Գերմանական պարբերականը ապշեցուցիչ մանրամասներ է պարզել այն մասին, թէ ի՛նչ դեր է ունեցել Գերմանիան Հայոց Ցեղասպանութեան ժամանակ: Թուրք մարդասպանները հէնց գերմանացի մաուզերներից եւ թնդանօթներից, ինչպէս նաեւ տասնեակ ռազմական խորհրդականների օգնութիւնից են օգտուել Ցեղասպանութիւնը իրագործելու համար:
Գերմանացի զէնքի մագնատները (ջոջերը-Խմբ.) պատասխանատուութիւն են կրում Օսմանեան կայսրութեանը զէնք մատակարարելու համար: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ յղում անելով Global Net — Stop the Arms Trade հետազօտական կենտրոնին:
Հայերին, յոյներին, ասորիներին եւ եզդիներին կոտորելու համար միայն ատելութիւնը քիչ էր: Դրան գումարուել է յուսալի նիւթական բազան՝ «Կրուպ»ի հրացանները, ատրճանակ-«Մաուզեր»ներն ու թնդանօթները: Նոյն «Կրուպ»ի, որը 30ականների վերջից յայտնի է դարձել որպէս նացիզմի գլխաւոր զինագործներից մէկը: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ այդ թնդանօթներից են կրակել հայերին, որոնք շրջափակման մէջ են եղել Մուսա լերան վրայ:
Ժամանակակից Գերմանիան ա-րիութիւն է ունեցել յայտարարելու, որ իր իշխանութիւնները կապ են ունեցել Առաջին եւ Երկրորդ Աշխարհամարտերի յանցագործութիւնների հետ: 2016թ. Բունդեսթագն իր բանաձեւով ոչ միայն դատապարտել է Թուրքիայի քրիստոնեաների ցեղասպանութիւնը, այլ նաեւ ընդունել, որ կայսերական Գերմանիան մասնակցել է դրան:
Բայց գերմանացի զինագործներն այդպէս էլ չընդունեցին, որ մասնակցել են այդ գործարքներին: «Կրուպ»ի ժառանգորդը՝ ThyssenKrupp կոնցեռնը (ընկերութիւնը-Խմբ.), լռում է, իսկ «Մաուզերն» արդէն չի գործում:
Այդ տարիների մասին շատ վկայութիւններ է թողել կայսերական բանակի մայոր Էբերհարդ Վոլֆսքելը, որն օգնել է հայ բնակչութեանը սպանելու ծրագիր կազմել: Նա Ֆահրի փաշայի՝ Չորրորդ թուրքական բանակի հրամանատարի տեղակալի օրօք շտաբի պետ է եղել:
«Հայերը եկեղեցու հարաւային մասի տներում էին: Երբ հարուածեց հրետանին, շատերը տներում մահացան, մնացածները փորձեցին թաքնուել եկեղեցում: Բայց նրանք պէտք է վազէին եկեղեցու բաց բակով, որն արդէն նշանառութեան տակ էին վերցրել մեր հետեւակները: Վազողների վրայ կրակում էին: Հետեւազօրը, որը ես օգտագործում էի հիմնական հարուածի համար, իրեն շատ լաւ դրսեւորեց եւ արագ առաջ շարժուեց», կնոջն ուղղուած նամակում գրել է մայորը:
Յայտնի է, որ գերմանացի բարձրաստիճան սպաները թուրքերի նման չեն վստահել հայերին: Ռազմածովային կցորդ Հանս Հումանը՝ գերմանա-թուրքական կորպուսի անդամը եւ Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշայի մտերիմ ընկերը, գրել է. «Հայերը կը կոտորուեն ռուսների հետ դաւադրութեան պատճառով: Դա դժուար կը լինի, բայց կ՛օգնի գործին»:
Գերմանական բանակի գեներալ-մայոր Քոլմար ֆոն դեր Գոլցը 1883թ.ին դարձել է օսմանեան պալատի գլխաւոր ռազմական խորհրդականներից մէկը եւ մեծ օգուտ բերել «Մաուզեր»ին եւ «Կրուպ»ին: Իր օրագրում նա գրում է. «Կարող եմ վստահաբար ասել, որ առանց ինձ թուրքական բանակին չէր յաջողուի զինուել գերմանական տեխնիկայով»:
Ընկերների եւ հարազատների շրջանում ֆոն դեր Գոլցը զզուանքով է խօսել հայերի մասին՝ որպէս «անլուայ չարչիների ժողովրդ»ի:
«Նա ամրապնդել է օսմանեան պալատի եւ սուլթանի համոզմունքը, որ մէկընդմիշտ պէտք է վերջ դնել Հայկական հարցին», ասել է Լանդգրեբերը:
Գերմանացի պատմաբանները եւս մի յատկանշական վկայութիւն են ներկայացնում: Ֆոն դեր Գոլցի համար «երկրորդ տեսակ»ի էին ոչ միայն հայերը: 1883թ.ին նա հրապարակել է «Das Volk in Waffen» գիրքը («Զինուած ժողովուրդ»), որտեղ գրում է՝ պատերազմի նպատակը պէտք է լինէր ոչ թէ կապիտուլեացիան (անձնա-տուութիւններ-Խմբ.), այլ՝ թշնամու բնաջնջումը:
Նշենք, որ հայ եւ գերմանացի պատմաբաններն ամբողջ պատասխանատուութիւնը չեն գցում գերմանացի վարձկանների վրայ: Ընդգծւում է, որ հիմնական մտադրութիւնը բխել է օսմանեան, այնուհետեւ՝ երիտթուրքական ղեկավարութիւնից: Դա ընդգծում է նաեւ Լանդգրեբերը:
«Ոչ մէկին պէտք չէ իդէալականացնել: Ուղղակի պատմութեան պատկերը պէտք է աւելի յստակ լինի», գրում է նա:
«ԱՐՄԻՆԻԸՆ ՍՓՈՒԹՆԻՔ»
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Levon Travel
408 E. Broadway
Glendale, CA 91205
818.552.7700
ՓԱՍԱՏԻՆԱ
ՀՅԴ «Լեռնավայր» Կոմիտէ
ՀԵԴ «Նիկոլ Դուման» Ուխտ
ՀՅԴ Պատանեկան Միութիւն
ՀՄԸՄի «Ազատամարտ» Մասնաճիւղ
Համազգայինի Փասատինայի
«Շահան Շահնուր» Մասնաճիւղ
Հայ Ամերիկեան Տարեցներու Միութեան
Փասատինայի Մասնաճիւղ
Ս. Սարգիս Հայց. Առաք. Եկեղեցի
«Թաւլեան» Ազգ. Մանկամսուր