Մահացել է բարերար Աննա Յովնանեանը։
Աննա Յովնանեանը ծնուել է 1929 Փետրուարի 24ին, Նիւ Ջերսիի Հոբոքըն քաղաքում: Նա Հաբարձում Համբարեանի եւ Վիրջինիա Աճեմեանի միակ զաւակն էր: Հայրը՝ պրոֆեսոր էր Խարբերդից, ով կորցրել էր առաջին կնոջն ու որդուն Հայոց Ցեղասպանութեան ժամանակ: Աննայի մանկութիւնն ու պատանեկութիւնն անցել է Նիւ Եորքի Քուինզ շրջանում:
Աննա Յովնանեանը երիտասարդ տարիներից հակուած էր դէպի արուեստը. նա ժամերով նստել է իրենց բնակարանի պատուհանագոգին՝ նկարելով բակային կեանքը: Յիշողութիւններում, մանկութեան ու պատանեկութեան տարիներին եղել է սիրուած, բայց հանդարտութեան ու միայնութեան մէջ, եւ ինքն իրեն խոստացել էր, որ ամուսնանալու է մեծ սիրոյ դէպքում եւ ունենալու է ուրախ ու երջանիկ ընտանիք՝ շատ երեխաներով:
Աննան ջանասէր ուսանող էր եւ աւագ դպրոց յաճախելու տարիներին, աշխատում էր իր սիրելի Մանհեթենում գտնուող «Մէյսի՛զ» խանութի գլխարկների բաժնում: Նա ունէր նրբագեղ ոճ, եւ չնայած համեստ կարողութիւններին՝ միշտ էլ նորաձեւ էր. ինքն էր կարում սեփական հագուստները՝ հետեւելով Նիւ Եորքի նորաձեւութեան վերջին նորամուծութիւններին:
Բակալաւրի աստիճան ստանալով Գեղարուեստի դպրոցում, Տեխնոլոգիայի Նորաձեւութեան ինստիտուտի Գեղարուեստի բաժնում, Աննան այնուհետեւ աշխատում է բանկում (Chase Manhattan Bank), այնուհետեւ Proctor եւ Gamble ընկերութիւնում:
Ի լրումն ընկերների, ում նա հանդիպել էր դպրոցում եւ աշխատանքի միջոցով, Աննան ժամանակ էր անցկացնում նաեւ հայ ընկերների փոքրիկ խմբի հետ, որոնց նա հանդիպել էր ՀԲԸՄի հայկական պարախմբում: Այդ ընկերներն էին, որ առիթ դարձան նրա կեանքում ճակատագրական դիպուածի‘ Աննային հրաւիրելով միանալու հայկական մի ձեռնարկի, որտեղ նուագում էր նաեւ «Ոսբիկեան» խումբը: Այդ օրը Աննան հանդիպեց Հրայր Յովնանեանին, ով Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների ընտանիքից էր: Հրայրը 1951թ.ին էր եկել Միացեալ Նահանգներ՝ սկզբնական շրջանում բնակուելով զարմիկների տանը՝ Վոսբիկեանների ընտանիքում: Յետագայում, նա առանձնացել էր՝ ընդունուելով Վիլլանովայի համալսարան եւ աշխատելով միաժամանակ չորս տարբեր ընկերութիւններում:
Հրայր Յովնանեանն ու Աննան ամուսնացան 1956թ.ի Փետրուարի 11ին, եւ նրանց սիրոյ պատմութիւնը շարունակուեց մինչեւ կեանքի վերջ: Ամուսնական կեանքի սկզբում, նրանք շատ համեստ էին ապրում Փենսիլվանիա նահանգի Ուէյն քաղաքի փոքրիկ բնականարում, եւ երկուսն էլ աշխատում էին:
1958 թուականի Յիշատակի օրը, վճռորոշ էր երիտասարդ զոյգի կեանքում. Հրայր Յովնանեանը, Աննայի լիակատար խրախուսմամբ՝ սկսեց սեփական գործ անշարժ գոյքի ոլորտում: Նրանք տեղափոխուեցին Նիւ Ջերսի, որտեղ էլ 1958թ.ին ծնուեց առաջնեկը՝ Սիրանը: Յաջորդ վեց տարում Հրայր եւ Աննա Յովնանեանները ունեցան եւս չորս երեխայ՝ Էդելը, Տանեան, Լիլան եւ Արմէնը:
1972թ.ին, Յովնանեանների ընտանիքը տեղափոխւում է ովկիանոսի ափին Դիլում գտնուող իրենց նոր բնակատեղին, որտեղ սկսում են վայելել իրենց յաջողութեան պտուղները՝ ճամբորդելով եւ տարաբնոյթ հանդիսութիւններ կազմակերպելով իրենց տանը՝ լի հայկական երաժշտութեամբ եւ պարով:
1992թ.ին նրանք տեղափոխուեցին Նիւ Ջերսի, որտեղ Աննան ստեղծեց արուեստի ստուդիա՝ գետի ափին գտնուող իրենց հողատարածքում՝ սկսելով ստեղծագործական աշխատանքի իր ամենաարդիւնաւէտ շրջանը:
Հրայր Յովնանեանը Երեւանի կենտրոնում կառուցել է եկեղեցի՝ այն անուանելով Սուրբ Աննա՝ կնոջ անունով, նաեւ այդպիսով յարգանքի տուրքը մատուցելով կնոջը: