ԵՐԵՒԱՆ, «Փոլիթիք».- Հայաստանի արեւահամ բարիքները յայտնի են ողջ աշխարհով: Նրանց իւրայատուկ համն ու գոյները գրաւում են աշխարհի մի շարք երկրների առաջատար շուկաները: Միտումները, թէ հայկական արտադրանքն առաւել նպատակային է արտերկրում իրացնելը, գրաւում է շատ գործարարների ուշադրութիւնը: Նրանք իրենց ուշադրութիւնը սեւեռում են դրսի շուկայում տեղական միրգ-բանջարեղէնը, չրերն ու անուշեղէնն առաւել գեղեցիկ փաթեթաւորմամբ, առաւել յարմարաւէտ տարաներով մատուցելու վրայ: Տեղական շուկան, արտաքին տեսքի առումով, քիչ ուշադրութեան է արժանանում: Հայաստանցի իւրաքանչիւր սպառողի աչքին ծանօթ են կգ-ներով չրերի, անուշեղէնների պարկերը, որոնցից սպառողը գնում է իր գրպանին յարմար քանակութիւնը: 2017թ.ին տեղական շուկայում յայտուեց «Համադամ» բրենդը, որն առաջարկում է գեղեցիկ փաթեթաւորմամբ, յարմարաւէտ եւ էկոլոգիապէս մաքուր տարաներով չրերի եւ ընկուզեղէնի տեսականի:
«Մեր հասարակութիւնը կարծես սովորել էր տոպրակների, այսպէս կոչուած, մշակոյթին: Տեսնելով դրսի շուկայում ապրանքների գեղեցիկ փաթեթաւորումները, չրերը՝ յարմարաւէտ տարաներով վաճառելու սովորութիւնը, որոշեցինք նոյնը կիրառել նաեւ Հայաստանում: Շատ է պատահում, երբ մեր երկիր ժամանած հիւրերը մեծ տօնավաճառներից չրերի եւ ընկուզեղէնի տեսականիներ են իրենց երկիր տանում: Մեր գերնպատակներից մէկն էլ դա է, որ մեր արտադրանքը առաւելագոյնս լուսաւոր կերպով ներկայանայ մեր սպառողներին: Մենք մեր սպառողին առաջարկում ենք, այսպէս կոչուած, մրգային եւ ընկուզեղէնային միքսեր: Նոյն տարայով մի քանի չրերի եւ ընկուզեղէնի տեսականիների փաթեթաւորումը շահաւէտ եւ հետաքրքիր նորամուծութիւն դարձաւ մեր սպառողների համար: Դա ե՛ւ հեշտ է, ե՛ւ արագ: Սպառողը մի տարան գնելով օգտւում է մի քանի անուշեղէնից: Այս նորամուծութիւնը մեր սպառողների շրջանում մեծ ոգեւորութիւն առաջացրեց», ասաց «Համադամ» ընկերութեան տնօրէն Վահէ Յարութիւնեանը:
Ընկերութիւնը թէեւ շուկայում նորերից է, սակայն առանձնանում է տեղական մնացած արտադրողներից՝ իր արտադրանքի որակով եւ մատուցելու եղանակներով: Չրերը տեղական արտադրութեան են, Արարատեան դաշտավայրի անուշահամ մրգերից պատրաստուած:
«Մենք մեր սպառողին առաջարկում ենք մաքուր, առանց հաւելումների, առողջարար արտադրանք: Սա է վկայում մեր արտադրանքի հանդէպ ունեցած տեղական շուկայի մեծ հետաքրքրութիւնը: Սպառողը վստահում է մեզ, իսկ մենք բարձր ենք գնահատում նրա վստահութիւնը: Մեր նպատակները չեն սահմանափակւում միայն տեղական շուկայում առաջատարի տեղը գրաւելով, մենք ցանկանում ենք նաեւ դուրս գալ միջազգային շուկայ, ինչի վերաբերեալ աշխատանքներ են տարւում: «Համադամ»ի տեսականին այսօր վաճառւում է քաղաքի առաջատար սուպերմարկետների ցանցերում: Մեր ընկերութիւնը պատրաստւում է աւելացնել սպառողին առաջարկուող տեսականին: Շուտով շուկայում կը յայտնուի նաեւ «Համադամի» մակարոնեղէնը», ասեց Վ. Յարութիւնեանը: