ՀՐԱՆԴ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Առաջին Հանրապետութեան 100ամեակի ներկայ տարում մենք կը տօնենք նաեւ դարաւոր վաղեմութեան մի շարք տարեթուէր, որոնք կարեւոր նշանակութիւն են ունեցել հայկական պատմութեան մէջ:
Դրանց շարքին է պատկանում նաեւ 1918թ. Յուլիսի 22-24ը տեղի ունեցած Արցախի ժողովրդի լիազօր ներկայացուցիչների առաջին համագումարը:
1918թ. Յունիսի 4ին Բաթումում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքուած ստրկական պայմանագրով Զանգեզուրի ու Ղարաբաղի տարածքները ՀՀ կազմ չմտան: Զանգեզուրի ազգային խորհուրդը, որը կտրականապէս համաձայն չէր հարցի նման դրուածքի հետ, 1918թ. Օգոստոսի 18ին մասնաւորապէս նշում էր. «…Քոչուոր թուրքերը ձգտում են իրենց ստրուկները դարձնել Ղարաբաղի ու Զանգեզուրի հայերին, ովքեր չեն խոնարհուել ո՛չ Ալփ-Արսլանի եւ Լենկ Թեմուրի, ո՛չ օսմանեան զօրքերի առաջ… Մենք երկու ճանապարհ ունենք. կա՛մ զինաթափուել, յանձնուել առանց մարտի՝ թուրքերի եւ թաթարների անարգութեանը մատնելով մեր քոյրերին, կա՛մ զէնքը ձեռքներիս պաշտպանել մեր կեանքն ու պատիւը» (ՀԱԱ, ֆ. 370, ց.1, գ.33, թ.5):
Այդ օրերին Արցախում ակտիւ աշխատանք էր ընթանում: Արդէն Յունիսի 15-17ը միջկուսակցական ժողովին Կոմիսարների խորհուրդ ստեղծուեց՝ Հայրապետ Մուսայելեանի գլխաւորութեամբ: Նշենք, որ այդ կառոյցի կազմի մէջ էին մտնում տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչներ: Երկրամասը ծանրագոյն ժամանակաշրջան էր ապրում. պարէնը չէր բաւականացնում, միւս հայկական տարածքների հետ հաղորդակցութիւնը կտրուած էր, 1918թ. ամրանը թուրք էմիսարների քանակն աճում էր:
Արցախի հայութեան առաջին համագումարն անց է կացուել Յուլիսի 22-24ը Շուշիում: Մինչեւ դրա անցկացումն ընտրուել էին պատուիրակներ տարբեր կուսակցութիւններից՝ ընդամէնը 60 մարդ: Աշխատանքին մասնակցութիւն են ունեցել նաեւ դեռեւս 1917թ. Դեկտեմբերին ստեղծուած միջկուսակցական բիւրոյի անդամներ: Համագումարի նախագահ էր ընտրուել բոլշեւիկ Ալեքսանդր (Ռուբէնի) Ծատուրեանը, տեղակալ՝ Արշաւիր Քամալեանը, քարտուղար՝ Մելիքսէթ Եսայեանը: Առաջին իսկ նիստին Ա. Ծատուրեանն առանց բացատրութիւնների հրաժարուեց պաշտօնից, ինչը սաստիկ դուր չեկաւ պատուիրակներին, ովքեր որոշել էին «էս.էռ.» Արսէն Յովհաննիսեանին ընտրել:
Համագումարի օրակարգում ընդգրկուած էին հետեւեալ 8 հարցերը. միջկուսակցական բիւրոյի եւ Կոմիսարների խորհրդի հաշուետուութիւնները, պարէնային ապահովութիւնը, հարկերը, դատավարութիւնները, արտաքին քաղաքականութիւնը, Ղարաբաղը որպէս Արարատեան Հանրապետութեան անքակտելի մաս ճանաչելը, ինքնապաշտպանութիւնը, ընտրութիւնները:
Մենք, ցաւօք սրտի, մանրամասնօրէն չենք տիրապետում կենսական խնդիրների քննարկման ընթացքի վերաբերեալ տեղեկատուութեանը, քանի որ համագումարի արձանագրութիւններն այրուել են 1920թ. Մարտին Շուշիում տեղի ունեցած հայերի ջարդի ժամանակ: Այնուամենայնիւ յայտնի է, որ համագումարն Արցախ-Ղարաբաղը յայտարարել է անկախ վարչաքաղաքական միաւոր, ընտրել է օրէնսդրական ու գործադիր գործառոյթներ իրականացնող 7 մարդկանցից բաղկացած ազգային կառավարութիւն: Ի միջի այլոց, սա համաշխարհային պատմութեան մէջ եզակի նախադէպ է, երբ ողջ երկրամասը երկու տարուայ ընթացքում գլխաւորւում էր համագումարների միջոցով: Այդ ժամանակահատուածում հրաւիրուել է ընդհանուր առմամբ 10 համագումար, որոնք քննարկել են ամենատարաբնոյթ կարեւորագոյն հարցեր:
Ներկայացնեմ առաջին կառավարութեան կազմը. 1. Եղիշէ Իշխանեան (դաշնակցական)՝ կառավարութեան նախագահ, ով ղեկավարում էր ներքին եւ արտաքին գործերը, 2. Յարութիւն Թումանեան (դաշնակցական)՝ ռազմական գործերի կառավարիչ, 3. Արշաւիր Քամալեան (սոցիալ-դեմոկրատ, մենշեւիկ)՝ ֆինանսների կառավարիչ, 4. Արսէն Յովհաննիսեան (սոցիալիստ-յեղափոխական)՝ պարէնային գործերի կառավարիչ, 5. Մարկոս-բեկ Տէր Աստուածատրեան (անկուսակցական)՝ արդարադատութեան գործերի կառավարիչ, 6. Մարտիրոս Այվազեան (դաշնակցական)՝ հողագործութեան եւ ճանապարհների կառավարիչ, 7. Մելիքսէթ Եսայեան (անկուսակցական)՝ կառավարութեան քարտուղար:
Ինչպէս տեսնում ենք, կառավարութիւնը դաշնակցային էր, դրա կազմի մէջ էին մտնում ՀՅԴ երեք անդամներ, մէկական սոցիալ-դեմոկրատ, «էս.էռ», երկու անկուսակցական: Մինչդեռ ադրբեջանական վայ-պատմաբանները պն-դում են այն մասին, որ կառավարութեան բոլոր անդամները ներկայացնում էին ՀՅԴն եւ գործում էին Երեւանից ստացուող հրահանգներով: Առաջին համագումարում քննարկուած հարցերից գլխաւորը Արցախի քաղաքական ճակատագիրն էր: Պատուիրակները կտրականապէս մերժեցին Ադրբեջանի կազմ մտնելու հեռանկարը: Նրանք կողմ էին կա՛մ Հայաստանին միանալուն, կա՛մ շրջանի սկզբունքով՝ որպէս առանձին տարածք գոյութիւն ունենալուն: Չէր բացառւում անհրաժեշտութեան դէպքում նաեւ ռուսամէտ կողմնորոշման պահպանման ու Ռուսաստանի կազմ մտնելու հեռանկարը:
Առաջին համագումարի՝ Յուլիսի 24ի յայտարարութեան մէջ նշւում է, որ ռուսական յեղափոխութիւնը, տապալելով ցարական ինքնակալութիւնը, ժողովուրդներին իրենք իրենց ճակատագիրը որոշելու իրաւունք է շնորհել: «Ամբողջ ութ ամիս աշխարհից կտրուած՝ Ղարաբաղը շարունակում է մնալ մեռեալ կէտում… Առաջնորդուելով ժողովրդի բնազդով՝ Ղարաբաղը վճռել է չսպասել երրորդ ուժի գալուն, որը կը կարողանար նրան ազատել շղթաներից» («Ղարաբաղի Սուրհանդակ», 19 Օգոստոս 1918):
Այդկերպ Արցախի հայութեան առաջին համագումարը, ստեղծելով կառավարութիւն, դրանով իսկ հռչակեց անկախութեան իր իրաւունքը: Այդ իրադարձութիւնը կարեւոր նշանակութիւն ունեցաւ երկրամասի ճակատագրում, որն անկախ պետականութիւն ստեղծելու իր իրաւունքի հռչակումից յետոյ 70 տարի անց արդէն նոր պայմաններում ազատութեան համար պայքար է ծաւալել, որն, ի վերջոյ, յաջողութեամբ պսակուեց:
ՀՐԱՆԴ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ՝ Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր
www.golosarmenii.am