ԵՐԵՒԱՆ.- Վարչապետի՝ ՀՅԴ նախարարներին ազատելու հրամանը ստորագրուել է այն բանից յետոյ, երբ Դաշնակցութիւնն արդէն յետ էր կանչել իր նախարարներին. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:
«Այս հարցի հետ կապուած պէտք չէ շոուներ անել: Մենք յետ ենք կանչել կառավարութեան մեր անդամներին, դրանից յետոյ են եղել համապատասխան հրահանգները», ասաց նա:
Անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրէնքում աղմկայարոյց փոփոխութեանը՝ Ռուստամեանը նշեց, որ փոփոխութիւնը չի արուել արտահերթը կանխելու համար: Ըստ պատգամաւորի՝ դա թիւրըմբռնում է: «Փաստուեց, որ ճիշդ ենք արել, որ երէկ ընդունել ենք այդ օրէնքը: Եթէ մեր 7 պատգամաւորից 4ի աշխատանքին խոչընդոտել են, խոչընդոտել են հայհոյանքներով, անպատիւ խօսքերով, սրան նորմալ չեմ վերաբերւում: Խօսում ենք սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութիւնից, բայց սիրուց ու համերաշխութիւնից բան չի մնացել», ասաց նա:
Այդ օրէնքը, ըստ Ռուստամեանի, այն բանի համար է, որ ԱԺն լուծարուի այնպէս, ինչպէս Սահմանադրութիւնն է պահանջում: «Եթէ այսպէս չգնանք, կը լինի ուժի իրաւունքով լուծարում, սրանից մենք զերծ պահեցինք», ասաց նա:
Պատգամաւորը նշեց, որ կտրականապէս մերժում է այն թէզը, որ վարչապետը նետել է հրապարակ, թէ դա պատերազմ յայտարարել էր ժողովրդին: «Եթէ սահմանադրական ճանապարհով խորհրդարանը լուծարելու գործընթացը ժողովրդին պատերազմ յայտարարել է, ուրեմն մենք չենք հասկանում՝ ինչի մասին ենք խօսում: Եթէ որեւէ մէկի մտքով անցնում է որեւէ բան ասել վարչապետի ասածից դուրս, դառնում է հակայեղափոխական, սեւ ուժ: Մենք այսպէս ո՞ւր ենք գնում ընտրութիւնների, այս ձեւով ԱԺն ո՞ւմ է պէտք», ընդգծեց նա ու շարունակեց, որ այս դէպքում մէկ տարի յետոյ կարող է դրուել Ազգային ժողովի լեգիտիմութեան հարցը, ոնց որ հիմա է արւում:
«Այսօր մեզ ասում են, թէ Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովուրդին: Մենք ասում ենք, որ ներկայացնում ենք մեզ ձայն տւած 103 հազար քաղաքացիներին: ՀՅԴն ոչ մի ձայն փողով չի գնել, թող բերեն մի դէպք, որ Դաշնակցութիւնը փողով թէկուզ մէկ ձայն է վերցրել, այդպիսի դէպք չկայ: Ուրեմն ես լեգիտիմ իրաւունք ունեմ խօսելու 103 հազարի անունից», յայտարարեց պատգամաւորը:
Ռուստամեանն ընդգծեց, որ կեղծ թէզ է, որ ասում են՝ դուք ոչ մէկի չէք ներկայացնում: Միեւնոյն ժամանակ շեշտեց, որ ժողովրդի տրամադրութիւնները նոյնը չեն մնում: «Եթէ այդպէս է՝ թող կարգ մտցնեն, եւ վեց ամիսը մէկ փաստենք՝ ով որքան ձայն ունի: Տեսնենք՝ մէկ տարի յետոյ իրենք այդ 80 տոկոս ձայները կարո՞ղ են փաստել: Երբ, քաղաքական շահից ելնելով, խնդիր է լուծուել երկրում, տեսել ենք, թէ դա ոնց է փլուել. 90ականներին տեսել ենք 90 տոկոսանոց իշխանութիւն եւ տեսել ենք, թէ ոնց են քանդուել», եզրափակեց նա: