ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ
«Մեր պատմութեան գանձերը ա՛յս հողի մէջ հաւաքուեն: Թող բոլորը մեր պատմութեան գանձերը հայրենիք բերեն: Սփիւռքում մենք կորչում ենք, եւ մեր պատմութեան ու մշակոյթի արժէքների պահպանման ամենաանվտանգ վայրը Հայաստանն է: Մեր գանձերը հայրենի հողում պէտք է պահենք», այս համոզմանն է նորջուղայեցի ականաւոր հայագէտ, մանկավարժ ու մտաւորական Լեւոն Մինասեանի դուստրը՝ Արմինէ Մինասեանը:
Վերջերս Արմինէ Մինասեանը Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանին նուիրաբերեց 21 միաւորից բաղկացած 1668-1912թթ. հնատիպ արժէքաւոր գրքեր եւ հայագիտական գրականութիւն: Դրանք լայն աշխարհագրութիւն են ընդգրկում, ինչպէս պատմութեան ընթացքում ստեղծուած մեր հռչակաւոր մշակութային օջախները՝ Մադրաս, Վենետիկ, Ամստերդամ, Կ. Պոլիս, Էջմիածին, Հռոմ, Մարսել… Գրքերի շարքում առանձնայատուկ տեղ ունեն յատկապէս մի քանիսը՝ «Մովսէս Խորենացի. Գիրք Աշխարհաց Եւ Առասպելաբանութեանց, Ամստերդամ, 1668», «Դաւիթ Անյաղթ. Գիրք Սահմանաց, Մադրաս, 1797», «Եղիշէ. Պատմութիւն Վարդանանց, Կ. Պոլիս, 1764», «Պաղտասար Դպիր. Քերականութիւն, հտ 1-2, Մադրաս, 1791», «Տօմար. Վենետիկ, 1685»… Հաւաքածուի գրքերի շարքում կան այնպիսիք, որոնք միակ պահպանուած օրինակներն են հանդիսանում Մատենադարանում: Գրքերի հաւաքածուն նաեւ այս տեսանկիւնից է արժէքաւոր:
Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի տնօրէն Վահան Տէր Ղեւոնդեանը, կարեւորելով Արմինէ Մինասեանի արժէքաւոր նուիրատուութիւնը, նախեւառաջ ընդգծեց այն մեծ դերը, որ Լեւոն Մինասեանը կատարել է հայագիտութեան մէջ: Նրա խօսքով՝ Լեւոն Մինասեանը եղել է այն խոշորագոյն գիտնականը, որի գործունէութիւնը հաւասարապէս բարձր են գնահատել թէ՛ աշխարհիկ եւ թէ հոգեւոր իշխանութիւնները:
«Ուզում եմ նրա մասին խօսել՝ որպէս մեծ բարերարի: Լեւոն Մինասեանը մինչ օրս եղել է Մատենադարանի խոշոր բարերարներից մէկը: Նա տարիների ընթացքում Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանին է նուիրաբերել 54 արժէքաւոր ձեռագրերի մի հսկայ հաւաքածու: Նա մի մարդու կերպար էր, ով անմնացորդ նուիրուած էր դպրութեանը, հայագիտութեանը եւ կրթութեանը», ասաց նա:
Վահան Տէր Ղեւոնդեանի բացման խօսքում ներկաներից շատերն առաջին իրենց համար բացայայտեցին Լեւոն Մինասեան հայագէտին: Իմացան, որ Նոր Ջուղայում մօտ ինը տասնամեակ ապրել ու արարել է մի մեծ հայորդի, ով տարիներ շարունակ բծախնդրօրէն դասաւորել է Ս. Ամենափրկիչ վանքի դարաւոր արխիւը՝ 1606-1983թթ.: Կազմել է վանքում պահուող հնագոյն հայկական ձեռագրերի մատենագիտական ցուցակը: Տաղանդաւոր գիտնականը հեղինակել է 60ից աւելի մեծածաւալ աշխատութիւններ, մենագրութիւններ, հազարաւոր յօդուածներ, որոնք սերունդներին են ժառանգում Ջուղայի հարուստ պատմութիւնը: Նրա ուսումնասիրոթիւններից պարզ է դառնում, որ, օրինակ, Իրանում եւ Միջին Արեւելքում առաջին տպարանը հիմնել են հայերը՝ 1636 թ.ին, իսկ երկու տարի անց՝ 1638 թ.ին Խաչատուր վարդապետ Կեսարացու տպագրած գիրքը՝ «Սաղմոս Դաւթի Որ Եւ Կոչի Սաղմոսարան», եղել է առաջինը ամբողջ մերձաւորարեւելեան տարածաշրջանում: Հայերն այդ երկրում ամէնուր նպաստել են գիտութեան եւ մշակոյթի տարբեր ճիւղերի զարգացմանը: Լեւոն Մինասեանի աշխատութիւնների շարքում կարեւոր տեղ ունեն «Ցուցակ Ձեռագրաց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանաց Թանգարանի» գրքի երկրորդ հատորը, «Պատմութիւն Փերիայի Հայերի. 1606-1957 թթ.», «Փերիայի Հայ Աշուղները», «Իրանի Հայկական Վանքերը», «Տպագիր Գիրքը Իրանում. 1638-2000 թթ.» մենագրութիւնները եւ այլն: Յիշատակման է արժանի նաեւ «Պատմագիր Ստեփանոս Երէց» գիրքը, որը լոյս է տեսել դեռեւս 1956 թ.ին: Այստեղ Լեւոն Մինասեանն առաջին անգամ անդրադարձ է կատարել Ստեփանոսի՝ քահանայի ու մտաւորականի կեանքին, պատմագիտական ու գրական ժառանգութեանը: Հէնց այս պատմագրի թողած կարեւոր յիշատակութիւններն են, որ Լեւոն Մինասեանի համար հիմք են դարձել ուսումնասիրելու Նոր Ջուղայի հարուստ անցեալն ու մշակոյթը: Հայագիտութեան մէջ ունեցած աւանդի համար Լեւոն Մինասեանը 1973թ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Խորէն Ա. վեհափառի ձեռքով պարգեւատրուել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Նա մշտապէս սերտ կապերի մէջ է եղել հայրենիքի հետ՝ յատկապէս Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի եւ Հայաստանի Ազգային գրադարանի, ինչպէս նաեւ մեծանուն բանաստեղծների, արուեստագէտների ու գրողների հետ:
Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագրերի ինստիտուտի տնօրէնը՝ ի նշան երախտագիտութեան, Արմինէ Մինասեանին պարգեւատրեց «Մատենադարան» յուշամեդալով՝ նրան բնութագրելով որպէս «արժանաւոր մարդու արժանի դուստր»:
Խօսքով հանդէս եկաւ Մատենադարանի գլխաւոր ֆոնդապահ Գէորգ Տէր Վարդանեանը: Իր հերթին նա հայեացք գցելով Լեւոն Մինասեանի թողած գիտական ժառանգութեանը՝ յատկապէս առանձնացրեց աշխատութիւնները, հայագիտական յօդուածները. «Ես բախտ եմ ունեցել առնչուելու իրանահայ գիտնական Լեւոն Մինասեանի հետ: Մենք պարտաւոր ենք կազմելու Լեւոն Մինասեանի մատենագիտութիւնը եւ նրա երկերը հրատարակել ծաւալուն հատորների տեսքով: Գիտութեան իմաստով նա 20րդ դարի իրանահայ ամենաերեւելի մտաւորականն է՝ ճիշդ այնպէս, ինչպէս Երուսաղէմի հայկական կաճառի լաւագոյն գործիչ Նորայր արք. Պողարեանը», ասաց նա:
Եւ դա տեղին համեմատութիւն է. Նորայր արք. Պողարեանը եղել է Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց ձեռագրերի մատենադարանի տնօրէնը: Նրա նշանաւոր գործերից մէկը եղել է այն, որ կազմել է Երուսաղէմի վանքի հայերէն ձեռագրերի գիտական ցուցակը՝ «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբեանց» (հ. 2-4, 1953-1960), որտեղ նկարագրել է 560 ձեռագիր՝ նկարագրուած գրչագրերի թիւը հասցնելով 700ի: «Մայր ցուցակ…»ի երկրորդ հրատարակութիւնը (հ. 1-11, 1966-1997) ամփոփում է 3900 ձեռագրերի նկարագրութիւն: Այստեղ առաջին անգամ ներկայացուել են մի շարք նորայայտ ձեռագրեր, որոնք բնագրային մեծ արժէք ունեն:
Լեւոն Մինասեանի դստեր՝ Արմինէ Մինասեանի կողմից արժէքաւոր գրքերի նուիրատուութեան առթիւ խօսք ասաց նաեւ Մատենադարանի գրադարանավար Ռայա Բլբուլեանը: Նա այդ իրադարձութեան առթիւ յայտնելով իր ուրախութիւնը՝ ընդգծեց. «Գր-քեր կան, որոնք պէտք է ուսումնասիրել, ճշգրտել հրատարակութեան տեղը, տարեթիւը… Դրանք որոշակի աշխատանք են պահանջում: Սակայն ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Արմինէ Մինասեանին, նրան մաղթել առողջութիւն եւ յաջողութիւն: Եւ սպասում եմ գրքերի հերթական խմբաքանակին», ասաց նա:
Նշենք, որ այս հաւաքածուն Արմինէ Մինաասեանի միակ նուիրատուութիւնը չէ Հայաստանին: Լեւոն Մինասեանի՝ հնագոյն ձեռագրերի ու գրքերի հաւաքածուն կազմել է շուրջ 3000 միաւոր, որոնք թուագրւում են 15-16րդ դարերով: Դրանց մի մասը նուիրաբերուել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Մատենադարանին: Իսկ մնացածը մօտ երկու տարի առաջ Արմինէ Մինասեանը տեղափոխել է Հայաստան եւ ի պահ տուել Եղիշէ Չարենցի գրականութեան եւ արուեստի թանգարանին, այդ թւում՝ արժէքաւոր գեղանկարներ: Նիւ Եորքի իր տանը դեռ շատ հնատիպ գրքեր ու ձեռագրեր կան: Խոստանում է յաջորդ տարի մնացեալ գանձերը եւս բերել Հայաստան, ինչպէս նաեւ հայ մշակոյթի համար կարեւոր արժէք ունեցող գրքեր, արուեստի գործեր:
«Ինձ համար շատ դժուար է բաժանուել այս գրքերից: Բայց ամենաապահով վայրը, որտեղ պէտք է պահպանուեն մեր պատմութեան նշխարները, այս սուրբ կառոյցն է՝ Մատենադարանը», ասում է Արմինէ Մինասեանը եւ, ձեռքը վերցնելով հնատիպ գրքերից մէկը՝ «Սաղմոս Դաւթի որ եւ կոչի Սաղմոսարան», շարունակում է:
«Հայրս իր բոլոր գրքերի վրայ իր գրադարանի կնիքն էր դնում: Իսկ այս մէկը յատկապէս եղել է իր համար ամենաթանկերից մէկը, որի վրայ կնքել է՝ «Իմ սիրելի գրքոյկը»: Նա յիշում է նաեւ մի պատմութիւն՝ կապուած Լեւոն Մինասեանի Նիւ Եորք կատարած այցի հետ. «Տարիներ առաջ հօրս իմ տուն էի հրաւիրել: Մի օր նա տանից դուրս եկաւ եւ ժամեր շարունակ չվերադարձաւ: Խիստ անհանգիստ էի: Մտածում էի՝ արդեօք ճամբան չի՞ կորցրել այդ մեծ քաղաքում: Եւ ահա գիշերուայ ուշ ժամի հայրս տուն մտաւ՝ մի քանի մեծ կապոց ձեռքին: Պարզուեց Նիւ Եորքում ապրում է մի հայ մարդ՝ Յարութիւն Հազարեանը, ով ձեռագրերի մեծ հաւաքածու ունէր: Հայրս իմացել էր նրա մասին եւ գնացել էր ձեռագրային այդ արժէքաւոր հաւաքածուն ուսումնասիրելու եւ գնելու…»։
Այսպիսին է եղել Լեւոն Մինասեան հայագէտն ու մտաւորականը: Եւ ազգայինը գնահատելու, պահպանելու, հպարտանալու ոգով էլ դաստիարակել է իր զաւակներին: Արմինէ Մինասեանը եւս իր կեանքը նուիրել է Սփիւռքում հայապահպանման գործունէութեանը՝ հայ սերնդին մշտապէս հաղորդակից դարձնելով իր արմատներին ու մշակոյթին:
Արմինէ Մինասեանը խոր ե-րախտագիտութիւնը յայտնեց Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի տնօրէնին, գիտնականներին եւ նրանց, ովքեր կանգնած են մեր ազգային ժառանգութեան կողքին ու ջանք չեն խնայում մեր արժէքները ապագայ սերունդներին փոխանցելու համար: Իրեն ուղղուած շնորհակալական խօսքերին էլ արձագանքում է. «Ես միայն կատարել եմ պարտքս իմ ազգի, իմ մշակոյթի եւ հօրս առաջ: Մեր պապերը դարեր շարունակ ջանք են թափել պահպանելու հայ ինքնութիւնը: Եւ եթէ մենք այսօր կորցնենք մեր մշակոյթը, լեզուն, կը կորցնենք մեր ազգութիւնը: Շատ ուրախ եմ, որ այսօր հայրս ժպտում է վերեւից»: