ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելում գործող Թուֆենքեան արուեստի կենտրոնը 2018 թուականն ամփոփեց տօնական խմբակային ցուցահանդէսով, որտեղ ընդգրկուած էին հայ եւ օտարազգի 29 արուեստագէտներ:
«Ցանկանո՛ւմ էինք նշանաւորել Թուֆենքեան կենտրոնում պարբերաբար ցուցադրուող նկարիչներին, ովքեր ստեղծագործում են տարբեր ոճերում՝ հիմնականում ժամանակակից եւ աբստրակտ: Այդ արուեստագէտներին միաւորում էր այն, որ իւրաքանչիւրը պատմութիւն էր պատմում՝ իրեն բնորոշ բացառիկ ոճով, եւ դիտողին, բացի գեղարուեստական տարրից, փոխանցում է նաեւ տեղեկութիւն», նշեց կենտրոնի հիմնադիր-տնօրէն Քերոլայն Թուֆենքեանը:
Թուֆենքեան ցուցասրահը գործունէութեան կարճ ժամանակահատուածում դարձել է բացառիկ արուեստի կենտրոն, որ միաւորում է Հայաստանում, Միացեալ Նահանգներում եւ աշխարհի այլ երկրներում ստեղծագործող ժամանակակից հայ արուեստագէտներին: Միաժամանակ՝ հարթակ է, որտեղ տեղի է ունենում տարբեր մշակոյթների երկխօսութիւն համամարդկայինի շուրջ:
Ցուցասրահի երկու հարկերում ներկայացուած արուեստագէտներին ու նրանց աշխատանքները Քերոլայն Թուֆենքեանը մանարամասն է ներկայացնում՝ պատմելով նրանց ոճային եւ թեմատիկ ուղղուածութիւնների մասին:
Սեդա Մանուկեանի աշխատանքներն առաջին անգամ են Թուֆենքեան արուեստի կենտրոնում: Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում ուսանած Մանուկեանը, հոգեւորի հետքերով որոշ ժամանակ բուդիստ միանձնուհի է եղել Շրի Լանկայում: Ապրումներն ու խոհերը նկարչուհին արտայայտել է կտաւի վրայ՝ դրական լիցքերի յորձանուտ ապահովելով դիտողի համար: Նրա վարդերի պատկերին համահունչ են հարեւանութեամբ ներկայացուած Վահէ Պէրպէրեանի՝ մաքրութիւն խորհրդանշող ճերմակ ծաղիկները: Ցուցասրահի այցելուներն առիթ կ՛ունենան բացայայտելու սիրուած արուեստագէտի եւս մէկ տաղանդը: Թուֆենքեան կենտրոնի առաջնաբակն էլ զարդարում է Հէրի Որբերեանի «Լիլիի այգիների» ինստալիացիան՝ երկաթեայ բազմագոյն ծաղիկներ, որոնք արուեստագէտը ստեղծել է մեծ մօր ձեռագործի նախշերից ազդուած: Որբերեանի աշխատանքները նաեւ սոցիալական, քաղաքական թեմաներով են, եւ պատրաստւում են տարբեր նիւթերից:
Թուֆենքեան արուեստի կենտրոնի մշտական հաւաքածուներում շատ են Հայաստանում ստեղծագործող արուեստագէտների աշխատանքները, ինչը նաեւ հիանալի հնարաւորութիւն է ծանօթանալու հայրենիքում գործող ժամանակակից նկարիչներին ու ոլորտում առկայ միտումներին:
«Արթուր Սարգսեանի աշխատանքները կարծես կամրջեն անցեալն ու ներկան, ներկայացնեն հայերի եւ համաշխարհային պատմութիւնը, որ ամէն դիտելուց նորովի ես բացայայտում», մեկնաբանում է Թուֆենքեանը:
Սարգսեանի աշխատանքները ներկայացուած են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Երեւանի ժամանակակից արուեստի թանգարանում, իսկ Լոս Անջելեսում՝ Թուֆենքեան կենտրոնում:
Ցուցադրութեանը տօնական տրամադրութիւն են հաղորդում երիտասարդ նկարիչ, քանդակագործ Արշակ Սարգսեանի աշխատանքները: Դիմակահանդէս, երիտասարդական աւիւն, իրականի ու երեւակայականի ներդաշնակ միաձուլում, կերպարներին տրուած է ազատութիւն, թռիչքի հնարաւորութիւն՝ բացայայտուելու եւ ազատօրէն արտայայտուելու:
Այս ինքնատիպ արուեստագէտին անուանում են Երեւանի երիտասարդական մշակոյթի տեսողական պօէտ: Վիդէօ արտ ժանրում հիմնականում ստեղծագործող Համլէտ Յովսէփեանը նաեւ աբստրակտ ոճում ստեղծագործող ճանաչուած նկարիչ է:
«Իմ նկարչութիւնը ֆիգուրատիւ չէ, այնտեղ պատկեր չկայ, ես գիծ եմ նկարում , գիծ եւ գոյն, բայց աւելի շատ՝ աբսուրդ եմ նկարում: Գոյների մէջ մեծամասամբ խառնում եմ ալիւմինի փոշի: Ես այդպէս եմ զգում գոյները եւ դա հաւանաբար գալիս է այն տարածութիւնից, որում ես ապրում եմ», զրոյցներից մէկում նշել է արուեստագէտը, որ իր աշխատանքներում օգտագործում է նաեւ հայրենի Աշնակ գիւղի հողը: Թուֆենքեան կենտրոնում նրա աշխատանքը տարբեր մեկնաբանութիւնների տեղիք է տալիս՝ յիշեցնելով մերթ ամպ, մերթ Յիսուսի փշէ պսակը:
Հայ նկարչուհիների գործերը Թուֆենքեան ցուցասրահին իւրայատուկ պայծառութիւն են հաղորդել: Փոփ արտ ոճում Եւգինէ Մարտիրոսեանի նկարները գունաշքերթ են յիշեցնում: Նկարչուհու խօսքով, իր նպատակն է ստեղծել ներդաշնակուելու արուեստ, որը մտախոհական ազդեցութիւն կ՛ունենայ:
«Նկարներս լցուած են տիեզերքից եկող էներգիաներով, ուղերձներով, ինչի արձագանգը մարդկանց աչքերի մէջ երեւացող սիրոյ, հիացմունքի դրսեւորումներն են», ասել է Եւգինէն:
Դիանա Յակոբեանի նկարներն էլ լի են շարժումով՝ համարձակ, անկաշկանդ ու սաւառնող:
Հայաստանում ծնուած եւ երկու տասնամեակից աւելի Լոս Անջելեսում գործող հայ արուեստագէտներից է Գեղամ Խաչերեանը, ով նախնական բարձրագոյն կրթութիւնը հայրենիքում ստանալուց յետոյ, ուսումնասիրել է տարբեր երկրների դպրոցներ՝ արդիւնքում ձեւաւորելով իր ուրոյն ոճը: Ոլորտի ամերիկեան շրջանակներում յայտնի նկարչի աշխատանքներում երազայինի կողքին իրական պատկերներ են, որոնք դիտողին տեղափոխում են մէկ այլ տարածաչափութիւն:
Վաչագ Տէր Սարգսեանի աշխատանքում էլ ներդաշնակօրէն միաւորուած են տարբեր մշակոյթներ:
Հայ մանրանկարչութեան աւանդոյթներն էլ իւրատեսակ արտայայտութիւն են գտել Արամ Վարդանովի գործերում: Նրա աշխատանքներում հիմնական տեղ է զբաղեցնում «մայր եւ զաւակ» թեման: Աստուածածնի եւ որդու պատկերների տարբեր արտայայտումների միջոցով, Վարդանովը ամէն անգամ նորովի է բացայայտում մօր եւ զաւակի սէրը: Ռուբէն Ամիրեանն էլ, Վաշինգտոնից, ճարտարապետութեան հետ մէկտեղ նկարում է, աբստրակտ ժամանակակից ոճով: Նրա բնապատկերները ներկայացւում են աբստրակտ ձեւերով:
Յայտնի երաժիշտ Սերժ Թանկեանի նկարներն էլ երաժշտութեան շուրջ են՝ կոլաժներ, որոնք ստեղծուած են նուագարաններից ու նոտաներից:
Թուֆենքեան արուեստի կենտրոնին յաջողւում է գտնել ու ներկայացնել նաեւ Եւրոպական երկրներում յաջողութիւնների հասած հայ արուեստագէտների:
Շուէյցարիայում ստեղծագործող իրանահայ նկարչուհի Ալինա Մնացականեանը զանազան մեդիաների՝ գեղանկարչութեան, ինստալացիաների միջոցով առանցքում է պահում ինքնութեան, սահմանների ու սոցիալական անարդարութեան հարցերը: Հունգարիայում, յատկապէս իր մոնումենտալ քանդակներով յայտնի Մամիկոն Ենգիբարեանի, Բեռլինի արուեստագիտական շրջանակներում մեծ ճանաչում ունեցող Սեմ Գրիգորեանի, սիրիահայ Հայկ Կարգայեանի աշխատանքներն էլ տեղ են գտել տօնական ցուցահանդէսում:
Ցուցադրութեան դասական մասն ապահովում են Յակոբ Յակոբեանի երկու աշխատանքները: Իր ստեղծագործական առաջին շրջանում Յակոբեանի գործերում գերակշռել են նատիւրմորտները, որտեղ ընդգծուած են տխրութեան ու առանձնութեան զգացումները:
«Եգիպտոսում ծնուած եւ Փարիզում սովորած մեր տաղանդաւոր հայրենակիցը, երբ վերադարձաւ Հայաստան՝ սկսեց նկարել առաւել բնապատկերներ, եւ մարդկային պատկերները իր նկարներում սկսեցին փոխարինուել տղամարդ եւ կին մանեկեններով: Մեր ցուցասրահի այցելուների մեծ մասը, երկար ժամանակ է անցկացնում Յակոբեանի «Գայթակղութիւն» կոչուող նկարի դիմաց՝ անվերջ քննարկելով այն», նշում է Թուֆենքեանը: Նա այնուհետեւ ներկայացնում է ամերիկեան ժամանակակից վիմագրութեան «կնքահայր» բնորոշուած ամերիկահայ Կարօ Անդրէասեանի աշխատանքները: Ամերիկեան արուեստում իր ներդրումների համար, Անդրէասեանը 20րդ դարի կէսերին ճանաչուել է լաւագոյն նորարարներից: Նրա աշխատանքները տեղ են գտել ԱՄՆի շուրջ 60 թանգարանների մշտական հաւաքածուներում, ներառեալ՝ Ժամանակակից Արուեստի, Նիւ Եորքի Մետրոպոլիտէն, Գուգենհայմ թանգարաններում:
Թուֆենքեան արուեստի կենտրոնի տօնական ցուցադրութիւնը լաւագոյն առիթ էր ծանօթանալու նաեւ ամերիկացի ու լատինական ծագմամբ արուեստագէտների: Բերկլիի եւ Կոլումբիայի համալսարանների շրջանաւարտ Սիգրիդ Բըրթընը, գոյների իւրայատուկ միախառնումով, ստեղծում է հեքիաթային մթնոլորտ, որ համապատասխան լիցքեր է փոխանցում: Դենի Շէյնն էլ իւրովի է ներկայացնում իրեն շրջապատող քաղաքային միջավայրը:
Նկարչուհի, գիտնական, գրող Ֆաթիմա Բըրնզի գործերն առաջին հայեացքից պարզունակ են թւում, մինչ այն պահը, երբ մօտից ես սկսում դիտել եւ բացայայտել շերտերը, որ նաեւ ասֆալտից են ստեղծուած: Ինքնութեան, ներգաղթի, սիրոյ թեմաների շուրջ է ստեղծագործում իրանցի նկարիչ Ֆարհզադ Քոհենը, ով տարբեր ձեւերով փորձում է ներկայացնել Ամերիկեան երազանքը: Հետաքրքրական էին նաեւ Օդրի Բի Քարտերի, Ալէին Ֆաթալի, Նանոյ Ռուբիոյի, Կառլոս Բելտրանի, Սերժիոյ Ուիլթօնի եւ Թօնի Զալբենի աշխատանքները:
Թուֆենքեանի տօնական ցուցադրութիւնն ու այցելուների բազմազանութիւնը վկայեց, որ ստեղծումից մէկ տարի անց, արուեստի այս կենտրոնին յաջողուել է ճանաչուել ամերիկեան արուեստագիտական շրջանակներում: Պատկերասրահում ցուցադրութիւն է կազմակերպել ու համակարգել արուեստի յայտնի քննադատ Փիթեր Ֆրանքը:
«Մենք ապրում ենք տարբեր մշակոյթներ ունեցող վայրում, եւ արուեստը միմեանց հետ ծանօթանալու լաւագոյն միջոցներից է: Այդ նպատակով ստեղծում ենք հարթակ, որ թոյլ կը տայ տարբեր ազգերի արուեաստագէտներին ճանաչել միմեանց, միաժամանակ՝ հայ արուեստագէտների համար ստեղծում ենք պայմաններ՝ ներկայանալու նաեւ Միացեալ Նահանգներում», նշեց արուեստի գիտակ Քերոլայն Թուֆենքեանը: