Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2018 թուականի առաջին համարը՝ մօտ 300 էջ ծաւալով:
Խմբագրականում մանրամասն անդրադարձ է կատարւում մեզանում հայոց պետականութեան վերականգնման իւրայատուկ խորհրդանիշը դարձած Մայիս 28ի տօնակատարութիւնների նախապատրաստման ընթացքին, վեր են հանւում նրանում տեղ գտած թերութիւնները, ներկայացւում են վիճակը շտկելուն ուղղուած կոնկրետ (յստակ) առաջարկներ:
Շարունակելով «Վէմ»ի նախորդ խմբագրականում տեղ գտած եւ ընթերցողների շահագրգիռ արձագանգին արժանացած՝ հայոց ինքնութեան շուրջ քննարկումները, ներկայ համարում նոյն թեմայի վերաբերեալ հրապարակուել են սոցիալական (ընկերային) փիլիսոփայութեան ոլորտի մասնագէտներ Էդուարդ Ա. Յարութիւնեանի եւ Մովսէս Հ. Դէմիրճեանի ծաւալուն յօդուածները:
«Վէմ»ի 2018 թուականի առաջին համարում իրենց հիմնարար գիտական հարցադրումներով աչքի են ընկնում յատկապէս գրականագէտ Աշխէն Էդ. Ջրբաշանի՝ մինչաբեղեանական շրջանի հայ տաղագիտութեանը նուիրուած ուսումնասիրութիւնը եւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Մ. Հասրաթեանի հրապարակումը՝ միջնադարեան Հայաստանի բերդ-եկեղեցիների մասին:
Հայաստանի Հանրապետութեան 100ամեակի հետ կապուած՝ «Պետականութեան Մարտահրաւէրը» խորագրի տակ լոյս տեսնող թուով 4րդ հրապարակումը ՀՀ 1918-1920 թթ. տեղական ինքնակառավարման մարմինների գործունէութեան ուսումնասիրութեանը նուիրուած Աննա Է. Ասատրեանի յօդուածն է:
Ներկայ համարից սկսուել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա. Յովսէփեանի ծննդեան 150ամեակի առիթով գրուած՝ Սարգիս Ռ. Մելքոնեանի ծաւալուն ուսումնասիրութեան հրապարակումը, որի առաջին մասն ընդգրկում է երանաշնորհ հայրապետի ուսումնառութեան տարիները (1877-1897 թթ.): Նրանում առաջին անգամ հանգամանալից գիտական քննութեան է ենթարկւում 1897թ. Գերմանիայում Գարեգին Յովսէփեանի պաշտպանած դոկտորական ատենախօսութիւնը:
2018 թուականի առաջին համարում տեղ են գտել նաեւ այլ ուշագրաւ յօդուածներ: