«Ցանկացած Արկածախնդրութիւն Կ՛արժանանայ Դաժան Պատասխանի»
ՀՀ պաշտպանութեան նախարարութեան «Հայ Զինուոր» պաշտօնաթերթը զրուցել է ՊԲ հարաւ-արեւելեան պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Գեղամ Գրիգորեանի հետ՝ կապուած առաջնագծում ադրբեջանական զինուած ուժերի տեղաշարժերի մասին:
«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ».- Պարոն գնդապետ, օրերս պաշտպանութեան բանակի հրապարակած տեսանիւթերում երեւում է հակառակորդի տանկային շարասիւների, հրետանային միջոցների, կենդանի ուժի շարժ առաջնագծում: Ե՞րբ եւ ի՞նչ միջոցներ է կենտրոնացրել թշնամին այս ուղղութեամբ:
ԳՆԴԱՊԵՏ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Հակառակորդի տեխնիկայի ծաւալուն շարժ նկատուել է Ապրիլի 21ին: Այն շարունակուել է մինչեւ Ապրիլի 25ը: Հակառակորդը մեր պատասխանատուութեան գօտու ձախ թեւում կենտրոնացրել է 30 հետեւակի մարտական մեքենայ, զրահափոխադրիչներ, 15 տանկ, հրետանային դիվիզիոն՝ մինչեւ 18 մեքենայ քարշակներով: Շարժը ժամանակաւորապէս դադարեցուել եւ վերսկսուել է Ապրիլի 29ին: Առաջնագիծ են բերուել «Սպայկ» հակատանկային հրթիռային համալիրներ եւ քարշակի վրայ դրուած 10-15 հրանօթներ: Մայիսի 1ին տեղեկութիւն ենք ստացել, որ մօտակայ հրաձգարանում ադրբեջանական ստորաբաժանումներն իրականացնում են կրակային վարժանքներ, որոնցում ներգրաւուած են 250-300 զինծառայողներ:
«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ».- Ին՞չ են ցոյց տալիս դիտարկումները, ինչպէ՞ս են տեղաբաշխուել վերոնշեալ միջոցները:
ԳՆԴԱՊԵՏ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Դրանք զբաղեցրել են կահաւորուած բնագծեր, կրակային դիրքեր: Օրուայ ընթացքում կատարում են յարձակողական բնոյթի մարզումներ, նաեւ՝ մեքենավարման պարապմունքներ շարասիւներով: Հակառակորդն ամէն պահի կարող է կտրուկ քայլեր ձեռնարկել: Ցանկացած արկածախնդրութիւն կ՛արժանանայ դաժան պատասխանի: Հանգիստ եղէք:
«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ».- Ելնելով իրավիճակից՝ ի՞նչ հակագործողութիւններ էք ձեռնարկել:
ԳՆԴԱՊԵՏ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Անհրաժեշտութեան դէպքում, մէկ առ մէկ խոցելու ենք: Ունենք բոլոր հնարաւորութիւնները: Մեր զինանոցը համալրուած է նորագոյն հակատանկային միջոցներով, մի քանի անգամ աւելացել է հրետանու կրակային խոցման հեռահարութիւնը: Սադրանքի դէպքում, խնդիրը կատարելու ենք խորքում: Ուժեղացրել ենք հետախուզումը, աւելացրել ենք դիտակէտերի քանակը, կազմաւորել ենք օպերատիւ խմբեր, որոնք ներգրաւուել են մարտական հերթապահութիւնում եւ վերահսկում են շարժերը: Արագ արձագանգման հրետանային, հակատանկային, հրաձգային ստորաբաժանումները պատրաստ են գործողութիւնների եւ հաշուած րոպէների ընթացքում տագնապով կը հասնեն առաջնագիծ: Եւ, ինչպէս տեսնում էք, այս պահին զօրամասը ներգրաւուած է հրամանատարաշտաբային մարզումներում: Ուշադրութեան կենտրոնում է յատկապէս կապի անխափան աշխատանքը:
«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ».- Պարոն գնդապետ, մենք եղել ենք հարաւային սահմանի տարբեր հատուածներում, հիմնական կուտակումները, սակայն, այս բնագծում են: Ի՞նչ էք կարծում՝ ինչո՞ւ է հակառակորդը թիրախաւորել այս ուղղութիւնը:
ԳՆԴԱՊԵՏ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Նայէք (ցոյց է տալիս ձախ թեւի տարածքը)՝ հիմնական կուտակումները մեր վերահսկողութեան գօտում գտնուող մարտավարական տեսակէտից բարենպաստ այս բարձունքի թիկունքում են: Թէ՛ ռելիեֆի (մակերեւոյթի-Խմբ.), թէ՛ դիրքերի դասաւորութեամբ այն բաւականին նման է 2016թ. Ապրիլին ադրբեջանական զինուժի գրաւած Լելէ Թեփէ բլուրին: Չեմ բացառում, որ նորից փորձեն կիրառել քառօրեայ գործողութիւնների մարտավարութիւնը: Չեմ բացառում նաեւ, որ այս հատուածում տեխնիկայի (ճարտարարուեստի-Խմբ.) եւ ուժերի կուտակումը խաբուսիկ է: Այսինքն՝ աշխատում են մոլորեցնել մեզ, որպէսզի կարողանան քօղարկուած աշխատանքներ իրականացնել մէկ այլ ուղղութեամբ: Պէտք է աչալուրջ եւ զգօն լինել ամբողջ առաջնագծում: