ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ
Գրում եմ, բայց քաղաքական գործիչ, կամ քաղաքականագէտ լինելու ոչ մի յաւակնութիւն չունեմ, ուզում եմ ներկայացնել միայն մի այնպիսի մարտահրաւէր, որը կարելի է ասել հիմնականում միայն այս վերջին՝ ՁՆՀԱԼԻ տասնամեակում է ձնծաղիկի պէս գլուխ բարձրացրել:
Այս խնդիրը ոչ ցեղասպանութեան ճանաչման, ոչ էլ հատուցման խնդիր է, սա բռնի իսլամութիւն ընդունած ու թուրքի քօղի տակ ծպտուած հայերի ինքնորոշման, ինքնահաստատման, իրենց ինքնութիւնը ճանաչելու, իրենց արմատներին վերադառնալու խնդիրն է: Ոմանց, ի մասնաւորի, տարեց սերունդի համար, որոնք, ժամանակի կտրուածքով, աւելի մօտ են եղել իրենց անցեալի ողբերգական իրադարձութիւններին, աւելի հեշտ է, իսկ երիտասարդ այն սերունդը, որ ոչ Ցեղասպանութիւնից, ոչ էլ քրիստոնէութիւնից գաղափար ունի ու դպրոցում դաստիարակուել է «Ես թուրք եմ ծնուել ու դրա համար հպարտ եմ» կարգախօսով ու ամէն օր ու տիւ նրա մօտ սերմանուել է հայատեացութիւնը, յանկարծ յայտնաբերում է, որ ինքը արմատներով հայ է ու սերում է քրիստոնէական հաւատամքին… Սա մի նոր ողբերգութիւն է, մի նոր հոգեւոր եղեռն, մարտահրաւէր, որը լուրջ ուսումնասիրութեան պահանջ ունի:
Եթէ Հայաստանում, սահմանի վրայ զոհուած զինուորի աճիւնի առաջ փակում են եկեղեցու դուռը, որովհետեւ կնքուած չէ, կամ բռնի իսլամացած, այսօր Թուրքիայի տարածքում հայերը դիմում են Էջմիածնին իրենց կնքելու եւ մերժւում են, իսկ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի դառնալու համար պարտադիր մկրտութեան վկայական են պահանջում, ապա…
Ցանկանում եմ լսէք «Ձնհալ» վեպիս հերոսուհուն, որը ուսանողական տարիներին, քսան տարին դեռ չբոլորած ուզում է բացայայտել իր ով լինելը…
Սիւզին դիմում է մօրը.
– Բայց ինչո՞ւ ես մինչեւ հիմա ինձանից թաքցրել, ինչո՞ւ ես կրիայի պէս պատեանի տակ ապրել…
– Ապահովութեան համար, աղջիկս: Վախեցել եմ, դու էլ գիտես, որ մեր իսկ երկրում հայ ապրելը հերոսութիւն ա:
– Իսկ ե՞ս, ես հա՞յ եմ, թէ թուրք: Դեռ մանկուց, մանկապարտէզում ու դպրոցում հայատեացութիւն են ներարկել իմ մէջ: Առաջին իսկ նախադասութիւնս եղել է «Ես թուրք եմ ծնուել եւ դրա համար հպարտ եմ»: Փաստօրէն, անկախ իմ կամքից, ես ատել եմ հայ մօրս, դրանով ատել եմ անգամ իմ նախնիներին, արմատներին: …Գնա՛, չեմ ուզում քեզ տեսնել, դու… Եթէ չես ուզում ինքնասպան լինեմ, ինձ հանգիստ թող, հեռացիր, գնա՛, ասում եմ…
«Ես ինչպէ՞ս եմ ինքս ինձ ատել: Չեմ հասկանում, հոգիս ա թուրք եղել, թէ մարմինս: Ինչպէ՞ս կարելի ա: Փաստօրէն ես երկու հոգի եմ եղել, որոնք միմեանց ատել են: Այս երկուութիւնը ճանաչելով կեանքի մի նոր ուղի եմ անցնելու, սա դժբախտութիւն ա, ուրիշ ոչինչ, ե՞րբ պիտի ինքս ինձ գտնեմ: Փաստօրէն ես ոչ հայ եմ, ոչ՝ թուրք, ոչ քիստոնեայ, ոչ էլ մուսուլման: Այս ինչ դիմամարտ է սկսել իմ հոգում, ինչպէ՞ս պիտի յաղթահարեմ էս ներքին խռովքը, ո՞ր եսս ա տապալելու միւսին: Գուցէ հաւանական լինի մի օր կարողանան հասկանալ միմեանց, հանդուրժել, ներել միմեանց, ըմբռնել ու ներել մէկը միւսին: Աստուած իմ, էս ի՞նչ պատրանք է, էս ինչ տառապանք է: Ես գիտէի, գիտէի, որ մայրիկիս մօտ ինչ-որ բան էն չի, բայց չէի համարձակւում, վախենում էի, ես ուրիշ բանից էի վախենում, նա՝ ուրիշ: Տեսնես, ո՞ր գենս ա աւելի հզօր, հայի՞, թէ թուրքի: Չէ, էսպէս հնարաւոր չի, էնքան որ թուրք եմ, էդքան էլ պիտի հայ դառնամ, նոր թոյլ տամ նրանք պայքարի մէջ մտնեն: Էս անարդար պայքար ա, անարդար պատերազմ: Ախր հայերի մասին ագրեսիւ, յետամնաց, ջարդարար ու քինախնդիր, քոչուորականներ լինելուց բացի, ուրիշ ոչինչ չգիտեմ… Մամ, մամ, մամ, էս ի՞նչ արիր մամ: Ինչպէ՞ս ես կարողացել էսքան ժամանակ լռել, ումի՞ց էիր վախենում, ինձանի՞ց, իմ մէջ ծուարած թուրքի՞ց… Բայց չէ որ… չէ որ… Մամ, հիմա ինչպէ՞ս սիրեմ քեզ, սիրե՞մ, թէ չսիրեմ, ե՞րբ ա հայը թուրք սիրել, ե՞րբ ա թուրքը հայ սիրել… Մամ, դու ինձ սպանեցիր, մամ… Ես հիմա կենդանի լէշ եմ, ուրիշ ոչինչ, մի՞թէ կարող է մայրը իր աղջկան այսպէս տապալել, ջախջախել, կտոր-կտոր անել, մարմինը թողնել առանց հոգու, բայց երանի չէր հոգիս մնար առանց մարմնի, հիմա ես ի՞նչ անեմ, մամ…»:
* * *
– Քէշիշ, դուք չէ՞ք ուզում հասկանալ, որ ես հասակ եմ առել թուրքերի մէջ, հայրս թուրք է եղել, թրքական դպրոց եմ յաճախել, հպարտացել եմ թուրք լինելուս համար, ամբողջ մշակոյթս թրքական, իսլամական է: Թուրքը բոյն է դրել սրտիս մէջ, ամբողջ կեանքս ատել եմ հայերին, այսինքն այդպէս եմ դաստիարակուել, ինձ ստիպել են այդպէս լինել, ես ինչպէ՞ս կարող եմ հայ լինել, քէշիշ:
– Գիտեմ, հասկանում եմ, դու դեռ պիտի երկար ճամբայ կտրես, դու պիտի քեզ գտնես, դժուար է, շա՜տ դժուար, ես քեզ հասկանում եմ, իսկ եթէ կարծում ես, որ չեմ հասկանում, գոնէ համոզուած եղիր, որ ուզում եմ հասկանալ, ուզում եմ քեզ օգնել…
– Օգնել, որ հայանա՞մ: Հիմա էլ մի նո՞ր բռնութիւն: Հասկանալի է, մայրս ծպտեալ հայ էր, բայց ես հայկական ոչինչ չունեմ:
Գիտե՞ս ինչ, քէշիշ, երբեմն մտածում եմ, եթէ ես աւելի վաղ հասակում իմանայի, որ մայրս հայ է, նաեւ քրիստոնեայ, ի՞նչ պիտի անէի, պիտի տանից փախչէի՞, պիտի ատէ՞ի նրան, շրջապատով մէկ պիտի խայտառակուէի՞…
– Այ դրա համար էլ մայրդ մինչեւ վերջին շունչը ապրեց ծպտուած, հաւատաց Քրիստոսին ու կեանքին հրաժեշտ տուեց միայն այն ժամանակ, երբ մկրտուեց որպէս քրիստոնեայ: Մայրդ իսկական հերոսուհի էր, նա ամէն ինչ զոհեց վասն քեզ, վասն այն բանի, որ դու վախի ու սարսափի մէջ չապրես: Լաւ իմացիր, մայրդ միշտ «թթուածնի» պակաս է զգացել, ապրել է շնչասպառ, բայց քեզ ոչինչ չի ասել, որպէսզի գոնէ դու ապրես լիարժէք կեանքով…
– Մայրս ինձ թուրք է մեծացրել:
– Ոչ իր կամքով, աղջիկս: Մայրդ ստիպուած է եղել:
– Միեւնոյն է: Իսկ դուք ի՞նչ կը շահէք, եթէ ես ինձ հայ համարեմ, դուք մուսուլման հայի կը հանդուրժէ՞ք:
– Բայց մի անգամ ասացիր, որ ոչ մի կրօնի չես դաւանում:
– Ես ոչ հինդու, կամ մուսուլման հայի եմ հանդիպել, ոչ էլ քրիստոնեայ թուրքի: Հիմա յայտարարում եմ, ես խիստ, մոլեռանդ մուսուլման եմ: Դէ, հիմա ասա՝ «աղջիկս», «բալես»: Ինձ ու իմ նմաններին տարէք Երեւան, Հայաստանով մէկ տարածէք, որ սրանք հայ են ու ցանկանում են մզկիթ կառուցել… Չե՞ս կարծում, որ այս բոլորը անհեթեթութիւն է… Մի նոր եղբայրասպան պատերա՞զմ էք ուզում քրիստոնեայ եւ մուսուլման հայերի միջեւ:
– Խօսիր, խօսիր, լսում եմ, խօսիր:
– Ես այլեւս ասելիք չունեմ, քէշիշ, ոչ էլ ձեր նկատմամբ ազգակցական կապի որեւէ զգացում, անգամ հոգեւորականի ձեր զգեստն է ինձ շփոթի մատնում, բայց Կարէնի նկատմամբ անտարբեր չեմ ու պիտի կարողանամ հաւասարակշռել զգացմունքներս, յաղթահարել բոլոր այն բարդոյթները որոնք ժառանգել եմ իմ ազգակիցներից: Կը ներես համարձակութեանս, քէշիշ, մեզ միայն սէրը կը փրկի, ի հարկէ, եթէ կարողանանք ձերբազատուել մեր նախապաշարումներից, բարդոյթներից:
Ցեղասպանութիւն Ապրած, Սիբիր Աքսորուած Տատիկի Վիշտը…
Վախենում եմ, որ Կարէնիս ընկերուհին թուրք լինի: Մի անգամ եմ հանդիպել, գեղեցիկ, անուշիկ աղջիկ ա, ասում են էդ անիծեալ ազգի նոր սերունդը շատ ա գեղեցկացել… Գուցէ եւ հայի խառնուրդ ա, ինչ իմանամ… Ինչքա՜ն հայ բռնաբարեցին, ջուրը նետեցին, թրքացրին, հաւատափոխ արին… Չէ, թոյլ չեմ տայ, դա լինելու բան չի, Վանի պաշտպան, Սարդարապատում կռուածի ժառանգը, չպիտի թուրքի, մուսուլմանի հետ ամուսնանայ…
Կարէնը Սիւզիին
– Չէ, տատիկիս խօսքերն ես կրկնում, նա էլ ինձ ա մեղադրում, իբր ես դաւաճան եմ, ասում ա, միմեանց ատող երկու ազգերի զաւակները չեն կարող երջանիկ զոյգ լինել, ամբողջ կեանքում նրանք հետապնդուելու են պատմութեան, մանկութեան ու պատանեկութեան տարիներին ապրած յիշողութիւններով: Ես էլ եմ մղձաւանջներով քնում, եթէ քնում եմ, ի հարկէ: Ես էլ եմ երբեմն ինքս ինձ հարցեր տալիս, որոնց պատասխանները ստանում եմ Ցեղասպանութեանը զոհ գնացած իմ հարազատների ուրուականներից: Սիւզի, մենք պիտի կամք ցուցաբերենք, մենք պէտք ա յաղթահարենք այս քաք վիճակը, մենք կարող ենք դա անել, մենք ուժեղ ենք, մենք պարտաւոր ենք: Սիւզի, դողո՞ւմ ես, քեզ ի՞նչ պատահեց, երեւի շատ ծխեցիր, հա՞…
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
ՄԱՐՏԻՍԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Zareh Sinanyan
and Family Mayor of
Glendale
ARARAT FOUNDATION