Մայիս 31ին տեղի ունեցաւ Խաղաղութեան կորպուսի 39 նոր կամաւորների երդման հանդիսաւոր արարողութիւնը, որը մեկնարկեց կամաւորների ծառայութեան սկիզբը Հայաստանում: Այսօր 39 հայկական համայնքներ կը դիմաւորեն իրենց ամերիկացի կամաւորներին, ովքեր կ՛ապրեն հայ ընտանիքներում, կը դասաւանդեն անգլերէն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ միասին կամ կ՛աշխատեն հասարակական կազմակերպութիւններում: Կամաւորները Հայաստան են ժամանել երկու տարի ժամկէտով:
Կամաւորները Հայաստան են ժամանել երեք ամիս առաջ եւ մասնակցել են նախապատրաստական դասընթացի, որի ընթացքում սովորել են հայերէն եւ ծանօթացել հայ ժողովրդի մշակոյթին եւ պատմութեանը: Այս երեք ամիսների ընթացքում կամաւորներն ապրել են Արարատի մարզի Նոր Խարբերդ, Այնթապ, Մարմարաշէն, Զօրակ եւ Դարբնիկ համայնքներում:
Իր ելոյթում Խաղաղութեան կորպուսի հայաստանեան գրասենեակի տնօրէն Սանի Լուն նշեց. «Խաղաղութեան կորպուսի առաջին կամաւորները Հայաստան են ժամանել դեռեւս 1992թ.ին: Նախորդ 26 տարիների ընթացքում Հայաստանում ծառայել է աւելի քան 1100 կամաւոր: Այս կամաւորները Հայաստանը բնորոշում են որպէս իրենց տունը, որպէս սիրոյ եւ միշտ օգնութեան ձեռք մեկնող պատրաստակամ երկիր: Այսօր այս կամաւորներին գումարւում են եւս 39ը: Նրանք կրելու են իրենցից առաջ ծառայածների ժառանգութիւնը եւ է՛լ աւելի են ուժաղացնելու մեր ծրագրի յաջողութիւնը բոլոր այն կամաւորների համար, ովքեր գալու են իրենցից յետոյ»: Միջոցառմանը ներկայ էին աւելի քան 300 հիւրեր, որոնց շարքում կային Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, ներկայ եւ նախկին կամաւորներ, իրենց տներում Խաղաղութեան կորպուսի կամաւորներ հիւրընկալած ընտանիքներ, ինչպէս նաեւ Ծրագրի միջազգային եւ հայ գործընկերներ:
Նոր խմբի կամաւորների համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գիւղական վայրերում եւ քաղաքներում այժմ ծառայում է Խաղաղութեան կորպուսի մօտ 110 կամաւոր: