Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»ը Կանանց միջազգային օրուայ առիթով անդրադարձել է պոլսահայ ակտիւիստ, մտաւորական, Ցեղասպանութեանը զոհ գնացած հայ կանանցից Մարի Պէյլերեանին:
Վկայակոչելով ստամբուլահայ ժամանակակից գործիչ Գայուշ Չալըքմանի՝ օրերս կանանց իրաւունքներին նուիրուած միջոցառումների շրջանակում «Կանայք միշտ էլ կային-Թուրքիայի ձախակողմեան շարժումներից կանանց դիմանկարներ» զեկոյցը՝ պարբերականը ներկայացրել է 1915ի մոռացուած զոհերից Պէյլերեանի գործունէութիւնն ու կեանքի ուղին:
«Մարի Պէյլերեանը 19րդ դարի վերջին գործունէութիւն ծաւալած հայ մտաւորական ու ակտիւիստ կանանցից երեւի թէ ամենաքիչ յայտնին է: 1915ի Ապրիլին մահուան ճամբորդութեան դուրս բերուած հայ մտաւորականների անունները, կարծես, ամբողջովին յայտնի են եւ յաճախ են շրջանառւում: Այս շահարկուող ցուցակում ոչ մի կնոջ անուն չկայ:
Բախտի բերմամբ վերջին պահին փրկուած Զապէլ Եսայեանը, կարծես, աքսորուած մտաւորականների ցուցակում միակ կինն էր: Կար նաեւ Սիպիլը, որի անունը թէեւ ցուցակում նշուած չէ, սակայն ամուսնու հետ միասին կարողացաւ հրաշքով խուսափել ողբերգութիւնից: Ցեղասպանութեանը զոհ է գնացել նաեւ Մարի Պէյլերեանը», իր զեկոյցում նշում է Գայուշ Չալըքմանը:
Իր աշխատութեան մէջ Չալըքմանը նաեւ մէջբերել է հէնց Մարի Պէյլերեանի գրչին պատկանող նկատառումը՝ հայ պատմութեան մէջ կանանց դերի ու դրանց անդրադարձերի մասին:
«Խորենացին, Գօշը, Եղիշէն ու մեր բազմաթիւ հայ պատմաբաններ այնքան խորին յարգանքով են խօսում իրենց ժամանակների կանանց մասին, որ կոտրւում է այն միտքը, թէ մեր պատմութեան մէջ հայ կանանց այդքան էլ կարեւորութիւն չի տրուել: Կարծում եմ, որ չափազանցուած են ժամանակակից հասարակութեան այն մտքերը, թէ հայ կանանց դերը հնում փոքրացուել է: Սակայն մեր պատմաբանները հիմնականում խօսել են ազնուական տիկնանց մասին՝ ինչպէս թագաւորների կանայք էին, եւ, իհարկէ, նրանց մասին խօսելիս չէին կարող վերջիններիս ազնուական դիրքին վնասող որեւէ արտայայտութիւն անել: Սակայն ժողովրդի միջից դուրս եկած հասարակ կանանց դասի մասին նախընտրել են լռել«», ժամանակին գրել է Պէյլերեանը:
«Ցեղասպանութեան զոհերից մէկը եղած Մարի Բէյլերեանը կարեւոր դեր է ստանձնել հայ ժողովրդի քաղաքական ու գրական կեանքում, սակայն, ցաւօք, նրա անունը մոռացութեան է մատնուել պատմութեան էջերում», շարունակում է Չալըքմանին մէջբերել «Ակօս»ը՝ ներկայացնելով պոլսահայ կին ակտիւիստի կեանքը:
Մարի Պէյլերեանը ծնուել է 1877թ., Կ. Պոլսի հայաշատ Բեշիկթաշ շրջանում:
Ըստ Չալըքմանի՝ թէեւ որոշ աղբիւրներում նշւում է Պէյլերեանի՝ Եսայեան վարժարանում ուսանած լինելու մասին, սակայն, ամենայն հաւանականութեամբ, Բէյլերեանը Նարեկեան վարժարանի շրջանաւարտն էր, որի նոյն շէնքում այսօր գործում է Եսայեանը:
Յայտնի է, որ վերջինս եղել է 1895ի «Բաբը Ալիի» նշանաւոր բողոքի ցոյցի կազմակերպիչներից՝ ելոյթ ունենալով յեղափոխութեան կոչով: Խուսափելով թուրքական ոստիկանութեան հետապնդումից՝ սկզբում ապաստանել է Եգիպտոսում, որտեղ զբաղուել է ուսուցչութեամբ: 1902-1903թթ. այստեղ հրատարակել է «Արտեմիս» կանանց հանդէսը, որը կանանց իրաւունքների պաշտպանութեան կոչով առաջին հայկական պարբերականն էր: Աւելի ուշ՝ 1908ի երիտթուրքական յեղաշրջումից յետոյ վերադառնալով հայրենիք՝ Կ. Պոլսում եւ Թոքատում (պատմական Եւդոկիա) զբաղուել է ուսուցչութեամբ:
«ԹԵՐԹ»
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
ACF Tehlirian FRESNO
Dr. Khachik & Ina Reshdouni
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց.
Առաքելական Եկեղեցի
Սան Ֆրանսիսքօ
Iraqi Armenian Family
Association Իրաքահայերու
Ընտանեկան Միութիւն
Մուսա Լերան
Հայրենակցական Միութիւն