«ՊՆն Կարող Է Քաղաքականացուել, Ոստիկանութիւնը Եւ ԱԱԾն՝ Ո՞չ. Ինչո՞ւ Է Պաշտպանութեան Նախարարը Քաղաքական Մարդ, Ոչ Թէ Զինուորական»
Գիւղատնտեսութեան նախարարութիւնը եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնը իրենց էութիւններով բաւականաչափ տարբեր են: Գիւղատնտեսութիւնը շատ պրակտիկ նախարարութիւն է, իսկ տնտեսական զարգացմանը՝ աւելի փաստաթղթային. չի կարելի դրանք միաւորել իրար հետ: Այս մասին «Թերթ»ի հետ զրոյցում ասաց գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը:
«Գիւղնախարարութիւնը շատ պրակտիկ է, ամէն օր շփւում է գիւղացիների հետ, լուծում է նրանց խնդիրները: Այլ խնդիր է, թէ որքանով է լաւ կամ վատ կատարել իր գործառոյթները: Իմ կարծիքով՝ բաւականաչափ թերութիւններով է իրականացրել, բայց եթէ մարդը թեփոտ է, այդ խնդիրը լուծելու լաւագոյն տարբերակը գլուխը կտրելը չէ: Իսկ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնն աւելի փաստաթղթային նախարարութիւն է: Չի կարելի այս երկուսը միաւորել իրար հետ, դրանք տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց 2 բազմութիւններ են, միաւորելն օգուտ չի տայ», ասաց Արթուր Խաչատրեանը:
Նշենք, որ մօտ ժամանակներում Ազգային ժողով կ՛ուղարկուի Կառավարութեան կ՛առուցուածքային փոփոխութիւնների նախագիծը, որով նախատեսւում է նախարարութիւնների թիւը կրճատել՝ 17ից դարձնելով 12: Գիւղատնտեսութեան նախարարութիւնը նախատեսւում է միացնել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեանը:
Արթուր Խաչատրեանի խօսքով՝ աշխարհի երկրների մեծամասնութիւնում գիւղատնտեսութեան նախարարութիւնն առանձին նախարարութիւն է, իսկ ՀՀի պարագայում առանձին գիւղնախարարութիւն ունենալը շատ աւելի կարեւոր է:
«Մեզ մօտ շատ աւելի կարեւոր է, քան ԱՄՆում կամ Կանադայում, որովհետեւ մեր ՀՆԱի 15 տոկոսը գալիս է գիւղատնտեսութիւնից: Եթէ դրան գումարենք նաեւ վերամշակուող արդիւնաբերութիւնը, 10 տոկոս էլ դա, այսինքն՝ մօտ 25 տոկոսը գալիս է գիւղատնտեսութիւնից: Հետեւաբար, շատ կարեւոր է, որ մենք ունենանք առանձին գիւղնախարարութիւն: Շատ երկրներում կան գիւղատնտեսութեան նախարարութիւններ, որոնց կցուած են նաեւ այլ գործառոյթներ, օրինակ՝ գիւղատնտեսութեան եւ բնապահպանութեան, ինչպէս Վրաստանում է, կամ գիւղատնտեսութեան եւ պարէնի եւ այլն: Այսինքն՝ գիւղատնտեսութիւնը կարեւորւում է որպէս առանձին գործառոյթ», նշեց նախկին գիւղնախարարը:
Արթուր Խաչատրեանը նկատում է նաեւ, որ նախարարութիւնների կրճատումից յետոյ հազարաւոր քաղաքացիներ դառնալու են գործազուրկ, առաջանալու է սոցիալական խնդիր:
«Կրճատուած մարդկանց ի՞նչ ենք անելու: Պետութիւնն այդ մարդկանց օգտագործել է, մարդը բուհն աւարտել է, եկել է, աշխատել, պետութիւնը նրան որոշակի ապահովութիւն է խոստացել, հիմա ասում է՝ դու ինձ այլեւս պէտք չես, հանում, դուրս ես շպրտում», ասաց նա:
Բացի նախարարութիւնների կրճատումից, քաղաքական դաշտում քննարկւում է նաեւ ուժային կառոյցների կարգավիճակի հարցը: Մասնաւորապէս, «Լուսաւոր Հայաստան» խմբակցութիւնն առաջարկում է Ազգային անվտանգութեան ծառայութեանը եւ Ոստիկանութիւնը դարձնել նախարարութիւն, բայց իշխանութիւնների խօսքով՝ դա կը բերի ուժային կառոյցների քաղաքականացման: «Իմ Քայլը» եւս համաձայն է սուպերվարչապետական համակարգից հրաժարուելուն: Ըստ խմբակցութեան՝ ուժային կառոյցները պէտք է վարչապետի ենթակայութիւնից հանուեն եւ կառավարութեան կամ խորհրդարանի հսկողութեան տակ լինեն:
«Սուպերվարչապետական համակարգը պէտք է կազմալուծուի եւ լինի նորմալ, քաղաքակիրթ վարչապետական համակարգ, այսինքն՝ ուժային կառոյցները ենթակայ լինեն կառավարութեանը: Քաղաքականացուելու հիմնաւորումը ինձ համար հասկանալի չէ: Պաշտպանութեան նախարարութիւնը կարող է քաղաքականացուել, ոստիկանութիւնը՝ ո՞չ: Այդ դէպքում ինչու է պաշտպանութեան նախարարը քաղաքական մարդ, ոչ թէ զինուորական: Ոստիկանութիւնը եւ ԱԱԾն պէտք է լինեն կառավարութեան կազմում, որպէսզի պատասխանատուութիւն լինի կառավարութեան առջեւ եւ այդ խողովակով նաեւ պատասխանատու լինի ԱԺին», նշեց Արթուր Խաչատրեանը: