ԱՆԱՀԻՏ ԲԵԳԼԱՐԵԱՆ
Մայրենի լեզու, հայ գիրք, հայու աննկուն ու մարտնչող հոգի եւ քրիստոնէական մեծ հաւատք. ահա սրանք են մեր ժողովրդի յաւերժութեան գրաւականը, որի դէմ անկարող գտնուեց ցանկացած զէնք ու թշնամի: Այս ներուժի բարգաւաճմանն է ծառայում առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդեաց Մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը, որն իր գործունէութեան ընթացքում ունեցել է բազում ձեռքբերումներ:
Իւրաքանչիւր հայ մանուկ պէտք է լաւ իմանայ իր ժողովրդի պատմութիւնը եւ դաստիարակուի ազգային արժանապատուութեան ոգով: Դրա համար էլ հաստատութիւնն աշակերտների մէջ փորձում է սերմանել հայրենիքի նկատմամբ անհատնում սէր, մշտական հոգատարութիւն եւ այն պահպանելու, պաշտպանելու ձգտում: Կրթօջախն մշտապէս հանդէս է գալիս նոր նախաձեռնութիւններով, որոնք միտուած են երեխաների արդիւնաւէտ կրթադաստիարակչական առօրեայի կազմակերպմանը: Ամբողջ ուսումնական տարուայ ընթացքում աշակերտները պատրաստում են տարբեր թեմաներով հրաշալի անհատական աշխատանքներ եւ ներկայացնում դրանք:
Շատ ոգեւորիչ է, երբ տեսնում ես, թէ ի՜նչ հպարտութեամբ են նրանք մտնում եկեղեցի՝ ձեռքներին բռնած իրենց աշխատանքները, որոնք պատմում են հայրենիքի եւ հայ յայտնիների մասին: Դպրոցը առօրեան յագեցած է շատ հետաքրքիր միջոցառումներով: Անցնող ուսումնական տարին եւս բացառութիւն չէր:
Ամփոփիչ եւ հաշուետու ամավերջի հանդէսը տեղի ունեցաւ Մայիսի 19ին: Բացման խօսքում, տնօրէն Յովհաննէս սրկ. Գումրույեանը նշեց, որ այս տարուայ միջոցառումները նուիրուած են Մայիսեան յաղթանակներին՝ Աւարայրից մինչեւ Սարդարապատ, Արցախ ու մեր օրերը: Երկմասանի յայտագիրը մեկնարկեց առաջին դասարանի աշակերտների Այբենարանի հանդէսով, որի ժամանակ սաներն ստացան «Տառաճանաչութեան վկայական»ներ: Աւարտական 6րդ դասարանի միջոցառումը «Իմ հայրենիքը Հայաստանն է» թեմայով հիացրեց բոլորին իր տրամաբանական կուռ յագեցուածութեամբ, գրական, գեղարուեստական ու մշակութային անրադարձումներով ու պատմութեան վերյուշով: Վերջում աշակերտները իրենց շնորհակալական խօսքն ասացին ուսուցիչներին, դպրոցի տնօրինութեանը եւ Սրբոց Ղեւոնդեաց Մայր տաճարի հոգեւոր պաշտօնէութեանը:
Հարկ է նշել, որ աշակերտներին մշտապէս այցելում է թեմական առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը: Նա ծանօթանում է երեխաների ձեռք բերած գիտելիքներին, խրախուսում եւ իր օրհնութիւնը բաշխում նրանց: Առանձնակի մտերմութիւն է ստեղծուել նաեւ առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարի հովիւ Խաժակ քհնյ. Շահբազեանի եւ աշակերտների միջեւ:
Ուսումնական տարին աւարտուեց, սական պաշտօնէութիւնը չի բաւարարւում նրանով, որ անցնող տարիներին դպրոցը դարձել է Սփիւռքի ամենամեծ ու հզօր մէկօրեայ վարժարանը, այլեւ՝ մշտապէս համալրում է դպրոցը նոր արդիական միջոցներով ու կրթական ծրագրերով:
Նոր ուսումնական տարուայ ընդունելութիւնն սկսելու է Յուլիսի 10ից, իսկ դասերը՝ Օգոստոսի 18ից:
(Յապաւուած)