ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
«Արարատ» հեռուստաընկերութեան բաժնետէրերը Օգոստոսի 9ից փոխուել են: Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիւօրէն քննարկւում էր Ռոբերտ Քոչարեանի կալանաւորումից յետոյ նրա կողմնակիցների՝ մեդիահարթակներում ազդեցութիւն ձեռք բերելու հարցը, խօսւում էր նաեւ հեռուստաընկերութիւնների ձեռքբերման մասին: Այսպէս, «Սիվիլնեթ»ը պարզել է, որ Ռոբերտ Քոչարեանի մերձաւոր շրջապատի ներկայացուցիչներից Արմէն Թաւադեանը ձեռք է բերել «Արարատ» հեռուստաընկերութիւնը: Արմէն Թաւադեանը, ըստ համացանցում առկայ տեղեկութիւնների, Ստեփանակերտից է, 1993ին հիմնադրել ու մինչեւ 2005ը ղեկավարել է Մոսկուայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչութիւնը: 1990ականներին մասնակցել է Ղարաբաղեան պատերազմին՝ Քարինտակի ինքնապաշտպանութեանը, Մատաղիսի ու Աղբուլաղի ազատագրական մարտերին: Ըստ նոյն համացանցային աղբիւրների՝ Արմէն Թաւադեանն ստեղծել է նաեւ Ռուսաստանի Պետդումայի քաղաքական ղեկավարութեան հետ տարուող աշխատանքների կոնտակտային (կապի-Խմբ.) խումբ:
«Արարատ» հեռուստաընկերութեան նոր բաժնետէրը այլ բիզնեսներում եւս ներգրաւուած է: Արմէն Թաւադեանը 75 տոկոսանոց բաժնետէր է «Ալիս Ջուելըր» ՍՊԸում: Այս ընկերութիւնը համարւում է «Արդշինբանկի» «Նուռ Քարտ» կուտակային ծրագրի պատասխանատուն ու կազմակերպիչը: «Նուռ Քարտ»ը համարւում է «Ալիս Ջուելըր» ընկերութեան ապրանքանիշը: «Ալիս Ջուելրր» ընկերութիւնը Հայաստանի հարկային համակարգում նշուած է որպէս գովազդային գործունէութիւն ծաւալող ընկերութիւն: «Ալիս Ջուելըր»ի միւս բաժնետէրը՝ 19 տոկոս բաժնեմասով, «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸն է, որը «Արդշինբանկ»ի խոշորագոյն բաժնետէրն է՝ 96 տոկոս բաժնեմասով: «Ալիս Ջուելըր»ի միւս բաժնեմասը՝ 6 տոկոսը, պատկանում է օֆշորային Սէյշելեան կղզիներում գրանցուած «Աջանթա Ասսէթս» կորպորացիային (առեւտրական ընկերութիւն-Խմբ.): Այս ընկերութեան մասին ժամանակին գրել էր «Հետք»ը: «Հետք»ը պարզել էր, որ «Արդշինբանկ»ը 9.1 միլիոն դոլարի վարկային միջոցներ էր տրամադրել «Գրիգ Էլ Մետ» ընկերութեանը, որի բաժնետէրերից է եղել Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշաւան Դանիէլեանը: Դանիէլեանը այն ժամանակ «Արդշինբանկ»ի խորհրդի անդամ էր, ու ստացուել էր, որ լինելով բանկի խորհրդի անդամ՝ վարկ էր տրամադրել իր ընկերութեանը, որը յետագայում սնանկացել էր (կամ տարուել էր կանխամտածուած սնանկութեան). եւ տարածքն անցել էր «Արդշինբանկին»: Աւելի ուշ «Գրիգ Էլ Մետ» ընկերութեան բաժնետէր էր դարձել օֆշորային «Աջանթա Ասսէթս» կորպորացիան:
«Արարատ» հեռուստաընկերութեան նոր բաժնետէրը բաժնետոմսեր ունի նաեւ ռուսական ընկերութիւններում: Ռուսական ընկերութիւնների մասին տեղեկատուութիւն տուող տարբեր կայքերում նշւում է, որ Արմէն Թաւադեանը 45 տոկոս մասնաբաժին ունի Մոսկուայում գործող «Նակոպիտելնիէ Տեխնոլոգի» ընկերութիւնում, որը զբաղւում է բիզնեսին օժանդակ ծառայութիւններ մատուցելով, եւս 67.5 տոկոս բաժնեմաս՝ «Նարոդնայա Կարտա» լուսանկարչական ընկերութիւնում:
Արմէն Թաւադեանը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան անդամ, Ազգային ժողովի պատգամաւոր Ալեն Սիմոնեանի քաւորն է:
«ՍԻՎԻԼՆԵԹ»