ԵՐԵՒԱՆ.- Վարչապետի ընտրութեան հարցի քննարկման Ազգային ժողովի յատուկ նիստին ընթացքին, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքէլեան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանին ուղղեց հետեւեալ հարցումը. «Պարոն Փաշինեան, իրաւացիօրէն դուք այսօր ձեր ելոյթը խարսխեցիք տնտեսութեան զարգացման ապագայ հեռանկարների վրայ: Բայց եւ այնպէս, հայ ժողովրդի համար արտաքին քաղաքականութեան մարտահրաւէրներից դեռեւս մնում են հայ-թուրքական յարաբերութիւնները: Յայտնի արձանագրութիւնները այլեւս առոչինչ են, բոլորին դա յայտնի է: Այնուամենայնիւ, հետաքրքիր է ձեր տեսակէտը ապագայում հայ-թուրքական յարաբերութիւնների հետ կապուած: Ի վերջոյ, մեր սահմանները մնում են փակ, եւ այդ մարտահրաւէրը մնում է դեռեւս առաջնահերթ»:
Նիկոլ Փաշինեան պատասխանեց. «Եթէ թոյլ կը տաք, ես ձեր հարցին մի քիչ ընդարձակ պատասխանեմ: Վերջերս մի շատ փորձուած դիւանագէտի հետ հանդիպման ժամանակ, երբ խօսք էր գնում մեր երկրի իրավիճակի մասին, ես նրան ներկայացրեցի Հայաստանի սահմանային վիճակը՝ ներկայացնելով, որ Հայաստանը չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ են: Ընդ որում, փակ են միեւնոյն հարցի՝ Արցախի հակամարտութեան պատճառով: Ընդ որում, դա աբսուրդ (անհեթեթ-Խմբ.) է, որ մի երկիրը միւս երկրի հետ յարաբերութիւնները կապում է երրորդ երկրի հետ նրանց ունեցած յարաբերութիւններով: Ես ասացի նաեւ, որ մենք ունենք երկու սահման, որոնք իրականում կիսաբաց կարելի է համարել: Քանի որ, օրինակ, Իրանի հետ սահմանը ամէն պահի կարող է դէ ֆակտօ փակուել աշխարհաքաղաքական պատճառներով՝ ԱՄՆ եւ Իրանի միջեւ յարաբերութիւնների պատճառով: Հայաստան-Վրաստան սահմանը եւս կարող է փակուել աշխարհաքաղաքական կամ վատ եղանակային պայմանների պատճառով: Փաստօրէն, կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետութիւնը կղզի է առանց ծովի: Ես նրան հարցրեցի, թէ կարող է նա արդեօք խորհուրդ տալ՝ ինչպէս պէտք է վարուի Հայաստանի Հանրապետութիւնը այս պայմաններում: Եւ սա, կարծում եմ, վերջին փաստարկն էր, որն օգնեց փորձուած դիւանագէտին ընդունել մեր դիրքորոշումները եւ փաստարկները, որոնք մենք բերում էինք արտաքին քաղաքական շատ կնճռոտ մի հարցի քննարկման ժամանակ:
Հայ-թուրքական յարաբերութիւնների հետ կապուած ես կարող եմ ասել նոյնը, ինչ որ ասուել է միշտ: Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը: Ընդ որում, խնդրում եմ որեւէ մէկը որեւէ կերպ սա չմեկնաբանի, թէ մենք, այս դիրքորոշմամբ որեւէ կերպ նսեմացնում ենք 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը, որովհետեւ Ցեղասպանութեան ճանաչման հարցը մեզ համար եւ մեր ընկալմամբ հայ-թուրքական յարաբերութիւնների խնդիր չէ: Դա մեզ համար անվտանգութեան եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան, այլ նաեւ միջազգային անվտանգութեան խնդիր է, եւ դա մեր ներդրումն է Ցեղասպանութիւնների կանխարգելման համաշխարհային եւ միջազգային շարժմանը եւ պրոցեսին (գործընթացին-Խմբ.): Այնպէս որ Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է առանց նախապայմանների բացել սահմանը, ըստ էութեան մեր սահմանը մեր կողմից փակ չէ: Սահմանը փակ է Թուրքիայի կողմից: Եւ Թուրքիայի կողմից փակ է Ղարաբաղեան հակամարտութեան պատճառով, եւ դա վատ քաղաքականութիւն է, որովհետեւ եթէ որեւէ մէկը յոյս ունի թէ Հայաստանի Հանրապետութեանը կամ Արցախի ժողովրդին կարող է հարկադրանքի եւ սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղի հարցի կարգաւորման այս կամ այն տարբերակի, ինքը ուղղակի սխալւում է: Եւ ես ուզում եմ, որ մենք բոլորս սա արձանագրենք: Այո՛, մենք պատրաստ ենք հարցի կարգաւորման շուրջ բանակցային գործընթացի, բայց բացառում եմ, որ մեր կառավարութիւնը եւ մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որեւէ քայլ անել: Ընդհակառակը այդ ամէնի գործադրմամբ, մենք աւելի կ՛ամրանանք, աւելի կը համախմբուենք եւ ի վերջոյ կը հասնենք մեր ազգային նպատակներին»: