ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի քաղաքային գրադարանն ունի 142 ընթերցող:
«Տարուայ ընթացքում գրանցուած գրեթէ բոլոր ընթերոցողներն այցելում են գրադարան», մեզ հետ զրոյցում նշում է գրադարանավար Արփինէ Դաւթեանն ու յաւելում՝ իհարկէ, ցանկալի կը լինէր ընթերցողների կողմից աւելի մեծ հետաքրքրուածութիւն տեսնել գրքի, ընթերցանութեան հանդէպ:
Գրադարանի հիմնական ընթերցողները Քարվաճառի դպրոցականներն են: Ընթերցողներ կան նաեւ ուսուցիչներից, ինչպէս նաեւ՝ գրադարան յաճախ են այցելում շրջանի ուսանողները, որ սովորում են Ստեփանակերտում:
Դպրոցականները գրադարանից հիմնականում վերցնում են հայ դասական գրողների գրքեր, այն ստեղծագործութիւնները, որ նրանց յանձնարարւում է կարդալ դպրոցում:
Դպրոցականները յաճախ ցանկութիւն են յայտնում գրադարանն օգտագործել նաեւ որպէս ընթերցասրահ եւ այստեղ գիրք կարդալ, սակայն դրա համար պայմաններ չկան:
Գրադարանի շէնքային պայմանները բարւոք չեն, տեղը շատ փոքր է, ինչպէս նաեւ՝ գրադարանի սենեակի յատակն անյապաղ վերանորոգման կարիք ունի: Գրադարանն ունի նաեւ գրապահարանների կարիք. այժմ որոշ գրքեր ուղղակի շարուած են յատակին:
Նոր գրքեր ընդունել գրադարանը չի կարող՝ տեղի բացակայութեան պատճառով:
Գրադարանավարի խօսքով՝ գրքերի պակաս կայ, յատկապէս՝ ժամանակակից, նոր հրատարակութեան գրքերի:
«Եղել են դէպքեր, երբ մարդիկ ցանկացել են բաւականին մեծ քանակութեամբ գրքեր նուիրաբերել գրադարանին, սակայն այժմ ընդունել չենք կարող», ասել է գրադարանավարը: Ըստ մեր զրուցակցի՝ լինում են նաեւ դէպքեր, երբ նուիրաբերուող գրքերն այնքան մաշուած ու հին են լինում, որ ուղղակի հնարաւոր չէ գրադարանում օգտագործել: Խօսելով գրադարանի այլ կարիքներից՝ գրադարանավարն ընդգծեց, որ գրադարանի աշխատանքն առաւել արդիւնաւէտ կը դառնայ համակարգչի առկայութեան դէպքում. այն անհրաժեշտ է գրքերի շտեմարան ստեղծելու եւ հարկ եղած գիրքն արագ գտնելու համար:
Խօսելով գրադարանում կազմակերպուող միջոցառումներից՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հայ գրողների ծննդեան օրերին դպրոցականների հետ կազմակերպւում են գրական ցերեկոյթներ:
Այս տարի եւս Փետրուարի 19ին, գիրք նուիրելու օրը, գրադարանում կը կազմակերպուի հանդիպում ընթերցողների հետ, եւ ընթերցողները նուէր կը ստանան գրքեր:
«Ասպարէզ» թերթի համար՝ «Արարատ» հիմնադրամի կողմից