ՎԱՐԴԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
1977թ. Յունուարի 8ին, Մոսկուայում ռումբի երեք պայթիւն հնչեց: Առաջին ռումբը պայթել է ժամը 17:33ին մոսկովեան մետրոյի վագոնում, երկրորդը՝ 18:05ին ԽՍՀՄ պետական անվտանգութեան կոմիտէի շէնքից ոչ հեռու գտնուող խանութի սրահում, իսկ երրորդը՝ 18:10ին մէկ այլ խանութի յարակից տարածքում: Վերջին երկու պայթիւնները մարդկային կեանքեր չեն խլել, իսկ մետրոյի վագոնում հնչած պայթիւնի հետեւանքով 37 մարդ վիրաւորուել, 7 մարդ զոհուել էր:
Այնուհետեւ՝ արդէն նոյն թուականի Հոկտեմբերի վերջին, մէկ չյաջողուած պայթիւն եղաւ Մոսկուայի Կուրսկեան կայարանի սպասասրահում: Ըստ ԽՍՀՄ Պետանվտանգութեան կոմիտէի տարածած տեղեկութիւնների՝ Կուրսկեան կայարանում նախատեսուած պայթիւնը չէր հնչել, որովհետեւ պատահական անցորդը նկատել էր պայուսակ, որը, կարծես, ոչ մէկին չէր պատկանում, բացել էր եւ տեսել ռումբն՝ իր ժամացուցային մեխանիզմով, ու դիմել էր միլիցիաներին: Թէ ինչպէս են դէպքերը զարգացել իրականում, յայտնի չէ: Ըստ նոյն աղբիւրի՝ ռումբից բացի պայուսակում եղել են նաեւ մարզական հագուստ եւ գլխարկ, որոնց միջոցով էլ իբր կարողացել են դուրս գալ պայթիւնը կազմակերպողների հետքի վրայ:

1977թ. Հոկտեմբերի 28ին պայթիւններն իրականացնելու կասկածանքով՝ Մոսկուա-Երեւան գնացքում, Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծին ձերբակալւում են Յակոբ Ստեփանեանը եւ Զաւէն Բաղդասարեանը, իսկ Նոյեմբերի 2ին Երեւանում՝ Ստեփան Զատիկեանը: Հէնց Զատիկեանին էլ խորհրդային իշխանութիւնները ներկայացրին որպէս պայթիւնի կազմակերպիչ:
Մինչ այդ, Ազգային միացեալ կուսակցութեան անդամ Ստեփան Զատիկեանն իր համախոհների՝ Հայկազ Խաչատրեանի եւ Շահէն Յարութիւնեանի հետ 1969թ. ընդյատակեայ քաղաքական գործունէութեան համար դատապարտուել էր չորս տարի ազատազրկման: Ազատ արձակուելուց յետոյ նա վերադառնում է Հայաստան եւ շարունակում իր ընդյատակեայ գործունէութիւնը:
Մոսկովեան պայթիւններից անմիջապէս յետոյ (1977թ. Յունուարի 8) արեւմտեան մամուլում՝ խորհրդային Պետանվտանգութեան կոմիտէի հետ անմիջական առնչութիւններ ունեցող խորհրդային լրագրող Վիկտոր Լուիի հեղինակութեամբ յօդուած է հրապարակւում, որտեղ խորհրդային պաշտօնական աղբիւրներին յղում անելով՝ հեղինակը պնդում է, թէ պայթիւնին առնչութիւններ ունեն այլախոհ-իրաւապաշտպանները: Ընդգծենք, որ յօդուածը հրապարակելու պահին որեւէ կասկածեալ չկար, եւ որեւէ մէկին այդ գործով մեղադրանք չէր առաջադրուել: Յօդուածի հրապարակումից 9-10 ամիս յետոյ են միայն մեղադրեալներ ի յայտ գալիս: «Այլախոհ-իրաւապաշտպաններ» ձեւակերպումը Վիկտոր Լուիինն է: Արտասահմանեան ռադիօկայաններից մէկով 1977թ. Յունուարի 11ին՝ պայթիւնից երեք օր անց, Վիկտոր Լուիի յօդուածի մասին տեղեկանում է Անդրէ Սախարովը: Հրապարակումից պարզ էր դառնում, որ խորհրդային իշխանութիւնները, պայթիւնն օգտագործելով, փորձում են այլախոհներին որպէս ահաբեկիչներ ներկայացնել: Հասկանալով այս վտանգը՝ Անդրէ Սախարովը յաջորդ օրը՝ Յունուարի 12ին, հրապարակում է «Դիմում համաշխարհային հանրութեանը» յօդուածը, որտեղ, մասնաւորապէս, գրում է. «Ես չեմ կարողանում փարատել այն կասկածները, որ մոսկովեան մետրոյի պայթիւնը եւ մարդկանց ողբերգական մահը պատժիչ մարմինների նոր եւ վերջին տարիների ամենավտանգաւոր սադրանքն է: Յատկապէս այս կասկածները եւ սրանց հետ կապուած վախը, որ այս սադրանքը կարող է բերել երկրի ներքին եղանակի փոփոխութեան, այս յօդուածը գրելու պատճառ հանդիսացան: Ես շատ ուրախ կը լինէի, եթէ իմ այս կասկածները սխալ դուրս գային»:
Իսկ Յունուարի 14ին հրապարակւում է Մոսկովեան հելսինկեան խմբի դիմումը, որին միացել էին նաեւ մի շարք այլ իրաւապաշտպան ու այլախոհական կազմակերպութիւններ, որտեղ ասւում էր. «Այլախոհները, որպէս իրենց նպատակների իրականացման միջոց, բացարձակապէս մերժում են բռնութիւնը եւ բռնութեան կոչերը: Այլախոհները ահաբեկչութեանը վերաբերւում են վրդովմունքով եւ գարշանքով»:
Չնայած այս եւ այլախոհների այլ դիմումների ու յայտարարութիւնների առատութեանը, պայթիւնի հետ կապուած՝ առանց հիմնաւոր կասկածների հարցաքննւում են կալանավայրերում գտնուող կամ արդէն ազատ արձակուած բազմաթիւ այլախոհներ: Այս հարցաքննութիւնների մասին յիշատակումներ կան նաեւ «Ընթացիկ իրադարձութիւնների խրոնիկայում»: ՊԱԿը յատուկ հարցաշար էր մշակել եւ այդ հարցաշարի միջոցով քննում էր այլախոհներին: Իւրաքանչիւրից պա-հանջւում էր ապացուցել, որ պայթիւնի հետ առնչութիւն չունի:
Մետրոյի գործով Ստեփան Զատիկեանի, Զաւէն Բաղդասարեանի եւ Յակոբ Ստեփանեանի կալանաւորուած լինելու մասին առաջին տեղեկատուութիւնը տարածում է Հայաստանի հելսինկեան խումբը: «Ընթացիկ իրադարձութիւնների խրոնիկան» իր 48րդ թողարկման մէջ գրում է. «Երեւան: Ինչպէս 1977թ. Նոյեմբերի 28ին հաղորդում է Հայաստանի հելսինկեան խումբը, Նոյեմբերի սկզբին Մոսկուայի Կուրսկեան կայարանում պայթիւն կազմակերպելու փորձի համար ձերբակալուել են Յակոբ Ստեփանեանը, Զաւէն Բաղդասարեանը եւ Ստեփան Զատիկեանը (Զատիկեանը մի քանի տարի առաջ մասնակցել է ազգային շարժմանը. տես նաեւ՝ Խր. 15, 27): Ձերբակալուածները գտնւում են երեւանեան ՊԱԿում: Երեւան են ժամանել Մոսկուայի ՊԱԿի աշխատակիցները: Ընթանում են խուզարկութիւններ ու հարցաքննութիւններ»:

Զատիկեանի կալանաւորումն ամրապնդում էր խորհրդային իշխանութիւնների այն վարկածը, որ պայթիւնի թիկունքում կանգնած են այլախոհները: Նրանք ոչ մի ուշադրութիւն չէին դարձնում այն հանգամանքին, որ Զատիկեանն ապացոյցներ ունէր, ըստ որոնց՝ ինքը պայթիւնի հետ կապ չունի: Այդ տարիներին ե՛ւ խորհրդային հանրութեան մէջ, եւ այլախոհական շրջանակներում հիմնաւորուած կասկածներ էին հնչում, որ Ստեփան Զատիկեանին արհեստականօրէն են կապում այս պայթիւնի հետ, որպէսզի այդ ճանապարհով ապացուցեն այլախոհ-իրաւապաշտպանների կապը կամ առնչութիւնները դրան: Զատիկեանի անմեղութեան մասին խօսակցութիւնները հիմնաւորւում էին նաեւ այն հանգամանքով, որ նախաքննութիւնը եւ յատկապէս դատաքննութիւնն անցել են յոյժ գաղտնիութեան պայմաններում: Տրամաբանական կը լինէր, որ խորհրդային իշխանութիւնները կազմակերպէին բաց դատ եւ հանրութեանը ներկայացնէին ահաբեկիչներին, եթէ, իհարկէ, թաքցնելու ոչինչ չունէին եւ դատում էին պայթիւնի իրական հեղինակներին: Անկասկած, դա իրենց օգտին լաւագոյն քարոզչութիւնը կը լինէր: Բայց սրա փոխարէն՝ նրանք կազմակերպում են գաղտնի դատավարութիւն: Անգամ ամբաստանեալների հարազատները չեն տեղեկացուել դատավարութեան օրուայ մասին ու ներկայ չեն եղել: Ահա այս կատարեալ գաղտնիութեան պայմաններում, 1979թ. Յունուարի 24ին հրապարակում են մահապատիժ նախատեսող դատավճիռը եւ հապշտապ, առանց բողոքարկման հնարաւորութիւն տալու, դատավճռի կայացումից 5 օր անց՝ 1979թ. Յունուարի 29ին, ի կատար են ածում մահապատիժը: Նաեւ այս շտապողականութիւնն է կասկածների տեղիք տուել ու տալիս:
1979թ. Յունուարի 30ին, դեռեւս տեղեակ չլինելով, որ դատավճիռն ի կատար է ածուել, Սախարովը Բրեժնեւին ուղղուած նամակում պահանջում է հրաժարուել այդ դատավճռից՝ մինչեւ նոր դատաքննութիւն: Նա գրում է. «Հիմնաւոր փաստեր կան անհանգստանալու համար, որ այս գործում առկայ է դատական սխալ կամ միտումնաւոր կեղծիք: Մետրոյի պայթիւնի ժամանակ Զատիկեանը չի գտնուել Մոսկուայում, բազմաթիւ վկաներ կարող են հաստատել նրա ալիբին. քննութիւնը ոչ մի շահագրգռուածութիւն չի ցուցաբերել պարզելու համար այս եւ այլ կարեւոր հանգամանքներ: Առանց անգամ չնչին անհրաժեշտութեան՝ դատաքննութիւնն ամբողջութեամբ փակ ու գաղտնի է եղել: Նոյնիսկ հարազատները դրա կայացման մասին ոչինչ չեն իմացել: Նման դատաքննութիւնը, երբ ամբողջութեամբ խախտուած է հրապարակայնութեան սկզբունքը, չի կարող ճշմարտութիւնը պարզել»:
Այնուհետեւ դատավարութեան հրապարակայնութեան սկզբունքների աղաղակող խախտման մասին յայտարարութիւն է տարածում Մոսկուայի հելսինկեան խումբը. «Հասկանալ հնարաւոր չէ, թէ ինչու՞ պէտք եղաւ նման մեղադրանքով դատավարութիւնը կազմակերպել բացարձակ գաղտնի… Չէ՞ որ մետրոյի պայթիւնը համընդհանուր բողոք առաջացրեց, եւ մեղադրեալների մեղքի համոզիչ ապացոյցը, եթէ միայն մեղադրող կողմն ունի նման ապացոյցներ, կը նպաստէր յանցագործների համընդհանուր դատապարտմանը: Հրապարակայնութեան բացակայութիւնը եւ գաղտնիութեան ողջ մթնոլորտը մեղադրանքի հիմնաւորուածութեան, դատավարութեան օբյեկտիւութեան (առարկայականութեան-Խմբ.) նկատմամբ կասկածների հիմք են տալիս»:
Հարկ է ընդգծել, որ ե՛ւ Մոսկովեան հելսինկեան խմբի, եւ այս թեմայով հանդէս եկած այլ իրաւապաշտպանական խմբերի ու այլախոհների յայտարարութիւնները, որպէս կանոն, վերաբերել են դատաքննութեան գաղտնիութեանը: Ոչ ոք յստակ ու միանշանակ յայտարարութիւն չի արել մեղադրեալների անմեղութեան մասին: Բոլորը պահանջել են արդարադատութիւն: Միայն բաց ու արդար դատավարութիւնը կը կարողանար դատարանի առջեւ կանգնած Զատիկեանի ու նրա ընկերների անմեղութիւնը կամ մեղաւորութիւնն ապացուցել: Միայն հրապարակային դատավարութեան պայմաններում հասարակութիւնը կը համոզուէր, որ իրական մեղաւորներն են կանգնած դատարանի առջեւ: Նման դատարանը կարող էր այս գործի վերջակէտը դնել: Բայց խորհրդային իշխանութիւնները չցանկացան, չկարողացան կամ չհամարձակուեցին գնալ այս միակ ճիշդ ճանապարհով: Կազմակերպուած կասկածելի դատավարութիւնը պատճառ դարձաւ, որ պայթիւնի օրը ծագած հարցերն այդպէս էլ անպատասխան մնան: Խորհրդային իշխանութիւնների կողմից նման գերգաղտնի դատավարութիւն կազմակերպելու եւ վճիռը հապշտապ ի կատար ածելու հանգամանքը կարող են վկայել միայն այն մասին, որ կամ մեղադրեալները բացարձակապէս անմեղ մարդիկ են եղել, կամ՝ դատարանը նրանց մեղքը լիարժէք ապացուցող համոզիչ ու բաւարար ապացոյցներ չի ունեցել:

Մոսկովեան մետրոյի պայթիւնը յետագայում էապէս ազդեց հայ այլախոհներից շատերի ճակատագրերի վրայ: Հալածանքները Հայաստանում առաւել ուժգնացան: 1978 թուականից յետոյ կալանաւորուած այլախոհներին դատապարտում էին է՛լ աւելի մեծ պատժաչափերով:
Կալանավայրերից վերադարձածների նկատմամբ հալածանքներ ու սադրանքներ էին կազմակերպւում: Առաւել ակտիւները շինծու մեղադրանքներով կրկին դատապարտւում էին: Նման ճակատագրի արժանացան Շահէն Յարութիւնեանը, Հայկազ Խաչատրեանը, Շիրակ Գիւնաշեանը, Հայաստանի հելսինկեան խմբի ղեկավար Էդուարդ Յարութիւնեանը: Աքսորավայրում նոր մեղադրանք ներկայացրին ու անհիմն դատապարտեցին Ռազմիկ Մարկոսեանին: Եօթամեայ ազատազրկման աւարտից յետոյ այդպէս էլ կալանավայրից դուրս չեկաւ ու նոր՝ եռամեայ ազատազրկման դատապարտուեց Պարոյր Հայրիկեանը:
Մինչեւ 2005թ. յստակ ու միանշանակ յայտարարութիւնը, ըստ որի՝ Ստեփան Զատիկեանն է եղել Մոսկուայի մետրոյի պայթեցման կազմակերպիչը, իսկ Յակոբ Ստեփանեանն ու Զաւէն Բաղդասարեանն էլ՝ իրականացնողները, չի հնչել: Այս ողջ պատմութեան ընթացքում, չհաշուած խորհրդային Պետանվտանգութեան կոմիտէն ու դրան կից օղակները՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս, կասկածելի եւ մութ մնացած հանգամանքներում դատապարտուած ու 1979ին գնդակահարուած Զատիկեանի, Ստեփանեանի եւ Բաղդասարեանի մոսկովեան պայթիւնին մեղսակից լինելու մասին ոչ ոք միանշանակ յայտարարութիւն չի արել:
Միայն 2005ին նման միտք է յայտնել նախկին քաղբանտարկեալ, «Յանուն Հայրենիքի» ամսագրի հրատարակման համար 1969ին դատապարտուած Յովիկ Վասիլեանը: Նա իր համախոհների հետ 2005ին հրատարակում էր նոյնանուն մի պարբերական: Ահա այդ պարբերականում՝ Ստեփան Զատիկեանի 59ամեակին նուիրուած յօդուածում նա անդրադարձել էր Զատիկեանին ու մետրոյի գործին:
Որպէս Ստեփան Զատիկեանին եւ մետրոյի գործին առնչուող հրապարակում՝ այդ յօդուածը հարկ ենք համարում մէջբերել ամբողջութեամբ:
ԿԸ ԳԱՅ ԵՒ ԶԱՏԻԿԵԱՆԻՆ ՀԵՐՈՍ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Յունիսի 20ին կը լրանայ 1960ականների ազգային շարժման նուիրեալ մասնակիցներից մէկի, անզուգական հայի՝ Ստեփան Զատիկեանի ծննդեան 59ամեակը: Խմբագրութիւնը հաւաքում եւ համակարգում է նրան վերաբերող յուշեր, լուսանկարներ եւ փաստագրական այլ նիւթեր:
Ընդյատակեայ հայ ազգային գործիչների շարքում Ստեփան Զատիկեանն առանձնայատուկ է մի քանի առումներով: Առաջին՝ շատերը նրանից են «վարակուել» ազգային գաղափարներով: Երկրորդ՝ նրա գերեզմանատեղը դեռ անյայտ է: Եւ երրորդ՝ նրա անուան դիմաց դաջուած է «ահաբեկիչ» պիտակը:
Մոսկուայի մետրոյի հանրայայտ պայթիւնի մէջ Զատիկեանի մեղսակցութեան վերաբերեալ տարբեր կարծիքներ կան, բայց, որքան էլ հակասական լինեն, չեն կարող ստուեր գցել նրա յանուն հայրենիքի ապրած կենսակերպի եւ հայկական հարցի համար զոհուած լինելու հանգամանքի վրայ: Մենք կողմնակից ենք ճշմարտութիւնը համարձակօրէն ներկայացնելով՝ նրան արժանի գնահատական տալու մօտեցմանը:
Այդ պայթիւնից առաջ Ստեփան Զատիկեանը, Յակոբն ու ես Իջեւանի շրջանի Վերին Աղդան՝ իմ ծննդավայր գիւղի կողքի Բուդուր անտառածածկ փէշերով ժայռոտ լեռան տափարակին, խարոյկի մօտ ենք անցկացրել:
Մի ամբողջ գիշեր համոզում էի հետ կանգնել մետրոն պայթեցնելու մտքից. «Այնտեղ միամիտ, անմեղ մարդիկ են, թէ պայթեցնող էք՝ գնացէք Կրեմլ»:
-Կրեմլը չենք կարող, -պատասխանեցին, -այն պահպանւում է: Պայթիւնը հնչեց:
Յակոբն ու հետի իմ չճանաչած իր գործընկերը չվերադարձան: Յետագայում իմացանք, որ նրանց ձերբակալել եւ Մոսկուա էին տարել Կովկասից, իսկ քանի օր անց ձերբակալեցին ու Մոսկուա տարան նաեւ Ստեփանին:
Ես սպասում էի, որ ինձ կը կանչեն հարցաքննութեան, բայց այդպէս չեղաւ, ինչից եզրակացնում եմ, որ խօսել է միայն այն՝ ինձ եւ իմ չճանաչած մասնակիցը:
Եթէ ՊԱԿը պարզէր, որ ես թէկուզ լոկ տեղեակ եմ եղել այդ ձեռնարկին, բայց չեմ յայտնել ուր հարկն է՝ կը գնդակահարէր եւ ինձ:
Յովիկ Վասիլեան
«Յանուն Հայրենիքի» 7 Յունիս – 6 Յուլիս, 2005թ., թիւ 11 (31)
Ստեփան Զատիկեանը Ազգային միացեալ կուսակցութեան հիմնադիրներից էր: Առաջին անգամ կալանաւորուել է 1968 թուականի Յուլիսի 11ին, իսկ 1969ի Յունուարի 9ին դատապարտուել է 4 տարի ազատազրկման: Կալանավայրում ցուցաբերած ըմբոստ վարքի համար 1970ին նրա ռեժիմը խստացրել են եւ տեղափոխել բանտային ռեժիմ՝ Վլադիմիրի բանտ: Ազատ է արձակուել 1972ի Յուլիսին: Երեւան վերադառնալուց անմիջապէս յետոյ շարունակել է իր ընդյատակեայ գործունէութիւնը, զբաղուել է ԱՄԿ նոր կառոյցների կազմակերպմամբ: Այդ շրջանում Ստեփան Զատիկեանն առաջ էր մղում այն տեսակէտը, որ ընդյատակեայ աշխատանքի լուրջ փորձ ձեռք բերած ԱՄԿականները չպէտք է մանր գործերի մէջ ներքաշուեն ու դրանց պատճառով կալանաւորուեն, այլ պէտք է անշտապ ու խիստ գաղտնի պայմաններում, խորը ընդյատակում պատրաստեն ու կազմակերպեն ազգային-ազատագրական պայքարին իրենց ողջ էութեամբ նուիրուած գործիչներից բաղկացած լուրջ կառոյցներ, որոնք կը կարողանան նոր ու ժամանակակից միջոցներ գտնել ԱՄԿ գաղափարները ժողովրդի լայն շերտերին հասու դարձնելու համար:
1977ի Նոյեմբերի 2ին ՊԱԿի աշխատակիցները Երեւանում ձերբակալում ու մեղադրում են նրան Մոսկուայի մետրոյում իրականացուած պայթիւնը կազմակերպելու համար: 1979թ. Յունուարի 16-20ին, խիստ գաղտնիութեան պայմաններում, ընթանում է այս գործով դատավարութիւնը: Այդ տարիներին խորհրդային Պետական անվտանգութեան կոմիտէի ղեկավար Անդրոպովի յանձնարարութեամբ՝ ողջ դատավարութիւնը նկարահանուել է, բայց մինչ օրս համարւում է գաղտնի եւ հանրութեանը հասանելի չէ: Համացանցում կարելի է գտնել միայն առանձին դրուագներ այդ նկարահանումից, որոնք ռուսական Անվտանգութեան դաշնային ծառայութեան պատուէրով նկարահանուած ֆիլմերում նոյնութեամբ կրկնւում են: Այդ դրուագները համատեքստից կտրուած մէջբերումներ են, որոնք ոչ մի դէպքում չեն կարող ամբողջական պատկերացում տալ ո՛չ ահաբեկչական ակտի կազմակերպման ու իրականացման, ո՛չ նախաքննութեան, ո՛չ դատաքննութեան եւ ոչ էլ մեղադրեալների մասին: Մի դրուագում Ստեփան Զատիկեանն ասում է. «Ես արդէն քանիցս յայտարարել եմ, որ հրաժարւում եմ ձեր դատ-ֆարսից եւ ոչ մի փաստաբանի կարիք չեմ զգում: Ես ինքս եմ մեղադրողը, ոչ թէ մեղադրեալը: Դուք ինձ դատելու իշխանութիւն չունէք, քանի որ ջհուդառուսական կայսրութիւնն իրաւական պետութիւն չէ: Սա պէտք է ամուր յիշել»: Յաջորդ դրուագում ասում է. «Քանզի ռուսներից ու Ռուսաստանից այսօր Հայաստանը բացարձակապէս ոչ մի օգուտ չունի, իսկ դուք ունէք: Այնպէս, որ, եթէ փորձանք կը լինի, փորձանքը կը լինի միայն ձեզ համար, մեզ համար չի լինի, քանզի մենք կորցնելու բան չունենք»: Այնուհետեւ աւելացնում է. «Ես ցանկանում եմ մի քանի խօսք ընկերներիս ասել: Տղէ՛ք, մնաք բարով: Մարդկանց ասէք, որ սրանք Ստեփանի վերջին խօսքերն էին՝ վրէժ, վրէժ եւ նորէն վրէժ»:
Յունուարի 24ին կայացւում է մահուան դատավճիռ: Յունուարի 27ին դատապարտեալներին իրենց հարազատների հետ տեսակցութեան հնարաւորութիւն են տալիս: Տեսակցութեան ժամանակ հարազատներին Զատիկեանն ասում է. «Ամբողջ 15 ամսուայ ընթացքում ես նրանց բառ անգամ չեմ ասել»: Այս խօսքից եւ դատարանի դահլիճում դրսեւորած նրա պահուածքից կարելի է եզրակացնել, որ Ստեփան Զատիկեանը չի ընդունել մեղադրանքը եւ ցուցմունքներ չի տուել: 1979թ. Յունուարի 31ին «Իզվեստիա» թերթը տեղեկացնում է, որ Յունուարի 30ին՝ դատավճռի կայացումից 6 օր անց, մահապատիժն ի կատար է ածուել՝ նշելով միայն Ստեփան Զատիկեանի անունը: Այս վերջին հանգամանքը առիթ էր դարձել, որ խօսակցութիւններ պտտուեն, թէ Յակոբ Ստեփանեանն ու Զաւէն Բաղդասարեանը չեն գնդակահարուել ու կենդանի են:
Յակոբ Ստեփանեանը ծնուել է 1949 թուականին, Երեւանում: Բնակուել է Ստեփան Զատիկեանի հարեւանութեամբ: 1972ին՝ Զատիկեանի ազատ արձակուելուց եւ Երեւան վերադառնալուց յետոյ, մտերմանում է նրա հետ: Ժամանակ անց անդամագրւում է Ազգային միացեալ կուսակցութեանը: 1977թ. Հոկտեմբերի 28ին Մոսկուա-Երեւան գնացքում՝ Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծին ձերբակալւում եւ մեղադրւում է 1977թ. Յունուարի 8ին Մոսկուայի մետրոյում տեղի ունեցած պայթիւնն իրագործելու համար:
Համացանցում առկայ Մոսկուայի մետրոյի պայթիւնի հետ կապուած իրար կրկնող ֆիլմերից մէկում մի փոքրիկ հատուած կայ Ստեփան Զատիկեանի ու Յակոբ Ստեփանեանի միջեւ կայացած առերես հարցաքննութիւնից: Զատիկեանը ողջ ընթացքում լռում է: Խօսում է Յակոբ Ստեփանեանը: Խօսքը էմոցիոնալ է եւ խառը. «Եթէ պէտք լինի, ես կը պայթեցնեմ: Եթէ մեզանից մեկնումէկն էլ կենդանի մնա, եթէ արիւն թափեցիք, նորից կը լինի պայթիւն: Եթէ դուք կրակելու էք՝ կրակէք, բայց ես ասում եմ ձեզ՝ մենք ապրելու ենք: Աւելի վատ ձեզ համար, եթէ մենք ապրենք»: Այնուհետեւ մի հատուած էլ Յակոբ Ստեփանեանի դատավարութեան ժամանակ տուած ցուցմունքներից է: Նա պատմում է, թէ որտեղ են տեղի ունեցել պայթիւնները. «Մէկը Հոկտեմբերի 25ի փողոցում է տեղի ունեցել, միւսը մետրոյում է տեղի ունեցել, միւսը՝ նոյն փողոցի խանութում»: Այնուհետեւ շարունակում է. «Ես գիտէի, որ ռումբ է պայթում, եւ կը լինեն զոհեր»: Չնայած այն հանգամանքին, որ Յակոբ Ստեփանեանը դատապարտուեց մահապատժի, եւ ըստ ամենայնի՝ գնդակահարուել է դատավճռի հրապարակումից 5 օր անց՝ Յունուարի 30ին, բայց փաստ է, որ դատավճռի ի կատար ածելու մասին պաշտօնական հաղորդագրութեան մէջ Յակոբ Ստեփանեանի անունը չի յիշատակւում:
Զաւէն Բաղդասարեանը ծնուել է 1948 թուականին, Արտաշատի շրջանում: Մասնագիտութեամբ նկարիչ էր: 1977թ. Հոկտեմբերի 28ին Մոսկուա-Երեւան գնացքում, Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծին՝ Յակոբ Ստեփանեանի հետ ձերբակալուել է 1977թ. Յունուարի 8ին Մոսկուայի մետրոյում տեղի ունեցած պայթիւնն իրականացնելու մեղադրանքով: Ձերբակալուածները սկզբում պահուել են Երեւանի ՊԱԿի մեկուսարանում: Այնուհետեւ տեղափոխուել են Մոսկուայի ՊԱԿի Լեֆորտովոյի բանտ: Քանի որ այս գործով դատավարութիւնն ընթացել է խիստ գաղտնի պայմաններում, եւ մինչ օրս նախաքննութեան ու դատաքննութեան նիւթերը, գործով կայացուած դատավճիռը համարւում են յոյժ գաղտնի փաստաթղթեր ու պահւում են ռուսական Անվտանգութեան դաշնային ծառայութեան արխիւում, մենք ստիպուած ենք այս գործի մասին դատողութիւններ անել նոյն այդ ծառայութեան՝ հանրութեանը նետուած եւ միայն քարոզչական նպատակներ հետապնդող կցկտուր տեղեկատուութիւնից: Ըստ հակասական խօսակցութիւնների եւ լուրերի՝ Զաւէն Բաղդասարեանը նախաքննութեան ու դատաքննութեան ժամանակ ընդունել է իր մեղքը եւ տուել համապատասխան ցուցմունքներ: Թէ իրականում ինչ է եղել, ինչ կապ ունէր Զաւէն Բաղդասարեանը Ստեփան Զատիկեանի հետ, ինչ ճանապարհներով է նախաքննական մարմինը Զաւէն Բաղդասարեանից իրեն անհրաժեշտ ցուցմունքներ ստացել, եւ իրօ՞ք ստացել է, թէ՝ ոչ, այս հարցերը մինչեւ այսօր անպատասխան են մնում: Մոսկուայի մետրոյում հնչած պայթիւնի մասին ֆիլմերում Զաւէն Բաղդասարեանից չափազանց քիչ բան կայ:
Համեմատաբար մեծ մէջբերումներ կան Զատիկեանի խօսքերից, որոնք նա ասել է դատաքննութեան տարբեր օրերի ընթացքում, քանի որ նոյն հագուստով չէ: Յակոբ Ստեփանեանից ե՛ւ դատաքննական ցուցմունքից մի փոքրիկ հատուած կայ եւ Զատիկեանի հետ առերես հարցաքննութիւնից կայ, իսկ Զաւէն Բաղդասարեանից ընդամէնը դատարանում արտաբերած մի կարճ նախադասութիւն է: Նա ընդունում է ռումբը տեղադրելու հանգամանքը, սակայն, ի տարբերութիւն Յակոբ Ստեփանեանի, որն ասում է՝ տեղադրել են ռումբը, եւ հասկանում էր, որ պայթելու է, ու լինելու են զոհեր՝ Զաւէն Բաղդասարեանը տալիս է խուսափողական պատասխան. «Պայմանաւորուեցինք, դզեցինք, ես շատ գիտեմ՝ պայթելու է, չի պայթելու…»: Զաւէն Բաղդասարեանը Ստեփան Զատիկեանի եւ Յակոբ Ստեփանեանի հետ դատապարտուեց մահապատժի, որն, ըստ «Իզուեստիայ» թերթի հրապարակած տեղեկատուութեան, որտեղ Զաւէն Բաղդասարեանի անունը չի յիշատակւում, ի կատար է ածուել 1979 թուականի Յունուարի 30ին: