Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Օսմանեան կառավարութիւնը 1914թ. Յուլիս-Օգոստոս ամիսներին 18-40 տարեկան յոյն տղամարդկանցից «բանուորական գումարտակներ» կազմելով՝ համակարգուած կերպով նրանց մահուան էր տանում: Այդ գումարտակներ տարուող յոյներն աշխատում էին անմարդկային պայմաններում եւ զանգուածաբար մահանում սովից ու հիւծուածութիւնից: Օսմանեան կայսրութեան բանակի հրամանատարութիւնը, Բաղդատի երկաթուղին կառուցելու ժամանակ, ռուս ու անգլիացի գերիների հետ մէկտեղ սեփական քրիստոնեայ քաղաքացիներին էլ էր տաժանակրութեան ենթարկում:
Մի հին «բանուորական գումարտակի» զինուորներից պոնտոսցի յոյն Դիմիտրիս Ցիրկինիդիսը մահուանից կարճ ժամանակ առաջ՝ 1961թ., հրատարակուած իր յուշերում նշում է. «Ինձ 1916թ. Պոնտոսի ամենահարաւում գտնուող Ափթուրահմալի գիւղից (Աբուրահմանլը, Եոզղատ) տարան: Յիշում եմ, որ 35 օր քայլելուց ու մօտ 300 մարդոց 70ին սովից ու հիւծուածութիւնից կորցնելուց յետոյ՝ 18ից 50 տարեկան տղամարդկանցից էր բաղկացած մեր գումարտակը: Եկանք հայերով (մինչեւ 1915 թ., երբ բոլորին սպաննեցին) քրդերով ու թուրքերով բնակեցուած Խոզաթ (Դերսիմում է-«Ակունք»ի Խմբ.): Շինարարներին, հացթուխներին, պայտագործներին ու միւս արհեստաւորներին առանձնացնելուց յետոյ մօտ 150 հոգու տարան Քարփեր քաղաք: (…) Մենք շատ թշուառ վիճակում էինք:
Մեր կօշիկները քրքրուել էին. թելով կապել էինք՝ լրիւ բոբիկ չմնալու համար: Կեղտոտ էինք, քայլելուց եւ յատկապէս սովածութիւնից հիւծուել էինք: Մեզ տարան ու մտցրեցին մի զինանոց, որտեղ գտնւում էին ֆիզիկապէս մեզանից էլ աւելի վատ վիճակում գտնուող յոյներ ու հայեր: (…) Մեզ զէնք չտուեցին: Մեր միակ զինուորական հանդերձանքը ե՛ւ որպէս անկողին, ե՛ւ որպէս ներքնակ օգտագործած ու պատառ-պատառ եղած մեծ զինուորական վերարկուն էր: Հոկտեմբեր ամսուայ վերջն էր, եւ այդ շրջանում սկսել էր ձիւն տեղալ: Առաւօտից մինչեւ կէսգիշեր պատերազմող ջոկատներին դէպի ռազմաճակատ էինք տանում, կամ ռազմամթերք տեղափոխում, կամ էլ ճանապարհներն էինք վերանորոգում: Մեր ամբողջ ուտելիքը կազմում էին օրական երկու անգամ տրուող մի կտոր հացն ու ապուրը: Ամէն օր ոմանք ուժասպառութիւնից կամ ծեծի ենթարկուելու պատճառով մահանում էին: Բազմիցս մեր տրեխներից կերակուր ենք պատրաստել ու կերել: Նոյեմբեր ամսին տիֆ տարածուեց: Սակայն ճանապարհին ձիւնը մաքրելու գործը շարունակւում էր: Բազմիցս կենդանիների փոխարէն մենք էինք ուղարկում տանկերը կամ սայլերը քարշ տալիս: Մեր բախտից որոշ ժամանակ անց, գուցէ եւ ռուսների հրահրմամբ, շրջանի քրդերը ոտքի կանգնեցին: Սկսուեցին լայնամասշտաբ խռովութիւններ:
Գաղթականներից կազմուած բանակն ու մեր բանուորական գումարտակները փողոցներում իրար խառնուեցին: Հիանալի առիթ էր սա: Ես ու կմախքի վերածուած եւս 14 յոյն փախանք: (…) Մի ամիս շարունակ թափառեցինք: Իմ երեք ընկերները ճանապարհին մահացան: Թուրքական ջոկատների որոշ խմբերի հանդիպեցինք, ու մեր ընկերներից եւս 2ին կորցրեցինք: Վերջապէս հասանք Սամսունի լեռնային հատուած: Այնտեղ մեզ Սինոպ՝ իր մարդկանց մօտ ուղարկող պոնտոսցի պարտիզանների առաջնորդներից մէկին հանդիպեցինք: Երկու ընկերներս որպէս պարտիզան միացան նրանց: Մնացածս հասանք Սինոպ եւ մի մակոյկ նստեցինք, ռուսական նաւատորմը մեզ վերցրեց, ու նաւարկեցինք դէպի Բաթում:
Երբ պատերազմն աւարտուեց, այսինքն՝ 1918թ., վերադարձայ իմ ծննդավայր: Սակայն Մուստաֆա Քեմալի կողմից ահաբեկչական գործողութիւնների սկսուելուց կարճ ժամանակ անց՝ 1919 թ. Սեպտեմբերին, իմ երրորդ եղբօրը՝ Էւրիպիդեսին, վերցրեցի, ու Կիլիկիայով անցանք ֆրանսիական սահման, Մերսինից ֆրանսիական մի նաւ նստեցինք ու հասանք Քաւալա (Յունաստան), որտեղ ջրկիրութիւն էինք անում»:
Անկարայի ազգայնական կառավարութիւնը յոյներին կրկին տաժանակրութեան ենթարկելու որոշումը ուժի մէջ մտցրեց 1921թ.:
1916թ. ձմրան կէսերին Պոնտոսի յոյների նկատմամբ սկսուեցին հետապնդումները, աքսորներն ու ջարդերը: Տրապիզոնը, որի կառավարիչը Teskilat Mahsusa-ի՝ Արեւելեան Անատոլիայում (Արեւմտեան Հայաստան-«Ակունք»ի Խմբ.) գտնուող յայտնի ներկայացուցիչներից ու իրեն յանձնարարուած շրջանում հայերի ու յոյների նկատմամբ իրականացրած առանձնայատուկ վայրագութիւններով յայտնի Ջեմալ Ազմին էր, Պոնտոսի յոյների կենտրոնն էր: Նրա պաշտօնավարման ժամանակաշրջանում թուրք պաշտօնեաները Պոնտոսի յոյներին 1916թ. սկսած քշել են դէպի երկրի ներքին շրջաններ, դէպի Սուաս (Սեբաստիա-«Ակունք»ի խմբ.): Այս ամենաշատն ազդուել են Ռիզէ եւ Փալաթանու (Աքչաաբաթ) շրջանները: Էլեւի (Գէօրելէ) եւ Տրիպոլի (Թիրեբոլու) շրջանում ապրած 16,750 մարդուց՝ 550ը, Տրապիզոն քաղաքում բնակուած 49,520 մարդուց միայն 20,300ը ողջ մնացին:
Յաղթած դաշինքի ուժերը Մուդրոսի պայմանագրից յետոյ երիտթուրքերի կողմից իրականացուած բնաջնջման քաղաքականութեան պատկերն են փորձել ստանալ: Գ. Ծ. Ռենդելը 1922թ. Մարտի 20ին Անգլիայի կառավարութեանը գրած իր զեկոյցում ասում է հետեւեալը.
«Խնդրոյ առարկայ տեղահանութեան ընթացքում (Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում) 1,500,000 հայեր բաւականին վայրագ պայմաններում սպաննուել են ու 500 հազարից աւել յոյներ էլ աքսորուել են. ենթադրւում է, որ նրանց միայն մի մասն է կարողացել ողջ մնալ: Պատերազմի սկզբում տեղի ունեցած հայերի դաժան աքսորը դեռեւս 1916թ. անգլիացիների «Կապոյտ գրքում» (անգլ.՝ Blue Book) է յայտնուել, եւ գրեթէ նման ձեւով յոյների նկատմամբ իրականացուած հալածանքների մասին տեղեկութիւնները բազմաթիւ պաշտօնական յունական պարբերականներում են տեղ գտել (Տե՛ս, յատկապէս Աթէնքում 1921թ. տեղի ունեցած երրորդ ազգային ժողովի քննարկումները)»:
Աղբիւր՝ «1912-1922 թթ. Քրիստոնեաների Նկատմամբ Հետապնդումները. Տեղահանութիւն Ու Բնաջնջում», «Բելգէ» հրատարակչութիւն, 2013 Դեկտեմբեր, կազմող՝ Թեսսա Հոֆման, էջ 30, 31, 32, 33:
«ԱԿՈՒՆՔ»
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Carlitos Gardel Restaurant
7963 Melrose Ave.,
Los Angeles, CA 90046
323-655-0891