Մարտի 12ին Ֆրանսիայի Ռոն Ալպ-Օվերն շրջանի Դեսին Շարպիօ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատօնի շրջանակներում:
Հանդիսաւոր բացման արարողութեանը ներկայ էին Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը, Դեսին Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրան, Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր Դանիէլ Կազարեանը, Լիոնում Հայաստանի փոխհիւպատոս Գայիանէ Մանուկեանը, քաղաքային խորհրդի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպութիւների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառումները սկսուել են Ֆրանսիացի լուսանկարիչ Իւան Թրաւերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդէսի ներկայացմամբ:
«Ֆրանսիայում Արցախի օրերի» ծրագրում ընդգրկուած են նաեւ նկարիչ Սիլվեն Սաւոյեայի «Ճանապարհորդութիւն դէպի Արցախ» ջրանկարների շարքը, Առնօ Խայաջանեանի «Մենք ենք մեր սարերը» վաւերագրական ֆիլմի, Հիւլէ Քեշիշեանի «Արցախը 180 վայրկեանում» անիմացիոն (շարժանկար-animation-Խմբ.) ֆիլմի ցուցադրութիւնները Տոբոգան թատերասրահում:
Փառատօնի շրջանակներում նախատեսւում է նաեւ Դեսին-Շարպիոյի Հայ մշակոյթի տան կողմից Մարտի 19ին կազմակերպել ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան Կլոդ Մութաֆեանի դասախօսութիւնը՝ «Բացայայտել Արցախը» խորագրով:
2017թ. Սեպտեմբերի 25ին բարեկամութեան հռչակագիր է ստորագրուել Արցախի Հանրապետութեան Ճարտար եւ Ֆրանսիայի Դեսին-Շարպիօ քաղաքների միջեւ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ