
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- ԱՄՆի կողմից հետախուզուող եւ ՀՀ ոստիկանութեան կողմից ձերբակալուած թուրք Քեւին (Քեմալ) Օքսուզը նախքան Հայաստան տեղափոխուելն ու այստեղ գործունէութիւն ծաւալելը հակահայկական լոբբիստական գործունէութիւն է ծաւալել Միացեալ Նահանգներում: Ընդ որում, այդ գործունէութեան համար օգտագործուել են ադրբեջանական նաւթադոլարները:
«Արմէնփրէս» լրատուական գործակալութիւնը գնացել է Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս Օքսուզի գործունէութեան հետքերով եւ մի շարք ուշագրաւ փաստեր արձանագրել:
Թուրք գործիչը 2017թ. Հայաստանում գրանցել է «Դը Սենա Գրուպ» ընկերութիւնը: Ինչպէս «Արմէնփրէս»ը պարզեց Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան իրաւաբանական անձանց պետական ռեգիստրից (տոմարէն-Խմբ.), «Դը Սենա Գրուպ» ընկերութիւնը հիմնադրուել է 2017թ. անժամկէտ գործունէութեան հիմքով: Ընկերութիւնը ՀՀ արդարադատութեան նախարարութեան իրաւաբանական անձանց պետռեգիստրում գրանցուել է Արաբկիր վարչական շրջանի Վաղարշեան փողոցի 12ա հասցէում:

«Սփիւռ» տեղեկատուական համակարգի տուեալներով՝ «Դը Սենա Գրուպ» ընկերութիւնը զբաղւում է միջոցառումների եւ զբօսաշրջիկների համալիր սպասարկման կազմակերպմամբ: Ընկերութեան տնօրէնն Օքսուզն է: «Արմէնպրէս»ը փորձեց կապ հաստատել ընկերութեան հետ՝ ճշդելու գործունէութեան մանրամասները, սակայն «Դը Սենա Գրուպ»ից մեր հեռախօսազանգերին այդպէս էլ չպատասխանեցին:
«Արմէնփրէս»ն ուշագրաւ տեղեկութիւններ է հաւաքել նաեւ Օքսուզի՝ նախկինում ծաւալած գործունէութեան վերաբերեալ: Մասնաւորապէս, ամերիկեան «Ուաշինկթըն Փոսթ» (Washington Post) պարբերականը 2015թ. Մայիսին հրապարակուած յօդուածում նշում է, որ 2013 թուականին Բաքւում անցկացուած «Հայեացք ապագային» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, նրանց ամուսինները, ԱՄՆ 42 նահանգների օրէնսդիրներ, ֆինանսաւորուել է ադրբեջանական «ՍՈՔԱՐ» (SOCAR) նաւթային ընկերութեան կողմից: Նշւում է, որ «ՍՈՔԱՐ»ը ԱՄՆ Տեխաս նահանգի Հիւսթոն քաղաքում գրանցուած եւ Քեւին Օքսուզի համանախագահութեամբ գործող «Ադրբեջանի ընկերների ասամբլէա» ոչ առեւտրային կազմակերպութեան միջոցով 750 հազար ԱՄՆ դոլար է վճարել միջոցառման անցկացման համար: Պարբերականը նաեւ գրում է, որ «Ադրբեջանի ընկերների ասամբլէա»ի տնօրէնը եղել է ԱՄՆ էներգետիկայի գործող նախարար, այն ժամանակ՝ Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի քոյրը:

Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի գրասենեակի կողմից իրականացուած անկախ հետաքննութեան արդիւնքներով ձեռք բերուած փաստաթղթերում առկայ է էլեկտրոնային փոստի նամակագրութիւնը Քեւին Օքսուզի եւ այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, այժմ ՆԱՍԱի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնի միջեւ: Նշւում է, որ Ջիմ Բրայդենսթայնը, ով նոյնպէս մասնակցել է Բաքւում կայացած միջոցառմանը, Վաշինգտոն վերադառնալուց յետոյ «Ուաշինկթըն Թայմզ»ում (Washington Times) տպագրուած յօդուածում ընդգծել է ադրբեջանական գազատարների կարեւորութիւնը ՆԱՏՕի անվտանգութեան համար:
Մասնաւորապէս, Քեւին Օքսուզին ուղղուած նամակում Ջիմ Բրայդենսթայնը գրել է. «Քեմալ, ես լրացնում եմ նուէրների յայտարարագիրը: Կարո՞ղ ես ասել, թէ ով է նուիրել ինձ երկու գորգը, որոնք ես ստացայ Ադրբեջանում»: Օքսուզը պատասխանել է, որ գորգերը նուիրել է «Ադրբեջանի ընկերների ասամբլէա»ն:
Հայաստանում Քեմալ Օքսուզի ձերբակալման փաստին Օգոստոսի 30ին լայնօրէն անդրադարձան բոլոր թուրքական առաջատար լրատուամիջոցները: Մասնաւորապէս, լրատուամիջոցների մի ստուար զանգուած նշել էր, թէ Քեմալը Թուրքիայի ռազմական յեղաշրջման փորձի կազմակերպման մէջ մեղադրուող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գիւլենի մերձաւորներից մէկի՝ Ադիլ Օքսուզի եղբայրն է: Տեղեկատուութիւնը, սակայն, աւելի ուշ հերքուեց: Թուրքական «Տիքեն» (Diken) պարբերականը, մէջբերելով ոստիկանութեան տրամադրած տեղեկատուութիւնը, յայտնեց, որ Քեմալ Օքսուզը որեւէ ազգակցական կապ չունի Թուրքիայում 2016 թուականի Յուլիսի յեղաշրջման փորձի հեղինակներից մէկը համարուող Ադիլ Օքսուզի հետ: Այդուհանդերձ, ոստիկանութիւնը հաստատել էր, որ Օքսուզը սերտ կապեր ունի գիւլենականների հետ եւ այդ գործով ներկայում հետախուզման մէջ է:

Ներկայացնում ենք նաեւ Քեւին Օքսուզի՝ համացանցում յայտնուած մի շարք ուշագրաւ լուսանկարներ: Մասնաւորապէս, դրանցում թուրք գործիչը լուսանկարուել է ԱՄՆ 44րդ նախագահ Բարաք Օբամայի, նախկին փոխնախագահ Ջոյ Բայդենի, Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Այդուհանդերձ, լուսանկարների իսկութիւնը պարզել մեզ չյաջողուեց:
(Ստեփան Քոչարեան, Շանթ Խլղաթեան, Արաքս Կասեան)