորտը աճել է 17.5 տոկոսով, իսկ 2018ին աճը կազմում էր 15.1 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը աւելացել է 2.4 տոկոսով: Ծառայութեան ոլորտի աճը հիմնականում պայմանաւորուած է ստուերի կրճատմամբ եւ բանկային համակարգի ցուցանիշերի զգալի բարելաւմամբ:
Տնտեսութեան վիճակը, ստուերայնութեան աստիճանը գնահատելու համար յաճախ օգտագործւում է էլեկտրաէներգիայի արտադրութեան եւ իրացման ծաւալների ցուցիչը: Դեռեւս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի Յունուար-Փետրուար ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրութեան 21 տոկոսով անկումը: Ոչ պաշտօնական տեղեկատուութեան համաձայն՝ անկումը գլխաւորապէս բացատրւում է դէպի Իրանի Իսլամական Հանրապետութիւն էլեկտրաէներգիայի արտահանման ծաւալների կրճատմամբ:
Միանշանակ է, որ տնտեսական աճի դանդաղումը իր ազդեցութիւնն է թողել արտահանման եւ ներմուծման ցուցանիշների վրայ, մասնաւորապէս՝
– 2019 թուականի Յունուար-Փետրուար ամիսներին արտահանումը նուազել է 11.6 տոկոս, իսկ 2018ին աճը կազմում էր 41 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նուազել է 52.6 տոկոսով: Արտահանման ծաւալների անկումը հիմնականում բացատրւում է Թեղուտից արդիւնահանուող եւ արտահանուող պղնձի, մոլիբդենի դադարով: Արտահանուող այլ ապրանքների ծաւալների կրճատում նոյնպէս կը լինի:
– 2019 թուականի Յունուար-Փետրուար ամիսներին ներմուծումը նուազել է 5.6 տոկոս, իսկ 2018ին աճը կազմում էր 44.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նուազել է 50 տոկոսով: Ներմուծման ծաւալների կրճատման վրայ էական ազդեցութիւն ունի խոշոր ներդրումային ծրագրերի դադարը, օրինակ՝ Ամուլսարը:
Մտահոգիչ է, որ 2019 թուականի ընթացքում արտահանումը, ի տարբերութեան ներմուծման, աւելի մեծ տեմպերով է կրճատուել, որը լրացուցիչ արժութային ճնշում կ՛առաջացնի ներքին շուկայում, ինչը կարող է նպաստել ՀՀ դրամի արժէզրկմանը՝ կրճատուող դոլարային պահուստների պայմաններում:
Վերջին ամիսների ընթացքում մի շարք պաշտօնատար անձինք խօսում են բարձր աշխատավարձային քաղաքականութեան մասին, այն պարագայում, երբ 2019 թուականին միջին անուանական աշխատավարձը աճել է 4.9 տոկոսով, իսկ 2018 թուականի նոյն ժամանակահատուածում աճը կազմում էր 8.9 տոկոս, այսինքն՝ աշխատողների աշխատավարձերի աճի տեմպը նուազել է 4 տոկոսով:
Ամփոփելով վերը նշուածը՝ հարկ է արձանագրել, որ ՀՀ տնտեսութեան մէջ թռիչքաձեւ զարգացում եւ էական կառուցուածքային փոփոխութիւններ չեն արձանագրուել, տեսանելի չեն տնտեսական քաղաքականութեան նոր մօտեցումներ, մոդելներ:
ՍՈՒՐԷն ՊԱՐՍԵԱՆ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւններու գրասենեակի պատասխանատու