ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայկական գինու փառատօնը Գլենդելում, բացառիկ առիթ էր ներկայացնելու հայկական գինեգործութեան 6000ամեայ պատմութիւնն ու ժամանակակից արտադրութիւնը ԱՄՆում:
Յունիսի 10ին կայացած ձեռնարկը համախմբել էր Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների հայ գինեգործների, որոնց յաջողութեան գրաւական կարելի է համարել նաեւ այս ոլորտում ազգային աւանդոյթները: «Քօշ», «Քուռ», «Կատարօ», «Կարաս», «Ոսկենի», «Ոսկեվազ», «Վան Արդի», «Արմաս», «Չագլասիան», «Թութունջեան», «Լուսօ Դելա Տերա» ապրանքանիշները, որ ներկայացուած էին փառատօնին, համաշխարհային շուկայում հասցրել են մեծ հեղինակութիւն ձեռք բերել: Այս մասին վկայեցին նաեւ Գլենդելի «Չեւի Չեյզ Քաունթրի Քլաբ» հաստատութիւնում անցկացուող մէկօրեայ ձեռնարկին ներկայ ոլորտի ամերիկեան ներկայացուցիչներ, ացելուներ:
Փառատօնի մտայղացող ու կազմակերպիչ Ստեփան Փարթամեանի կարծիքով՝ նման միջոցառումը լաւագոյն ձեւն է ծանօթացնելու հայկական ժամանակակից գինեգործութիւնն ու Հայաստանում առկայ գործարար հնարաւորութիւնները: «Լինելով տարբեր փառատօներում, միշտ մտածել եմ, իսկ ինչո՛ւ հայկականը չներկայացնենք ԱՄՆում, եւ սկսենք Լոս Անջելեսից, որ հայկական գինիների համար մեծ շուկայ կարող է լինել: Յաճախ պատահող այն մտայնութիւնը, թէ, եթէ հայկական է՝ պէտք է ճանաչուած եւ ընդունուած լինի, շուկայական չափանիշ չէ: Այսինքն, մինչեւ մարդը չի փորձել ինչ որ բան՝ չի կարող կարծիք յայտնել: Եւ ահա այդ առիթը ստեղծելու լաւագոյն միջոցներից էր փառատօնի կազմակերպումը՝ հայկական ոգելից խմիչքները ճանաչելի դարձնելու նաեւ ամերիկեան հանրութեանը»: Փարթամեանի մտադրութեան մասին «ֆէյսբուք»եան յայտարարութեանն արձագանգում են շատերը՝ այդ թւում Հայաստանից, Կալիֆորնիայի տարբեր շրջաններից, Արգենտինայից, Չիլիից հայազգի գինեգործներ, ներմուծող ընկերութիւնների ներկայացուցիչներ, ովքեր առանձին տաղաւարներով, փառատօնի շրջանակներում, ցուցադրում էին գինիների, նաեւ՝ կոնեակի, օղու, սննդի տեսականիներ:
Հայաստանի գինեգործութեան կայացման ու զարգացման ակունքներում կանգնած, եւ հսկայական ներդրում ունեցող Վահէ Քէօշքերեանը պատմեց, որ Հայաստանը պատմականօրէն եղել է գինեգործութեան համաշխարհային ակումբի անդամ, սակայն ոլորտի վերածնունդը հայրենիքում սկսուել է շուրջ վեց տարի առաջ: «Այսօր, գինեգործութիւնը մեր երկրի ամենայաջող ոլորտներից է, եւ ՀՀ կառավարութիւնը, որպէս տնտեսութեան լաւագոյն զարգացած ճիւղի օրինակ, մշտապէս ներկայացնում է գինեգործութիւնը: Հայաստանում նաեւ մշակոյթն է փոխւում. հայ տղամարդիկ, որ մշտապէս նախընտրել են օղին, ներկայում, հանրային վայրերում կարող էք յաճախ ականատես լինել, թէ ինչպէս են հիմնականում գինի խմում: Վեց տարուայ ընթացքում, Հայաստանը կարողացաւ դուրս գալ միջազգային շուկայ, եւ մեծ հեղինակութիւն ձեռք բերել», նշեց Քէօշքերեանը:
Կալիֆորնիայում, Իտալիայում գինեգործութեան մեծ փորձ ունեցող Քէօշքերեանը, 2009 թուականին տեղափոխուելով բնակութեան Հայաստան, ձեռնամուխ է լինում ոլորտի զարգացմանը՝ մասնակցելով ներկայում հանրաճանաչ ապրանքանիշների կայացմանը, որոնց թւում՝ Կարաս գինու:
Նա, այնուհետեւ, 2012ին հիմնում է «Ուայնուորքս» (Wine-works) ինկուբատորային ընկերութիւնը, որը կայացրել է գինու տաս նոր ապրանքանիշներ: Գինեգործութեամբ զբաղուել ցանկացողներին, ընկերութիւնը տրամադրում է տարբեր ծառայութիւններ, այդ թւում՝ նախնական ծրագրում, արտադրական գործընթաց, ներկայացում եւ տարածում, վաճառք: ««Ուայնուորքս»ի գործունէութիւնն ուղղուած է արագացնելու ոլորտի կայուն զարգացումը: Մեր աջակցութիւնից յետոյ, յաճախորդներն այնուհետ կարողանում են ինքնուրոյն շարունակել իրենց գործը», նշում է Վահէ Քէօշքերեանը, ով նաեւ համահիմնադիրն է հանդիսանում «Ի.Վի.Էն.» գինու ակադեմիայի: Նա նշեց, որ վերջին շրջանում բազմաթիւ սփիւռքահայեր են խաղողի այգիներ գնում եւ գինեգործութեամբ ցանկանում զբաղուել Հայաստանում: Գինու փառատօնին, Քէօշքերեանը նաեւ ներկայացնում էր սեփական արտադրանքը՝ «Քօշ» անուանումով գինին, եւ արցախեան «Կատարօ» գինին, որի ստեղծման ու կայացման գործի մասնակիցն է նաեւ:
Հայաստանում արտադրուող Արմաս գինիների հաւաքածուից օրինակներ ցուցադրում էր Քրիսթոֆեր Ադամսը: Նա պատմեց, որ եղել է Հայաստանում եւ տպաւորուած է հայկական գինիների որակից: «Արմաս» գինիները շատ բարձրորակ են, եւ նրանց համն ընկալելի է շատ տարբեր մշակոյթների պատկանող մարդկանց: Դրանում համոզուել եմ ԱՄՆ 24 նահանգներում գինին ներկայացնելիս», պատմեց Ադամսը: Նա նաեւ «Արարատ» կոնեակն է տարածում ԱՄՆում, եւ նշեց, որ հայկական ոգելից խմիչքների ներկայացումները սկսում են Հայաստանի ու հայերի մասին պատմութիւններից:
Գասպար Արաբիանն էլ տեղեկացրեց, որ «Քուռ» եւ «Վան Արդի» Հայաստանում արտադրուող գինիները մեծ պահանջարկ ունեն ոչ միայն հայերի, նաեւ՝ օտարների շրջանում:
Այդ մասին վկայեց նաեւ աւելի քան երկու տասնամեակ հայկական զանազան ապրանքներ՝ հիմնականում ոգելից խմիչքներ ԱՄՆ ներմուծող «Ապոլլօ» ընկերութեան նախագահ Սամուէլ Օգանեսեանը: «Աշխատում եմ հիմնականում Երեւանի Պռոշեանի կոնեակի գործարանի հետ՝ ներմուծելով կոնեակ, գինի, որոնք բացի հայկական վաճառասրահներից վաճառւում են ամերիկեան յայտնի ցանցային խանութներում, ինչպէս օրինակ՝ «Հոլֆուդզ»ում: Նշեմ, որ մեր հայկական համատեսակը շատ տարբեր է, գրաւիչ է նաեւ ձեւաւորումը, ինչը յաճախորդների հետաքրքրութիւնը շարժելու եւս մէկ առիթ է հանդիսանում», տեղեկացրեց Օգանեսեանը, որ առանձին տաղաւարով ներկայացնում էր նաեւ «Ոսկեվազ» գինիների տեսականին: Նա նաեւ ուրախութեամբ արձանագրեց, որ իր աշխատանքի արդիւնքում կարողանում է օգտակար լինել Հայաստանում գիւղատնտեսութեան զարգացմանը:
Գինու փառատօնը նաեւ հիանալի առիթ էր բացայայտելու Հայաստանից դուրս գործող հայ գինեգործների: Էդուարդ Չոլակեանի՝ «Լուսօ Դելա Տերա» ապրանքանիշի գինիները պատրասւում են Պասա Ռոբլեսում: Երիտասարդ ամերիկահայ գործարարը ներկայացնում էր գինու ինը տարբեր տեսակներ, որոնց թւում էին նաեւ բացառիկ համադրութիւններ: Նա ուրախութեամբ նշեց, որ ձեռնարկի շնորհիւ հնարաւորութիւն ունեցաւ ծանօթանալու հայաստանեան ապրանքանիշների, որոնք միջազգային չափանիշներով են եւ շատ բարձրորակ:
Իրենց գինիներն էին ուղարկել նաեւ Չիլիից «Թութունջեան» ապրանքանիշ արտադրողները:
Արգենտինայի գինեգործութեան կենտրոն համարուող Մենդոզա շրջանի յայտնի գինեգործներից է Խուան Չաղլասեանը: 2004 թուականից արտադրուող «Չաղլասեան» գինիների տարբերանշանը յաւերժութեան հայկական նշանն է: Այս ապրանքանիշը մեծ ճանաչում ունի Արգենտինայում իր որակի շնորհիւ: «Խաղողի առաջին այգիները որ գնեցի ի յիշատակ մեծ մօրս էին, որ Հայոց Ցեղասպանութեան զոհերից էր: Իմ ապրանքանիշում առկայ են նաեւ հայկական տարրեր: Օրինակ, վերջերս արտադրուած շամպայնը կոչւում է 6100, որ խորհրդանշում է հայոց գինեգործութեան հազարամեակների պատմութիւնը: Մեր ապրանքները կրում են ծանօթացումներ, որտեղ նաեւ նշւում է «Չագլասեան» անուան մասին: Սան Ռաֆայէլ քաղաքում էլ ընկերութեան շէնքը, որի ճարտարապետը նոյնպէս հայ է, ստեղծուած է Նորավանքի նախատիպով», պատմում է Խուան Չագլասեանը: Նա բարձր գնահատեց հայկական գինիների որակը՝ նշելով, որ շատ տպաւորուել է 2016 թուականին Հայաստանում տարբեր գինու ընկերութիւններ այցից: Նա կարեւորեց նաեւ գինու փառատօնի անցկացումը Միացեալ Նահանգներում՝ յոյս յայտնելով, որ ձեռնարկը կը դառնայ աւանդական:
Փառատօնի կազմակերպչական աշխատանքների մասնակից, սոմելիէ (խմբ.գինու գիտա՞կ) Անոյշ
Ղարիբեանը տեղեկացրեց, որ փառատօնին մասնակցելու հրաւէր է ուղարկուել Հայաստանի բոլոր գինեգործներին, սակայն տարբեր պատճառներով շատերը առիթ չեն ունեցել մասնակցելու: Նա նշեց, որ յաջորդ տարի փառատօնն առաւել ընդգրկուն կը լինի մասնակիցների առումով, իսկ մինչ այդ յորդորեց ամերիկահայերին աշխուժօրէն ներգրաւուելու հայկական գինիների տարածման գործում՝ դառնալով գինու իւրատեսակ դեսպան օտարների շրջանում: Ոլորտի ամերիկեան շուկայում երկարամեայ փորձառութիւն ունեցող մասնագէտը նշեց, որ հայկական գինիները համապատասխանում են միջազգային բարձր չափանիշների, եւ մրցակցային են: Գինու եւ գինեգործութեան մասին նա հանդէս եկաւ նաեւ դասախօսութեամբ: Փառատօնի շրջանակներում կայացած դասընթացների բանախօսներից էր նաեւ Հիւսիսային Ամերիկայի Սոմելիեների միութեան գլխաւոր քարտուղար Իրինա Պոնոմարյենկօն:
Միջոցառումն աւարտուեց հանդիսաւոր խնջոյքով: Յատկանշական էր, որ կերակրատեսակները մատուցւում էին համապատասխան գինիների հիւրասիրութեամբ, եւ Ստեփան Փարթամեանը ներկայացնում էր տուեալ գինու պատմութիւնը: Սփիւռքի նախարարի նորանշանակ խոհրդական, գինեգործ Վահէ Քէօշքերեանն էլ պատմեց հայկական գինեգործութեան աւանդոյթների ու ներկայի մասին: Փառատօնի երաժշտականութիւնը ապահովեց «Ռոմա Քանեան Տրիօ»ն: