
ՆԱՐԻՆԷ ՄԱՐԳԱՐԵԱՆ
Հայոց Ցեղասպանութեան իրագործման ընթացքում երեխաների թրքացման ու ձուլման քաղաքականութիւնը կարեւոր բաղադրիչ մաս էր եւ օսմանեան փաստաթղթերում պարզորոշ երեւում է, որ թուրքական կառավարութիւնը նպատակ էր դրել հայ երեխաներին համակարգուած ձուլելու մուսուլմանական հասարակութեանը: Նրանք նաեւ բռնի կրօնափոխութեան առաւել դիւրին հատուածն էին. նրանց իսլամացման գործընթացը, ազգային ու կրօնական ինքնագիտակցութեան մոռացութիւնը վաղ հասակում աւելի դիւրին էր իրականացնել: Յայտնի ցեղասպանագէտ Վահագն Տատրեանը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան տարիներին հայ երեխաների բռնի իսլամացման խնդիրներին, նշում է, որ թուրքերը գնահատում էին հայ երեխաների գենոֆոնդը՝ նրանց դիտարկելով որպէս թուրք ազգի գենային նկարագիրը հարստացնելու անգնահատելի աղբիւր:
Հայ երեխաների բռնի իսլամացումը կատարուել է երկու մակարդակով՝ պետութեան եւ հասարակութեան լայն զանգուածների կողմից: Բազմաթիւ հայ երեխաների թուրքերն ու քրդերն առեւանգում էին, երբեմն՝ «որդեգրում», ու նրանք, աստիճանաբար իսլամական միջավայրում ապրելով, թրքանում ու ձուլւում էին այդ հասարակութեանը:
Օսմանեան կառավարութիւնը, չնայած պատերազմական վիճակին, իր նախաձեռնութեամբ հայ որբերին հաւաքում էր թուրքական որբանոցներում՝ իսլամացնելու ու թրքացնելու նպատակով: Այս հարցի առնչութեամբ կարեւոր փաստաթուղթ է ներքին գործերի նախարարութեան ցեղային եւ ներգաղթային հարցերի կարգաւորման վարչութեան՝ 1916թ. Ապրիլի 30ին գրեթէ բոլոր նահանգներ ուղարկուած հեռագիրը:

Թուրքական որբանոցներ են բացուել Մերդինում, Ուրֆայում, Դիարբեքիրում, Կեսարիայում, Հալէպում, Բէյրութում, Անթուրայում եւ մի շարք այլ բնակավայրերում:
Կառավարութիւնը թուրքական որբանոցներ բացելու գործընթացը սկսել է Հալէպից: 1915թ. աշնանը որբերին հաւաքել են քաղաքի արուարձաններից, փողոցներից, բայց ինչպէս նշում է Ա. Անտոնեանը, դա ոչ թէ գթասրտութեան, այլ վարակիչ հիւանդութիւնները, մասնաւորապէս տիֆը քաղաքում կանխելու համար էր: Հալէպի իշխանութիւններն «ահաւոր պատուհաս» էին գտել այդ երեխաների համար՝ որբանոցի տեսուչ նշանակելով Նազմիին, ով սիստեմատիկ անգթութեամբ, անօթութեամբ ու չարչարանքներով սպանում էր երեխաներին: Անգլիացիների՝ Հալէպ մտնելուց յետոյ հայոց առաջնորդարանի բողոքների հիման վրայ նա ձերբակալւում է: Հարցաքննութեան ընթացքում պարզ է դառնում, որ իր պաշտօնավարութեան ժամանակ որբանոց են տարուել 3000 որբեր, որոնցից ողջ են մնացել միայն 50ը: Այդ կապակցութեամբ Նազմին յայտարարել է, որ դիտմամբ է արել, որպէսզի շէնքն արդարացնի իր որբանոց անունն ու ինքն էլ շարունակի ստանալ տեսուչի՝ իրեն հասանելիք ամսականն ու պարէնը:
Շուէյցարացի միսիոներ Եակոբ Կիւնցլերը Ուրֆայում կառավարութեան կողմից որբանոցի հիմնումը բնորոշում է որպէս թուրքական «գթասրտութեան» դրսեւորում: «Երբ ճամբարներում, որտեղ կուտակուել էին հայ երեխաներ, անհամար ծնողազուրկ երեխաներ լաց էին լինում ու ճչում, կառավարութիւնը որոշեց բացել մի թուրքական որբանոց»: Կիւնցլերի տեղեկութիւնների համաձայն՝ այս որբանոցում մահացութեան թիւը շատ բարձր է եղել: Կէս տարուայ ընթացքում 1000 որբերից կենդանի էր մնացել միայն 200ը:
Ադանայի թուրքական որբանոցներում հայ որբերի խնդիրներին է անդրադառնում Գերմանիայի հիւպատոս Օյգեն Բիւգէն, ով 1915թ. Հոկտեմբերի 21ին հաղորդում է. «Թուրքական որբանոցի տնօրէնը սաներին բացատրել է, որ նրանք կամ իրենց դաւանանքը կը փոխեն կամ հարկադրուած կը լինեն լքել որբանոցը: Աղջիկների եւ տղաների մեծ մասը հեռացան որբանոցից, իսկ մնացած 14 տղաները, հաւանաբար, իսլամացան: Տնօրէնը երեխաներին բացատրել է, որ թուրքական որբանոցում քրիստոնէութիւնը տեղ չունի, անգամ աղօթելն արգելուելու է»:
Արմաշում նոյնպէս գործել է թուրքական որբանոց, որի մասին տեղեկանում ենք Հալէպի ազգային արխիւում պահուող նամակներից: Նամակներից մէկից յայտնի է դառնում, որ մօտ 200-250 որբերի Հալէպից, մասնաւորապէս Ա. Շիրաճեանի որբանոցից Կ. Պոլիս տեղափոխելու հրահանգ է տրուել: Որոշ ժամանակ անց յայտնի է դարձել, որ տղաներին տարել են Արմաշի դպրեվանք «եւ հոն իսլամութիւն ընդունողները դրած են Արմաշի այդ վանքին մէջ, անոնց կերակրելով ու թուրքերէն դասեր տալով»: Արմաշի թուրքական որբանոցի մասին տեղեկանում ենք նաեւ Զաւէն պատրիարքի յուշերից, որտեղ նշւում է, որ Արմաշի Չարխափան Ս. Աստուածածին վանքի վանահայրը, միաբանները, ուսուցիչները 1915թ. տարագրուել են Կոնիա, իսկ վանքը կողոպտուել է, ու գաւառի համար թուրքական կառավարութեան կողմից երկրորդական վարժարան է հիմնադրուել:
Եպիսկոպոս Արտաւազդ Սուրմէյեանին ուղղուած մէկ այլ նամակից տեղեկանում ենք, որ Ահարոն Պատուելիի որբանոցից մօտ 400 տղաներ էլ՝ 8-14 տարեկան տեղափոխուել Կ. Պոլիս: «Հոն թրքացնելու համար որբանոց մը բացուեցաւ եւ այդ տղայ(ք)ները հոն մնացին մինչեւ պատերազմին վերջը որոնցմէ ողջ մնացողներ շատ եղած են»:
Սեբաստիայի տարագրութեան սկզբնական ժամանակահատուածում հայ երեխաներին ու պատանիներին հաւաքել ու Մալաթիայի թուրքական որբանոց են տեղափոխել, սակայն 1916թ. վերջերին արդէն Կ. Պոլսից ստացուած նոր հրամանի համաձայն՝ նրանց էլ տարել ու սպանել են:
Խարբերդում ԱՄՆի հիւպատոս Լեսլի Դեւիսը 1915թ. Յուլիսի 10ին տեղում որբանոց բացելու խնդրով դիմել է նահանգապետին, բայց կտրուկ մերժում է ստացել: Վերջինս տեղեկացրել է, որ կառավարութիւնն է պատրաստւում մանկատներ բացել: Լ. Դեւիսը նշում է, որ, իրօք, կառավարութիւնը մի շարք որբանոցներ է հիմնում եւ որոշ ժամանակ պատսպարում այդ որբերին, այնուհետեւ հաւելում. «Յետոյ բոլորն էլ անհետացան եւ լուր տարածուեց, որ նրանց տարել են Խարբերդից քսան մղոն հեռու գտնուող մի լիճ, խեղդամահ արել»:
Անթուրայի որբանոցը կառավարութեան հիմնած թուրքական որբանոցներից ամենամեծն էր, որը, դատելով մանկական յուշագրութիւններից, ականատեսների վկայութիւններից ամենադաժանն էր իր բարքերով, կիրառուող պատժամիջոցներով ու թրքացմանն ուղղուած իր հետեւողական գործողութիւններով: Որբանոցի հիմնադրման ու որբահաւաք աշխատանքներով հիմնականում զբաղւում էր Ջեմալ փաշան, իսկ Հալիդէ Էդիպը Նիգեար խանումի հետ իրականացնում էին որբանոցների կրթական ու կազմակերպչական հարցերը:
Այսպիսով, երիտթուրքական կառավարութեան ռազմավարութիւնը նպատակ ունէր թիրախային խմբին, տուեալ դէպքում հայ երեխաներին զրկելու սեփական կենսաբանական-ռասայական բնորոշումներից, ինքնութիւնից՝ աստիճանաբար վերածելով մի այլ ինքնութեան:
Իհարկէ, միայն վերոնշեալ որբանոցներով չեն սահմանափակւում կայսրութիւնում գործող նմանատիպ որբանոցները: Իսկ այնտեղ տիրող իրավիճակին ու թրքացման մեթոդներին անդրադարձ կը կարտաւի յաջորդ նիւթում:
ՆԱՐԻՆԷ ՄԱՐԳԱՐԵԱՆ՝ Պատմական գիտութիւնների թեկնածու, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի աւագ գիտաշխատող
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
ACF Trust Fund
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ – ՀՈԼԻՎՈՒՏ
Հոլիվուտի Ս. Կարապետ Մայր Եկեղեցի
Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգ. Վարժարան
ՀՕՄի «Մարի Փոսթոյեան» Մանկամսուր
ՀՄԸՄի Լոս Անճելըսի Մասնաճիւղ
ՀՕՄի Հոլիվուտի «Մայր» Մասնաճիւղ
ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Կոմիտէ
ՀԵԴ «Մուսա Լեռ» Ուխտ
ՀԵԴ «Թեհլիրեան» Պատանեկան Միութիւն
Հոլիվուտի Հայ Դատի Յանձնախումբ
Արդարութիւնը պիտի վերականգնի.
Մենք պիտի տիրանանք մեր հողերուն.
Ուրիշ տարբերակ չկայ.