ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջարկուել է ստեղծել յանձնաժողով՝ քննարկելու համար Յունիսի 1ին Հադրութում տեղի ունեցած ծեծվըռտուքն ու դրա արդիւնքում առաջացած հանրային դժգոհութիւնը՝ Ազգային անվտանգութեան ծառայութեան յատուկ ջոկատայինների կեցուածքից:
Խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայեանն ասաց, թէ հասարակութեան դժգոհութեան պատճառն այն է, որ մարդիկ ինֆորմացուած (տեղեկացուած) չեն վատի մասին, լաւի մասին:
«Ո՞վ չգիտի, որ իսկապէս պրոբլեմներ ունենք, ո՞վ չգիտի, որ մեր կադրային քաղաքականութիւնը նորմալ չի: Ո՞վ չգիտի, որ բարձրաստիճան պաշտօնեաների ենք հրաւիրում արհամարհում են, չեն գալիս: Կան, չէ՞ այս խնդիրները: Ուրեմն պէտք է ասուի, որ ընկերներ, ձեր տեղում չէք, ականջալուր պէտք է լինենք մարդկանց: Ի՞նչ վատ բան կայ, որ ցուցարարն ասում է, որ հրաժարական պէտք է տայ: Վտանգաւոր որեւէ բան չկայ», նշեց Վ. Բալայեանը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ քաղաքական հարցերը պէտք է լուծուեն խորհրդարանում, ոչ թէ այս կամ այն կաբինետներում (դահլիճներու մէջ):
«Ժողովրդավարութիւն» խմբակ-ցութեան պատգամաւոր Դաւիթ Մելքումեանն էլ ասաց, որ խնդիրներ կան եւ իրենք պարտաւոր են լսել մարդկանց տեսակէտը, ամփոփել խնդիրները եւ դրանց լուծում տալ: «Սա մեր պարտականութիւնն է, մենք ընտրուել ենք ժողովրդի կողմից», ասաց նա:
Դ. Մելքումեանը շեշտեց, որ կուտակուել են բազմաթիւ բողոքներ, բայց ինքը, ցաւօք, չի պատկերացնում, թէ ինչ մեխանիզմներ (մեքենակառոյցներ) պէտք է կիրառել, որպէսզի հնչեցրած հարցերը պատասխաններ ստանան:
«Եկէք անկախ մեր կուսակցական պատկանելիութիւնից համախմբուած լուծենք հարցերը: Միգուցէ յաջորդիւ ինչպէս այս օրերին է հնչում, անհրաժեշտ լինի ստեղծել մի հարթակ, որտեղ քննարկուեն այլ հարցեր, ստեղծուի հանրային խորհուրդ: Բողոքները փողոցներից պէտք է տեղափոխել այս կարեւոր հարթակ: ԱԺ դերակատարութիւնը պէտք է օգտագործուի: Այսօր մի նոր տրենդ է (հակում է) ընդդիմադիր լինելը, մոդայիկ է դառնում, ինձ համար զարմանալի է, վրդովում եմ, որ հանդիպում եմ այնպիսի մարդկանց, ովքեր տարիներ շարունակ պատասխանատուութիւն են կրում, բայց պարզ, գոռալով խօսում են… Իհարկէ, պէտք է խօսել, բայց խօսալու թեմաները տարիներ շարունակ եղել են», նշեց Դաւիթ Մելքումեանը:
«Դաշնակցութիւն» խմբակցութիւնից Գէորգի Պետրոսեանը նշեց, որ «մենք կատաստրոֆայի (աղէտի) ծայրին ենք, ճգնաժամը եկել հասել է այստեղ»:
«Եւ ի՞նչն էր դրա պատճառը: Պատճառը խնդիրներն են, որոնք կուտակուել են Հայաստանում, այստեղ, մեր շուրջը: Ասում են՝ թաւշեայ յեղափոխութիւն: Ոչ մի յեղափոխութիւն էլ չի եղել, եղել է քաղաքական երկրաշարժ հայութեան մէջ: Սա երկրաշարժ է մեր բոլորի համար: Առաջին հերթին երկրաշարժ է մեր մտածելակերպի մէջ: Մենք սովորել ենք բիւրոկրատ լինել, ինչ է եղել որ՝ մէկը կ՛ասի, մենք կ՛անենք, քաղաքական կամքը, քաղաքական մտածողութիւնը վերացել է: Հիմա եկել է ժամանակը քաղաքական կամք ցուցաբերել, ոչ ստանդարտ (օրինաչափ) քայլեր ձեռնարկել, թէ չէ ճգնաժամը խորանալու է: Մեր գործողութիւնը մոբիլիզացիայի (զօրաշարժի) խնդիր պէտք է լինի, վաղը պատերազմ է, չէք տեսնու՞մ», շեշտեց Պետրոսեանը:
«ԹԵՐԹ»