ՍՈՆԻԱ ՄԿՐԵԱՆ
Վահէ Մեսրոպեանի անունը ծանօթ է հայ ընթերցողներին եւ մշակութասէր հասարակութեանը: Վերջին մէկ տարում նրա ստորագրութեամբ մէկ տասնեակէ աւելի յօդուածներ լոյս տեսան «Ասպարէզ», «Նոր Օր», «Մասիս», «Լրագիր» թերթերում, «Վերնատուն» ամսագրում, ինչպիսին՝ «Ո՞րն Է Մեր Նպատակը», «Ուր Ենք Մենք Գնում», «Հայրենատիրութեան Ճանապարհին», «Զարգացում, Առաջընթաց» եւ այլն: Նաեւ նա կազմակերպում է դասախօսութիւններ (գոնէ երեքից ես տեղեակ եմ), որոնք շարժում են ունկնդիրների հետաքրքրութիւնը եւ գրաւում նրանց ուշադրութիւնը:
Վերոյիշեալ յօդուածներում ընթերցողին է ներկայանում հայ ժողովրդի ճակատագրով մտահոգուած եւ ազգային հարցերը լուծելու համար գործնական քայլեր առաջարկող մի անհատ, ով փորձում է համախոհներ հաւաքել եւ հայ ազգի ապագայի գաղափարի շուրջը հաւաքել հայութեանը՝ հայ ժողովրդի պահանջատիրութեան հարցը առաջ քաշելու եւ մէկդարեայ վաղեմութիւն ունեցող մէկ ազգի բնաջնջման, նաեւ կալուածքների եւ ինչքի իւրացման համար թուրք ոճրագործից հատուցում պահանջելու նպատակով (ինքն անձամբ հինգ տարի է լծուած է այդ գործին):
Ինչպէս ամէն մէկ նոր գաղափար, այս էլ մարդկանց կողմից միաձայն չի ընդունւում: Թեր եւ դէմ կարծիքներ կան: Ոմանք հետաքրքրուած, ակընդէտ հետեւում են բանախօսին, զարմանքով եւ ուրախութեամբ լսում նրա փաստարկները Վուդրօ Վիլսոնի «Իրաւարար վճիռ»ի, Սեւրի դաշնագրի մասին: Մի ուրիշ խումբ կարծում է, որ նման հարց առաջ քաշելը հիմա ժամանակավրէպ է: Ոմանք էլ կարծում են, որ շատ են ուշացել…
Բայց Վահէ Մեսրոպեանը «Մայրենիի Պաշտպան» մրցանակին միայն Հայրենատիրութեան գաղափարի համար չի արժանացել: Նա իր հրատարակած երեք գրքերում շօշափել է բազմաոլորտ թեմաներ, որոնք ընթերցւում են մեծ հետաքրքրութեամբ, որովհետեւ ամէն մի յօդուածում նա առաջ է քաշում մի գաղափար, մէկ միտք, որոնք մինչ այդ չեն քննարկուել, կ՛ամ էլ՝ մէկ մեկնաբանութիւն, վերլուծութիւն, որոնք աչքի են ընկնում տրամաբանական, փոխկապակցուած մտքերով ու փաստարկներով:
Իր յօդուածներում նա անդրադառնում է հայ համայնքում կատարուող իրադարձութիւններին, քաղաքական վերլուծութիւններ է կատարում… Մտահոգուած եւ առաջարկութիւններով հանդէս է եկել հայոց լեզուի միասնական ուղղագրութեանը նուիրուած յօդուածով («Զարգացում, Առաջընթաց»), յաճախ է անդրադառնում ազգի միասնականութեանը, համախմբութեանը եւ միասնական գործելուն, հայապահպանմանը:
Լրագրողական իր գործունէութեամբ Վահէ Մեսրոպեանը համալրել է ՀՀ եւ Լրագրողների միջազգային միութեան շարքերը: Գովասանքի է արժանի նրա հրապարակային հակադարձումները հրատարակուած յօդուածների նկատմամբ, որոնցում պաշտպանում է հայ ազգի պատմական ճշմարտութիւնները («Ադրբեջանցիների Հերթական Սնանկ Մտավարժանքները»), հայկական բնաշխարհի բնակերտ հրաշքների գովազդմանը եւ արժանիօրէն ներկայացմանը («Բազալտային Սիմֆոնիա»), պաշտպանում է հայ տղամարդու արժանապատուութիւնը («Հայ Տղամարդը Կնոջից Չի Պարտւում», «Հայերը Միշտ Յաղթող Են Եղել»):
Երբ ընթերցում էի իր յօդուածները, ինձ համար անակնկալ էր Եղիշէ Չարենցի պօէզիայի նորովի մեկնաբանութիւնը, տպաւորուեցի ատոմային էլեկտրակայանների եւ ճառագայթահարման վերաբերեալ իր գիտելիքներով («Չեռնոբիլից Մինչեւ Ֆուկուսիմա»), Սպիտակի երկրաշարժի արհեստածինութեան վերաբերեալ մեկնաբանութիւններով («1988, Հարցեր, Որ Մնացին Անպատասխան»): Հետաքրքիր է պատմական դէպքերի նկարագրումով արտագաղթի վերաբերեալ իր մեկնաբանութիւնը, հայ ազգի թուակազմի վերաբերեալ հաշուարկի տարբերակը, Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ 1.5 միլիոն անմեղ զոհերի վերականգնման տարբերակը («Քանի Միլիոն Ենք Մենք»): Առաւել հետաքրքրական եւ տպաւորիչ են («Աստուածներն Իրական Մարդիկ Են Եղել»), («Մարդկութեան Բնօրրան»), («Եղել Է Արդեօք Արտերկրային Քաղաքակրթութիւն»), («Քարահունջ, Աստղադիտարա՞ն, Թէ՞ Տիեզերակայան»), («Որքա՛ն Են Ապրել Մարգարեները») յօդուածները, որտեղ շատ համարձակ, տրամաբանական, փաստագրական մեկնաբանութիւններ է անում հայ ազգի ծագումնաբանական փաստերի, ժայռապատկերների վերաբերեալ, կատարում աստուածաբանական վերծանում «Մարդկութեան Բնօրրան» յօդուածը այնքան հետաքրքրական եւ գրաւիչ էր, որ այն թարգմանեցի անգլերէն, որ աւելի շատ մարդիկ ընթերցեն եւ ծանօթանան մեր պատմութեանը:
Համագործակցել է տարբեր կազմակերպութիւնների հետ, լուսաբանելով նրանց գործունէութիւնը: «Ամերիկահայ Զինեալներ» (հրամանատար Ջոն Սուրուչլեան) խմբի կազմում կիսւում է իր զինուորական գիտելիքներով եւ հմտութիւններով, զրոյցներ անցկացնում հայ ժողովրդի պատմական անցուդարձերից:
Եւս մի զարմանալի փաստ: Չտիրապետելով անգլերէնի իմացութեանը, երբ նոր էր հաստատուել ԱՄՆում, Վահէ Մեսրոպեանը յօդուած էր գրել քաղաքակրթութեան դէմ կատարուող յանցագործութիւնների մասին եւ այդ երեւոյթը անուանել անգլերէն մէկ բառով՝ «Civilicide» (քաղաքակրթութեան ոչնչացում): Եւ այդ բառը ուղարկել է Merriam Webster բառարանի խմբագրութեանը, որպէսզի այն ներառուի բառարանում: Այդ բառը կարող էք գրել Google-ում եւ ընթերցել յօդուածը: Google-ը civilicide բառը ճանաչում է Վահէ Մեսրոպեանով:
Վահէ Մեսրոպեանին շատ են հետաքրքրում նաեւ բնապահպանական խնդիրները եւ յատկապէս մարզական մրցումները: Որպէս նախկին մարզիկ՝ Երեւանի պետական համալսարանի ըմբշամարտի նախկին ախոյեան, նա անշեղօրէն մեկնաբանել է կարեւորագոյն մարզական միջոցառումները եւ յատկապէս հայ մարզիկների մասնակցութեամբ մրցումները: Կատարել է թարգմանութիւններ ռուսերենից (յօդուածներ, տեսանիւթեր) եւ անգլերէնից (The White Heron-Sara Orne Jewett) պատմուածքը:
Հետաքրքրութեամբ է ընթերցւում նաեւ Վահէ Մեսրոպեանի պատանեկան յուշերը՝ անհոգ մանկութեան տարիների ժամանակագրութիւնը:
Իմ կողմից ուզում եմ աւելացնել, որ պահանջատիրութիւնը անժամանցելի է: Այսօր հայապահպանութիւնը շարունակւում է ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ ամբողջ աշխարհում: Թուրքիայի մէջ ապրող հայերը, որոնց Էրդողանը անուանում է օսմանեան հայեր, դիմագրաւում են իրենց ինքնութիւնը եւ ազգային դիմագիծը կորցնելու վտանգին: Սփիւռքում ապրող հայերը, որոնց նախահայրերը 1915 թուականի բռնի գաղթի պատճառով ցրուել են աշխարհով մէկ, նոյն վտանգին են դիմակայում: Ուստի հայի ձուլումը անխուսափելի է: Եւ քանի որ աշխարհի մեծ պետութիւնները ժամանակին չդատապարտեցին թուրքերի գործած ոճիրը հայերի հանդէպ եւ անպատիժ թողեցին նրանց, ցեղասպանութիւնը որպէս երեւոյթ շարունակուեց աշխարհի այլ վայրերում եւս:
Այսօր մեր հայրենիքը կանգնած է մեծ մարտահարաւէրների առջեւ: Այո՛, ժողովուրդը յաղթեց, առանց արեան յեղաշրջում կատարեց Նիկոլ Փաշինեանի ղեկավարութեամբ եւ ապահովեց Սերժ Սարգսեանի հրաժարականը, բայց ժողովրդի առջեւ ծառացած բազմաթիւ հիմնախնդիրներ կան: Նախկին վարչապետ Կարէն Կարապետեանը եւ նրա արբանեակները դիւրին-դիւրին իրենց տեղը չեն զիջելու (ազդումը միշտ հաւասար է հակազդմանը): Ցաւալի է ընդունել, որ Հայաստանի անկախացումից յետոյ եղած հայ նախագահները չկարողացան կամ չուզեցին բարելաւել ժողովրդի վիճակը: Այդ պատճառով հայրենիքն արձանագրեց քառորդ դարեայ անդադար ետքայլ եւ ժողովուրդը հասաւ այսօրուայ թշուառ վիճակին:
Աշխարհի պետութիւնները ուշադիր հետեւում են հայաստանեան իրադարձութիւններին, որ յարմար պահին անգղի նման վայրէջք կատարեն… Ռուսաստանը զինում է ազերիներին, որ հայերին սպանեն: Ազերին, որ թուրքի կրտսեր եղբայրն է, արդէն տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Ազերիները՝ թուրքի կամակատարները, չեն խորշի նոր վայրագութիւններ կատարելու: Փա՞ստ. ապրիլեան պատերազմը, արցախեան պատերազմը կամ 1988 թուականի սումգայիթեան նախճիրը, երբ անպաշտպան ծերունիներին եւ երեխաներին բազմայարկ շէնքերի պատշգամբներից վայր գցեցին եւ ոչ մէկը հաշուետու չեղաւ կատարուածի համար: Ինչո՞ւ, քանի որ Թուրքիան դեռ պատասխան չի տուել մի ամբողջ ազգի բնաջնջման համար: Աւելին, մէկ բաժակ պաղ ջուր է խմել եւ հիմա խեղաթիւրում է կատարուածը: Ահա մէկ նախադասութիւն Ապրիլի 24ին Էրդողանի Պոլսոյ պատրիարք Աթէշեանին ուղղուած ուղերձից. «Այսօր համախմբուած էք վերհիշելու այն օսմանահայերը, ովքեր մահացան առաջին աշխարհամարտի բարդ ու դժուարին պայմաններում… իմ ողջոյններն ու յարգանքը կը յղեմ իմ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր կը մասնակցեն ոգեկոչման արարողութեանը»:
Ոչ մէկ խօսք ծրագրուած ցեղասպանութեան մասին: Նոյն օրը Թուրքիայում կալանաւորուեցին մարդկային իրաւունքների երեք պաշտպանների, որոնց «մեղք»ը ցեղասպանութեան բառի գործածութիւնն էր իրենց ցոյցի պաստառների վրայ: Ոստիկանները պահանջել էին, որ այդ բառը փոխարինուէր »«կարծեցեալ ցեղասպանութեամբ» բառակազմութիւնով: Այս առնչութեամբ Բենիամին Էպթնը (Եւրոպայի ցեղասպանութեան դէմ պայքարի նախագահ) ասել է. «Թուրքիա՛ն ներկայումս շատ հեռու է անցեալի հետ առերեսուելու գործընթացից»:
Եւ ահա, իրադարձութիւնների այսպիսի վիճակում այստեղ կայ մէկը, որ մշակուած ծրագիր է ներկայացնում հայ ժողովրդի պահանջատիրութեանը հասնելու համար: Ըստ իս, դա առնուազն խիզախութիւն կարելի է համարել եւ աջակից լինել նրան այդ երազի իրականացման ճանապարհին:
Այո՛, կամքից անկախ պատճառներով ուշացել ենք, բայց «Լաւ է ուշ, քան երբեք», ասում է ժողովուրդը:
Ուստի շնորհաւորում ենք, որ պարոն Վահէ Մեսրոպեանին 2017 թուականին Համահայկական ծրագրերի վարչութեան յայտարարած մրցանակաբաշխութեանը Հայապահպանութեան գործում նկատելի աւանդի համար «Մայրենիի պաշտպան» անհատական անուանակարգում 2րդ կարգի դիպլոմի արժանանալու առիթով (նաեւ դրամական պարգեւ) եւ մաղթում նորանոր նուաճումներ:
ՍՈՆԻԱ ՄԿՐԵԱՆ՝ գրող, հրապարակախօս
Երանի՜ «Ասպարէզ»ի այս յօդուածը հասնի Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետյանին որ յառաջիկային գոնէ մի քիչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերէ այս եւ նման հեղինակաւոր անհատներու հանդէպ քան այն՝ ինչ ցուցաբերեց Յուլիս 30-ին Կլէնտէյլի մէջ «հանրութեան հետ հանդիպում»ի ընթացքին, երբ Պրն. Վահէ Մեսրոպեան հարցում ուղղեց Արեւմտեան Հայաստանի հողերու վերադարձի գծով Հայաստանեան իշխանութիւններու դիրքորոշման եւ նպատակներուն մասին: