Միացեալ Նահանգների Կոնգրեսում շուտով կարող է հայազգի եւս մէկ կոնգրէսական յայտնուել: Դանիէլ, կամ Դենի Թարխանեանը Լաս Վեգասում Հանրապետական կուսակցութեան հիմնական թեկնածուն է, ով Նոյեմբերի 6ի ընտրութիւններին պայքարելու է Դեմոկրատական կուսակցութեան թեկնածու Սիւզի Լիի դէմ: «Ամերիկայի Ձայն»ի հետ զրոյցում յաղթանակի իր հնարաւորութիւնները Թարխանեանը գնահատում է զգոյշ լաւատեսութեամբ.
«Դա մեծ պատիւ է ինձ համար ու յոյս ունեմ՝ հայ համայնքին հպարտանալու հիմք կը տամ, երբ լինեմ Վաշինգտոնում»:
Հանրապետականներին աջակցող Նեւադայում Թարխանեանն իրօք յաղթանակի լաւ հնարաւորութիւններ ունի, յատկապէս հաշուի առնելով, որ նրան իր աջակցութիւնն է յայտնել այստեղ բազմաթիւ կողմնակիցներ ունեցող ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Դենիի հայրը, բասկետբոլի տեղական թիմի մարզիչ Ջերի Թարխանեանը, Լաս Վեգասում լեգենդ (առասպել-խմբ.) էր համարւում:
«Հայրս ինձ միշտ յիշեցնում էր, թէ որքան ամուր է հայ համայնքը, որքան է աջակցում միմեանց: Նա պատմում էր, որ երբ իր մայրը, խոյս տալով Ցեղասպանութիւնից, Ամերիկա էր եկել, ոչինչ չունէր, եւ իրեն սատարում էին տեղի հայ ընտանիքները», պատմում է Թարխանեանը:
Թարխանեանը դասական հանրապետական է: Նա սատարում է զէնք կրելու իրաւունքը եւ ներգաղթային կոշտ քաղաքականութիւնը, աջակցում Դոնալդ Թրամփի նախաձեռնութիւններին։
Քաղաքականութեան մէջ Դենի Թարխանեանը մուտք է գործել 42 տարեկանում՝ իրաւաբանական ընկերութիւնում աշխատելուց յետոյ: «Հայրս միշտ հարցնում էր՝ ինչո՞ւ ես ցանկանում քաղաքականութեան մէջ մտնել, չէ՞ որ այնտեղ յաջողութեան են հասնում առաւել շատ սուտ ասողները», յիշում է Թարխանեանն՝ աւելացնելով, որ հաւատում է՝ հանրային ոլորտում կարող է հանրութեանն առաւել մեծ օգուտ բերել.
«Հանրային ծառայութիւնն առաւել վեհ մասնագիտութիւններից մէկն է, եթէ այնտեղ գնում ես ճիշտ մտադրութիւններով ու նպատակներով»:
Դենի Թարխանեանն աւելացնում է՝ որ իրեն բախտաւոր է համարում, քանի որ բարդ ընտրապայքարի ամբողջ ընթացքում ստացել է նաեւ ընտանիքի լիարժէք աջակցութիւնը: Նրա կինը՝ Էմի Թարխանեանը ողջ ընտրապայքարի ընթացքում ամուսնու հետ միասին այցելում է ընտրողների տներ, զանգահարում եւ հանդիպումների մասնակցում:
«Միասին, կարծում եմ, մենք իրօք լաւ թիմ ենք եւ թէեւ ես չափազանց զգոյշ լաւատեսութեամբ կարող եմ ասել, որ գոհ եմ այս ընտրապայքարում ամուսնուս հնարաւորութիւններից», նշում է նա: