«Մեր Ծնողները Պէտք Է Ջատագովը Եւ Հետապնդողը Լինեն Իրենց Զաւակների Կրթական Նպատակներին»
ՄԻԳԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Գլենդելի Հանրային դպրոցների միացեալ կրթաշրջանը ինչպէս եւ մեր քաղաք Գլենդելը բացառիկ են նրանով, որ Գլենդելը համարւում է հայրենիքից դուրս ամենախիտ հայ համայնքն ունեցող գաղթօջախը եւ կրթաշրջանը ծառայելով հազարաւոր հայ աշակերտների եւ ունի բացառիկ ազդեցութիւն ամերիկահայ նոր սերնդի դաստիարակութեան գործում: Գլենդելի կրթաշրջանում նաեւ աշխատում եւ ղեկավար դերեր են ստանձնել բազմաթիւ հայ ուսուցիչներ, տնօրէններ ու փոխտնօրէններ, կրթաշրջանի պատասխնատուներ եւ Կրթական խորհրդի անդամներ:
Արդէն քանիերորդ անգամը լինելով առիթն ունեցանք լինել կրթաշրջանի դպրոցներից մէկում՝ Ուիլսոն միջին դպրոցում եւ հարցազրոյց վարել վերոնշեալ հայորդիներից մէկի՝ Շանթ Տէր Մկրտիչեանի հետ, ով անցնող ուսումնական տարեշրջանի սկզբից ստանձնել է դպրոցի փոխտնօրէնի պաշտօնը: Նման նշանակումները բնականաբար մեծ ուրախութիւն եւ ոգեւորութիւն են պատճառում մեր համայնքին եւ կրթաշրջանի դպրոցներն յաճախող աշակերտութեանն ու ծնողներին:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԾԵՐ
Շանթ Տէր Մկրտիչեանը ընտանեօք ԱՄՆ է փոխադրուել 1975 թուին, երբ նա սկսել է յաճախել նախ Բըրբանք քաղաքի «Միլլըր» տարրական դպրոցը եւ ապա Ռոզ եւ Ալէք Փիլիպոս վարժարանը՝ մինչեւ 6րդ դասարան: Ապա շարունակել է Ֆերահեան Ազգային միջնակարգ դպրոցում, շարունակել է կրթութիւնը UCLA համալսարանում, մասնագիտանալով Պատմութիւն ճիւղում: Մէկ տարով եղել է հայրենիքում եւ դասաւանդել անգլերէն Երեւանի թիւ 183 դպրոցում: ԱՄՆ վերադառնալով՝ շարունակել է ուսումը UCLA համալսարանում եւ ստացել մագիստրոսական տիտղոսը՝ ուսուցչութեան ճիւղում, վկայուելով 1992 թուին:
Մինչեւ 2000 թուականը դասաւանդել է «Ար Դի ուայթ» դպրոցում, ապա անցել է «Ջան Մուիր» դպրոցը ուր եւ աշխատել է որպէս ուսուցիչ եւ ստանձնել բազմաթիւ պատասխանատուութիւններ մինչեւ 2017 թիւը: 2016 թուին CSULA համալսարանից ստացել է երկրորդ մագիստրոսականը եւ վկայուել Կրթական ղեկավարութեան վկայականով: 2017ի ամրանը նշանակուել է «Ուիլսոն» միջին դպրոցի փոխտնօրէն: Շանթը ամուսնացած է եւ ունի երկու զաւակ՝ 20 եւ 16 տարեկան:
ՓՈՐՁԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՐՊԷՍ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻ
Որպէս ամերիկահայ անհատ հասակ նետելով Ամերիկայում, Շանթը առիթն է ունեցել ապրելու եւ աճելու երկու առանձին բայց հաւասարակշռուած իրականութեան մէջ: Այս երկուութիւնը նրա մօտ մղում է առաջացրել գտնելու իր առաքելութիւնը եւ հասարակութեանը ծառայելու իր ուղին թէ՛ որպէս հայ եւ թէ որպէս ամերիկահայ մարդ: Անդամակցելով հայկական կազմակերպութիւնների եւ լինելով դրանց գործօն անդամը՝ լաւատեղեակ է եղել եւ օգտակար է հանդիսացել համայնքի մշակութային-հասարակական կեանքին եւ հայապահպանման աշխատանքներին: Այս փորձը օգնել է նրան նաեւ յաջողակ լինել մասնագիտական իր կեանքում, նուիրուելով Բըրբանքի եւ Գլենդելի նոր սերնդի կրթութեանն ու դաստիարակութեանը:
Լինել եւ մնալ լաւ հայորդի, պահպանել ընտանեկան արժէքներն ու բարոյական սկզբունքները, ահա շաղախը, նրա նկարագրի բանալին:
«Հայ լինելը ուժի ու կորովի աղբիւր հանդիսանալով մէկտեղ, պարտաւորութիւն եւ պարտականութիւն է ինչ որ դրական փոփոխութիւն կատարելու համար: Մենք եւ մեր զաւակները հայութեամբ հպարտանալու հետ մէկտեղ պիտի մեր կարողականութիւնը ծառայեցնենք մեր հայ եւ ոչ-հայ շրջանակներում: Մենք լինելով ինքնուրոյն եւ բացառիկ մեր այդ յատկանիշը պիտի օգտագործենք համընդհանուր բարութեան եւ բոլորի բարօրութեան ի խնդիր», ասում է Շանթ Տէր Մկրտիչեանը:
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
«Դպրոցը պէտք է դրական փորձառութիւնների եւ աշակերտների անհատականութեան ձեւաւորման ու յղկման միջավայր լինի: Աշակերտները պէտք է լինեն յարգուած ու արժեւորուած եւ դպրոցը պէտք է լինի այն հնոցը, ուր նրանք գնում են սիրով ու հաճոյքով: Միջավայր, ուր նրանց նկարագիրն է կերտւում առանց որեւէ վախի կամ կաշկանդումի: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի մշակոյթ եւ կենցաղ, ուր բոլորը, ինչ մշակոյթից էլ որ եկած լինեն, կը լինեն յարգուած ու գնահատուած իրենց իւրայատկութիւնների ու զանազան լինելու համար:
Մեր դպրոցներում նպատակն այն է, որ բոլոր աշակերտները պէտք է լինեն յաջողակ եւ յառաջանան իրենց պոտենցիալի համաձայն: Աշակերտների եւ դպրոցի մնացեալ կազմի միջեւ անկեղծ մօտեցումն ու համագործակցութիւնը նրանց յաջողութեան բանալին է», ասում է նա:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ
«Մեր ծնողները պէտք է ջատագովը եւ հետապնդողը լինեն իրենց զաւակների կրթական նպատակներին: Առաւել դերակատարութիւն ստանձնելը, երեխայի կրթական ու ընկերական կեանքից լաւատեղեակ լինելը, դպրոցի առօրեայ անցուդարձի, նպատակների, հեռանկարների, համակարգի, դասաւանդման, դպրոցն յաջողութեամբ աւարտելու նախապայմանների ու պահանջների մասին հետաքրքրուելը անչափ կարեւոր երեւոյթներ են: Երբ ծնողները հետաքրքրուած ու մասնակից են իրենց զաւակների կրթական կեանքին, դա իր դրական ազդեցութիւնն է ունենում աշակերտի յառաջադիմութեան վրայ: Սովորաբար ծնողները դպրոց են ներկայանում երբ ինչ որ բան սխալ է ընթանում իրենց զաւակի կարգապահութեան կամ դասերի պարագային: Այդ երեւոյթը պէտք է փոխել: Այսօր մեր ծնողները առիթն ունեն ինտերնետով հետեւելու իրենց զաւակի դպրոցական կեանքին, դասերին, տնային յանձնարարութիւններին, նիշերին: Այս բոլոր հնարաւորութիւններն օգտագործել է պէտք: Դրանք մեր զաւակների հարցերն ու դժուարութիւնները լուծելուն ծառայացնել է պէտք: Ծնողները ցանկացած հարցով կարող են կապուել դպրոց կամ ուսուցիչներին եւ փորձել ժամանակին լուծում գտնել հարցերին: Երեխային ողջ «գիւղ»ն է դաստիարակում եւ երբ բոլորս համագործակցաբար կատարենք մեր պարտականութիւնները, ապա կը շահեն մեր աշակերտները», ասում է փոխտնօրէն Շանթ Տէր Մկրտիչեանը: