
ՆԱՐԻՆԷ ՅԱԿՈԲԵԱՆ
Միսիոներուհի Կորինա Շաթըքը ծնուել է 1848թ. Ապրիլի 21ին, Ամերիկայի Կենտակի նահանգի Լուիզվիլ քաղաքում: Ծնողների մահանալուց յետոյ տեղափոխւում է Մասաչուսեթս նահանգի Ակտոն քաղաք՝ իր տատիկի ու պապիկի մօտ, որտեղ էլ անցկացնում է իր մանկութիւնը: Սովորել է մանկավարժութիւն Ֆրամինգհամի դպրոցում (Framingham normal school, այժմ՝ Framingham State University): 1873 թուականի աշնանը որպէս Օտարերկրեայ առաքելութիւնների լիազօրների ամերիկեան խորհուրդի միսիոներուհի ուղեւորւում է Այնթապ: 1873 թուականից օգնել է Այնթապի, Ուրֆայի, Մարաշի, Ադանայի եւ Քեսաբի հայութեանը:

1892թ. վերջնականապէս հաստատւում է Ուրֆայում եւ ստանձնում այնտեղի միսիոներական աշխատանքների ղեկավարումը: Նրա հերոսական աշխատանքի արդիւնքը դարձաւ այն, որ 1895թ. Ուրֆայի կոտորածների ժամանակ վտանգելով սեփական կեանքը, իրեն յատկացուած տան մէջ պատսպարեց եւ փրկեց 240 հայի կեանք (60ը՝ տղամարդիկ, մնացածը՝ կանայք եւ երեխաներ): Նա նոյնիսկ չօգտուեց Այնթապ տեղափոխուելու իրեն վերապահուած իրաւունքից՝ գերադասելով օգնել կոտորածներից տուժած հայերին: Միսիոներուհին ջանք չէր խնայում որբերին խնամելու, անօթեւաներին կերակրելու, վիրաւորների վէրքերը բուժելու գործում: Բողոքական վարժարանի մէջ հիմնում է որբանոց եւ շուտով այդ որբանոցի սաների թիւը հասցնում 300ի: Որբանոցի սաներից Աւետիս Սանոսեանը գրում է. «Այս ազնիւ միսիոնարուհին ամէն ուղղութեամբ կը ջանար օգտակար ըլլալ ժողովուրդին, եթէ մէկը պէտք էր հագուեցնել, նաեւ պէտք էր միջոցը գտնել, որ ան ունենայ տուն եւ ուտելիք: Եթէ որբերը պիտի հաւաքուէին յարկի մը տակ, անհրաժեշտ էր նաեւ զանոնք դաստիարակել, մարդ դարձնել: Եթէ մարդիկ այլեւս հագուած էին ու կուշտ, պէտք էր նաեւ մտածել անոնց հոգեկան մխիթարութեան մասին, քանի որ բոլորն ալ աղիտուած էին եւ կորսնցուցած իրենց սիրելիները: Վերջապէս Միս Շաթըք կը մտածէր ամէն պահանջի մասին ու ամէն ուղղութեամբ, ծրագիրներ կը կազմէր ու անմիջապէս զանոնք կը վերածէր գործի»:
( Նկարը՝ Կորինա Շաթըքի գերեզմանաքարը Մասաչուսեթս նահանգի Նիւտոն քաղաքում )
Որբանոցին կից բացեց նաեւ դերձակութեան, հացագործութեան, մուճակագործութեան, երկաթագործութեան, կօշկակարութեան եւ հիւսնութեան արհեստանոցներ՝ որբերին եւ այրիներին աշխատանքով ապահովելու համար: Այս մասին որբանոցի մէկ այլ սան Զարեհ Վ. Որբերեանը գրում է. «Շուտով որբանոցին մէջ բացուեցան արհեստանոցներ. այն տղաքը, որոնք ուսման մէջ ընդունակութիւն մը ցոյց չէին տար, իրենց նախնական կրթութիւնը որբանոցին մէջ ստանալէ վերջ, կը տեղաւորուէին կօշկակարութեան, կտաւագործութեան, հիւսնութեան, ներկարարութեան եւ խաղախորդութեան արհեստանոցներուն մէջ: Իսկ այն տղաքն ու աղջիկները, որոնք փափաք ունէին ուսանելու, կը յաճախէին Միս Շաթըքի հիմնած բարձրագոյն նախակրթարանները, իսկ աւելի ընդունակները կը ղրկուէին քոլեճ եւ համալսարան»:
Սակայն, տեսնելով, որ որբերի հաւաքագրման աշխատանքում միայն իր հաստատութիւնը բաւարար չէ, եւ հարիւրաւոր որբեր դեռեւս շարունակում են լքուած մնալ, որոշում է դիմել այլ միսիոներների օգնութեանը: Հեռագրի միջոցով բանակցութիւններ է վարում Յ. Լեփսիուսի հետ եւ 1897թ. Լեփսիուսի կողմից յատկացուած գումարով եւ խնդրանքով հիմնում գերմանական որբանոց յիսուն սաներով: Յետագայում որբանոցի սաների թիւը հասնում է 250ի: Բացի այդ, իր բարեկամների միջոցով Ուրֆայում որբանոց էր բացել նաեւ պրոֆ. Ռ. Հարիսը եւ հաւաքագրելով 50 երեխայի՝ նրանց յանձնել օրիորդ Կորինա Շեթաքի խնամքին:
Ուրֆայի տնտեսական կեանքի վերականգնման գործում մեծ դեր է խաղացել նաեւ օրիորդ Շաթըքի հիմնադրած ասեղնագործական հաստատութիւնը, որը յայտնի էր «Նշխին տուն» անունով: Այդ հաստատութիւնը եւս հիմնադրել էր որբերին եւ այրիներին աշխատանքով ապահովելու համար: Հաստատութեան վարպետներից Խաթուն Գորգիկեան-Մեղրիկեանը նշում է. «Ուրֆայի մէջ շատ հին ժամանակներէն գոյութիւն ունէր ասեղնագործութեան նուրբ արուեստը: Մինչեւ հիմա ալ «Ուրֆայի գործ»ը շատ յարգի է ամէն կողմ: Այդ գործը տեղական բացատրութեամբ կը կոչուէր պուլուխթու եւ թաթարի գործ: Ահա այս արուեստն էր որ Միս Շաթըq աշխատեցաւ օգտագօրծել եւ ծանօթացնել դուրսի աշխարհին՝ ի շահ Ուրֆայի որբեւայրիներուն»:
Կորինա Շաթըքի յաջորդ կարեւոր նպատակը կրթական կեանքի վերականգնումն էր: Նրա ջանքերի շնորհիւ 1896-1901թթ. իրենց գործունէութիւնը շարունակեցին Ուրֆայի վարժարանները: Իսկ 1902 թուականին իր նախկին սան Մարի Յարութիւնեանի հետ, ով փոքր տարիքում կորցրել էր տեսողութիւնը, Ուրֆայում հիմնում են դպրոց կոյրերի համար եւ հրատարակում դասագրքեր՝ Բրէյլի գրերի հիման վրայ, որն յարմարեցնում են հայոց լեզուին: Բրիտանական եւ արտասահմանեան Աստուածաշնչի ընկերութիւնների օգնութեամբ Աստուածաշնչից հատուածներ են տպագրում հայերէն բրէյլեան գրատիպով: Օրիորդ Կորինա Շաթըքը մահացել է 1910թ.:
Նրա կատարած աշխատանքը հերոսական է, սակայն շատ քչերին է յայտնի:
Նրա սխրանքը լաւագոյնս բնութագրում է տեղացի հայերից մէկը. «Եթէ չլինէր օրիորդ Շաթըքը, մենք չէինք դիմանայ ճնշմանը. բոլորս կիսլամացուէինք»:
ՆԱՐԻՆԷ ՅԱԿՈԲԵԱՆ՝ Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-ինստիտուտի գիտաշխատող է

ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Because Education Matters
St. Mary’s ADHC Glendale
Hye Funeral Services, Inc.
Գասպարեան եւ Աղճայեան Ընտանիքներ
Հայկուշ Քեղինեան- Քոհլեր
Ի Յիշատակ Իր Ծնողներուն՝
Եղեռնի Վերապրողներ՝
Պետրոս եւ Մանուշակ
Չայիլարեան Քեղինեան