ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ
Հայաստանի 1918ի եւ 1991ի երկու անկախութիւններն էլ արդիւնք էին ամբողջատիրական եւ բռնապետական երկու կայսրութիւնների փլուզման՝ Ռուսաստանի Ցարական Կայսրութիւն եւ նոյն տարածքի վրայ նրան յաջորդած Խորհրդային Սոցեալիստական Հանրապետութիւնների Միութիւն (ԽՍՀՄ), ի հարկէ՝ երկու բացայայտ տարբերութիւներով, նախ՝ առաջինի պարագայում աշխարհը պատերազմական իրավիճակում էր գտնւում: Փոքր ու մեծ երկրների սահմաններն էին փոփոխւում կամ նոր գծւում: Երկրորդի պարագային աշխարհը խաղաղ էր, եթէ ցնցում կար դա Չեռնոբիլի հիւլէակայանի պայթիւնն էր եւ Հայաստանի երկրաշարժը, որոնց ցնցումների առաջացրած ալիքները քաղաքական ալեկոծումներ առաջ բերին:
Միւս բացայայտ տարբերութիւնը՝ առաջինի պարագայում դարեր ջնջուած ու աշխարհաքաղաքական իմաստով անգոյ Հայաստանի հողերի վրայ վերածնւում էր հայոց պետականութիւնը, որ պիտի կառուցուէր ո՛չ թէ ոչինչից այլ խառնակ քաոսից ու դառնար անկախ հանրապետութիւն: Երկրորդի պարագայում արդէն կայացած երկիրը իր ամբողջ ենթակառոյցներով ու որոշակի սահմաններով պիտի դուրս գար Խորհրդային Միութեան տիրապետութիւնից ու դառնար անկախ հանրապետութիւն:
Այս բացորոշապէս տեսանելի երեւոյթները յիշատակելուց յետոյ, այս զեկուցումով պիտի փորձեմ համեմատութեան դնել երկու անկախութիւններին ծնունդ տուող երկու ժամանակաշրջանների ոչ այնքան ակներեւ աշխարհաքաղաքական, տնտեսական եւ ընկերային պայմաններից ու իւրայատկութիւններից մի քանիսը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՄԻՒՍ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՕՆԸ ԵՐԿՈՒ ԺԱՄԱՆԱԿՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
Դեռ շարունակուող Աշխարհամարտի պայմաններում Հայաստանի անկախութեան նախօրէին կարեւոր ազդակ էր Թուրքիան՝ կոտորած, տեղահանութիւն, հայ մտաւորականութեան, քաղաքական/կուսակցական գործիչների եւ հոգեւոր ղեկավարութեան բնաջնջում, եւ զինուորացու երիտասարդութեան փճացում: Արդիւնքում՝ պարպումը Արեւմտահայաստանի եւ վերապրող գաղթականութեան հոսքը դէպի Երեւան ու էջմիածին: Բայց իրականութիւն էր նաեւ ցարական Ռուսաստանի զօրքերի կողմից Թուրքիայից գրաւուած հայկական հողերի գոյութիւնը: Այսինքն՝ դեռ շարունակուող տեսլականը անկախ Արեւմտահայաստանի՝ Աւետիք Շահխաթունեանի գծած եւ 1916ի ՀՅԴ Ռայոնական ժողովում վաւերացուած սահմաններով (ընդգծեմ՝ ժամանակի պարտադրած նպատակային փոփոխութիւնը՝ անկախ եւ ո՛չ ինքնավար Արեւմտահայաստան): Այդ տեսլականի իրագործումը գործնական դաշտ էր մտել Համառուսական Յեղափոխութիւնից յետոյ (1917, Մարտ 8, հին տոմարով‘ Փետրուար 23):
Կովկասեան այդ օրերի իրականութեան մէջ գործող Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, ժամանակի հայ կեանքում ամենից կարեւոր կուսակցութիւնը, հաւատում էր Հայկական Հարցի լուծման ճամբին համաձայնութեան եկած լինել իշխան Գիորգի Լվովի եւ ապա Ալեքսանդր Կերենսկու ղեկավարած Ժամանակաւոր Կառավարութեան հետ:
1917ի Հոկտեմբերի բոլշեւիկեան յեղափոխութիւնը եկաւ հիմնովին փոխելու իրավիճակը: Յաջորդեցին ժողովուրդների ազատութեան վերաբերող Լենինի ու Ստալինի հակասութիւններով լի յայտարարութիւնները, ռուս բանակի նահանջը եւ ճակատների պարպումը, որի հետեւանքով Արեւմտահայաստանի ճակատը պաշտպանելու պարտականութիւնը ստանձնում էին փոքրաթիւ հայկական զօրախմբեր (Մուրատի, Սեպուհի, Անդրանիկի, Արամի, Նազարբէկեանի, Դրոյի եւ Ռոստոմի ղեկավարութեամբ): Ռուսական բանակի հեռացումը նոր առիթ էր թուրքերի համար, սակայն թուրք բանակը քայքայուած էր եւ ժամանակի պէտք ունէր: Այդ ժամանակը շահելու համար Թուրքիոյ երրորդ բանակի հրամանատար Վեհիբ Բէյը կովկասեան իշխանութեան զինադադար առաջարկեց: Բանակցութիւնները տարուեցին Երզնկայում Դեկտեմբեր 2-5 (15-18): Մասնակցում էր նաեւ Արշակ Ջամալեանը: Զինադադարը պիտի գործադրուէր Սեւ Ծովից մինչեւ Վանայ Լճի հարաւային ափերը տարածուող ռազմաճակատներում: Ըստ Զինադադարի պայմանագրի, ռուսական գրաւեալ հողերի մէջ էր մտնում Ուիլսընեան Հայաստանը ամբողջութեամբ: Բայց բախտի հեգնանքով այդ պայմանագրի ստորագրման նախորդ օրը Լենինը եւրոպական ռազմաճակատների վրայ զինադադար էր կնքել Քառեակ Զինակցութեան հետ եւ պայմանները լրացնելու համար բանակցութիւնները շարունակւում էին Բրեստ Լիտովսկում:
Բոլշեւիկեան յեղափոխութիւնից յետոյ կիսանկախ Կովկասեան Կոմիսարիատին լրացնող Անդրկովկասեան Խորհրդարանում՝ Սէյմում, որ Ժամանակաւոր կառավարութեան ստեղծած Կովկասեան Յատուկ Կոմիտէին (ՕԶԱԿՈՄ) էր փոխարինում, ստացուել էր Բրեստ Լիտովսկի բանակցութիւնների լուրը: Նոյ Ռամիշվիլին զեկուցում էր, որ ստորագրուելիք համաձայնագրում թուրքերին մեծ զիճումներ են նախատեսուած: Ռամիշվիլիի կարծիքով Ռուսաստանը բոլորովին հետաքրքրուած չէր Կովկասով եւ Սէյմն էր որ պիտի պաշտպանէր իր երկիրը: Եւ Սէյմում որոշում տրուեց Կովկասը անջատել Ռուսաստանից ու բանակցութեան նստել թուրքեերի հետ: Պատուիրակութեան նախագահ ընտրուեց Ակակի Իւանովիչ Չխենկելին, մասնակցում էին Քաջազնունին եւ Խատիսեանը: Բայց Բրեստ Լիտովսկի հայ ժողովրդի համար չարաբաստիկ համաձայնութիւնը եկաւ կանխելու ամէն քայլերը: Թուրք բանակը վերակազմակերպուած դարձեալ ռազմական գործողութիւնների դիմեց եւ առաջացաւ Բրեստ Լիտովսկի համաձայնագրով եւ յետոյ դրանից էլ անդին իրեն նուիրուած հողերին տիրանալու:
Բրեստ Լիտովսկի համաձայնութեան կնքումից յետոյ աւելի շեշտուեց Կովկասը ղեկավարող երեք կուսակցութիւնների անհաւասար մրցակցութիւնը, անհանդուրժողականութիւնն ու սահմանային վէճերը: Թաթարներին առաջնորդող Մուսաւաթ կուսակցութեան ներկայացուցիչները Սէյմում պնդում էին Բրեսթ Լիտովսկի պայմանները ընդունել, այլապէս՝ իրենք դուրս կը գան, իսկ թիկունքից օգնում էին թուրք բանակին, թալան ու կոտորած էին կազմակերպում հայկական գիւղերում: Սահմանային վէճերը մեծով մասամբ հայերի եւ թաթարների մէջ էին եւ պատճառը‘ Կովկասի միախառն բնակչութիւնն էր, որ ապագայում էլ Կովկասեան երեք անկախ հանրապետութիւնների կեանքում տուն պիտի տար անհամաձայնութիւնների, խլրտումների, քաղաքական լուրջ հարցերի եւ արիւնոտ ընդհարումների: Պիտի ասել, որ Հայաստանի անկախութեան շրջանում կարելի եղաւ լուծում տալ այդ հարցին եւ Խորհրդային Հայաստանին ժառանգութիւն թողնել համեմատաբար աւելի միատարր բնակչութիւն: Սա մի ընդգծուած տարբերութիւն է:
Եթէ Բոլշեւիկեան յեղափոխութիւնը տեղի չունենար… պատմութիւնը այլ ընթացք պիտի ստանար: Մեծ հաւանականութեամբ պիտի ունենայինք Անկախ Արեւմտահայաստան եւ հայկական ինքնավար գաւառ/մարզ Ռուսաստանում՝ կարեւոր չէ թէ ինչ վարչակարգով: Դա Դաշնակցութեան տեսլականն էր, որ հետապնդեց բոլշեւիկեան յեղափոխութիւնից յետոյ էլ երբ դաշնակցականներ Ռուբէն Տէր Մինասեանը, Աւետիք Շահխաթունեանը, բժ. Յակոբ Զաւրիեւը բանակցում էին բոլշեւիկներ Ստեփան Շահումեանի, Դանուշ Շահվերդեանի, Հմայակ Նազարէթեանի եւ Սարգիս Կասեանի հետ: Այնուամենայնիւ, Լենինի քաղաքականութիւնը այլ ճամբայ էր բռնել եւ Շահումեանը չէր կարողացել Լենինին համոզել ռուս զօրքերը Կովկասի ճակատներում թողնելու՝ որպէսզի կարելի լինէր ապահով պահել թուրքերից գրաւուած հայկական հողերը: Քառեակ Զինակցութեան հետ բանակցելիս, Արեւմտահայաստանի դատը վերջինն էր Լենինի մտքում եւ առաջինը զոհագործելու: Նրա հետապնդած համաշխարհային յեղափոխութեան ճամբին կարեւոր չէր թէ ժամանակաւորապէս ո՞վ կը լինէր հայկական հողերի տէրն ու բնակիչը‘ հայե՞րը, թէ՞ թուրքերը: Բրեստ Լիտովսկի համաձայնագրով չեղարկուեցին Արեւմտահայաստանին կապուող բոլոր ծրագիրները: Իսկ Թուրքիան մնաց անկախ Հայաստանի ծնունդն անգամ պայմանաւորող եւ ապա նրա տեւական վտանգն ու նրա կործանման մեղսակիցը:
Թուրքիայի գործօնը կամ Արեւմտահայաստանի հայապատկան գրաւեալ հողերի վերադարձը հայութեան աւելի նուազ հնչեղութիւն ունէր երկրորդ անկախութեան ծննդեան նախօրէին: Դա չի նշանակում, որ ձգտումը չկար: Դա դրսեւորուել էր Հայոց Ցեղասպանութեան 50ամեակի համաժողովրդային ցոյցերի ընթացքում: Պատահականութիւն չէ, որ խորհրդային տիրապետութեան ամբողջ ընթացքում Թուրքիան իր սահմանների անձեռմխելիութեան հարցը ԽՍՀՄի հետ ունեցած իր յարաբերութիւններում միշտ կենդանի է պահել եւ բառացիօրէն ընդգրկել 1973ի Դեկտեմբեր 29ին ստորագրած պայմանագրի մէջ: Այդպիսով Թուրքիան իր եւ Հայատանի սահմանների մասին պաշտօնական փաստաթուղթ էր ձեռք բերում, այսինքն‘ որերորդ անգամ թաղում էր Արեւմտահայատանի հողային հարցը: Հայատանի Կոմկուսին յանձնուած այդ գաղտնի փաստաթուղթը հրապարակուել է 2008ին, «Բանբեր Հայաստանի արխիւների» հանդէսի թիւ 1 համարում:
Յատկանշական է, որ Գորբաչովեան օրերին, Խորհրդային Հայաստանի մտաւորականութեան ազգային պոռթկումը‘ հազարաւոր ստորագրութիւններով նամակ/դիմումներ Գորբաչովին, միայն Ղարաբաղի ու Նախիջեւանի Հայաստանին միացումն էր պահանջում: Ներքին իմաստով, սրանք ծփանքներ էին, որ դժգոհութեան մթնոլորտում ազգային շարժման ալիք պիտի դառնային յետագայում: Իսկ Թուրքիան մնում էր սահմանակից հարեւան, Խորհրդային Միութեան թշնամի, սահմանի մօտ տեղակայուած իր ամերիկեան եւ ՆԱՏՕի զինուորական խարիսխներով՝ հրթիռները դէպի Հայաստան ուղուած: Հայ-Ադրբէյջանական թնջուկը, Թուրքիայի պահանջները նորանկախ Հայաստանի կառավարութիւնից եւ Հայաստանի շրջափակումը դեռ ապագայում էր: Իսկ Վրաստանի ու Ադրբէյջանի խորհրդային հանրապետութիւնները «եղբայրկան» յարաբերութիւննեերի մէջ էին Խորհրդային Հայաստանի հետ: Ստալինեան քաղաքականութիւնը կարողացել էր անծայրածիր կայսրութեան հարիւրից աւելի ազգութիւններին իր մուրճի տակ առերեւոյթ համերաշխ պահել:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՍԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾՕՆԸ
Հայոց Ազգային Խորհուրդը կովկասահայութեան դատի գործնական ուժն էր ներկայացնում: Եթէ այս ճակատագրային իրավիճակում գործի մղիչ ուժն էր Դաշնակցութիւնը, ապա՝ հայ ժողովրդի ղեկավարն ու ճակատագրի տնօրինողը Ազգային Խորհուրդն էր, որի մէջ դարձեալ մեծամասնութիւն էր Դաշնակցութիւնը: Այս բոլորը, ի հարկէ բացի Սէյմում ունեցած հայ ներկայացուցչութիւնից եւ զբաղեցրած պաշտօննրեից: Եւ ինչպէս առաջացաւ Հայոց Ազգային Խորհուրդը: 1917ի Հոկտեմբեր 11ին Թիֆլիսում կայացաւ Արեւելահայոց առաջին համագումարը, որին հրաւիրուել էին հայ կեանքում գործող բոլոր հոսանքները, նոյնիսկ հայ բոլշեւիկները, որոնք թիւ չէին կազմում Կովկասում: Բայց բոլշեւիկները բոյկոտեցին հաւաքը, այն՝ բուրժուայական հնարք պիտակելով: Ահա՝ այս համագումարից առաջացած մարմինը Ազգային Խորհուրդ կոչուեց: Կազմը բազմակուսակցական էր-Դաշնակցութիւն (6), Ժողովրդական (2), Սոցիեալ-Դեմոկրատ, Մենշեւիկ (2), Սոցիեալ-Յեղափոխական, Էս-Էռ (2) կուսակցութիւնները եւ 3 չէզոքներ: Նախագահն էր Աւետիս Ահարոնեանը: Թիֆլիսի Ազգային Խորհուրդի ներքոյ գործում էին տեղական Ազգային Խորհուրդները: Բազմակուսակցական դրութիւնը շարունակուեց նաեւ անկախութեան տարիներին՝ առաջին խոր-հրդարանը եռապատկուած պատկերն էր Ազգային Խորհրդի՝ թուրքերի, ռուսների եւ եզիդիների ներկայացուցիչների յաւելումով:
Իսկ Խորհրդային Հայաստանում գոյութիւն ունէր Մոսկուայի հրամանով գործող կոմունիստ միակուսակցական կառոյց: Երկրի առաջին դէմքը Կոմունիստ կուսակցութեան առաջին քարտուղարն էր՝ այդ օրերին Կարէն Դեմիրճեանը, որ ազատութիւնը չունէր բողոքելու Մոսկուայի տէրէրին, որ Խորհրդային Միութեան անհաշիւ ճարտարարուեստականացումը թունաւորել է Հայաստանը: Մեծամօրն ու Նայիրիտը Հայաստանի հպարտութիւնն էին ամբողջ Խորհրդային Միութեան մէջ: Հայաստանը երրորդ տեղն էր գրաւում քիմիական ճարտարարուեստի մէջ: Ի՞նչ հոգ, թէ գործարանները անբաւարար ապահովական միջոցների պատճառով թունաւոր եւ շողարձակող գազեր էին արձակում եւ շրջապատը ապականում: Ի՞նչ հոգ, թէ Մոսկուան դրժել էր իր պայմանը՝ այդ գործարանների թափօնները Սիբիր տանել ու անմարդաբնակ վայրում թաղել: Չէ՞ որ Ադրբեջանը մերժել էր թափօններին իր հանրապետութեան միջով ճամբայ տալու: Դա կարող էր վնասել իր բնակչութեան առողջութեանը: Ուրեմն, այդ թունաւոր թափօնները մնում էին Հայաստանում՝ Արարատեան դաշտում թաղուած, այն էլ ոչ ապահով խորութեամբ, եւ փճացնում ջուրը, բուսականութիւնը, մահացու հիւանդութիւններ բերում բնակիչներին:
Կենսոլորտի ապականման հարց կար Հայաստանում, ուղղակի «Կենսաբանական Եղեռն», ու դա լուծելու ոչ մի հեռանկար չկար: Իսկ 1987ի Մարտին Հայաստանի 350 մտաւորականների բողոք-նամակը Գորբաչովին անարդիւնք էր մնացել՝ միայն զարհուրանք պատճառելով Սփիւռքին, որ չերեւակայած պատկերն էր տեսնում:
Հայաստանեան մամուլը օգտուելով Գորբաչովեան «Հրապարակայնութիւն»ից սկսել էր դրսեւորել հողի, ջրի, օդի թունաւորման հսկայ չափերը եւ ազդեցութիւնը Հայաստանի բնութեան, կենդանական աշխարհի եւ բնակչութեան վրայ:
Այնուամենայնիւ, Խորհրդային Միութիւնը Գորբաչովեան «Վերակառուցման», «Հրապարակայնացման» եւ «Ժողովրդավարացման» ձախաւեր քաղաքականութեան արդիւնքում բացուել էր աշխարհին, երկաթէ վարագոյրը բարձրացել: Արդէն 1984ին Չեռնոբիլի ատոմակայանի պայթիւնը ապացոյց էր Խորհրդային Միութեան մէջ, ճարտարարուեստականացման ու Արեւմուտքի հետ մրցելու ու առաջ անցնելու հապճեպով, անտեսուած ու ստորադասուած մարդու տարրական իրաւունքներն ու մարդկային կեանքը: Հայաստանում դժգոհութիւններն ու բողոքները խեղդւում էին հալածանքով ու ազատազրկումով: Դա որակւում էր հակադրութիւն Խորհրդային վարչակարգին: Սպիտակի երկրաշարժը եւ պատճառած աւերը, եւ Մոսկուայի ղեկավարութեան անճարակութիւնը անմիջական օգնութիւն հասցնելու, աւելի պարզեցին պատկերը աշխարհի եւ մանաւանդ՝ հայկական Սփիւռքի առջեւ: Այս բոլորը յիշատակում եմ հիմնաւորելու համար այն միտքս, որ Հայաստանի կոմունիստ ղեկավարութեան անկարութեան պատճառով, Հայաստանում առաջացած ծանր խնդիրներին լուծում տալու համար, առաջին անգամ լինելով Խորհրդային Միութեան միակուսակցական դրուածքում կազմւում էին անկախ գործող խմբակցութիւններ, որոնք ի տարբերութիւն նախա-գորբաչովեան շրջանի այլեւս գաղտնիութեան մէջ չէին, այլ կազմւում էին բացայայտ, յատուկ նպատակներով եւ աստիճնաբար ժողովրդի մէջ արմատ նետելով պիտի տուն տային Խորհրդային Միութիւնից անջատման շարժումին: Այդ խմբակցութիւնների առաջիններից էր 1987ին կազմուած «Քաղբանտարկեալների ազատութեան յանձնախումբ»ը՝ եթէ չհաշուենք 1984ից գործող «Զանգակատուն» կազմակերպութիւնը, որ Ղարաբաղի յուշարձանների պահպանման համար էր գործում, բայց ստորագրութիւններ էր հաւաքում Ադրբեջանի իշխանութեան կատարած վայրագութիւնների դէմ բողոք ներկայացնելու համար:
ԴԷՊԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՏԵՍՈՒՄԻ, ԿԱՄ ԾՐԱԳՐՈՒԱԾ ՔԱՅԼԵՐՈՎ
Թուրք բանակը առաջանում էր նոր կոտորածներով, հայ զօրականների յուսալքում կար եւ փախուստ: Իսկ Սէյմում ո՛չ վրացի եւ ո՛չ էլ թաթար ղեկավարները մտադրութիւն չունէին հայ ժողովրդի սիրոյն թուրք բանակի դէմ պատերազմելու: Թիֆլիսի Ազգային Խորհուրդի անդամներ՝ Աւետիս Ահարոնեան, Ստեփան Մամիկոնեան, Տիգրան Բէկզադեան, Նիկոլ Աղբալեան, այցելում էին ժողովրդին եւ զօրքին Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարի-ղամիշում՝ քաջալերելու, մտահոգութիւնները մեղմելու: Այդ օրերին, Սէյմի պատուիրակութիւնը վերջապէս Տրապիզոն հասած սպասում էր ընդունուել թուրքերի կողմից, որ ուշանում էր: Թուրքերը կարիք չունէին այդ բանակցութիւններին: Վերջապէս Մարտ 14ին սկսում են բանակցութիւնները երբ ընկել էր արդէն Էրզրումը: Ռիչարդ Յովհաննիսեանի բառերով Էրզրումի ճակատամարտը Արեւմտահայաստանի համար տարուած վերջին կռիւն էր, որով թուրքերը տիրեցին ռուսների գրաւած հայկական վեց վիլայեթներին: Թուրք բանակը Վանի, խնուսի, Ալաշկերտի պաշտպանութիւնները ճեղքելով դէպի Կովկաս շարժուեց; Մարտի վերջին վերսկսած բանակցութիւններին թուրքերը ներկայանում են վերջնագրով՝ ընդունել Բրեստ Լիտովսկի համաձայնագիրը եւ Կովկասը անկախ յայտարարել, այլապէս՝ սպառնում էին Բաթում մտնել: Սէյմը նախապէս մերժել էր Բրեստ Լիտովսկը ու նաեւ առանց Ղարսի, Արդահանի եւ Բաթումի Կովկասը անկախ յայատարարելը:
Այս մասին պատուիրակութիւնը տեղեկացնում է Սէյմին եւ յանձնարարում ընդունել թուրքերի պայմանները՝ նոր կոտորածներից խուսափելու համար: Սակայն Սէյմը իր Ապրիլ 13ի նիստում որոշում է տեղի չտալ եւ պատերազմը շարունակել: Միայն մուսաւաթականները դէմ են կանգնում այդ որոշման: Մուսուլման թուրքեերի դէմ պատերազմը համարում են Կովկասի ամբողջականութեան քայքայման առաջին քայլ: Բոլոր դէպքերում, ընտրւում է պատերազմական յատուկ մարմին, որի մէջ Գեգեշկորին, Կարճիկեանը, Ռամիշվիլին: Սէյմի այս որոշման վրայ պատուիրակութիւնը անորոշութեան մատնուած դէպի Թիֆլիս է շարժւում:
Արդէն ընկել էր Սարիղամիշը երբ Ապրիլ 20-21ին Ալեքսանդրապոլում հրաւիրուեց համահայկական խորհրդաժողով՝ քաղաքական, կուսակցական, ռազմական եւ հասարակական ղեկավարութեան մասնակցութեամբ: Մասնակիցներից շատերը կողմնակից էին պատերազմը շարունակելուն: Բայց դէպքերը այլ ընթացք ստացան: Ապրիլ 22ի Սէյմի ժողովում որոշուեց Կովկասը անկախ յայտարարել՝ «Անդրկովկասի Ռամկավար Դաշնակցային Հանրապետութիւն», սա միայն Թուրքիայի պնդումով, որպէս բանակցութիւնների նախապայման: Ի միջ այլոց, մուսաւաթականների ղեկավար Ռասուլզադէն առաջարկում էր Դաղստանն էլ առնել անկախ Կովկասի սահմանների մէջ, այդպիսով՝ ընդլայնելով մուսուլման հողատարածքը: Բայց իրականութիւնն այն էր, որ մուսուլմանները իրենց խառնակչութիւններով ուղղակի դաւաճանում էին Կովկասի ժողովուրդների միաւորմանը, եւ եթէ չլինէր Արամ Մանուկեանի շրջահայեաց քաղաքականութիւնը, Երեւանն էլ կուլ կը գնար նրանց ոտնձգութիւններին:
Սէյմի այս ժողովում հրաժարւում է պատերազմ շարունակելու կողմնակից Գեգեշկորիի կառավարութիւնը: Թուրքամէտ Ակակի Իւանովիչ Չխենկելիին յանձնարարւում է կառավարութիւն կազմել, որ վաւերացւում է Ապրիլ 26ին: Իսկ այդ երեք օրերի ընթացքում արդէն Չխենկելին գաղտնի կապի մէջ էր մտել Վեհիպ Բէյի հետ, որից յետոյ կարգադրում է Կարսի ճակատի հրամանատար Նազարբէկեանին կռիւը դադարեցնել, զէնքերը ցած դնել: Հաղորդակցական կապը կտրուած լինելով, անտեղեակ կենտրոնում տիրող իրադրութեան, Նազարբէկեանը կատարում է հրամանը: Ապրիլ 25ին քաղաքը յանձնւում է Քեազիմ Կարաբեքիրին, իսկ թուրք բանակը Կարս մտնելով սկսում է թալանել ու աւերել: Հայերը խուճապահար դէպի Երեւան են փախչում: Կարսը ընկնում է, նրանով հանդերձ, որ Նազարբէկեանը մի քանի օր առաջ յայտարարել էր, թէ Կարսի պաշտպանութիւնը կարող է մէկ ամիս էլ դիմանալ, եթէ Կարսը չընկնէր, եթէ Չխենկելին այդ դաւաճան քայլը չառնէր: Բայց մենք մեզ մեղադրենք: Եթէ ճակատի հրամանատարութիւնը այդքան արագ, առանց իսկ Քաջազնունու եւ Խատիսեանի իմացութեան Չխենկելիի հրամանը չկատարէր, Կարսը կը դիմանար եւ մէկ ամիս անց զարգացող դէպքերի արդիւնքում անկախ Հայաստանի բանագնացները ամուր հիմքերի վրայ, աւելի լայն տարածքով Հայաստանի գոյութիւնը կ՛ամրագրէին թուրքերի հետ:
Անկախ Կովկասսում գործող Չխենկելիի կառավարութիւնը Մայիս 11ից թուրքերի հետ Բաթումում բանակցութիւններ սկսեց: Պատուիրակութեան մաս էին կազմում նաեւ Յովհաննէս Քաջազնունին եւ Ալեքսանդր Խատիսեանը: Թուրքերը այս անգամ պահանջում էին Անդրկովկասի անկախութիւնը լուծարել եւ դէպի Ալեքսանդրապոլ ու Էջմիածին առաջանալով սպառնւմ էին Երեւան հասնել:
Բանակցութիւններին մասնակցող թաթարները, Ուզբեկով եւ Խոյսկի, թուրքերի բացարձակ հովանաւորութիւնը վայելելով պնդում էին, որ Էջմիածինը լինի Հայաստանի մայրաքաղաք, իսկ Երեւանը, որ թաթարական քաղաք էին համարում կցուի Ադրբեջանին: Միջանկեալ, եթէ Ալիեւը Երեւանը Ադրբեջանի մաս է յոխորտում, գաղափարը իր մուսաւաթական նախնիներից է գալիս: Այս ընթացքում վրացիներն էլ գաղտնի համաձայնութեան էին գալիս գերմանացիների հետ նրանց հովանաւորութեամբ անկախութիւն յայտարարելու: Իսկ հայ ղեկավարութի՞ւնը: Որեւէ որոշում ճակատագրական էր լինելու եւ լի անորոշութիւններով: Անկախութիւնը արեւելահայ հողատարածքներում, երկու աւելի զօրեղ հարեւանների արանքում առանց բնորոշ սահմանների, անիրագործելի էր, իսկ Արեւմտահայաստանը վտանգուած էր: Եթէ յստակ էր երկու հարեւանների արեւելումը եւ նպատակաուղղուած գործունէութիւնը, ապա՝ հայ ղեկավարութիւնը տարուբերւում էր՝ որեւէ կողմից հովանաւորութիւն եւ ապահովութիւն չտեսնելով: Յիշենք Ռուբէնի բանաձեւումը, որ լիակատար պատկերն է ներկայացնում: Ուրեմն, ըստ Ռուբէն Տէր-Մինասեանի, Դաշնակցութիւնը եւ Հայոց Ազգային Խորհուրդը երեք ընտրանք կամ երեք ճամբայ ունէին ընտրելիք:
«Առաջինը, լինել Վրաստանի եւ Ադրբեջանի հետ՝ երես ուղղելով դէպի գերմանացիք եւ Թուրքիան:
Երկրորդը, դէմ լինել թուրքերին եւ հարեւաններին՝ յոյսեր կապելով դաշնակիցների յաղթութեան վրայ:
Երրորդը, դէմ լինել ե՛ւ հարեւաններին, եւ դաշնակիցներին, յենուել Մոսկուայում հիմնաւորուած բոլշեւիկների եւ Կովկասում մնացած նրանց բեկորների վրայ»:
Հենց ի՛ր՝ Ռուբէնի վկայութեամբ, Դաշնակցութիւնը բացարձակ դիրքորոշում չորդեգրեց եւ փորձեց օգտագործել բոլոր կարելիութիւնները, որովհետեւ ո՛չ միայն որեւէ մէկ յենարան այդ օրերին համահայկական շահերի երաշխիքը չէր ընձեռում, այլ նաեւ՝ դաշնակցական ղեկավարների մէջ միատեսակ կողմնորաշում չկար:
Քաղաքական դաշտի անորոշութեանը սատարում էին Դաշնակից պետութիւնների ընկալումը բոլշեւիկեան յեղափոխութեան՝ որպէս ժամանակաւոր երեւոյթ, որ պիտի վերանար Ռուսաստանից: Սպիտակ Ռուսները դեռ դերակատարութիւն ունէին Ռուսաստանում: Դաշնակիցները անդադար խոստումներ էին տալիս հայերին, եւ այդ խոստումներին հաւատք ընծայեցին շատերը: Գերմանաթրքական դաշինքը գործնական հովանաւորութիւն էր ցոյց տալիս վրացիներին ու Կովկասի թաթարներին եւ յարաբերութիւններ մշակում Լենինի հետ: Ահա՝ այս քաղաքական անորոշութիւնների եւ համատարած անվստահութեան մէջ պիտի կողմնորոշուէր հայ ղեկավարութիւնը՝ յանձինս ՀՅ Դաշնակցութեան եւ Հայոց Ազգային Խորհրդի:
Մայիս 26ին, վրացիների առաջարկով Սէյմը լուծարուեց: Վերջ գտաւ Անդրկովկասի կարճատեւ անկախութիւնը եւ մի քանի ժամ յետոյ վրացիները իրենց անկախութիւնը յայտարարեցին: Խատիսեանը վկայում է, որ Բաթումում Ժորդանիան յայտնել էր իրեն, թէ քանի հայերը դեռ շարունակում են պնդել թուրքերի դէմ պատերազմելու, Վրաստանը պիտի բաժանուի: Իսկ Խատիսեանի բողոքին, թէ «Միթէ՞ ազնիւ բան է այս», Ժորդանիան պատասխանել էր, «Ազնիւ բան է այն, ինչ որ օգտակար է ժողովուրդին… մենք չենք կրնար խեղդուիլ ձեզի հետ միասին»: Սա ամենախօսուն պատկերն էր իրականութեան ու նաեւ վկան դիւանագիտական հնարագիտութեան ու ձեռներեցութեան ընդդէմ զգացական ու ազնիւ գործելակերպի եւ ուրիշներից ունեցած աւելորդ սպասումների:
Շփոթի ու անորոշութեան մէջ նոյն օրը Թիֆլիսում գումարուեց Հայոց Ազգային Խորհուրդի ժողովը: Դժուար էր որոշում կայացնել: Կարծիքները բաժանուած էին: Հետեւել Վրաստանին եւ անկախութիւն յայտարարել, բայց դա կը լինէր միայնակ մնալ եւ Ռուսաստանից էլ կտրուել, այն ժամանակ՝ երբ հայկական հողերի մեծ մասը Թուրքիայի գրաւման տակ էր գտնւում: Նոյնիսկ մտածւում էր բողոքել Վրաստանի առած քայլի դէմ եւ փորձել վերականգնել Անդրկովկասի միասնականութիւնը: Նոյն գիշեր գումարուած ՀՅԴ ներկայացուցչական հանդիպմանը ընդհանուր կարծիքն այն էր, որ Թիֆլիսի Ազգային Խորհուրդը Երեւան երթայ եւ ձեռք առնի հայ ժողովրդի ղեկավարման եւ պաշտպանութեան գործը: Անկախութիւն յայտարարելու հարց չկար; Յաջորդ օրուայ Մուսաւաթի կողմից Ադրբեջանի անկախութեան յայտարարութիւնը փոխեց ամէն ինչ: Մայիս 28ին Ազգային Խորհուրդը որոշեց անկախ Հայաստանի անունից պատուիրակութիւն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ զինադադար կնքելու, նրանով հանդերձ որ անկախութեան որոշում չկար դեռ: Այդ որոշումը տրուեց ՀՅԴ Բիւրօների, Թիֆլիսի ԿԿի եւ Ազգային Խորհրդի ու Սէյմի դաշնակցական անդամների նիստում եւ որոշուեց Ազգային Խորհրդին յանձնարարել Յովհաննէս Քաջազնունուն հրաւիրելու որպէս վարչապետի թեկնածու: Ազգային Խորհրդի Մայիս 30ի նիստին միւս կուսակցութիւնների ներկայացուցիչներն էլ հաստատեցին անկախութիւն յայտարարելու անհրաժեշտութիւնը եւ կատարուեց պաշտօնական յայտարարութիւն:
Ըստ Հրաչ Տասնապետեանի, «Անկախութեան վճռական յայտարարութիւն մը ըլլալէ աւելի, դէպքերու գահավէժ ու անհակակշիռ ընթացքով պարտադրուած իրողական վիճակի մը հաստատումն է ան»: Ռիչարդ Յովհաննիսեանը համեմատում է երեք հռչակագիրները եւ հաստատում, որ հակառակ միւսների, հայկականի մէջ չկայ անկախութիւն, հանրապետութիւն կամ քաղաքացիական իրաւունք բառերը: Միայն յետագայ յաջողութիւններից եւ Բաթումի համաձայնագրի ստորագրութիւնից յետոյ էր, որ Ազգային Խորհուրդը գործածեց Հայաստանի Հանրապետութիւն անունը:
Յունիս 4ին ստորագրուեց Բաթումի «Խաղաղութեան եւ բարեկամութեան դաշինքը»: Նախորդ օրերին Սարդարապատի, Ղարաքիլիսէի եւ Բաշ Ապարանի ռազմական յաջողութիւնները որոշակի դեր էին ունեցել՝ Հայաստանին յատկացուած շուրջ 10.000 քք հողատարածքի վրայ շուրջ 1000 քք էլ աւելացնելու: Սիմոն Վրացեանը այսպէս է նկարագրում, Հայաստանի հողային «տարածութիւնը մօտաւորապէս 12.000 քառ. քիլօմետր էր, բնակչութիւնը գաղթականներով միասին՝ մօտ մէկ միլիոն…: Եւ մայրաքաղաքից մօտ եօթը քիլօմետր հեռու՝ երեւում էին թրքական թնդանօթները…»:
Իրականութիւն էր Հայաստանի անկախութիւնը, բայց իրականութիւն էր նաեւ Արեւմտահայաստանի անկումը: Ապրիլից սկսած արդէն 150.000 գաղթականներ, առանց վերադառնալու յոյսի դէպի էջմիածին ու Երեւան էին քաշւում:
Հակառակ Հայաստանի անկախութեանը ծնունդ տուող անորոշ ու քաոսային պայմաններին եւ ընթացող ռազմական գործողութիւնների առկայութեան, 1991ին հռչակուած երկրորդ անկախութիւնը գագաթնակէտն էր դէպի այդ անկախութիւնը տանող աստիճանական զարգացումների՝ հայ ժողովրդի եւ ժողովրդային ղեկավարութեան անմիջական դերակատարութեամբ:
Խորհրդային Միութիւնը տնտեսական տագնապից փրկելու համար Գորբաչովի բարենորոգումները երկիրը փրկելու փոխարէն լուսարձակի տակ էին բերել այլ հարցեր, որոնք մինչ այդ ճնշուած ու թաքուն էին մնացել: Այդ հարցերի կարեւորներից էր ազգութիւնների հարցը, որոնց միջեւ գոյութիւն ունեցող հակամարտութիւնն ու անհանդուրժողականութիւնը առաջ էր քաշուել սաստկութեամբ, նոյնիսկ անջատողական միտումներով: Գորբաչովը խոստացել էր լուծել այդ հարցերը մեղադրելով իր նախորդներին՝ այդ հարցերը դիտաւորեալ կերպով անտեսաած լինելու համար:
Հայաստանում այդ հարցը վաղուց էր արծարծւում: Ղարաբաղի հայերի դատը պաշտպանող միտումներ, բողոք, նամակներ Հայաստանի իշխանութեան, որոնց սակայն ընթացք չէր տրւում: Հարցը ամենայն ուժգնութեամբ երեւան եկաւ նախ որպէս Ղարաբաղի ազատագրական շարժման արձագանք՝ երբ 1988ի Փետրուար 13ից Ստեփանակերտում ծայր առած բողոքի ցոյցերին որպէս արդիւնք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզխորհուրդը (ԼՂԻՄ) Փետրուար 20ի իր նիստում որոշեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու ուղղութեամբ պաշտօնապէս դիմել Մոսկուային: Երեւանը արձագանգեց եւ Հայաստանի կենսոլորտի հարցով կազմակերպուած հանրահաւաքները ղարաբաղեան ցոյցերի վերածուեցին: Ադրբեջանի պատասխանը՝ Բաքուի, Սումգայիթի եւ Կիրովաբադի ջարդերն էին, որոնց հանդէպ անտարբեր մնաց Խորհրդային իշխանութիւնը: Այդ ժամանակ դեռ Խորհրդային Միութիւնից անջատուելու միտում չկար: Կար հաւատք Գորբաչովի եւ Կոմունիստ կուսակցութեան հանդէպ: Աշխատանքը տարւում էր այդ ծիրի մէջ ամենաբարձր մակարդակով: Այդ հաւատքի մէջ սուր սէպ էր 1988ի Մարտ 23ի Գերագոյն Խորհրդի նախագահութեան Ադրբեջանամէտ որոշումը՝ մերժել սահմանային որեւէ փոփոխութիւն: Այդ օրերին Երեւանն ու Ստեփանակերտը պարզապէս պաշարուած էին Խորհրդային բանակի կողմից: Թնդանօթները դիրք էին բռնել, իսկ ուղղաթիռները մերթ ընդ մերթ բարձրանում էին ու ցուցարարների գլխին պտտում: Հայաստանի Կոմկուսը դեռ ուժի մէջ էր, ի հարկէ Կարէն Դեմիրճեանին փոխարինել էր Սուրէն Յարութիւնեանը (1988, Մայիս 18), որ մի կողմից Մոսկուայի, միւս կողմից համաժողովրդային շարժման ճնշումների տակ չկարողացաւ յաջողել: Այդ տարի, 1988ի Մայիս 28ին, առաջին անգամ Խորհրդային Հայաստանի պատմութեան մէջ Երեւանում տօնակատարուեց Հայաստանի անկախութեան տարեդարձը՝ որպէս մէկ դրսեւորում ժողովրդի ազգային ու քաղաքական վերածնունդի՝ որ ազգային ազատագրման այլ ուղի էր ենթադրում:
Ժողովրդի ճնշման տակ, Յունիս 15ին Հայաստանի Գերագոյն Խորհուրդի արտակարգ նիստ հրաւիրուեց, որը հենց Խորհրդային օրէնքի սահմաններում ընդունեց ԼՂԻՄի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու որոշումը: Այդ գծով Սուրէն Յարութիւնեանի դիմումը Գորբաչովին սուր քննադատուեց Գորբաչովի կողմից, որ յայտարարեց, թէ այդ ցուցարարները Պեռեստռոյկայի թշնամիներ են, որ ցանկանում են ազգային մոլուցքով ժողովրդին թունաւորել:
Միջանկեալ ասենք, որ Սփիւռքը իր կառոյցներով այս շարժման մէջ էր ներգրաւուել եւ բոլոր միջոցներով զօրակցում էր շարժմանը. իսկ ԱՄՆ իշխանութիւնը Խորհրդային Միութեան եւ Թուրքիային դէմ չգնալու համար հակառակ դիրք էր բռնել՝ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն էր յայտարարում:
1988ի Դեկտեմբեր 7ի երկրաշարժը սուր քաղաքական բնոյթ ստացաւ: Կողմերի հակամարտութիւնը աւելի բացայայտուեց ու շեշտուեց: Գորբաչովի ապարդիւն այցելութիւնն ու խոստումները աւելի գրգռեցին ժողովրդին: Իսկ Սփիւռքը աւելի մօտեցաւ Հայաստանին ու Ղարաբաղին:
Ղարաբաղեան ցոյցերը ղեկավարելու համար հենց առաջին օրերից ստեղծուեց «Կազմ-կոմիտէ»ն, որին յաջորդեց «Ղարաբաղ Կոմիտէ»ն եւ «Հայոց Համազգային Շարժում»ը (ՀՀՇ): Լեւոն Տէր-Պետրոսեանի ազգային քաղաքական գործունէութիւնը սկսեց «Կազմ-կոմիտէ»ին միանալով:
Ամբողջ Խորհրդային Միութեան մէջ շղթայազերծուած ազգային շարժումները հետզհետէ անջատողական շարժման էին փոխուել: Դրանցից առաջինն էին Բալքանեան երկրները, իսկ մեկնակէտը դարձեալ ընդհանուր տնտեսական տագնապն էր: Բանն այն էր, որ եթէ մի 10, 15 տարի դրանից առաջ Մոսկուան կարող էր զօրք իջեցնել եւ որեւէ խլրտում խեղդել այնպէս որ աշխարհը լուր չունենար, այժմ Գորբաչովը հաշուի էր առնում Արեւմուտքի կարծիքը:
Հանրահաւաքների ու ցոյցերի արդիւնքում ժողովուրդը համարձակութիւն էր ձեռք բերել իր իրաւունքները պաշտպանելու, իր պահանջները դնելու, այսինքն՝ մարտահրաւէր համայնավար մենատիրութեան դէմ: 1988ի Հոկտեմբերին կատարուած մասնակի ընտրութիւններին Հայաստանի Գերագոյն Խորհուրդ էին մտել տարրեր, որ նոյնիսկ մերժում էին ընդունել Մոսկուայից եկած հրամաններ ու ուղղութիւններ՝ եթէ դրանք չէին համապատասխաում Հայաստանի շահերին: Մոսկուայի հակադարձը պարէտային ժամի հաստատումն էր Երեւանում, ինչպէս կատարել էր արդէն Լեռնային Ղարաբաղում:
Երկրաշարժից երեք օր անց «Ղարաբաղ կոմիտէ»ի անդամներից մի մասը ձերբակալուեցին, յաջորդ ամիս էլ միւսները: Սրանք ամբաստանւում էին այն բանում, որ երկրաշարժը օգտագործում են ազգայնական նպատակներ առաջ քաշելու: Սփիւռքի «Հայ Դատ»ի յանձնախմբերի աշխատանքների շնորրհիւ—սրանք դեռ հաւատ էին ընծայում ղեկավարների զուտ ազգային նպատակաուղղուածութեան—կարելի եղաւ ապահովել աշխարհի մարդկային իրաւունքների կազմակերպութիւնների ու անհատ դիւանագէտների հակադարձը՝ դիմում, բողոք Գորբաչովին՝ ձերբակալուածներին ազատելու եւ Հայաստան ուղարկելու: Ռուսաստանի այլախոհներից Անդրէյ Սախարովն էլ նոյն խնդրանքով դիմել էր Գորբաչովին:
Հայաստանի Կոմկուսը թուլացած էր եւ վարկաբեկուած եւ փոխարէնը Հայաստանում գործում էին բազմաթիւ փոքր ու մեծ կուսակցութիւններ ու մտքեր պատրաստում: Հայաստանի Համայնավար Կուսակցութիւնը իր դիրքը ամրապնդելու եւ ժողովրդին սիրաշահելու համար 1989ի Ապրիլին առաջին անգամ ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը: Նաեւ փակեց Մեծամօրի հիւլէակայանը: Եւ սրանք հակառակ Մոսկուայի կամքի: Իսկ 1989ի Յունիսին պաշտօնապէս ճանաչեց Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ) եւ հրաւիրեց իբրեւ խորհրդական մասնակցելու կառավարական մարմիններին:
Քիչ վերը զուգահեռ անցկացուեց 1918ի իրականութեան մէջ գործող զանազան կուսակցութիւնների գոյութեան եւ Խորհրդային Հայաստանի վերջին օրերի խախտուած միակուսակցութիւն իրողութեան մէջ: Բայց եթէ 1918ին Դաշնակցութիւնից բացի այլ կուսակցութիւնները չցանկացան մաս կազմել անկախ Հայաստանի կառավարութեանը, Խորհրդային Հայաստանում ցանկութիւնը կար, բայց ուժը վերապահուած էր ՀՀՇին, որ դադարեց իրական համազգային շարժում լինելուց եւ իշխանութեան հասած կուսակցութիւն դարձաւ:
ՀՀՇի ծրագրի մէջ կարեւոր հարցերի շարքին կար նաեւ մի կէտ՝ Հայաստանի ինքնիշխանութեան ընդլայնում մինչեւ անկախութիւն եւ սա անակնկալ էր շատերի համար: Այդ օրերին միայն ԱԻՄն էր (Ազգային Ինքնորոշման Միութիւն), ղեկավարութեամբ Պարոյր Հայրիկեանի եւ Մովսէս Գորգիզեանի, որ բացարձակ եւ անմիջական անկախութիւն էր պահանջում:
ՀՀՇն շուտով սկսեց հեռանալ ազգային քաղաքական ուղղութիւնից եւ զբաղուեց Հայաստանի ներքին հարցերով եւ իր դիրքը ամրապնդելով: Նոյնիսկ երբ մի քանի կուսակցութիւնների («Միացում» ԱԻՄ, ՀԱԱԿ, ՍԻՄ) ճնշման տակ Գերագոյն Խորհուրդը վաւերացրեց Ղարաբաղը Հայաստանին միացնելու որոշումը, ՀՀՇն եւ Համայնավարները դէմ էին այդ քայլին: Ի հարկէ այդ քայլը մնաց որոշում միայն եւ գործնականի չանցաւ: ՀՀՇն իր գործելակերպով դադարեց որպէս համազգային շարժում եւ դարձաւ մէկ այլ կուսակցութիւն միւսներին մրցակից: 1990ի Մայիսի Գերագոյն Խորհուրդի ընտրութիւնների արդիւնքում ՀՀՇն եւ Համայնավար կուսակցութիւնը հաւասար եւ տիրապետող ուժեր էին Գերագոյն Խորհրդում, որ վերակոչուեց Հայաստանի Խորհրդարան:
1990ի Օգոստոս 23ին Գերագոյն Խորհրդում ընդունուեց «Հռչակագիր Հայաստանի անկախութեան մասին» բանաձեւը: Սկիզբ էր դրւում անկախութեան գործընթացի: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն անուանումին փոխարինեց Հայաստանի Հանրապետութիւն անունը եւ Ղարաբաղը յայտարարուեց իբրեւ անբաժանելի մասը Հայաստանի: Հայաստանի Կոմկուսը այլեւս ուժը չունէր անկախութեան գործընթացը կասեցնելու, ուրեմն հրապարակ իջաւ նոր երիտասարդ ղեկավարութեամբ եւ գործելաոճով: Խօսք էր տալիս ժողովրդին հին բոլշեւիկեան գաղափարախօսութեան չհետեւել, Մոսկուայից անկախ գործել: Բայց Հայաստանի անկախութեան գործընթացի մէջ այլեւս կորցրել էր իր խօսքը, դերն ու կշիռը եւ մնաց որպէս մէկը միւս կուսակցութիւններից, յետագայում. երբ անկախ Հայաստանի իշխանութիւնները երկիրը տնտեսական տագնապի հասցրին ժողովրդի մէջ տարածուելու սկսեց հին կարգերի եւ Կոմունիստ կուսակցութեան նոստալժիա:
Գորբաչովը իր վերջին ճիգերն էր ի գործ դնում Խորհրդային Միութիւնը պահելու, խիստ գրաքննութիւն՝ հակառակորդներին չէզոքացնելու համար, նոյնիսկ զէնքի ուժ՝ անջատողական հանրապետութիւններում: Արեւմուտքը օգնում էր նրան նոյնիսկ տնտեսականով, որովհետեւ եթէ Խորհրդային Միութիւնը փլուզման ենթարկուէր, ինքը գործ պիտի ունենար 15 փոքր ու մեծ հանրապետութիւնների հետ: Յետոյ Խորհրդային հսկայ զէնքը, զինամթերքն ու հիւլէական ուժը ո՞ր հարապետութիւնը պիտի ժառանգէր: Յամենայնդէպս, Գորբաչովի ջանքերը ձախողեցին: Ադրբեջանին սիրաշահելու եւ իր ազդեցութեան դաշտում պահելու համար, բացարձակապէս օգնում էր նրան հայերի դէմ պատերազմի մէջ: Ռուս զինուորները ազերիների հետ միասին հայկական գիւղերի վրայ էին յարձակւում, թալանում ու սպանում: Ստալինի օրերից եկած քաղաքականութիւնը Հայաստանի ու Ադրբեջանի հանդէպ չէր փոխուել: Յիշենք Ստալինի մէկ հեռագիրը Օրջոնիգիձէին՝ «… չի կարելի անվերջ խուսանաւել կողմերի միջեւ, պէտք է սատարել կողմերից մէկին, տուեալ դէպքում, ի հարկէ, Ադրբեջանին Թուրքիայի հետ»: Եւ սա այն ժամանակ էր, որ Հայաստանի Հանրապետութիւնը Ղարաբաղում եւ Զանգեզուրում անհաւասար պայքար էր տանում Խորհրդայնացած Ադրբեջանի Կարմիր բանակի դէմ:
Հայաստանը անկախութեան ճամբի վրայ էր, որ ամրագրուեց 1991ի Սեպտեմբեր 21ին անցկացուած հանրաքուէով: Սեպտեմբեր 23ին Խորհրդարանը Հայաստանը յայտարարեց անկախ: Ադրբեջանի անկախութիւնը յայտարարուեց Նոյեմբերին:
Գորբաչովի դէմ պահպանողական կոմունիստների կատարած պետական հարուածի ձախողանքից յետոյ, Խորհրդային Միութեան փլուզման որպէս առաջին ապացոյց 1991ի Դեկտեմբեր 8ի պայմանագիրն էր Ռուսիոյ, Բելառուսիոյ եւ Ուկրաինայի միջեւ, ուր դադարած էր համարւում Խորհրդային Միութիւնը իբրեւ միաւոր եւ յայտարարւում էր ծնունդը ԱՊՀի (Անկախ Պետութիւնների Հասարակապետութիւն): Գորբաչովին մնում էր հրաժարուել եւ լուծուած յայտարարել Խորհրդային Միութիւնը: Դա կատարուեց 1992ի Յունուար 1ին:
Եթէ 1918ի անկախութիւնը չնախատեսուած ու յանկարծակի իրողութիւն էր, ապա՝ Հայաստանի անկախութեան յայտարարութիւնը 1991ին՝ քաղաքական ու ընկերային խմորումներով սկսած մինչեւ Խորհրդային Միութիւնից անջատման որոշում ու մինչեւ հանրաքուէ երկար հոլովոյթ ապրեց: Ու դեռ աւելին, 12.000 քառ. քիլոմեթր տարածքում անկախացած Հայաստանի բնակչութիւնը այնպիսի իրավիճակի էր մատնուած որ իր վերջին մտահոգութիւնն էր անկախութեան հասնել: Մէկ տարի պիտի անցնէր, որ ժողովրդային զանգուածները հասկանային, գնահատէին եւ ոգեւրուէին Հայաստանի անկախութիւնով: Իսկ երկրորդ անկախութեան նախորդող բազմահազարանոց ժողովրդային ցոյցերում, կենսոլորտի հարցերից սկսած մինչեւ Ղարաբաղի միացում ու Խորհրդային Միութիւնից անջատում, զանգուածները պատրաստ էին իրենց քուէով անկախութիւնը գրկելու:
ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՐԿՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ
1988ից Հայաստանում գաղտնի գործունէութիւն ծաւալած ՀՅ Դաշնակցութիւնը 1990ի Օգոստոսին իր ներկայութիւնը յայտարարեց: Ու երբ Ղարաբաղի բանակը դեռ կազմակերպուած չէր եւ զանազան խմբակցութիւններ էին ստանձնել Ղարաբաղի պաշտպանութեան գործը, կարեւորներից էր Դաշնակցութիւնը իր զօրախմբերով եւ սփիւռքեան ներդրումներով: 1990ի Դեկտեմբերին Դաշնակցութիւնը իր փլաթֆորմը ներկայացրեց, որի մէջ եւ իր առաջարկը վերահաստատելու Ազգային Պետականութիւնը Հայաստանի մէջ՝ Պետական իշխանութիւն՝ որ ժողովրդական էր, ո՛չ թէ կուսակցական: Դաշնակցութիւնը կրկնում էր Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի իր տեսլականը, որ փայփայել էր Հայասստանի պետականութեան ծնունդից ի վեր:
Իսկ Հայոց Համազգային Շարժո՞ւմը: ՀՀՇի տարած ռազմավարութեան ծանօթանալու համար կարդանք 1989ի Նոյեմբեր սկզբին ՀՀՇ համագումարից եկած զեկոյցները:
Արթուր Մկրտչեանի այն առաջարկին, որ Հայաստանի Գերագոյն Խորհուրդը ընդունի Լեռնային Ղարաբաղը իբրեւ Հայաստանի անբաժանելի մաս եւ պաշտպանի այդ կապակցութեամբ նրա դիմումը ՄԱԿին, Լեւոն Տէր-Պետրոսեանը պատասխանում է, թէ դա դէմ է Խորհրդային Միութեան Սահմանադրութեան եւ ՀՀՇի գաղափարներին, եւ ՀՀՇն չի հաւատում ուրիշ հանրապետութիւններից հողեր գրաւելուն:
Լենդրուշ Խուրշուդեանի այն մտահոգութեան, որ Համաթուրանական ձգտումներն ու գաղափարախօսութիւնը վտանգում են հայ ժողովրդի գոյութիւնը, Վանօ Սիրադեղեանը պատասխանում է թէ համաթուրանական գաղափարախօսութիւն այլեւս գոյութիւն չունի եւ չի կարող վտանգել հայ ժողովրդին:
Եթէ 1918ին անկախացած Հայաստանի կառավարութեան ձեւաւորման մէջ Դաշնակցութիւնն էր գլխաւոր դեր ստանձնել ու առաջ էր քաշում Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի տեսլականը, ապա՝ 1991ին կամ 1990ից արդէն այդ դերը վերապահուած էր ՀՀՇին, որ գալիս էր «Ստրկամտութեան արտայայտութիւն է այն մտայնութիւնը, ըստ որի՝ ազգն ունի մշտական բարեկամ և մշտական թշնամի» կարգախօսով, համաթուրանական մշտական վտանգը անտեսելով եւ հարեւաններից հողեր չգրաւելու մտայնութեամբ, թէկուզ եթէ այդ հողերը հայապատկան էին եղել դարեր ու դարեր:
ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Օրենճ Քաունթի Ս. Քառասնից Մանկանց Եկեղեցի
Արի Կիրակոս Մինասեան Ազգային Վարժարան
ՊԸՐՊԵՆՔ
ՀՅԴ«Նիկոլ Աղբալեան» Կոմիտէ
ՀՕՄի «Արազ» Մասնաճիւղ
ՀՄԸՄի «Սիփան» Մասնաճիւղ
ՀԵԴ «Վարագ»
եւ «Կայծակ» Ուխտեր
Պըրպենքի Հայ Դատի Յանձնախումբ
Պըրպենքի «Մարտիրոսեան»
Երիտասարդական Կեդրոն
ՌԻՉՄԸՆՏ – ԹԵՔՍԱՍ
ՀՅԴ «Սերոբ Աղբիւր» Կոմիտէ
ՓԱՍԱՏԻՆԱ
ՀՅԴ «Լեռնավայր» Կոմիտէ
ՀԵԴ «Նիկոլ Դուման» Ուխտ
ՀՅԴ Պատանեկան Միութիւն
ՀՄԸՄի «Ազատամարտ» Մասնաճիւղ
Համազգայինի Փասատինայի
«Շահան Շահնուր» Մասնաճիւղ
Հայ Ամերիկեան Տարեցներու Միութեան
Փասատինայի Մասնաճիւղ
Ս. Սարգիս Հայց. Առաք. Եկեղեցի
«Թաւլեան» Ազգ. Մանկամսուր
ՀՄԸՄիԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄՆի
Շրջանային Վարչութիւն, Շրջանային խորհուրդներ,
յանձնախումբեր, եւ 18 մասնաճիւղեր
ՀՄԸՄը խանդավառութեամբ Կ՛ողջունէ հայկական պետականութեան 100ամեակը
Շամլեան Ազգային Վարժարան
Օսկօ Եւ Երան Կիրակոսեաններ եւ զաւակները
Զապէլ, Նաթալի, Ճորճ եւ Քրիսթին
ZAREH SAMURKASHIAN
In Memory of my parents Hampartsoum and Ovsanna Chitjian
Sara Chitjian
In Loving Memory of Movses Shrikian
Haig and Argine Kelegian and Family
GASKA INC.
Property Management/Investment
100 West Broadway, Suite 950
Glendale, CA 91210
TEL: 818-956-7599
FAX: 818-546-8549
CAROUSEL
Glendale & Hollywood
ԱԼԻՍ ՆԱՒԱՍԱՐԳԵԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔ