ԵՐԵՒԱՆ, «Ալիք».- ՀՀ Կոտայքի մարզում դէպի Եղուարդ տանող ճանապարհի յարակից տարածքում աւարտին են մօտենում Գագիկ Ծառուկեանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցերնի եւ իրանահայ գործարար Հենրիկ Տէր Ղուկասեանի հիմնադրած «Արմօյլ» ընկերութեան համատեղ նախաձեռնած քսաիւղերի գործարանի լայնամասշտաբ շինարարական աշխատանքները:
Ներդրումային այս ծրագիրը կեանքի է կոչուել Գագիկ Ծառուկեանի նախաձեռնութեամբ որը պատրաստակամութիւն է յայտնել կանգնել իրանահայ գործարարի ստեղծած ընկերութեան կողքին:
Կատարուած աշխատանքներին ծանօթանալու եւ քսաիւղերի նորաստեղծ գործարանի շահագործման արտօնութիւն տրամադրելու հնարաւորութիւնը դիտարկելու նպատակով Յուլիսի 9ին գործարան էին այցելել Դուբայում տեղակայուած Միացեալ Էմիրութիւնների (ԱՄԷ) ազգային նաւթային ընկերութեան ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Նոյն օրը, ԱՄԷի ազգային նաւթային ընկերութեան ներկայացուցիչները «Մուլտի գրուպ» կոնցերնի գլխաւոր տնօրէն Սեդրակ Արուստամեանի եւ «Արմօյլ» ընկերութեան հիմնադիր Հենրիկ Տէր Ղուկասեանի նախաձեռնութեամբ ՀՀ կառավարութեան շէնքում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:
Հանդիպումը գնահատելով հոյակապ, Հենրիկ Տէր Ղուկասեանն ասել է. «Քննարկուել են Դուբայից հումք ներկրելու վերաբեալ հարցերն ու Հայաստանում ստեղծուած նոր իրողութիւնները»:
«Արմօյլ» ընկերութեան համասեփականատէր Հենրիկ Տէր Ղուկասեանը գործարան այցի ժամանակ «Կենտրոն» հեռուստաընկերութանը յայտնել է. «Գագիկ Ծառուկեանի անձնական ներկայութեան եւ նպաստի շնորհիւ է, որ «Արմօյլ»ին յաջողւում է Հայաստանում իրականացնել իր առջեւ դրուած նպատակները»:
Նշենք որ, գիւղի արտադրամասում արտադրուելու են բարձրակարգ շարժիչի հանքային հումքով իւղեր, շարժիչի սինթետիկ հումքով իւղեր, փոխանցման տուփի իւղեր, արդիւնաբերական իւղեր, տարբեր հակասառեցուցիչ հեղուկներ եւ տարատեսակ այլ նաւթամթերքներ:
Գործարանի լաբորատորիան նախատեսուած է լինելու բոլոր տեսակի նաւթամթերքի հետազօտութիւնների փորձաքննութիւնների իրականացման համար: Այն համալրուած է լինելու միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննութիւնների եւ հետազօտութիւնների համար նախատեսուած սարքաւորումներով: Նոյն լաբորատորիան անհրաժեշտութեան դէպքում կարող է նաեւ ծառայել Հայաստանի կառավարութեանը պետական նշանակութեան ստուգումների իրականացման նպատակով:
Նախաձեռնութեան հեղինակների խօսքով. «Քսաիւղերի նոր գործարանի շնորհիւ Հայաստանը կ՛ունենայ նաւթամթերքի հայրենական արտադրող, որը հնարաւորութիւն կը ստեղծի Հայաստանի կլիմայական պայմաններին համապատասխան արտադրանք թողարկել, երկրում կը բացուեն հարիւրաւոր նոր աշխատատեղեր կը բարձրանայ զբաղուածութեան մակարդակը, կ՛աւելանան պետական բիւջէ վճարուող գումարները»: